ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաբան
Ինչի՞ է ձգտում ISIS-ը
Իր զաւթած տարածքներում ԻՊ-ն ստեղծում է սեփական վարչա-տարածքային կառավարման համակարգ: Վարչա-տարածքային բաժանման միավոր է համարւում վիլայթէը, այսինքնՙ նահանգը: Մասնաւորապէս Սիրիայից եւ Իրաքից զաւթուած տարածքներում «ստեղծուել» են հետեւեալ վիլայէթ-նահանգները (նախատեսուած էր 12-ական վիլայէթ` Սիրիայում եւ Իրաքում) .
ա. Դիմաշք, այսինքնՙ Դամասկոս, բ. Հալեպ, գ.Հոմս, դ.Իդլիբ, ե.Համա, զ.Լաթաքիա, է.Ռաքքա, ը.Հայր (այսինքնՙ Դէյր էզ-Զօր անունը վերացնում են), թ.Բարաքա (Հասակա), ժ.Ֆուրաթ (այսինքնՙ «Եփրատ», որի կազմում են սիրիական Դէյր էզ-Զօր եւ իրաքեան Անբար նահանգների զաւթուած մասերը, ժա.Անբար, ժբ.Ֆալուջա, ժգ.Ալ-Ջանուբ, ժդ.Սալահ-ադ-Դին, ժե.Հիւսիսային Բաղդադ, ժզ.Քիրքուկ, ժէ.Դիյալա, ժը.Նայնավա (Նինուէ), ժթ.Դիջլա (Տիգրիս), ի.Ալ-Ջազիրա:
Լիբիայում ստեղծուել են իա. Բարկա, իբ.Ֆեզզան, իգ.Թարաբլուս (Տրիպոլիս) նահանգները:
Արաբական թերակղզում, որը ԻՊ-ն դեռ չի նուաճել, նախապէս ստեղծուել են իդ.Նեջդ, իե.Ալ-Հարամեյն («Երկու սրբութիւններ», Հիջազըՙ Մեքքա եւ Մեդինա քաղաքներով), իզ.Ադէն-Աբեան, իէ.Լահեճ, իը.Սանա, իթ.Շաբուա նահանգները:
Առաւել տարօրինակ կարող են թուալ յաջորդ նահանգները, որոնք ստեղծուել են Սիրիայից եւ Իրաքից շատ հեռու .
լ.Սայնա կամ Սինա, լա.Արեւմտեան Իֆրիկիաՙ Նիգերիայում, լբ.Խորասան, որի մէջ ներառուած են Աֆղանստանը եւ Պակիստանը, լգ.Ալ-Ջազաիր, այսինքնՙ Ալժիր, լդ.Թունիս, լե.Կաֆկազ, որի մէջ ներառուած է Հիւսիսային Կովկասը, լզ.Գուրջիստան, որի մէջ ներառուած է Վրաստանը:
Հարց է ծագում. ԻՊ-ի ապագայ լայնատարած խալիֆայութեան տարածքում իրականացուելիք վարչական նման բաժանումից արդէն իսկ կարելի՞ է ենթադրել, որ ԻՊ-ն մտադիր է զաւթել Վրաստանը, իսկ Հայաստանը ոչ միայն նուաճուելու է, այլեւ ընդհանրապէս ջնջուելո՞ւ է քարտէզից… Սրանք հարցեր են, որոնք, հաւանաբար, պէտք է հետաքրքրեն մեր ազգի եւ պետականութեան անվտանգութեամբ ու ապագայով մտահոգ իւրաքանչիւր հայորդու…
Համառօտ ներկայացնենք ԻԼԻՊ – ԻՊ-ի կողմից 29.06.2014թ. հռչակուած իսլամական խալիֆայութեան քաղաքական-պետական կառոյցը, որի մշակուածութիւնը եւ բաւական արդիւնաւէտ գործունէութիւնը կարող են վկայել այն նախագծողների եւ գործարկողների լուրջ քաղաքական-պետական փորձառութեան մասին: Արաբական միջնադարեան բացարձակ միապետութեան տեսք ունեցող ԻՊ-ի գլուխ կանգնած խալիֆն օժտուած է անսահմանափակ իշխանութեամբ: Նրան առընթեր գործում է խորհրդակցական մարմինՙ Շուրա , որի անդամներին ինքըՙ խալիֆն է նշանակում: Ներկայումս արդէն իսկ զաւթուած տարածքները կառավարում են Իրաքում եւ Սիրիայում խալիֆի տեղակալներըՙ ամիրները , որոնց ենթակայ են նահանգների նահանգապետերը :
ԻՊ-ի ռազմական ղեկավարումն իրականացնում է Ռազմական խորհուրդը , իսկ յատուկ ծառայութիւնների ղեկավարումըՙ Հետախուզութեան խորհուրդը : Դրանց կազմը եւս նշանակում է խալիֆը: Ընդ որում, կարեւոր դեր են խաղում սադդամեան Իրաքի բանակի եւ յատուկ ծառայութիւնների նախկին սպաները: ԻՊ-ի Հետախուզութեան խորհրդի գործառոյթների մէջ մտնում է նաեւ Խալիֆի անձնական անվտանգութեան ապահովումը…
«Իսլամական պետութեան» Ռազմական օգնութեան խորհուրդը պատասխանատու է այլ երկրներում ԻՊ-ի դաշնակից խմբաւորումներին օգնութիւն ցուցաբերելու համար:
Շարիաթի նորմերի եւ իսլամական բարոյականութեան պահպանումն իրականացնում է ԻՊ-ի Իրաւական խորհուրդը : Այդ խորհրդի գործառոյթների մէջ է մտնում նաեւ քարոզչութիւնն արտերկրում եւ գրոհայինների հաւաքագրումը արտասահմանեան պետութիւններում:
Բացի այդ, կայ Հանրային տեղեկատւութեան իսլամական վարչութիւն , որը պատասխանատու է ներքին քարոզչութեան, հակաքարոզչութեան եւ երիտասարդութեան հետ աշխատանքի համար:
Օրէնքների մշակմամբ զբաղւում է Վարչական խորհուրդը :
Տնտեսական հարցերով զբաղւում են խալիֆի առանձին լիազօրները, որոնք ըստ էութեան կազմում են քաղաքացիական կառավարութիւնը :
ԻՊ-ն ունի բաւական լայն սոցիալական բազա: Դա ապահովւում է ո՛չ միայն ենթակայ տարածքների իսլամ-սուննիադաւան բնակչութեան հիմնական զանգուածի բնական համակրանքով, որն արդիւնք է Արեւմտեան տերութիւնների եւ նրանց մերձաւորարեւելեան գործակալների նկատմամբ տասնամեակներ շարունակ սնուցուած ատելութեամբ, այլեւ այն ներքին ու արտաքին բաւական մշակուած քաղաքականութեամբ, որը վարում է ԻՊ-ն ենթակայ տարածքներում: Մասնաւորապէս, ԻՊ-ն հպատակ սուննի բնակչութեան համար ստեղծում է կենսագործունէութեան բաւական ձեռնտու պայմաններ: Օրինակՙ կրպակի կամ արհեստանոցի բացման համար ամենեւին չի պահանջւում որեւէ թոյլատրութիւն, գրանցում կամ տուրք: Հարկահանութեան չափերը բաւական ընդունելի են բնակչութեան համար, թէպէտ որոշակիօրէն զանազանւում են ըստ քաղաքների եւ նահանգների: Օրինակՙ ԻՊ-ի փաստացի մայրաքաղաք Ռաքքայում իւրաքանչիւր կրպակ ամսական վճարում է 10 դոլարին համարժէք գումար: Խոշոր քաղաքներում աշխատում են կենսապահովման հիմնական համակարգերը, ներառեալՙ էլեկտրականութիւնը եւ ջուրը, ինչպէս նաեւ բջջային կապը:
Իսլամական պետութեան էութեան ըմբռնման համար հարկ ենք համարում ներկայացնել իսլամական պետութեան հայեցակարգը : Եւ այսպէս, իսլամական պետութիւնը պետութեան մի տեսակ է, որում հասարակութեան եւ պետութեան կենսագործունէութեան հիմքում ընկած է իսլամ միաստուածեան կրօնը: Սահմանադրական, քաղաքացիական, քրէական, վարչական, ընտանեկան եւ դատաքննչական իրաւունքի տարրերը արձանագրուած են շարիաթով:
Ակնյայտ է, որ պետութեան իսլամական հայեցակարգը յոյժ տարբերւում է արեւմտեանից: Նախ եւ առաջ դա «դար ալ-իսլամի» հայեցակարգն է, ինչը նշանակում է իսլամի երկիր եւ պետութիւն, որը կառուցուած է իսլամական օրէնքներով: Այսպիսով այդ հայեցակարգը նկարագրում է միայն բուն իսլամական պետութիւնը, այլ ոչ թէ ընդհանրապէս պետութիւնը: Իսլամական պետութեան տիպերն են. սուլթանութիւն (սուլթանաթ), ամիրայութիւն (էմիրաթ), իմամութիւն (իմամաթ), խալիֆայութիւն (խալիֆաթ): Դրանցից սուննիական իսլամական համաշխարհային պետութեան գաղափարին առաւել մօտը խալիֆայութիւնն է:
2006-2010թթ. ներկայիս «Իսլամական պետութիւն» ահաբեկչական կազմակերպութիւն-քուազի պետութեան սաղմի հիմնադիրը, սադդամեան բանակի գնդապետ Համիդ Դաւուդ Մուհամեդ Խալիլ ազ-Զաւին, որն առաւել յայտնի է Աբու Օմար ալ-Բաղդադի մականուամբՙ «Իրաքում իսլամական պետութեան» էմիրը լինելովՙ սկիզբ դրեց յետագայում «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետութիւն», իսկ ապաՙ պարզապէս «Իսմալական պետութիւն» անունը կրող համաշխարհային յաւակնութիւններ ներկայացնող կազմակերպութեանը, որի ներկայիս ղեկավարը իր յաջորդներից մէկը` Աբու Բաքր ալ-Բաղդադին է, որին անուանում են խալիֆ Իբրահիմ : Ահա այդ մարդիկ եւ նրանց մերձաւոր զինակիցները փորձում են հիմք դնել համաշխարհային մի խալիֆայութեան, որը կմիաւորի եւ կղեկավարի աշխարհի բոլոր մուսուլմաններին եւ կպատերազմի ոչ իսլամական աշխարհի դէմ, ստիպելով նրան կա՛մ ընդունել իսլամը, կա՛մ հեռանալ պատմութեան ասպարեզից…
Սիրիական ռազմաճակատում, ինչո՞ւ չէՙ նաեւ իրաքեան եւ միւս ռազմաճակատներում եւ ընդհանրապէս մերձաւորարեւելեան ռազմաբեմում ռազմաքաղաքական իրավիճակի լուսաբանման համար կարեւոր է ըմբռնել նաեւ ԻՊ-ի նպատակները: Ստորեւ ներկայացնում ենք դրանք:
Գլխաւոր նպատակը . 1. Վերացնել Օսմանեան կայսրութեան 1918-1920թթ. բաժանումից յետոյ ստեղծուած սահմանները: 2. Ստեղծել ուղղադաւան սուննիական իսլամական պետութիւնՙ
ա. առնուազն Իրաքի եւ Լեւանտի (Սիրիա, Լիբանան, Իսրայէլ, Պաղեստին, Յորդանան, Թուրքիա, Կիպրոս, Եգիպտոսՙ առնուազն Սինային) տարածքներում,
բ. առաւելագոյնը ՙ ամբողջ իսլամական աշխարհում:
Ի դէպ, Կանադայի «Հաֆֆինգթոն պրեսս» յայտնի լրատուամիջոցի 02.07.2014թ. համարում եւ միջազգային հեղինակաւոր «Պատերազմի հետազօտման ինստիտուտի» հաղորդագրութեան մէջ յայտնւում է, որ խալիֆայութիւնը պատերազմ է յայտարարել Արեւմուտքին եւ նպատակադրուել է նուաճել Հռոմն ու Իսպանիան…
Այլ նպատակները .
3. ոչնչացնել Պաղեստինի ՀԱՄԱՍ խմբաւորումը,
4. ոչնչացնել Իսրայէլ պետութիւնը,
5. ապակայունացնել Կենտրոնական Ասիան:
Իրենց կանանցից ստեղծելով հարուածային մարտական զօրամասեր, ԻՊ-ն պաշտօնապէս վերականգնել է
ա. ստրկութիւնըՙ այլահաւատ կանանց եւ իր հակառակորդների համար,
բ. նրանց եւ նրանց երեխաներիՙ որպէս ստրկուհիների առեւտուրը:
Թէպէտ առաջին հայեացքից կարող է զարմանալի թուալ, սակայն ԻՊ-ն բաւական արդիւնաւէտօրէն իր պայքարի մէջ ներգրաւում է բարձրակիրթ մարդկանց աշխարհի տարբեր երկրներից: Օրինակՙ ԻՊ-ի ֆինանսների նախարարը Ավստրալիայի քաղաքացի է:
Զաւթուած տարածքներում ԻՊ-ի գրոհայինները անցկացնում են երեխաների գաղափարախօսական նախապատրաստութիւն, ընդ որում վարժանքների համար օգտագործում են գերիներին, երեխաներին սովորեցնելով սպանել գերիներին: Այնուհետեւ երեխաներին ներգրաւում են ռազմագործողութիւնների մէջ: Ջիհադիստական շատ այլ խմբաւորումների պէս, ԻՊ-ն այդ կերպ փորձում է ձեւաւորել «ապագայի բանակը» : Եւ իրօք, ԻՊ-ն ստանում է գրեթէ այն արդիւնքը, ինչի համար կատարում է երեխաների ներգրաւումը ռազմագործողութիւններում, որի մասին վկայում է բրիտանական ԲիԲիՍի-ն: Երեխաներն անցնում են ռազմական եւ գաղափարախօսական պատրաստութիւնՙ միաժամանակ ստանալով 35,000 սիրիական լիրային համարժէք ռոճիկ, որը հաւասար է մօտ 200 ԱՄՆ դոլարին: Նոյնպիսի մտադրութիւններով ԻՊ-ի բանակին են միանում նաեւ բազում կանայք: Ի դէպ, խալիֆաթը սեփական դրամ է հատում, որը կոչւում է դինար եւ արժէքով հաւասարեցուած է մօտ 140 ԱՄՆ դոլարին:
Նկար 1. Նկարում. Խալիֆաթի ռազմաքաղաքական ղեկավար կազմի մի մասը. ոմանք, ըստ երեւոյթին սպանուել են մարտական կամ դիւերսիոն գործողութիւնների արդիւնքում, միւսները զբաղեցնում են այլ պաշտօններ, սակայն հիմնական դերակատարները եւ ԻԼԻՊ – ԻՊ-ի ղեկավարութեան կառուցուածքը մօտաւորապէս հետեւեալ տեսքն ունեն. խալիֆը (նախկինում` մինչեւ 29.06.2014 թ. ամիրը) – խալիֆի տեղակալը – խալիֆաթի կառավարութիւնը – խալիֆաթի ռազմական ղեկավարը – նահանգապետները – օպերատիւ պլանաւորման խումբը…