ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաμան
1-ին մաս
Պատերազմը պատմական երեւույթ է: Եվ պատմությունը վկայում է, որ բոլոր պատմական ժամանակներում մարդկային հասարակությունը եւ պետությունը հաճախակի դիմել են պատերազմին ու ռազմական բռնությանըՙ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար: Ինչպես դիպուկ նկատել է զորավար, իմաստասեր եւ ռազմական քաղաքագետ Գարեգին Նժդեհը. «Պատերազմներն են օրօրել մարդկութեան մանկութիւնը եւ ոչ խաղաղութիւնը, որը բնական վիճակը չի եղել, այլՙ պատերազմների կարճատեւ դադար միայն»:
Մեր տարածաշրջանը աշխարհի ամենառազմականացվածներից է, եթե ոչՙ հենց ամենառազմականացվածը: Անտարակույս պատերազմները նաեւ մեր եւ հատկապե՛ս մեր տարածաշրջանում երբեք չեն ավարտվում, այլ միայն ընդհատվում են փխրուն հրադադարով կամ ոչ պակաս փխրուն զինադադարով: Չպետք է վայրկյան իսկ մոռանանք նժդեհյան նաեւ հետեւյալ իմաստուն միտքը. «Պատերազմ է անվերջ, եւ եթէ երբեմն ժողովուրդները կռուադաշտում չեն, ապա նրանք զօրանոցներում են, ուր խելայեղօրէն պատրաստւում են նորանոր բաղխումների համար»: Բայց եթե անգամ հրադադարից անցնենք զինադադարի ռեժիմի եւ նույնիսկ կարողանանք թշնամուն ստորագրել տալ հաշտության պայմանագիր, անգամ այդ ժամանակ ապահովագրված չենք պատերազմի վտանգից: Մարդ արարածը, մարդկային հասարակությունն են այսպիսին: Ահա ինչու նույնիսկ ամենանպաստավոր եւ լավագույն հաշտության պայմանագիրը չի կարող ապահովագրել մեզ մի նոր պատերազմի պայթյունից: Եվ տեսնում ենք, թե որքան արդիական են հնչում Նժդեհիՙ 1930-ականներին ասած հետեւյալ մտքերը.
«Բոլոր ժողովուրդները, լուսաւորեալ թէ վայրենի, ձգտում են արեւի տակ յարմար եւ կայուն մի տեղ գրաւել: Նրանք զէնքի են դիմում երբեմն ռազմասիրութիւնից, երբեմն մրցակցութիւնից, երբեմն կոյր ատելութիւնից մղուած: Պատերազմում են, երբ պէտք է նորանոր շուկաներ ձեռք բերել, ծովերի տէր դառնալ, երբ պէտք է ինքնապաշտպանուել կամ ապահովել այս կամ այն երկրի անկախութիւնը: Քիչ անգամ չեն նրանց իրար դէմ հանում նաեւ ամենաանբնական եւ չնչին պատճառները, օրինակՙ իրենց միապետների դինաստիական շահերը, նրանց հիւանդոտ փառասիրութիւնը, կրօնների եւ բարութեան մասին ունեցած ըմբռնումների տարբերութիւնը, եւլն.: Պատերազմի համար են աշխատում եւրոպական իմպերիալիզմը, անգլիական ծովատիրութիւնը, ամերիկեան դոլարապաշտութիւնը, համիսլամականութիւնը, դեղին վտանգը, պանսլավիզմը եւլն.»:
Հայտնի է, որ միջպետական եւ առավել եւսՙ տարածաշրջանային պատերազմներն են, որ հանգեցնում են համամոլորակային աղետների, այսինքնՙ դրանք հղի են գլոբալ պատերազմի վերածվելու վտանգով:
Ընդ որում, գլոբալ պատերազմը, եթե այն պայթի (իսկ մեր կարծիքով, համաշխարհային մրցակցող ուժային կենտրոնների միջեւ մեծացող լարումը աստիճանաբար դրան է տանում), արդի ժամանակում կլինի 6-րդ սերնդի պատերազմ: Այդ հասկացությունը 20-րդ դարի վերջին եւ 21-ի սկզբին է հայտնվել ռուսական ռազմական գիտության մեջ: Այն լայնորեն քննարկվել է, ուսումնասիրվել, մշակվել եւ զգալիորեն ազդել թե՛ ռուսական, թե՛ համաշխարհային ռազմական գիտության եւ ռազմարվեստի զարգացման վրա…
6-րդ սերնդի պատերազմում գործնականում կորցնում են իրենց նշանակությունը այնպիսի ավանդական հասկացությունները, ինչպիսիք են «ռազմաճակատի գիծ», «զորքերի շարակարգ», «թիկունք» եւ կոնտակտային կամ շփումնային պատերազմի այլ հատկանշական երեւույթները:
Ռազմավարական եւ մարտավարական խնդիրները կվճռվեն հակառակորդի տարածքի գործնականում յուրաքանչյուր խորությունում գտնվող առանցքային ռազմական եւ քաղաքացիական օբյեկտներիՙ մե՛ր բարձր ճշգրտության սպառազինությունների միջոցով խոցմամբ: Եվ հակառակը. նույնը կփորձի անել մեր թշնամին…
Այդ տեսանկյունից պետք է վերլուծել թե՛ 2016թ. ապրիլյան Քառօրյա պատերազմի դասերը, եւ թե՛ Արցախի քաջարի Պաշտպանության բանակի ու առհասարակ Հայաստանի քաջարի Զինված ուժերի տեղն ու դերը համաշխարհային ռազմական զարգացման եւ Մերձավոր Արեւելքի ռազմաբեմում ու Կասպից-Սեւծովյան տարածաշրջաններում հավանական պատերազմական գործողությունների ժամանակ, որոնց ամեն կերպ աշխատում են ներգրավել հայկական կողմին…
Անաչառ եւ գիտական քննության պետք է ենթարկել մեր զինված ուժերի վիճակը, Հայաստանի ամբողջ պաշտպանական համակարգի, այդ թվումՙ նրա ուժային կառույցների, մասնավորապես Զինված ուժերի, նրա բոլոր զորատեսակների, հատկապեսՙ օդուժի, հակաօդային պաշտպանության եւ օպերատիվ-մարտավարական հրթիռային զորքերի հավասարակշիռ զարգացումը, ռազմավարական զսպման հրթիռային զորքերի ստեղծման գործընթացի անհապաղ մեկնարկումը, բացի այդՙ ռազմական գիտության (ռազմագիտության) եւ նրա մասը կազմող ռազմարվեստի պատմության առաջանցիկ զարգացման հնարավորությունները, մոտիկ եւ հեռու բոլոր հարեւան պետությունների եւ մեր տարածաշրջանում ռազմական գործողություններին ներգրավվելու ունակ համաշխարհային գերտերությունների եւ միջազգային ռազմաքաղաքական դաշնախմբերի ռազմական դոկտրինները, ինչպես նաեւ համաշխարհային վտանգ ներկայացնող ահաբեկչական կազմակերպությունների հավանական գործողությունների սցենարները: Եվ այդ ամենը պետք է զուգակցվի արագ, ճշգրիտ ու նպատակասլաց գործնական աշխատանքների իրականացմամբՙ հանուն մեր ռազմական հզորացման… Կարիք կլինի վերանայել Հայաստանի ռազմական դոկտրինան, լուրջ փոփոխություններ կատարել Ազգային անվտանգության ռազմավարությունում… Կարիք կա կատարելու լուրջ պաշտպանական, տնտեսական, գիտական, կրթական բարեփոխումներ եւ առհասարակ քաղաքական համակարգի լուրջ փոփոխություններ…
Այդ համատեքստում հարկ է պարզաբանել, թե ի՞նչ է 6-րդ սերնդի պատերազմը: Կատարենք ռազմապատմական էքսկուրս:
Մեր մոլորակի վրա երբեւէ տեղի ունեցած բոլոր պատերազմները կարելի է բաժանել երկու խմբի.
– միջուկային ժամանակաշրջանի պատերազմներ,
– մինչմիջուկային ժամանակաշրջանի պատերազմներ:
1945թ. միջուկային զենքի հայտնվելը եւ կիրառումը խախտեց պատերազմների ավանդական էվոլյուցիոնՙ բնաշրջական զարգացման գործընթացը:
Անշուշտ, պատերազմների նոր սերունդը չի գալիս վայրկենապես: Դրա համար անհրաժեշտ է որոշակի ժամանակաշրջան, որը կախված է հասարակության տնտեսական զարգացման մակարդակից:
Որեւէ սերնդի պատերազմը պետք է դիտարկել որպես բարդ-հասարակական-քաղաքական երեւույթ, որն ընդգրկում է պետությունների եւ հասարակական-քաղաքական համակարգերի միջեւ պայքարի զանազան տեսակների ամբողջությունը. այդ թվումՙ քաղաքական, դիվանագիտական, գաղափարախոսական, տնտեսական, ռազմական, տեղեկատվական, բնապահպանական եւ այլն…
Բոլոր ժամանկներում պատերազմը իր մեջ համադրել է քաղաքականության եւ ռազմական բռնության հակասական միասնությունը եւ հիմնվել այն բանի վրա, որ յուրաքանչյուր պատերազմող կողմի համար զինված պայքարի բանաձեւը կարելի է ներկայացնել որպես երկու փոխկապված, բայց ուղղությամբ հակադիր գործողությունների վեկտորների գումար.
ա. հակառակորդի նկատմամբ գործողությունը մեր խոցման միջոցներով (հարձակողական հարվածային վեկտոր),
բ. մեր զորքերի եւ օբյեկտների պաշտպանությունը հակառակորդի գործողության (խոցման) միջոցներից (պաշտպանական վեկտոր):
Զինված պայքարի բանաձեւը սովորական պատերազմում կարելի է պատկերացնել հետեւյալ 5 փոխկապված բաղադրիչների ձեւով.
– հակառակորդի զորքերի եւ ռազմական օբյեկտների խոցում,
– մեր զորքերի եւ օբյեկտների պաշտպանություն խոցումից,
– մեր զորքերի գործողությունների համակողմանի ապահովում,
– զինված պայքարի ուժերի եւ միջոցների կառավարում,
– տեղեկատվական պայքար:
Այս բոլոր բաղադրիչները համալիր տեսքով հանդիսանում են զինված պայքարի բովանդակությունը որեւէ սերնդի պատերազմում, ուստի եւՙ ռազմական գիտության տեսության ուսումնասիրման առարկան: Տեղեկատվական պայքարը առկա է պայքարի վաղուց հայտնի ձեւերի կողքին, սկսած 1-ին սերնդի պատերազմներից, սակայն բարձր ճշգրտության զենքերի կիրառմամբ պատերազմում, ինչպիսին հանդիսանում է 6-րդ սերնդի պատերազմը, տեղեկատվական պայքարը վճռորոշ դեր է ստանում:
Նշենք միջուկային պատերազմի, այսինքնՙ 5-րդ սերնդի պատերազմի հիմնական առանձնահատկությունները.
– միջուկային զենքի կիրառմամբ պատերազմը անխուսափելիորեն հանգեցնում է իրեն ծնած քաղաքական կարգի ոչնչացմանը,
– այդպիսի պատերազմում զինված պայքարի ձեւը ոչնչացնում է նրա բովանդակությունը,
– միջուկային պատերազմը տոտալ պատերազմ էՙ համընդհանուր զինված բռնություն ոչ միայն պատերազմող կողմերի, այլեւ ամբողջ մնացած մարդկության նկատմամբ, ներառյալ առհասարակ պատերազմի հետ կապ չունեցող միլիոնավոր մարդկանց,
– այդպիսի պատերազմում զինված պայքարը դադարում է լինել քաղաքական նպատակների ձեռքբերման միջոց, քանզի միջուկային զենքի կիրառմամբ պատերազմը անխուսափելիորեն կհանգեցնի մարդկության ոչնչացմանը:
Յուրաքանչյուր պատերազմ (թե՛ միջուկային եւ թե՛ սովորական), որպես բռնության ձեւ, գոյություն ունի կենդանի օրգանիզմի նման, որն ունի իրեն յուրահատուկ հատկանիշների ամբողջություն, ունի իր կառույցը, իր տարբերակված կառուցվածքներն ու գործառույթները, իր զարգացման ներքին տրամաբանությունը:
Ահա ինչու, երբ պատերազմը սանձազերծվում է, շատ դժվար է լինում այն կանգնեցնել: Նա սկսում է զարգանալ իր սեփական ներքին տրամաբանությամբ:
Հայտնի է, որ պատերազմը պատմական երեւույթ է, եւ պատմությունը վկայում է, որ բոլոր պատմական ժամանակներում մարդկային հասարակությունը եւ պետությունը հաճախակի դիմել են պատերազմին ու ռազմական բռնությանըՙ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար: Եթե նույնիսկ շատ հեռու չգնանք դեպի մարդկային հասարակության անցյալի պատմության խորքերը, ապա նույնիսկ վերջին 5.500 տարվա ընթացքում, երբ մարդկության պատմությունը կարելի է համարել նաեւ պետականության պատմություն, Երկրագնդի վրա տեղի է ունեցել շուրջ 15.000 պատերազմ: Այդ մեկ ու կես բյուր պատերազմում զոհվել է մոտավորապես 3 մլրդ 500 միլիոն մարդ… Հենց նույն այդ վերջին 5.500 տարվա իր ամբողջ պատմության ընթացքում մարդկությունը խաղաղություն, անդորր է ապրել ընդամենը մոտ 300 տարի: Այսինքնՙ յուրաքանչյուր 100 տարվա մեջ մեկ շաբաթից էլ պակաս ժամանակ…
Անդրադառնանք 1-ինից 4-րդ սերնդի պատերազմներին:
I-ից մինչեւ IV սերնդի պատերազմները կամ մինչմիջուկային պատերազմները
Պատերազմների եւ խաղաղության միմյանց հաջորդումը Երկրագնդի վրա եղել է բնական եւ, նոյնիսկ, շատ սովորական երեւույթ: Ավելին: Վերը նշեցինք, թե պատերազմը պատմական երեւույթ է: Կարող ենք ասել, որ պատերազմը պատմաստեղծ երեւույթ է… Այսինքնՙ հենց պատերազմի միջոցով եւ պատերազմների օգնությամբ են ստեղծվել, զարգացել եւ վերացել զանազան ժողովուրդների պետականությունները… Հենց նշանավոր, բեկումնային, շրջադարձային բնույթի պատերազմներն են սկիզբ դրել մարդկության պատմության հաջորդական փուլերին, դարաշրջաններին, պատմաշրջաններին եւ իրարահաջորդ աշխարհակարգերինՙ դառնալով նաեւ նրանց եզրագիծ-սահմանները… Օրինակՙ 1618-1648թթ. 30-ամյա պատերազմով հիմք դրվեց այսպես կոչված Վեստֆալյան աշխարհակարգին, 1798-1815թթ. ֆրանսիական հեղափոխական եւ նապոլեոնյան պատերազմներին հաջորդեց Վիեննայի կոնգրեսով սահմանված նոր աշխարհակարգը: 1914-1918թթ. 1-ին Համաշխարհային պատերազմը սկիզբ դրեց մարդկության պատմության մեջ այսպես կոչված Նորագույն