Azg.am-ը ներկայացնում է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ BBC-ի Hard Talk հաղորդմանը տված հարցազրույցը՝ թարգմանված հայերեն։
Նշենք, որ Սթիվըն Սաքերը ճանաչված է որպես բավականին կոշտ, հատու, «անողոք» հարցադրումներով իր հյուրին նեղը գցող լրագրող-հաղորդավար։
Հարցազրույցը՝ ստորև.
-Բարի գալուստ «Հարդթոք» /Ծանր խոսակցություն/ հաղորդման տաղավար BBC-ի եթերում, ես Սթիվըն Սաքերն եմ։ Իմ հյուրն այսօր ազգությամբ հայ է, որը մեծ կարողություն է ստեղծել Ռուսաստանում։ Նա փորձում է օգտագործել այդ կարողությունն ու իր կապերը տասնամյակներ տեւող ղարաբաղյան հակամարտության լուծման համար։
Ռուբեն Վարդանյանը Պուտինյան Ռուսաստանում միլիարդատեր, ֆինանսիստ է։ Անցյալ տարի նա անսպասելի քայլի դիմեց՝ հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից եւ տեղափոխվեց Լեռնային Ղարաբաղ, որը ֆորմալ գտնվում է Ադրբեջանի տարածքում, բայց որտեղ ապրում են էթնիկ հայեր, որոնք դիմադրում են ազերիներին եւ ձգտում անկախության։ Ռուբեն Վարդանյանն այս պահին Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո վարչապետն է եւ պնդում է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի ենթարկվելու Ադրբեջանի իշխանությանը։ Միայն Ռուսաստանը կարող է օգնել այս տարածքում ապրող հայերին, սակայն, իհարկե, Վլադիմիր Պուտինն այս պահին կենտրոնացած է ՈՒկրաինայում տեղի ունեցող պատերազմի վրա։ Արդյո՞ք Լեռնային Ղարաբաղը վտանգված է։ Եվ այսպես, Ռուբեն Վարդանյանը այժմ կմիանա մեզ։
-Բարի գալուստ «Հարդ Թոք»։
-Շնորհակալ եմ։
-Մեր լսարանի մեծ մասը գուցե շատ բան չգիտի Լեռնային Ղարաբաղի մասին, այնպես որ թույլ տվեք ասել, որ դուք լեռնային փոքրիկ մի տարածքի վարչապետ եք, մոտ 120 հազար բնակիչ ունեցող, եւ հայտնվել եք ծայրահեղ բարդ իրավիճակում, քանի որ Հայաստանի հետ կապող միակ ճանապահը այս պահին շրջափակված է։ Ի՞նչ վիճակում են այսօր գտնվում տարածքում ապրող մարդիկ։
-Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս հարցազրույցը նախաձեռնելու համար։ Շատ կարեւոր է, որ աշխարհը լսի եւ իմանա, թե ինչ է կատարվում շրջափակված Արցախում, որտեղ 120 հազար հայեր ապրում են իրենց հայրենիքում հազարավոր տարիներ, իսկ վերջին 45 տարին պայքարում են անկախության համար։
Արդեն 38 օր է՝ դեկտեմբերի 12-ից ի վեր, ադրբեջանցի, այսպես կոչված բնապահպանները բլոկադայի են ենթարկել ճանապարհը եւ Ադրբեջան պետության աջակցությամբ վերահսկում են այն՝ արգելելով մարդկանց եւ բեռների շարժը՝ բացառությամբ Կարմիր Խաչի եւ ռուս խաղաղապահների։ Այստեղ ապրում են 30 հազար երեխաներ՝ այս ցուրտ ձմռանը սահմանափակ քանակությամբ էլեկտրականության պայմաններում, գրեթե առանց գազի, առանց սննդի եւ դեղամիջոցների, առանց վառելիքի, որոնք առանց Կարմիր Խաչի ու ռուս խաղաղապահների օգնության, չի կարող մտնել մեր տարածք այս պահին։
