ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է.
Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական լինի. տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման խնդիրները արդյունավետորեն լուծում է ռուսական խաղաղապահ զորակազմը։
Պյոտր Իլյիչևը նշել է, որ միջազգային և արտասահմանյան կազմակերպություններից մինչ օրս Արցախում աշխատում է միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, իսկ ՄԱԿ-ի մարդասիրական գործակալություններն այդպես էլ ադրբեջանցիների և հայերի թույլտվությունը չեն ստացել այնտեղ մուտք գործելու համար նույնիսկ կարիքների գնահատման առաջնային առաքելություն իրականացնելու նպատակով:
«Դժվարությունները ծագում են կողմերի հետ հավասարապես հեռու դիրքորոշում պահպանելու անհնարինության քաղաքական պատճառով, ներառյալ տարածաշրջան ժամանելու և մեկնելու եղանակները, հաշվետվողականությունը, վերահսկողությունը և մարդասիրական գործունեության կառուցման իրավական հիմքը», – ասել է Պյոտր Իլյիչևը։
«Լեռնային Ղարաբաղին անգամ միջազգային մարդասիրական աջակցության հաստատման ուղղությամբ առաջընթացի բացակայության պայմաններում միջազգային խաղաղապահ զորակազմ ուղարկելու գաղափարի գործնական իրականացումը, ինչը կպահանջի նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությունը, հազիվ թե իրատեսական է»,- ասել է Պյոտր Իլյիչևը։
Պյոտր Իլյիչեւը նշել է նաեւ, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա:
«Բաքուն եւ Երեւանը համաձայն են նրանց աշխատաձեւի հետ: ԼՂ հակամարտության գոտում կայունության պահպանման միակ երաշխավորը մնում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, որին պետք չէ ՄԱԿ-ի մանդատ տալ, քանի որ մեր խաղաղապահների գործունեության եղանակները հստակ ամրագրված են եռակողմ առաջին հայտարարությունում՝ ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից»,- ասել է Պյոտր Իլյիչեւը։