Այսօր եռօրյա այցով Հայաստան կժամանի Հռոմի պապերից ամենաինքնատիպը, ամենահեղափոխականը, ամենախարիզմատիկը` Ֆրացիսկոսը, ով անցած տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 12-ին Հռոմում մատուցած պատարագին Հայոց ցեղասպանություն անվանեց անցած դարասկզբի ոճրագործությունը, նշելով, որ եթե չեն հիշում եղածը` այդ ժամանակ չարիքը բաց է պահում վերքը, եւ ծածկել հանցանքըՙ նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի: Սա ամբողջ աշխարհին ուղղված բարոյականության կոչ ընկալվեց եւ կարեւոր ներդրում` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում աշխարհի մակարդակով: Նույն պատարագի ընթացքում մեր Նարեկացին դասվեց տիեզերական եկեղեցու վարդապետների շարքում:
Պապի այցն, իհարկե, համաշխարհային նշանակության իրադարձություն է, մանավանդ, իր իսկ խոսքերով, դա ուխտագնացություն է առաջին քրիստոնեական երկիր: Միայն այս կարգախոսը հերիք է` այդ իրողությունը չիմացող աշխարհին մատնացույց անելու առաջին քրիստոնյա երկրի տեղը, աշխարհի ուշադրությունը կրկին բեւեռելու Հայաստանի ու նրա գլխավոր խնդիրների վրա:
Հռոմի պապերը Հայաստան երբեք չէին այցելել, առաջին անգամ դա տեղի ունեցավ 2001 թվականի սեպտեմբերի 25-ին, երբ Հովհաննես Պողոս երկրորդ Պապը Հայաստան այցելեց` մասնակցելու քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարություններին: Նա վատառողջ էր, այցն էլ, չնայած էլի եռօրյա էր, մեծ ծրագիր այն ժամանակ չէր նախատեսել: Նա երեք օր բնակվեց Սուրբ Էջմիածնում, այդպիսով սկզբնավորելով ավանդույթ, որը նաեւ Ֆրանցիսկոս Պապն է իրացնելու` վերջինս եւս իր եռօրյա այցի ընթացքում բնակվելու է Ս. Էջմիածնում: Հայաստանում կաթոլիկ համայնք որպես այդպիսին չկա, Կաթողիկե եկեղեցի եւ մի քանի տասնյակ հազար կաթոլիկներ կան, հատկապես Գյումրիում: Ֆրանցիսկոսն այցելում է այն երկրներ, որտեղ կաթոլիկ մեծ համայնքներ կան, սակայն նա կարեւոր է համարել իր այցն առաջին քրիստոնյա երկիր` անձամբ հաղորդակից դառնալու ամենահին քրիստոնեական ժառանգությանը: Նրա հղած ուղերձը բուն այցից առաջ անթաքույց ջերմություն ունի իր մեջ. «…գալիս եմ որպես ուխտագնաց, այս հոբելյանական տարում թաթախվելու ձեր ժողովրդի հնագույն իմաստնության մեջ եւ ըմպելու ժայռե, ինչպես ձեր հայտնի փորագիր խաչքարերն են, հավատքի աղբյուրից»:
Հովհաննես Պողոս երկրորդը սեպտեմբերի 2001 թվականի 27-ին Հայոց ցեղասպանություն էր կոչել հայերի հետ կատարվածը` հայերեն ասելով Մեծ եղեռն բառերը եւ ապա հղելով. «Շնորհակալ եմ, հայ ժողովուրդ, քո հավատքի համար, որ չկորցրիր դժվար պահին»: Նույն կերպ վարվեց Ֆրանցիսկոս Պապն անցած տարի, զայրացնելով նախ եւ առաջ Թուրքիային: Եւ հիմա Ֆրանցիսկոսը գալիս է, իր խոսքով, դեպի Հայաստանի առեղծվածային բարձունքները` աղոթելու հայերի հետ եւ կիսելու բարեկամության պարգեւը: Մի միտք էլ ենթատեքստ ուներ.«…նեցուկ կանգնելու խաղաղության ճանապարհին գործադրած յուրաքանչյուր ջանքին եւ միասին քայլելու հաշտության ճանապարհի այս հատվածում», նկատի ուներ ղարաբաղյան հա՞րցը:
Ուրիշների հետ կյանքը կիսելու կարիք ունեցող եւ առանց մարդկանց ապրել չկարողացող Ֆրանցիսկոս Պապը այնպիսի հեղափոխական մտքեր ունի, որոնք կսազեին ամենաաշխարհիկ գործիչներին.: Հեռուստացույց չնայող, նույնասեռականին չդատապարտող, քաղաքական շահ փնտրողների շարքում մասոնների անունը տված, քրիստոնյաների եւ մուսուլմանների համագոյակցությունը հնարավոր համարող, սովորական մարդկային հոգսին հաղորդ Պապը նաեւ, ի տարբերություն Հովհաննես պողոս երկրորդի, Գյումրում կլինի, պատարագ կմատուցի այնտեղ, կայցելի Գյումրիի եկեղեցիներ ու կուսանոց`ակամա թե կամա աշխարհի ուշադրությունը հրավիրելով Գյումրիի բազմաթիվ խնդիրների վրա: Սարսափելի է, բայց Գյումրիի սոցիալական ծանր վիճակը արտերկրի թղթակիցների միջոցով հայտնի կլինի ողջ աշխարհին:
Հայաստանը այս օրերինհեղեղված է ուխտավորներով: Միայն Գյումրի 3 հազար ուխտավոր է գալու, Երեւան են ժամանել ու ժամանում են բազմաթիվ կաթոլիկներ, տուրիստներ, լրագրողներ: Նրանց մեջ ով ասես կարող է լինել, բոլորիս պարտքն է զգոն լինել` պետության ձեռնարկած աննախադեպ անվտանգության միջոցառումներին զուգահեռ:
Կաթոլիկ աշխարհի առաջնորդի այցի քաղաքական, հոգեւոր-մշակութային նշանակությունը հսկայական է Հայաստանի համար, եթե նկատի առնենք, որ աշխարհում 1,3 միլիարդից ավելի կաթոլիկ կա, եւ նրանք հետեւելու են իրենց առաջնորդի` Հայաստանում ասված ամեն խոսքին: Պապի այցին ակնդետ կհետեւեն մեզ բարեկամ ու թշնամի պետությունները նաեւ` ամեն ասված խոսքին իրենց շահերին հարմար արձագանքով: Իսկ Պապի կողմից հնչեցված ամեն խոսք հսկայական բարոյական, ինչու չէ` նաեւ առարկայական աջակցություն ու կապիտալ է դառնալու հայերիս ու Հայաստանի համար: Թե ի՞նչ կհնչի Ծիծեռնակաբերդում, կամ պատարագների, հանդիպումների ընթացքում , դա նոր չափաբաժին կավելացնի` աշխարհում ցեղասպանության ճանաչման եւ գործնական հատուցման ընդհանուր մթնոլորտի՞ն, թե՞ հակառակը, Պապն ավելի լոյալ կերպարով հանդես կգա, որպես տարբեր շահեր ունեցող Վատիկան պետության ղեկավար նաեւ, արդեն այսօրվանից հետեւենք:
Հիշեցնենք, որ 2004 թվականին, դեռեւս կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիո եղած ժամանակ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի էկումենիկ պատարագի ժամանակ այժմ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ասել էր.«Մենք միասնական ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության վշտի մեջ, որը հզոր կայսրությունները փորձում են լռության մատնել եւ քողարկել հնարավոր բոլոր միջոցներով»:Նա այլ առիթներով եւս նողկալի ոճիր է անվանել Հայոց ցեղասպանությունը: Այժմ, անցած տարի ասված խոսքերին զուգահեռ, մի անգամ եւս պապական բարձունքից ասված Հայոց ցեղասպանությունը դատապարտող խոսքերը հայերիս համար կարեւոր կլինեն, քանի որ այս դեպքում դրանք ոչ միայն Պապի խոսքեր կլինեն, այլեւ` Վատիկան պետության ղեկավարի: