Մի լավ արտահայտություն կաՙ ճանապարհները բացում են խելահեղները, որոնցով նրանց հետեւից գնում են խելացիները: Այս արտահայտությունը հրաշալի ցույց է տալիս մեր խնդիրը, ամենամեծ խնդիրը, նկատի ունեմՙ ղարաբաղյան ճակատում. պարզվում է մենք խելացի ենք, ու խնդիրն այն է, որ բոլորս ենք խելացի: Խելացի են եւ այն հրամանատարները, ովքեր ՊՆ-ի կամ ՊԲ-ի իրենց սենյակներում լուռ եւ համբերատար սպասում են, եւ եթե անգամ հակառակորդը խախտում է հրադադարի ռեժիմը, պատասխանում են միայն ծայրահեղ դեպքերում: Խելացի են եւ այն տղերքը, որոնք կանգնած են սահմանի բերան եւ չեն կրակում, քանի դեռ հրաման չկա (կարգապահությունը եւս խելացիության ցուցիչ է), խելացին են եւ այն ստատուսագիրները, ովքեր ժամը մեկ ստատուս են գրում, այն պարագայում, երբ սահմանին ժամը մեկ բան են փոխում տղերքը, ուրիշ տղերքը: Եվ վերջապես խելացի են այն ֆեյսբուքցիները, ովքեր ուշ գիշերին, առաջ Աստված են բացականչում եւ գնում քնելու, հայտարարելով, թե հուսամՙ վաղը Բաքու հասած կլինեն մեր տղերքը: Գուցե եւ հասնեն, վաղը, երբ մենք մեր տներում քնած կլինենք եւ առավոտյան Բաքուն մեզ համար գրաված կլինեն, որ մենք հայտարարենք, թե Բաքուն գրավեցին-Ք:
Խելացիությունն, առհասարակ, երբ եզակի է, հրաշալի է, երբ համատարած է, պատիժ է, խելացիությունն առանց խելահեղության փակ ճանապարհներն են, լճացում է, տեղում պտույտ է, ինչը միշտ սարսափելի է, եթե անգամ այդ տեղապտույտը կատարվում է աշխարհի ամենաբարձր լեռան գլխին, բոլորից եւ ամենից բարձր կետում: Համատարած խելացիությունը դափնիների վրա ննջելն է, մինչդեռ հայտնի փաստ է, ավելի հեշտ է հաղթելը, քան հաղթանակը պահելը, մենք ավելի հեշտն ենք արել, ավելի դժվարը չի ստացվում: Ավերե՞լ ենք Թարթառը, բայց, տղերք, Թարթառը, թեկուզ ադրբեջանական, բայց խաղաղ բնակավայր է: Չէ, ես համաձայն եմ, որ Ադրբեջանում խաղաղ բնակավայրեր չեն լինում, բայց դա միայն մենք գիտենք: Օրինակ` շվեդները, կամ ֆինները չգիտեն: Նրանց համար Թարթառը խաղաղ բնակավայր է, այսինքն, երբ դուք ասում եք, թե Թարթառը ջնջում ենք, ավերում ենք, ձեր շվեդ եւ ֆինն, եւ ոչ միայն շվեդ ու ֆինն ընկերները կարդում են ձեր գրածներն ու ասում, այ քեզ բանՙ հայերը ադրբեջանական խաղաղ բնակավայրեր են ավերում, ուրեմն Ադրբեջանը ճիշտ է բողոքում: Բայց սա դեռ ամենակարեւորը չէ, ամենակարեւորը հետեւյալն է. տղերք, դուք որտեղի՞ց գիտեք, որ Թարթառն ավերում ենք, կրկնում եմՙ ես երկու ձեռքով կողմ եմ, բայց դուք դա որտեղի՞ց գիտեք: ԼՂՀ ՊԲ-ն նման հայտարարություն արե՞լ է, իսկ Հայաստանի պաշտպանական գերատեսչությո՞ւնը: Չի արել, իսկ, եթե չի արել, դուք ո՞վ եք, տղերք: Դուք չե՞ք, որ ասում եք, խնդրում եք, պահանջում եք, որ այս օրերին բոլորս միայն պաշտոնական տեղեկատվության վրա հիմնվենք, հիմա դուք ի՞նչ տեղեկատվության վրա եք հիմնվում, ադրբեջանական սոցցանցայի՞ն: Ուրեմն կարելի՞ է այդ տեղեկատվության վրա հիմնվել, գիտե՞ք, այդ տեղեկատվությունը միայն ձեզ չէ, որ հասանելի է, պարզապես մենք գտնում ենք, որ ադրբեջանական խոսակցություններն այս օրերին տարածելը ճիշտ չէՙ ռազմավարական առումով, ինչպես դուք էիք ասումՙ անկախ նրանից, թե ինչ են խոսում: Ձեզ կարելի՞ է, տղերք, ձեզ կարելի է, մեզ չի՞ կարելի…
Ես, իհարկե, հասկանում եմ, որ դուք ճիշտն եք ասում, այն ճիշտը, որը մեր երկու ՊՆ-ները չեն կարող ասել եւ չպետք է ասեն եւ երբեք էլ չեն ասելու: Ճիշտ հակառակն են ասելու, որ մենք խաղաղ բնակավայրներ չենք ռմբակոծում: Ես հասկանում եմ նաեւ, որ դուք այն օղակն եք, որը պետք է հասարակությանն ասի այն, ինչը ՊՆ-ները չեն կարող ասել, ՊՆ-ների թողտվությամբ, ես հասկանում եմ նաեւ սրա նպատակը, որ ժողովուրդն իմանա եւ քաջալերվի, ոգեւորվի, թեւ եւ թիկունք ստանա: Բայց, տղերք, դուք իրո՞ք կարծում եք, որ այսօրվա մեր հասարակությունը, որը հերթ էր կանգնածՙ առաջին գիծ գնալու համար, լրացուցիչ ոգեւորության կարիք ունի: Դուք իրո՞ք կարծում եք, որ մեր հասարակությունը առաջին գիծ է նետվում, երբ առաջ ենք գնում: Ես, օրինակ, վստահ եմ, որ մեր ժողովուրդը առաջին գիծ է մեկնում եւ ոգեւորված եւ հաղթելու է մեկնում ոչ թե այն ժամանակ, երբ առաջ ենք գնում, այլ երբ նահանջում ենք:
Սա է հենց խելահեղությունըՙ նահանջ չթողնելը, անգամ մի թիզ հետ չգալը, մանավանդ, երբ թշնամիդ հիմար է: Բոլորի թշնամիներն են հիմար, մերն առավելեւս: Խելահեղն էլ միշտ զինվորն է, խելացինՙ դիվանագետը, որքան ուժեղ է խելացին, այնքան խաղաղվում է հիմարը: Խելահեղությունն էլ խելացիի ուժն է: Խելահեղները ճանապարհներ են բացում, որոնցով նրանց հետեւից գնում են խելացիները: Սա նաեւ լավ ստատուս է, համ էլ ֆիններն ու շվեդները չեն հասկանա, թե մենք ինչի մասին ենք խոսում: