Ղարաբաղյան խնդրի հետ կապված ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան վերջին շաբաթվա ընթացքում հանդես եկավ երկու հայտարարությամբ։ Նախ, այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովըՙ իբր բացահայտելով Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին տեղի ունեցած Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպման ժամանակ քննարկված թեմաներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները, ասել էր, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանը սկզբում հանձնում է հինգ շրջան, հետոՙ եւս երկուսը… Մարիա Զախարովան հայտարարեց, որ պետք է հենվել բացառապես պաշտոնական փաստաթղթերի վրա, իսկ դրանից վերջինըՙ Պիտերում երեք նախագահների համատեղ հայտարարությունն է։ Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվի արձագանքին, ապա ըստ տիկին Զախարովայիՙ «չի կարելի անել նման անբարեխիղճ եւ հանդիպման արդյունքները խեղաթյուրող փորձեր»։
Թե ինչով պատասխանեց Բաքուն ՌԴ ԱԳՆ-ի այս հասցեական քննադատությանը, դեռ կխոսենք, նշեմ միայն, որ Զախարովայի հաջորդ հայտարությունըՙ ԼՂ հիմնահարցի շուրջ էլ ավելի ուշագրավ էր։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարեցՙ «Հիմա, առավել քան երբեք կարեւոր է զսպվածություն ցուցաբերել…»։ Սաՙ նախորդ, ավելի սուր, թիրախային հայտարարության մեղմո՞ւմն է, գուցե եւ այդպես է, համենայնդեպս, երբ Զախարովայի, իսկ ավելի ճիշտՙ ՌԴ ԱԳՆ-ի այս երկու հայտարարություններն իրար կողքի ենք դնում, ապա տպավորություն է ստեղծվում, որ Նովրուզ Մամեդովը ոչ թե Պիտերի հանդիպման արդյունքները խեղաթյուրելու անբարեխիղճ փորձ է արել, այլ պարզապես զսպվածություն չի ցուցաբերել։
Ամեն դեպքում Բաքուն Մոսկվայի նկատողությանը պատասխանեց խիստ ուշագրավ։ Իլհամ Ալիեւը, Զախարովայի առաջին հայտարարությունից հետո, հանդիպեց իր երկրի զինվորականների հետ եւ նշել է, որ ինքը Պիտերում համաձայնություն չի տվելՙ «Սերժ Սարգսյանի պայմանին», որպեսզի սահմանի երկայնքով հրադադարի խախտումներն արձանագրող մեխանիզմներ ներդրվեն ու դիտորդների քանակն ավելանա։ Սա արդեն Պիտերի ոչ թե պայմանավորվածությունների, այլ հրապարակված պաշտոնական փաստաթղթի ավելին քան անբարեխիղճ խեղաթյուրում է, փաստորեն, քանի որ Ալիեւը փաստացի ասում է մի բան, ինչի հակառակի տակ կա իր, Պուտինի եւ Սերժ Սարգսյանի ստորագրությունները։ Հիշեցնեմ, որ Պիտերում երեք նախագահների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը պայմանավորվել են ավելացնել դիտորդների թիվըՙ շփման գծում։ Ընդ որում, Ալիեւը խեղաթյուրում է արդյունքները եւ իրականությունը նաեւ այն առոմով, որ հրադադարի խախտումներն արձանագրող մեխանիզմների ներդրումը եւ դիտորդների թվի մեծացումը ոչ թե կամ ոչ այնքան Սարգսյանի պայմանն է, որքան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկը, որի հետ Սարգսյանը միայն համաձայնել է։ Այլ կերպ ասած, Բաքուն համաձայնություն չի տվել ոչ թե Սարգսյանի պայմանին, այլ Մինսկի խմբի առաջարկությանը, որի շուրջ կողմերը ՙպայմանավորվել էին Վիեննայում, ապաՙ մասամբՙ Պիտերում։
Ուշագրավ է, որ Ալիեւի այս անբարեխղճությանը հաջորդեց Զախարովայի երկրորդ հայտարարությունը, որն, ինչպես նկատեցինք, ավելի զուսպ էր ու զերծՙ միակողմանի քննադատությունից։ «Հիմա առավել քան երբեք պետք է զսպվածությունց ցուցաբերել…»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչըՙ առանց նշելու, թե ում է կոնկրետ զսպվածության կոչ անում։
Մինչդեռ Մոսկվան կարող էր էլ ավելի կոշտ պատասխանել Բաքվին, քանի որ վերջինս ամենաբարձր մակադակով ոչ միայն փորձեց իրականությունը խեղաթյուրելՙ Պիտերում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, այլ էլ ավելի անբարեխիղճ գտնվեցՙ հերքելով երեք նախագահների համատեղ հայտարարությունը։
Բայց, մյուս կողմից, ո՞րն է Պիտերյան իրականությունը։ Ո՞վ գիտի։ Ինչպես նշել էիՙ նախորդ հոդվածում, Պիտերում ձեռք բերված պայմանավորվածությունների ամենակարեւորն այն էր, որ նախագահները պատրաստակամություն են հայտնելՙ ի լրումն Մինսկի խմբի աշխատանքներին, հաճախակի հանդիպել այսՙ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձեւաչափով։ Այսինքն Մոսկվան ստեղծում է Մինսկի խմբին զուգահեռ մի բան, ու հարց է առաջանում, թե ինչո՞ւ։ Բայց այստեղ մի նրբություն էլ կա։ Պիտերի հանդիպումից հետո, Մինսկի խմբի համանախագահներիցՙ ֆրանսիական կողմը հայտարարեց, որ պատրաստ է նախաձեռնել ու կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը, այսինքնՙ իր մոտ, այսինքնՙ առանց Պուտինի։ Սրան էլ զուգահեռ Մինսկի խմբի բոլոր համանախագահներըՙ այդ թվում Ֆրանսիան, այդ թվումՙ ԱՄՆ-ը, ի դեմս դեսպան Ջեյմս Ուորլիքի, հայտարարեցին, որ իրենք ողջունում են երեք նախագահների պիտերյան հանդիպման ու համատեղ հայտարարություն ստանալու փաստերը։ Ընդ որում, Ուորլիքը հատուկ շեշտեց, որ «Պուտինով» Պիտերըՙ «անՊուտին», բայց բոլորով Վիեննայի շարունակությունն էր։Այսինքն, շատ հնարավոր է, որ ոչ թե Մոսկվան է ցանկանում Մինսկի խմբին զուգահեռ բան ստեղծել, այլ պարզապես Մինսկի խմբի համանախագահներն են իրենց գործառույթները կիսել։ Օրինակ, արեւմտյան համանախագահները այսուհետ զբաղվելու են առավելաբար քաղաքական հարցերով, օրինակ ե՞րբ է այս շրջապատ մտնում Ստեփանակերտը, կամ մտնո՞ւմ է արդյոք, ի՞նչ կարգավիճակով, իսկ այ ռուսական կողմին տրված էՙ «օգնել կողմերին՚ հստակեցնելու սահմանագիծը, նախքան ԼՂ-ի կարգավիճակի որոշումը, կամ դրան զուգահեռ, նայած, թե հակամարտող կողմերից որն ինչ համառություն ու սկզբունքայնություն կդրսեւորի։ Իհարկե սա նշանակում է, որ կարեւորի որոշումըՙ թողնված է Արեւմուտքին, ինչի հետ, հասկանալի է, Մոսկվան չի կարող համաձայն լինել, բայց նախՙ նախքան կարեւորին անցնելը պետք է սահմանները ճշտելՙ այնտեղ գործուն մեխանիզմներ կիրառելով, իսկ այս գործը կարծես թե ռուսներին է թողնվածՙ որպես «այս կողմերում կռվածների», բացի այդ ո՞վ ասաց, որ երբ առաջին փուլն անցնի ու կարեւորին անցնեն, ռուսները չեն ասելուՙ հըլը մի րոպե…
Սա, իհարկե, դժվար է ապացուցելը, բայց փաստ է, որ Մինսկի խմբի համանախագահությունը ոչ թե միմյանց հակառակ են գործում, այլՙ փոխլրացնելով, միմյանց գործողությունները ողջունելով, համատեղ գործելու եւ նույն նպատակն ունենալու հայտարարված պաշտոնական համաձայնությամբ։ Իսկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորդորում է առաջնորդվել բացառապես պաշտոնական հայտարարություններում։
Մի բան միանշանակ է, այսօր հարցը Ռուսաստանի հետ է։ Բանն այն է, որ եթե իրոք Մինսկի խմբում տեղի է ունեցել աշխատանքի բաժանում, ապա սահմանները պետք է որոշել ավելի վաղ, քան լուծել քաղաքական հարցերը, այսինքն հարցըՙ Ռուսաստանի հետ է։ Իսկ, եթե անգամ Մինսկի խմբում որեւէ աշխատանքի բաժանում տեղի չի ունեցել, ապա հարցը կրկին Ռուսաստանի հետ է, քանի որ եթե Սարգսյանը, Պուտինն ու Ալիեւը, ինչպես եւ պայմանավորվել են հաճախակի հանդիպեն, ապա ոչ թե դա կլինի ի լրումնՙ Մինսկի խմբի աշխատանքներին, այլ Մինսկի խմբի աշխատանքները կլինենՙ ի լրումն այդ հանդիպումներին։ Այս պարագայում էլ, փաստորեն, հարցըՙ Ռուսաստանի հետ է։ Սա հասկանում է նաեւ Էրդողանը, հակառակ պարագայում «անկեղծ սրտով» ներողություն չէ խնդրի Ռուսաստանիցՙ Պուտինին ուղղված իր վերջին ուղերձում, չնայած թուրքական մի ասացվածք կաՙ «Եթե չես կարողանում ձեռքը կտրել, համբուրիր այն»։ Պատահական չէ, որ նույն ուղերձում Էրդողանը հատուկ շեշտում է, որ Թուրքիան շահագրգռված էՙ վերականգնելու Ռուսաստանի հետ տարածաշրջանային համագործակցությունըՙ բոլոր ոլորտներում, դատելով այն հանգամանքից, որ երեքշաբթի օրը Էրդողանն ու Պուտինը «արդյունավետ եւ դրական» հեռախոսազրույց են ունեցել, Ռուսաստանըՙ եւս, իսկ Ռուսաստանն ու Թուրքիան Հնդկաչինում չեն, նրանք մեր տարածաշրջանում են, Ղարաբաղն էլՙ մերն է, պարզապես այդ մասին Մարիա Զախարովային չենք ասում, որ չզարմանա։