Դահլիճում շատ մարդ կար: Եկել էին, որ տեսնեին, թե ո՞վ է ամենամարդասեր մարդը: Եկել էին, վստահ լինելով, որ ամենամարդասերն իրենք չեն հաստատ: Եկել էինՙ արդեն պարտված, ընտրություն է, բայց իրենք թեկնածու չեն, ուրեմն չեն հաղթելու մարդասիրության այս մրցույթում: Նրանց ներկայացրեցին մարդասիրության չորս դեպք, մեկը Հարավային Սուդանում է կյանքեր փրկումՙ սեփական անձը վտանգելով, մյուսըՙ Պակիստանում, երրորդը Կենտրոնական Աֆրիկայում, չորրորդըՙ Ռուանդայում: Նրանք հանգիստ շունչ քաշեցին, համոզվեցին, որ մարդը փրկվելու կարիք ունի միայն հետամնաց այդ տարածարջաններում, որտեղ դեռ ստրկություն կա, բռնություն կա, դաժանություն կա, բայց մենք հո հետամնաց չե՞նք, մեզ մոտ հո մարդու փրկության խնդիր դրված չէ՞: Ուրեմն կարելի է հանգիստ շունչ քաշել, խոսքը մեր մասին չէ, տղերք, եւ հանգիստ երաժշտություն լսել: Բայց այս ի՞նչ են նվագում, այս ո՞վ է երգում, առհասարակ, այս ո՞վ է վարում այս միջոցառումը. Հասմիկ Պապյանն ո՞վ է, ո՞ր հաղորդումն է վարում, հա, երգչուհի է՞, բա ինչո՞ւ մեր օբյեկտներում մեր առիթներով չի երգում, էն հետի մարդն ո՞վ է… Տանջվեցին մարդիկ, այն եզակի դեպքերից էր, երբ զգացին սեփական մաշկի վրա, որ պաշտոնատար անձ լինելը տանջանք է, մինչեւ այդ չգիտեին, մինչեւ այդ տաշի-տմբլ էր: Պետք է անհապաղ մի կարգին համերգ կազմակերպել, կակռազ մայիսյան տոներն են մոտենում, բա մի հատ թրքաքրդական մոտիվներով իբր քոչարի չհնչի՞ Արամ Խաչատրյանի բեմից, ի դեպ, Արամ Խաչատրյանն ո՞վ է, ինչո՞ւ մենք առաջին շարքում չենք նստած, էն սեւ կանայք ովքե՞ր են, արա էս Ռուբիկը բայց շատ հետաքրքիր տղա է, ասա ձեւը չգիտես, ասաՙ ասենք, էլի…
Շատ տանջվեցին մարդիկ, տանջալից միջոցառում էր, անգլերեն էլ էր, բան չհասկացան, էս Ռուբիկը անգլերեն գիտի՞, ո՞նց ա երեւում, որ գործ չի անում, լիքը ազատ ժամանակ ունի եւ անգլերեն է սովորել, ասա լուրջ տղա ես, ինչ մի թիթիզ բաներ ես անում, էս դարում անգլերեն ո՞վ է սովորում, էդքան փող չունե՞ս, մի հատ թարգմանիչ պահես, համ էլ աշխատատեղ կբացես: Չեն մտածում, էլի, էս ժողովրդի մասին, չեն մտածում…
Միջոցառումը շատ երկարեց, տեսնես Ռուբիկը հետո էսքանին տանելո՞ւ է հաց տա, ձեռքը հո քարի տակ չի՞, կտանի, Ռուբիկը կարգին տղա է, մի քիչ թիթիզ է, բայց կարգին տղա է: Չտանի, մենք կտանենք, բա ցույց չտա՞նք, թե հայերը որքան հյուրասեր ազգ են, ինչքան եկեղեցի ունենք…
Լավ, բա ինչքա՞ն պետք է նստած մնանք, հազար գործ ունենք, վայ, Ռուբիկ… Սպասի հըլը, Ռուբիկը եկեղեցի չի կառուցել, չէ՞ հա, ասա բա էլ ի՞նչ ես խոսում, տնաշեն, էլ ի՞նչ քրիստոնյա ես, որ եկեղեցի չես կառուցել, ինչքան նեգր եւ հնդիկ կա բերել ես, այ ցավդ տանեմ, դրա տեղը մի հատ եկեղեցի կառուցեիրՙ էս ազգի համար: Հնդիկի չափ էլ չկանք, բերել առաջին շարք նստացրել է, մենք կյանքում էի՞նք էսքան հետ նստել:
Անասելի տանջվեցին մարդիկՙ անքուն եւ սոված: Բեմ բարձրացավ Ռուբեն Վարդանյանը, ըհը, պրծնում ա: Ինչ-որ բան ասաց. ինքն էլ, կողքինն էլ, բոլորն էլ անգլերեն էին խոսում, բան չհասկացան, չնայած սինքրոն թարգմանության սարք էին տվել, ճիշտ էՙ մոռացել էին նաեւ ասել, որ դա պետք է ականջին դնել, մարդիկ էլ հո պարտավոր չեն իմանալ, որ պետք է ականջին դնել:
Էս ո՞վ ա, ախպեր, ի՞նչ էլ սեւ ես, տնաշեն, բայց ինչ լավ ա, Աֆրիկա չենք ծնվել… Մարգարիտ Բարանկիցեն էրՙ առաջին Ավրորայի դափնեկիրը, նա Ռուանդայում 30 հազար երեխա է փրկել, վտանգելով իր կյանքը: Հայաստանում մինչեւ 18 տարեկան երեխաների 37,3 տոկոսը աղքատ է:
Բա հիմա ո՞ւր ենք գնում հաց ուտենք, սոված մեռանք, ախպեր…