Մեր կյանքն այս պահին նման է այն համակարգչին, որի մկնիկի մարտկոցը նստել է, իսկ կուրսորի սլաքը համարյա չի ենթարկվում ու անսահմանափակ հնարավորություններով առցանց տարածքից իրար հետեւից բացում-փակում է այն էջերը, որոնք մեզ հարկավոր չեն։ Արցախի՝ հիսնօրյակին մոտեցող շրջափակման ֆոնին Հայաստանի իշխանությունների՝ եվրոպական այս ու այն կառույցներում պատեպատ զարկվելու վերջին օրերի տեսարանները հենց այդ կուրսորի գործողություններն են հիշեցնում։ Քննարկումներ, հայտարարություններ, բանաձեւեր՝ բոլորը դատապարտող, բոլորը պատկերավոր ու պերճախոսության պակաս չունեցող, բոլորը՝ հումանիտար հարցերով, ու ոչ՝ բուն խնդրի արմատի մասին, սակայն զրո արդյունքով։
Արցախը Հայաստանին կապող միջանցքը շարունակում է փակ մնալ, արցախցիները չգիտենք ինչպես են կարողանում սոված ու մրսելով դիմանալ, իսկ կոնկրետ արդյունքի առումով մեկ ձեռքբերում կա ընդամենը, որը, սակայն, դեռ պարզ չէ, թե ի՞նչ գործնական օգուտ կտա Հայաստանին, ինչու չէ՝ նաեւ Արցախին. Եթե իհարկե չշարժի ռուս խաղաղապահների զայրույթը. փետրվարի մեկից երկու տարով ԵՄ դիտորդական առաքելություն է ուղարկվում Հայաստանի սահմաններ, որը շատ լավ կարող է արձանագրել նաեւ Արցախ տանող ճանապարհին տեղի ունեցողի ողջ երկերեսանիությունն ու անմարդկայնությունը (բայց էլի միայն հումանիտար կտրվածքով)։ Իհարկե, դա խաղաղարարների խումբ չէ եւ ոչ մի լիազորություն չունի՝ բացի իրավիճակն իր վերադասին զեկուցելուց ։ Խոսքի մակարդակով այդքան պերճախոս Եվրոպայից երեւի պետք էլ չէ ավելին սպասել՝ պատմության փորձն էլ ցույց է տալիս, որ միջազգային կառույցները միայն դժբախությունն արձանագրողներ են, դատապարտման խոսույթ զարգացնող միայն։
Մանավանդ՝ Արցախում կատարվողի ելակետի ըմբռնման առումով անգամ մեր կողմից սխալ կա։ Մեր անմարտկոց կուրսորը ամենահարկավոր էջերը չի բացում, ու մենք մկնիկն էլեմենտով սնելու քայլ չենք անում՝ մնալով խնդրի բուն էությունը չհասկանալու, իսկ ավելի ստույգ՝ չհասկացող ձեւացողի մակարդակում։
Եւ ուրեմն՝ մեզ համար Արցախը թանկ հայրենիք է, իսկ աշխարհի համար բնական պաշարներով հարուստ արդյունահանման տարածք։ Ահա եւ շրջափակման ողջ պատմությունը։ Նորից նայեք, թե ովքեր են Արցախում, մասամբ նաեւ Սյունիքում՝ ոսկու, մոլիբդենի, պղնձի հանքերը շահագործող ընկերությունները (ամեն ինչ վաղուց բացահայտված է), ո՞ր պետությունների շահերի կրողն են, ու կհասկանաք, որ անկախ նրանց ամպագոռգոռ եւ կեղծավոր դատապարտումներից, անկախ միջազգային հարթակներից հնչեցվող «Լաչինի ճանապարհը պետք է բացվի» պահանջ-տրաֆարետից, նրանց շահերը թույլ չեն տալիս ապաշրջափակել Արցախը, քանի որ մեր հայրենիքի այդ կտորից նրանք ուզում են ստանալ իրենց կողոպուտին չխանգարող, իրենց անընդունելի պահանջները կատարող բնակչությամբ տարածք, հայերի հայրենատեր լինելը մեր հանքերի ոսկով, մանգանով, այլ օգտակար հանածոներով (ուրանով նաեւ՝ ինչու չէ) գրգռված ախորժակով այդ պետությունների պլաններում չկա։
