Հունվարի 24-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում տեղի է ունեցել հատուկ քննարկում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հումանիտար հետևանքների վերաբերյալ․ հայտնում է 1lurer.am-ը
Պատգամավորներ Թիմ Լոութոնը, Ջեսիկա Մորդենը, Ջայլս Ֆրենսիս Ուոթլինգը, Ռիչարդ Ջեյմս Շենոնը, Ջոն Ուիթինգդեյլը, Քերոլ Մոնագանը, Քրիս Լոուն, Ռուպա Հակը, Մարտին Դեյը և Սթիվեն Դաութին հանդես են եկել դատապարտող հայտարարություններով և պահանջել անհապաղ վերաբացել միջանցքը։
Ելույթներում հնչել են Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ կիրառելու, Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու կոչեր, իսկ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մտադրությունը որակվել է որպես Հայոց ցեղասպանության շարունակություն։
Ելույթ են ունեցել նաև Մեծ Բրիտանիա-Ադրբեջան բարեկամության խմբի անդամներ Բոբ Բլեքմենը և Մեթյու Օֆֆորդը։ Նրանք հայտարարել են, որ հակամարտությունը շարունակվում է 1990-ականներից, թե Լեռնային Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք, սակայն այն վերահսկում են հայերը, հետևաբար անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի շահերը, ականազերծել տարածքները, որպեսզի փախստականները կարողանան վերադառնալ:
Հայտարարություններից հետո ելույթ է ունեցել պետքարտուղարի Ամերիկայի և Կարիբյան ավազանի հարցերով խորհրդարանական տեղակալ Դևիդ Ռաթլին՝ փոխարինելով գործուղման մեջ գտնվող Լեո Դոհերթիին:
«Մեծ Բրիտանիան աջակցում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի քայլերին։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ բարդ է, բրիտանական կառավարությունն ակտիվորեն համագործակցում է երկու երկրի կառավարությունների հետ։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի, այն պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով:
Լաչինի միջանցքը փակել են ադրբեջանցի ցուցարարները՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը զրկելով ապրուստի միջոցներից: Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա կետ Լաչինի միջանցքով անարգել ճանապարհորդելու մասին։ Բրիտանական կառավարությունն ուղղակի հայտարարում է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է ապաշրջափակի Լաչինի միջանցքը։ Բաքվի իշխանությունների հետ այս հարցի քննարկմանը ներգրավված է նաև Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը։ Առաջիկայում Լեո Դոհերթին կխոսի Ջեյհուն Բայրամովի հետ։ Մեր ուղերձը հստակ է՝ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի, խաղաղությունը պետք է ձեռք բերվի բանակցությունների միջոցով։
Մենք աջակցում ենք միջազգային ջանքերին, այդ թվում՝ ԵՄ-ին և ԵԱՀԿ-ին։ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ակտիվ կապի մեջ է մարդասիրական կազմակերպությունների, այդ թվում՝ Կարմիր խաչի հետ, մենք կշարունակենք համագործակցել ՀԿ-ների հետ տեղում։ Բրիտանական կառավարությունը 350000 ֆունտ ստեռլինգ է տրամադրել մարդասիրական հետևանքները վերացնելու համար։
Ռազմագերիները պետք է վերադառնան հայրենիք, մենք առաջ ենք տանում նաև այս խնդիրը: Միացյալ Թագավորության կառավարությունը հավատարիմ է Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիային:
Մեծ Բրիտանիան չի արգելափակել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող նախագահի հայտարարությունը: Այս պահին չենք կարող քննարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցը։ Մենք ողջունում ենք ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում»,- հայտարարել է Դևիդ Ռաթլին։