-Ուզում եմ հուսալ, որ Կարմիր Խաչը կհետեւի, որ գոնե ամենաանհրաժեշտ դեղամիջոցները կարողանան տեղ հասցվել։ Բայց ուզում եմ նկատել, որ ձեր անկլավի իշխանությունները որոշել են օգտվել ռուս խաղաղապահների ծառայությունից, որոնք էլ կարծես թե չեն ցանկանում հարաբերությունները շատ փչացնել Բաքվի հետ։ Բայց վախենամ, որ եթե այս վիճակը երկար շարունակվի, ձեր տարածքը չի կարողանա դիմադրել, այսինքն՝ մարդիկ, արդեն իսկ իրավիճակը ծայրահեղ ծանր վիճակում են։
-Նախ, ուզում եմ շեշտել, որ Կարմիր Խաչը միայն սահմանափակ հնարավորություն ունի՝ մի նեղ ճանապարհով դեղամիջոցներ ու սնունդ հասցնելու, այնպես որ, չարժե չափազանց մեծ պատրանքներ ունենալ՝ նրանց հասցրած դեղամիջոցների կամ սննդի քանակի հետ կապված։ Եվ երկրորդը, դուք չեք ճանաչում Արցախում ապրող հայերին, նրանք շատ ուժեղ մարդիկ են, նրանք հազարավոր տարիներ ապրում են այս տարածքում եւ վճռական են՝ չլքելու իրենց հայրենիքը։ Վերջին 35 տարիների ընթացքում այսպիսի պահեր էլի են եղել բազմաթիվ անգամներ, եւ մենք պաշտպանել ենք մեր տարածքները, մենք հավատում ենք մեր արժեքներին եւ հավատարիմ ենք մեր սկզբունքներին։ Եվ չնայած բոլոր դժվարություններին, որ այս պահին մեր առաջ են, ես վստահ եմ, որ մարդիկ ուժեղ են մնալու, դիմանալու են եւ նվիրված են մնալու մեր հայրենիքին։
-Դուք հենց նոր ձեր տարածքը կոչեցիք Արցախ, ուղղակի ուզում եմ պարզ լինի, որ մինչ դուք այն անվանում եք Արցախ, Ադրբեջանն ու միջազգային հանրությունը այն անվանում են Լեռնային Ղարաբաղ։ Ուղղակի, որ շփոթմունք չլինի։ Ամենամեծ շփոթմունքը ինձ համար այն է, թե ինչու է այս ամենը տեղի ունենում։ Դուք մոտ 2000 ռուսական զինվորական կոնտինգենտ ունեք տարածքում՝ այսպես կոչված խաղաղապահներ, ինչու՞ նրանք բաց չեն անում ճանապարհը, որ ստանաք այն, ինչ ձեզ պետք է։
-Մինչեւ այս հարցին պատասխանելը, ուղղակի նշեմ՝ եթե դուք ուսումնասիրենք սովետական շրջանի՝ 80-ականների ադրբեջանական պատմության դասագրքերը, այնտեղ հենց Արցախ անունով է նշված մեր տարածքը, եւ նշվում է, որ այն հայկական տարածք է։ Այսինքն՝ ես ինչ-որ նոր բան չեմ ասում, այս անունը նախկինում հենց այսպես էլ նշված է եղել սովետական շրջանի ադրբեջանական դասագրքերում։ Բայց վերադառնանք ձեր հարցին։ Մարդիկ պետք է հասկանան, որ ընդամենը 2000 խաղաղապահներ ունենք, որոնք զենք օգտագործելու սահմանափակ մանդատ ունեն, իսկ ճանապարհը փակել են էկոակտիվիստներ, քաղաքացիական անձինք, բացի այդ, մենք 540 կիլոմետրանոց սահման ունենք, որը նույնպես պետք է ռուս խաղաղապահների կողմից վերահսկվի։ Այնպես որ, պետք չէ պատրանքներ ունենալ, դա շատ փոքր թիվ է՝ թեթեւ սպառազինությամբ, եթե հաշվի առնենք նաեւ, որ նրանց նաեւ թույլատրված չէ օգտագործել զենքը։ Ցանկացած խաղաղապահի համար շատ բարդ է միջամտել երկու կողմերի հակամարտությանը․․․