Արցախի հանքերի (Սոտքի, Կաշենի, Դրմբոնի եւ այլ) բաժնետերեր են ռուսական, ամերիկյան, անգլիական, կանադական ընկերություններ՝ Ադրբեջանին իրենց շահույթից մասհանումով, այդ ընկերությունները ներկայացնող պետությունները չեն պատրաստվում իրենց շահից հետ կանգնել, նրա՛նք են միմյանց հանդեպ անզիջում պայքարում հիմա Արցախում եւ մեր ունեցվածքի վրա ջիրիդ խաղում՝ ամեն մեկը մյուսի հաշվին փորձելով շահի մեծ կտորը խլել։
Բնականաբար տվյալ դեպքում ռուսները չեն ուզում թույլ տալ մյուս միջազգային սուբյեկտներին՝ մեր հանքերի ազատ տիրապետումը հենց միայն նրա համար, որ իրենք շահագործեն դրանք։ Միջանցքը, հետագայում նաեւ երկաթուղու վերականգնումը Հայաստանի տարածքով մինչեւ Նախիջեւան, հենց նրանց բոլորին է պետք, եւ առաջին հերթին՝ ռուսներին։ Այդ երկաթուղին նրանք պատկերացնում են իրե՛նց վերահսկողության տակ, եւ միայն, եթե այդ երկաթուղին վերականգնվի, դրանով են նրանք հանքանյութը տանելու դուրս, կոնկրետ ռուսների համար վրացական ճանապարհը փակ է, ու մեր երկրով երկաթուղին նախ նրանց է պետք։
Խիղճն ու շահը նույն կշռաքարերով չեն չափվում երբեք, տարածքում շահեր ունեցող մեծ խաղացողները թքած ունեն, որ 120 հազար մարդ սովում եւ մրսում է։ Բոլոր շահատերերին է պետք Արցախի հայրենատեր հայության չեզոքացումը՝ քաղաքական ու տնտեսական բոլոր հայտնի միջոցներով։ Որեւէ ղեկավար, եթե ռուսների, ամերիկացիների, անգլիացիների շահն է ներկայացնում՝ Արցախի շահի կրողը չէ, ու այս իմաստով ինձ համար հասկանալի չէ, որ հայերիս մեծ մասը դա չենք ըմբռնում ու քարոզչության զոհ ենք դառնում, մեծ խաղացողների նետած քարոզչական խայծերը մերոնք կուլ են տալիս։ Ընդունելի չէ, ավելին՝ վտանգավոր է, որ Արցախի ու Հայաստանի տեսակետները տարամետ են ներկայումս, իրար չեն մոտենում ամենագլխավոր հարցում։ Հետեւություններ արեք ինքներդ։ Ով ընդհանուր ախուվախի, էմոցիոնալ պոռթկումների մեջ չի գիտակցում տեղի ունեցողը, ավելին՝ չգիտակցելով նպաստում է կեղծ-սարքովի մոտեցումների տարածմանը, մոտեցնում է հայերիս հերթական տեղատվությունը։ Ուրիշները հանքերի միլիարդները չեն ուզում կորցնել, մենք՝ հայրենիք, մեր ներքին տարաձայնությունները, վճարովի քարոզչական մանիպուլյացիաները չեն թողնում շատերիս հասկանալ դա…
Չնայած՝ չեմ պատկերացնում, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունները հանկարծ ու կարող են չիմանալ վերն ասվածի ենթատեքստերը, դրանց վերաբերյալ մոտեցումների տարբերության վտանգները, իրենց՝ այս կամ ազդեցության գոտում լինելու աննպաստությունը երկու պետության համար էլ։
Կառավարության վերջին նիստում վարչապետ Փաշինյանը, ոչ մի ելքի մասին չխոսելով, նկարագրում էր, թե ի՞նչ է Ադրբեջանի ուզածը (մի բան, որ անգամ մանկապարտեզի հայ երեխան գիտե), եւ որ՝ Ադրբեջանը երկար փակելուց հետո կբացի միջանցքը, որ արցախցիները դուրս գան երկրից, ու դա կկրկնի շատ անգամներ՝ մինչեւ Արցախի ամբողջական հայաթափում։ Ո՞վ չգիտե Ադրբեջանի նպատակը, ի՞նչ եք հակադրում դրան, ի՞նչ ելք եք առաջարկում։ Ի՞նչ խաղաղության օրակարգից եք խոսում, երբ շրջափակումը պատերազմի տեսակ է։ Ո՞վ չի շեղվելու խաղաղության օրակարգից, որ ասում եք՝ չենք շեղվելու խաղաղության օրակարգից, Արցախի ու Հայաստանի տարանջատումը ո՞րն է, Արցախին մենակ թողնելը որոշումներ կայացնելիս ո՞րն է, լո՞ւրջ։
Իսկ թե որքանով են Հայաստանի ու Արցախի ղեկավարները իրենց նպատակներում անկեղծ, ո՞վ ինչ է թաքցնում հանրությունից, պատկերացնելով հանդերձ, որ զույգ պետությունների համադրված աշխատանքի դեպքում միայն խնդիրների լուծման հնարավորություն կա։ Ո՞վ է վիժեցնում այդ համադրումը։ Ես չգիտեմ։ Օրինակ՝ չեմ հասկանում, թե ինչպե՞ս կարող է HardTalk-ին փայլուն հարցազրույց տված Ռուբեն Վարդանյանն ասել՝ Արցախն առանձին պետություն է, ու ինքը Հայաստանի մոտեցման մասին չի ուզում խոսել։ Իրո՞ք։ Պատկերացնո՞ւմ է իր ասածի հոգեբանական ազդեցությունը հայաստանյան հանրության վրա, որտեղ կարող են հարցադրումներ հնչել, թե ինչո՞ւ են, ուրեմն, մեր տղաները զոհվել հանուն Արցախի։ Եթե նրա ասածը դիվանագիտություն է, ապա ներհայաստանյան ազդեցության առումով անհաջող դիվանագիտություն է. ո՛չ փոքրիկ Արցախը կարող է առանձին պետություն լինել, եթե անկեղծ եք ու մտադրություն չունեք Արցախը տանել այլ պետության կազմ, ո՛չ էլ Հայաստանը կարող է իրեն լիարժեք զգալ առանց Արցախի, առանց ղարաբաղյան հարցի հայանպաստ լուծման. մեր պետության ինքնիշխանության բանալին Արցախի հարցի հայանպաստ կարգավորումն է։
Այնպես որ՝ ավելի լավ է Հայաստանի եւ Արցախի ղեկավարները անկեղծորեն բացահայտեն իրենց վերջնական նպատակները, չուշանան ելքի միասնական որոշման առումով, քանի որ, եթե նկատում եք, ելքի որոնման նոր ձեւաչափեր են ստեղծվում հանրության շրջանում, որոնք կարող են անցանկալի ուղղություններով շարժվել։ Քննարկվում են ելքի այնպիսի մոտեցումներ, որոնք տաքգլուխ մարդկային խմբերը կարող են առանց պաշտոնական շրջանակների փորձել իրագործել՝ օդային փոխադրումից մինչեւ միջանցքի ուժային բացում։
Բանակը բերեք թիվ մեկ պատրաստության, քանի որ չեք կարող թողնել, որ արցախցիները սովից մահանան, պատրաստ եղեք ամենածայրահեղ քայլերի։ Եւ վերջ տվեք սեպարատիզմին։
Չնայած՝ բանակի մասով Վարդենիսի Ազատ գյուղում տեղի ունեցածից հետո ստեղծված իրավիճակը ոչ պետությանը, ոչ բանակին պատիվ չեն բերում, իսկ հակասական վարկածների կանխամտածված նետումը, տեղի ունեցածի ականատեսների իսկ հակասական բարձրաձայնումներն ու պետության ներկայացուցիչների ոչ համարժեք պահվածքն ընդհանրապես ոչ մի վստահություն չեն թողնում պետական կառույցների հանդեպ։
Մեր կարծիքով, ինչ վարկած էլ լինի՝ դիվերսիա, միջանձնային հարաբերությունների արդյունքում կանխամտածված հրդեհում, թե ուղղակի դժբախտ պատահար, բոլոր դեպքերում պաշտպանության նախարարն է պատասխանատու եւ պետք է հրաժարական տար։ Մնացյալը հեքիաթ է, իսկ պաշտոնյաների կանխավ հայտնած վարկածները եւս իրավական քննության հարթույթում են։ Առկա իրավիճակում, երբ պատերազմից քիչ ենք հեռու, բանակ պետք է ղեկավարի զինվորականը։
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