դարաշրջանին, որին համընկնում է սկզբում Վերսալյան աշխարհակարգըՙ 1920-1939թթ., իսկ 1939-1945թթ. 2-րդ Համաշխարհայինից հետո սկսվեց այսպես կոչված Սառը պատերազմի ժամանակաշրջանը, որին համընկնում է Յալթա-Պոտսդամյան աշխարհակարգը: 1991թ. ԽՍՀՄ-ի փլուզմամբ, որն ուղեկցվում էր նրա ներսում եւ հարակից տարածաշրջաններում բոցկլտացող պատերազմներովՙ սկիզբ առավ նորՙ միաբեւեռ աշխարհակարգը, որին էլ 2008թ. պաշտոնապես մարտահրավեր նետվեցՙ նոր երկբեւեռ կամ բազմաբեւեռ աշխարհի կողմնակիցների կողմից, բռնկելով պատերազմների մի ամբողջ շարք, որտեղ առանցքային դեր էր խաղում 08.08.2008թ. ռուս-վրացական պատերազմը… Դրան էլ հաջորդեցին «արաբական գարնան» պատերազմների շարքը, որոնցից ամենաարյունալին դարձավ դեռ շարունակվող Սիրիական պատերազմըՙ 2011-2016թթ. եւ 2014-2016թթ. նույնպես շարունակական, դաժան ու արյունահեղ Նովոռոսիայի կամ Արեւելաուկրաինական պատերազմը… Պատերազմների այս շարքում մեզՙ հայերիս համար, իհարկե, ահազանգային իմաստ ուներ 2016թ. ապրիլի Քառօրյա պատերազմը…
Ըստ որոշ տեսակետների, պատերազմը բխում է մարդ արարածի մեջ առկա եւ անշրջանցելի բնազդից: Ըստ որոշ այլ տեսակետներիՙ պատերազմը մարդու ուղեղի կենսաբանական կառուցվածքի հետեւանքը չէ: Այսինքնՙ մարդու ուղեղի կենսաբանական կառուցվածքը պատերազմի առաջացման պատճառը չէ: Պատերազմի ծագման պատճառը քաղաքականությունն է: Ընդ որում կարեւոր չէ, թե ի՞նչ շրջանակներում եւ ի՞նչ ծավալներում է վարվում քաղաքականությունըՙ ցեղային միությա՞ն, թե՞ արդյունաբերական պետություններից բաղկացած միջազգային հանրության…
Քաղաքական գործիչները, պետությունների կառավարողները պատերազմին դիմել են թե՛ անցյալում, թե՛ արդի ժամանակաշրջանում: Երբեմն նրանք նույնիսկ չեն էլ փորձում հիմնախնդիրների լուծման ոչ ռազմական ձեւերն ու եղանակները, այլ միանգամից գործի են դնում զինված բռնությունը…
Պատերազմների եւ ռազմական կոնֆլիկտների պատմության վերլուծությունը ցույց է տալիս, որ մինչմիջուկային ժամանակաշրջանում պատերազմի եւ խաղաղության հերթագայությունը Երկիր մոլորակում բնական եւ, ինչ-որ չափով էլ սովորական վիճակ էր…
Պատերազմները երբեք չէին դադարում, ունեին իրենց զարգացումը. Վաղնջական ժամանակներից մինչեւ XX դարը միմյանց հաջորդել են պատերազմների առնվազն 4 «սերունդ»:
Ընդ որում պատերազմների այդ «սերունդների» միմյանց հաջորդման սահմանագծերը հիմնականում համընկնում են մարդկային հասարակության զարգացման որակական, պատմական նշանակություն ունեցող ցատկերի հետ, որոնք էլ պայմանավորում են խոցման սկզբունքորեն նոր միջոցների ի հայտ գալը, որն էլ իր հերթին հանգեցնում էր պատերազմի վարման նոր ձեւերի ու եղանակների ծնունդ առնելուն…
Պատմությունը վկայում է, որ պատերազմների առաջին 4 սերունդները, որոնք կոչվում են նաեւ մինչմիջուկային ժամանակաշրջանի պատերազմներ, հանդես են եկել որպես հիմնականում քաղաքականության գործիքներ, եղել են քաղաքականության ընդունելի կամ թույլատրելի շարունակությունը: 5-րդ սերնդի պատերազմը, իսկ դա արդեն միջուկային պատերազմն է, կարող է լինել միակն ու վերջինը այդ էվոլյուցիոն շղթայում, եթե այն բռնկվի…