-Բայց, պարոն Վարդանյան, արդյո՞ք ճիշտ չէ այն, որ այս պահին Վլադիմիր Պուտինը շատ ավելի լուրջ խնդիրներ ունի իր երկրում՝ Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի հետ կապված, որը հսկայական ռեսուրսներ է տանում, եւ վերջին բանը, որ Պուտինին այս պահին պետք է, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը միջամտելն է։ Դա է ճշմարտությունը։ Եվ դա ձեզ շատ ավելի թույլ է դարձնում, այնպես չէ՞, քանի որ ռուսական օգնությունը չի շտապում։
-Նախ, ես չգիտեմ, թե ինչ է կատարվում Պուտինի գլխում։ Բայց մենք սահմանափակումներ ունենք։ 2020թ․ նոյեմբերի 9-ին Ադրբեջանը, Հայաստանն ու Ռուսաստանը փաստաթուղթ են ստորագրել, որով Ադրբեջանի կողմից սահմանափակում է դրված եղել տարածքում զինվորականների թույլատրելի թվաքանակի վրա։ Ես չգիտեմ, թե դուք ինչի մասին եք խոսում՝ կուղարկեն զինուժ, թե չեն ուղարկի, բայց այսօր մենք հետեւում ենք եռակողմ փաստաթղթի տառին, մինչդեռ Ադրբեջանը խախտում է այն, քանի որ այդ փաստաթղթով Ադրբեջանը երաշխավորել է Արցախում ապրող հայերի ազատ տեղաշարժի իրավունքը ճանապարհով՝ առանց որեւէ վերահսկման կամ արգելքների, եւ այն, ինչ հիմա տեղի է ունենում, այդ իրավունքի ոտնահարումն է։
-Այո, ես հասկանում եմ, որ համաձայնություն է եղել Հայաստանի կառավարության եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ։ Ինչն ինձ համար դժվար ըմբռնելի է, այն է, որ Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր շատ քննադատաբար է վերաբերվում Մոսկվային՝ պնդելով, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտավորությունները, մինչդեռ դուք, որքան էլ զարմանալի է, ավելի մեղմ եք արտահայտվում Մոսկվայի վերաբերյալ։ Ինչու՞։
-Ես խորհուրդ կտամ ձեզ գալ այստեղ, եւ դուք կհասկանաք, թե ինչ կարեւոր է, երբ դուք շրջապատված եք մի պետությունով, որտեղ ապրում է 10 մլն մարդ, որոնք ունեն շատ փող ու շատ զենք, իսկ դուք ընդամենը 120 հազար եք, որոնցից 30 հազարը երեխաներ են, որոնց անվտանգությունը պետք է պաշտպանել, եւ կա նաեւ 2000 ռուս խաղաղապահ։ Այդ դեպքում դուք կթիրախավորեի՞ք նրանց, ես ուզում եմ ձեզ տալ այդ հարցը։ Դուք պատրա՞ստ եք թիրախավորել մարդկանց, ովքեր ձեր կողքին են այս իրավիճակում։
-Ես Լոնդոնում եմ։ Այդ դուք եք Լեռնային Ղարաբաղում եւ դուք եք ստիպված ապրել ու գոյատեւել այդ իրականության մեջ։ Իսկ փաստն այն է, որ ոչ միայն ռուսները այժմ չեն օգնում ձեզ, այլ նաեւ ձեր հարաբերությունները Հայաստանի եւ հատկապես պարոն Փաշինյանի հետ գնալով փչանում են, եւ թվում է, որ Երեւանը այլեւս կարծես աշխատանքային հարաբերություններ չի պահպանում ձեզ հետ։
-Չգիտեմ, թե որտեղից ձեզ այդ տեղեկությունները։ Ի դեպ, մեր երկրի առաջին դեմքը՝ նախագահը, միշտ լավ հարաբերությունների մեջ է եղել վարչապետի հետ, այնպես որ չգիտեմ, թե դուք ինչի մասին եք խոսում։ Դրանք ուղղակի շահարկումներն են, որոնց չեմ կարծում, որ կարիք կա շոշափել մեր զրույցում։
-Կարծում եմ, արժե անդրադառնալ ձեր անցյալին եւ նրան, թե ինչու եք դուք այս պահին գտնվում Լեռնային Ղարաբաղում։ Դուք շատ հարուստ մարդ եք, համաձայն հայտարարագրերի՝ ունեք մոտ մեկ միլիարդ դոլար, որը վաստակել եք Մոսկվայում իրականցված բիզնեսով, ինչը համընկել է Պուտինի իշխանության տարիների հետ, եւ հավանաբար դուք երկուսդ շատ լավ հարաբերություններ ունեք։ Այդ դեպքում ինչու՞ անցած տարի որոշեցիք հրաժարվել ձեր ռուսական քաղաքացիությունից, որի համար պետք էր Վլադիմիր Պուտինի անձնական թույլատվությունը, եւ ձեզ ասես առանձնացրեցիք Ռուսաստանից ու որոշեցիք ապրել Լեռնային Ղարաբաղում։ Ինչու՞ արեցիք դա։
-Նախ, ես բիզնես կարիերաս սկսել եմ 1991-ին՝ 35 հազար Ամն դոլարով եւ ամերիկյան ներդրողների հետ։ Եվ ես գործընկերնեիս հետ հիմնադրել եմ տարածաշրջանի ամենալավ ներդրումային բանկը՝ Ռուսաստան բերելով մեծ թվով ներդրողներ ու հզոր ընկերություններ։ Ես բիզնես ունեմ Անգլիայում, ԱՄՆ-ում, 30 տարբեր երկրներում, ես խորհուրդների անդամ եմ։ Ես շատ տարբեր ոլորտներում եմ գործունեություն ծավալել՝ մարդասիրությունից մինչեւ սոցիալական ոլորտ։ Այնպես որ, կարծում եմ, որ ձեր ենթադրությունը՝ Պուտինի հետ սերտ հարաբերություններ ունենալու վերաբերյալ, այնքան էլ ճիշտ չէ, քանի որ ես շատ ուժ ու իշխանություն ունեցող մարդկանց հետ եմ աշխատել տարբեր երկրներում, եւ նաեւ մասնավոր հատվածի շատ ներկայացուցիչների հետ եմ աշխատել։
-Լավ, ամեն դեպքում ինքներդ էլ գիտեք, որ կազմակերպված հանցագործության եւ հակակոռուպցիոն զեկույցներում, ինչպես նաեւ Նավալնու հակակոռուպցիոն հիմնադրամը մեղադրել են ձեզ նախկինում, այսպես ասենք, հարկերից խուսափելու մեջ։ Ճիշտ է, ձեզ երբեք մեղադրանք չի առաջադրվել, բայց, այնուամենայնիվ, դուք մեղադրվել եք Պուտինի թողտվությամբ ստեղծված օլիգարխիկ համակարգի մաս լինելու մեջ, ինչն էլ ձեր հսկա կարողության կուտակման բացատրությունն է։
-Տեսեք, այս զեկույցը տպագրվել է 4 տարի առաջ։ Եվ այդ 4 տարվա ընթացքում ես պահպանել եմ իմ պաշտոնը բազմաթիվ միջազգային կազմակերպություններում, ինչը նշանակում է, որ մարդիկ, ովքեր գիտեն ճշմարտությունը, ովքեր ճանաչում են ինձ անձնապես, հասկանում են, որ սրանք պարզապես մեղադրանքներ են՝ առանց որեւէ փաստացի հիմք ունենալու, քանի որ որեւէ գործ, որեւէ երկրում իմ դեմ չի հարուցվել։ Նմանատիպ մեղադրանքներ հնչել են շատերի հասցեին՝ Արքայազն Չարլզի, Ջորջ Քլունիի, իմ բազմաթիվ գործընկերների հասցեին, որոնք ինձ հետ աշխատել են տարբեր ծրագրերի վրա, ինչպես օրինակ Սինգապուրի նախկին վարչապետ Լի Կուան Յուն, շատ այլոք, ում հետ բարեբախտություն եմ ունեցել աշխատելու։ Այնպես որ, չնայած իմ հարգանքին լրագրողների նկատմամբ, ովքեր անում են իրենց գործը, այս զեկույց ուղղակի անհիմ մեղադրանք է՝ առանց որեւէ փաստացի ապացուցի։ Եվ երկրորդը, ֆինանսական ինստիտուտըժները, որ ես ղեկավարել եմ տարիների ընթացքում, տրիլլիոն դոլարների ֆինանսաշրջանառություն են ունեցել, հարյուր հազարավոր շահառուներ, մեղադրել Ռուբեն Վարդանյանին ինչ-որ ապօրինություններ անելու մեջ նույնն է, ինչ մեղադրես Ջի․ Փի․ Մորգանին կամ Սիթի Բենքի կառավարչին բաների մեջ, որոնցում ինքը, ճիշտ է, պատասխանատու է, բայց, իհարկե, անձնապես չի անում։ Այնպես որ կարծում եմ, որ սա էլ շահարկում է, եւ Դուք, տարածելով այս տեղեկատվությունը․․․․
–Ես պարզապես անդրադառնում եմ զեկույցին, եւ Դուք իհարկե իրավունք ունեք հերքելու իմ ցանկացած ասածը, բայց ճշմարտությունն այն է, որ Ադրբեջանի իշխանությունները նույնպես ասում են, ես մեջբերեմ քաղաքական վերլուծաբան Էլշան Սաhինօգլուին, որն ասում է՝ Ռուբեն Վարդանյանը Մոսկվայի մարդն է Ղարաբաղում եւ այս պահին քրեական մարմինները գործ են նախապատրաստում, որ Ձեզ լիարժեք պատասխանատվության ենթարկեն։ Սա՞ էր ձեր նպատակը։
-Գիտե՞ք, ինձ թվում էր, որ մեր ծրագիրը պետք է լինի մարդու իրավունքների, ծայրահեղ հումանիտար ճգնաժամի մասին, բայց եթե Դուք մտադիր եք անդրադառնալ բոլոր այս շահարկումներին՝ հատկապես ադրբեջանական կողմի մատուցմամբ, սա կարող է անվերջ շարունակվել։ Ամեն դեպքում, ես կգերադասեի, որ խոսենք տիրող իրավիճակի մասին, որում հայտնվել է 120 հազար մարդ, որոնք գոյատեւում են սարսափելի ճնշման տակ՝ կոչեք դա ադրբեջանական իշխանությունների կամ, եթե ուզում եք կոչել դա էկո- ակտիվիստների կողմից, ուղղակի առաջարկում եմ ձեզ ճշտել, թե քանի բնապահմանական բողոքի ակցիա է տեղի ունեցել Ադրբեջանում վերջին 40 տարվա ընթացքում, եւ քանի՞ անգամ է Ալիեւի բռնապետական ռեժիմը թույլատրել բողոքի ակցիաներ՝ ադրբեջանցիների, ոչ հայերի կողմից իրականացված, որտեղ իրեն որեւէ կոպիտ խոսք է ասվել։ Դրա փոխարեն, դուք խոսում եք բաների մասին, որոնք․․ Ես իրոք ապշած եմ, որ Դուք չեք անդրադառնում գլխավոր հարցին, թե ինչ է այս պահին տեղի ունենում այստեղ եւ ինչպիսին է Ադրբեջանի պահվածքը։ Ի դեպ, այսօր եվրախորհրդարանում․․
-Ոչ, ես լսում եմ, ինձ համար առավել քան հետաքրքիր է խոսել այն մասին, թե ինչ է տեղի ունենում, բայց այն ինչ տեղի է ունենում, իրականության մեծ պատկերի մի մասն է միայն, իսկ իրականությունը, ձեր տարածքի շուրջ հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեւում է արդեն մի քանի տասնամյակ, այն, ինչ տեղի ունեցավ 2020-ին, Ադրբեջանին հաջողվեց ռազմական ուժով մեծ հաղթանակ տանել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, գրավել 2/3-ը այն տարածքների, որ նախկինում դուք տիրում էիք, եւ այժմ ձեզ մնացել է մի փոքր անկլավ, որը տառապում է տնտեսական բլոկադայի պայմաններում, եւ իմ կարծիքով՝ ձեզ համար միակ իրատեսական տարբերակն է կամ քաղաքական համաձայնության գալ Ադրբեջանի հետ, կամ էլ մարդկանց համար, Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչության համար որոշել, որ այլեւս անհնար է դիմանալ եւ հեռանալ տարածքից։ Ո՞րն եք ավելի հավանական համարում՝ քաղաքական համաձայնությո՞ւնը, թե հեռանալը։
-Նախ, թույլ տվեք ավարտել խոսքս։ Այսօր Եվրապառլամենտը որոշում ընդունեց, որով խստիվ կոչ էր անում նախագահ Ալիեւին ապաշրջափակել ճանապարհը։ Այնպես որ, ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Ֆրանսիայում, Եվրախորհրդարանում, ԱՄՆ-ում, զարմանալիորեն համակարծիք են այս հարցի վերաբերյալ, ինչը, իրոք, գրեթե անհավանական է, քանի որ մենք բոլորս հասկանում ենք, թե ինչպիսին են այսօր հարաբերությունները եվրոպական մեծ երկրների ու Ռուսաստանի միջեւ։
–Բայց, պարոն Վարդանյան, անգամ եթե ճանապարհը ապաշրջափակվի, իմ հարցը շարունակում է ակտուալ լինել, ինչպե՞ս կարող է ձեր համայնքը Լեռնային Ղարաբաղում վստահ լինել, որ դա երկարաժամկետ կլինի։ Անգամ Հայաստանը, պաշտոնական Երեւանն արդեն ընդունում է, որ սա այլեւս տարածքային խնդիր չէ, նրանք արդեն չեն պնդում, որ Լեռնային Ղարաբաղն անկախանա, կամ դառնա Հայաստանի մաս։ Երեւանում պնդում են, որ սա ընդամենը իրավունքների խնդիր է, բանակցությունների միջոցով երաշխավորված խաղաղության եւ անվտանգության, մարդու իրավունքների ապահովման հասնելու խնդիր՝ ձեր տարածքում ապրող հայկական ազգաբնակչության համար, բայց ենթադրվում է, որ հեռանկարում դուք դառնալու եք Ադրբեջանի հանրապետության անքակտելի մաս։ Ընդունու՞մ եք դա արդյոք։
-Արցախի բնակչությունը, հայերը, ովքեր ապրում են Արցախում, 1988-ից, երբ ԽՍՀՄ-ը դադարեց գոյություն ունենալ, այլեւս Ադրբեջանի մաս չեն։ Մենք պայքարել ենք մեր ազատության համար, արել ենք բոլոր օրինական իրավական քայլերը, եւ այսօր մենք հարց ենք տալիս աշխարհին՝ ունե՞նք մենք արդյոք ինքնորոշվելու հնարավորություն մի երկրում, որը խախտում է մարդու բոլոր իրավունքները անգամ իր սեփական քաղաքացիների նկատմամբ, ինչպե՞ս եք հնարավոր համարում մեզ համար ապրել մի երկրում, որի բռնապետական ռեժիմը․․․ ի դեպ, հատուկ որ հասկանաք Դուք եւ մնացած ունկնդիրները՝ ընտանիքը, որը իշխում է Ադրբեջանում, Ադրբեջանի գոյության բոլոր 104 տարիների ընթացքում, չհաշված այն տարիները, որ երկիրը գտնում էր ԽՍՀՄ կազմում, մնացած 44 տարիների ընթացքում հենց այդ մի ընտանիքն է իշխում երկրում։ Անգամ ադրբեջանցիները որեւէ իրավունքից զուրկ են սեփական երկրում, ի՞նչ ասել հայերի մասին։ Ինչպե՞ս կարող եք կարծել, որ էթնիկ փոքրամասնությունը, որպիսին մենք ենք, կարող է որեւէ պաշտպանված իրավունք կամ անվտանգություն ունենալ այդպիսի երկրում։ Այնպես որ, սա մեզ համար հարց չէ՝ ուզում ենք, թե չենք ուզում, մենք պարզապես չենք տեսնում դրա հնարավորությունը։ Եվ երեկվա դեպքը դրա լավ օրինակն է։ Երեկ, երեխաների մի խումբ, որոնք ցավոք բաժանված էին մնացել իրենց ընտանիքից եւ շրջափակման արդյունքում մնացել էին Հայաստանում, 6 շաբաթ հետո ռուս խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձվել են Արցախ։ Նրանց կանգնեցրել են, ստուգել, նրանք հարձակման են ենթարկվել ազերիների կողմից։ Քսենոֆոբիան այստեղ այնքան ուժեղ է․․․
-Ներողություն եմ խնդրում, որպեսզի ամեն ինչ պարզ լինի, արդյո՞Ք Դուք ուզում եք ասել՝ քանի որ շատերը համոզված են, որ այսօր Դուք եք որոշում հարցերը, ուզում եք ասել, որ որեւէ կերպ չե՞ք պատրաստվում բանակցություններ ունենալ նախագահ Ալիեւի ու Ադրբեջանի իշխանության հետ։
-Ոչ, մենք պատրաստ ենք բանակցել։ Բանակցել, եթե ադրբեջանական կողմն ընդունի, որ սա երկու կողմերի բանակցություն է։ Որովհետեւ, ինչպես մենք ենք ասում անկախության առաջին օրից, մենք հասկանում ենք եւ ընդունում ենք, որ ապրելու ենք կողք կողքի, բայց՝ տարբեր տարածքներում, տարբեր պետություններում, տարբեր օրենքներով ու կանոններով, որովհետեւ մենք դեմոկրատական երկիր ենք, մենք ունեցել ենք չորս ընտրված նախագահ, մենք չենք տեսնում մեզ որպես Ադրբեջանի մաս, բայց հարգում ենք նրանց, ընդունում ենք, որ պետք է ապրենք միեւնույն տարածաշրջանում, այնպես որ, ստիպված ենք գտնելու տարբերակ, չնայած բոլոր դժվարություններին՝ ստիպված ենք գտնելու լուծումներ, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար։
-Ճի՞շտ եմ հասկանում, որ Դուք բացարձակ համաձայն չեք պաշտոնական Երեւանի հետ, որ պնդում է, որ այդ հարցն այլեւս ընդամենը բանակցությունների միջոցով համաձայնության ճիշտ տարբերակ գտնելն է ձեր ժողովրդի համար՝ Ադրբեջանի պետության կազմում։ Նրանք ասում են, որ դա իրավունքի հարց է՝ մարդու իրավունքների եւ անվտանգության ձեր ժողովրդի համար, բայց նրանք պնդում են, որ հարցն այլեւս տարածքային չէ, առավել եւս՝ անկախության ու ինքնորոշման։
-Հայաստանի կառավարությունը եւ կառավարության ղեկավարը Հայասատանի իշխանությունն է։ Մենք կհետեւենք մեր ընտրությանը, նրան՝ ինչ կորոշի մեր ժողովուրդը։ Մենք պարզ մեսիջներ ենք ստանում Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, նաեւ տեսնում ու հասկանում ենք, որ հարցը լուծված չէ, էջը շրջած չէ, այնպես որ, ինչ էլ որ ասեն Ադրբեջանից, ի դեպ, նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հարցի քննարկումից պարզ դարձավ, որ ամեն ինչ վերջացած չէ, մենք իրավունք ունենք ինքնորոշվելու, քանի որ էթնիկ զտումները արգելված են ՄԱԿ-ի կողմից, չնայած Ադրբեջանի բոլոր շահարկումներին՝ պատմությունը չի ավարտվել, մենք հավատում ենք, որ ինքնորոշվելու, սեփական ճակատագիրը որոշելու, մեր հայրենիքում ապրելու իրավունք ունենք, Արցախում ապրող մարդկանց մեծ մասը ընդունում է այն դժվարությունները, որ այս պահին կրում են։ Հասկանում են, որ սեփական հողում ապրելու համար պետք է պատրաստ լինեն պայքարելու։ Ահա թե ինչու եմ ես ասում, որ մենք փոքր, բայց շատ մեծ ժողովուրդ ենք։
-Դուք ասում եք, որ ամեն ինչ վերջացած չէ, բայց մենք հասկանում ենք, որ այստեղ Ռուսաստանի դերն է կարեւոր, այնպես չէ՞։ Ուզում եմ ասել, որ տասնամյակներ շարունակ Հայաստանը ռազմական օգնության համար հույսը դրել է Ռուսաստանի վրա։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, թե ինչ դասեր եք քաղել դուք Պուտինի՝ Ուկրաինայի վրա հարձակումից, ներխուժումից Ուկրաինա։ Չե՞ք կարծում, որ պիտի դատապարտեք այն, բացի այդ, դա նաեւ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար։
-Տեսեք, այս պահին ես մի փոքրիկ երկրի պետնախարար եմ, որտեղ ապրում է 120 հազար մարդ, որոնք տուժել են Ադրբեջանի կողից հարձակման հետեւանքով։ Ես պատասխանատու եմ պաշտպանել իմ ազգին, երեխաներին, ովքեր ապրում են այստեղ։ Ինչ-որ պետք է անել նրանց պաշտպանելու համար, ես անելու եմ, ահա թե ինչու, ես ուզում եմ այդ հարցին այսկերպ պատասխանել։ Ինչ-որ պետք է անել անվտանգ Արցախ ունենալու համար, ես դա անելու եմ։
-Բայց դա իմ հարցի պատասխանը չէ։ Ես ձեզ հարցրեցի՝ չե՞ք դատապարտելու Պուտինի ներխուժումը Ուկրաինա։
-Եվ ես պատասխանում եմ այսպես՝ ես կանեմ այն ամենը, ինչ այս իրավիճակում պետք է անել՝ պաշտպանելու իմ ժողովրդին։ Այս դեպքում հավանաբար ճիշտ կլինի որեւէ կերպ չպատասխանել հարցին, որովհետեւ ինչ էլ որ ես ասեմ Ռուսաստանի իրավիճակի մասին, Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի կամ ուրիշների մասին, կարող է վնասել օգնություն ու աջակցություն ստանալուն միջազգային հանրության կողմից։ Այնպես որ, չնայած իմ ամբողջ մտահոգությանը այն ամենի վերաբերյալ, որ տեղի է ունենաում այժմ ոչ միայն Ուկրաինայում, այլեւ Եմենում, Սիրիայում, աշխարհի տարբեր կետերում, ես ամենաշատը մտահոգ եմ իմ ժողովրդի համար, որ այս պահին շրջափակման մեջ է՝ առանց էլեկտրականության եւ գազի։
-Բանն այն է, որ Դուք տարբերվում եք շատ հայերից Հայաստանում, որոնք խիստ մտահոգ են Պուտինի ներխուժմամբ։ Ուզում եմ ցիտել Քաղաքական եւ տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Բենիամին Պողոսյանին, որն ասում է՝ ակնհայտ է, որ մենք այլեւս չենք կարող հույս դնել Ռուսաստանի վրա։ Եթե անգամ այս պատերազմից Ռուսաստանը դուրս գա որպես ամբողջական պետություն, հնարավոր է ցանկանա Հայաստանը Բելառուսի հետ միասին ներգրավել միութենական պետության մեջ, ինչը մենք չէինք ցանկանա։ Ձեզ համար դա ընդունելի՞ է։ Արդյո՞ք կարծում եք, որ Հայաստանի ապագան եւ ճակատագիրը Ռուսաստանի հետ է՝ պուտինյան Ռուսաստանի հետ։
-Ես չեմ ուզում խոսել Հայաստանի մասին։ Մենք տարբեր պետուիթյուններ ենք։ Ես կխոսեմ Արցախի մասին։ Արցախը չի ուզում լինել Ադրբեջանի կազում։ Սա միանգամայն պարզ է ու վճռական։
-Իսկ երկարաժամկետ հույսը դնել Վլադիմիր Պուտինի վրա, համաձա՞յն եք։
-Ի՞նչ նկատի ունեք։
-Շատ պարզ բան։ Ինձ թվում է, որ Դուք ուզում եք ասել, որ այս պահին պաշտոնական Երեւանի, Հայաստանի հետ բավականին տարբեր քաղաքական համոզմունքներ ունեք եւ Ձեր միակ հույսն ու գոյության երաշխավորը Վլադիմիր Պուտինն է։
-Դա ճիշտ չէ։ Նախագահ Մակրոնը բազմիցս հայտարարել է, որ բոլոր ջանքերը գործադրում են Արցախին աջակցելու համար։ Ի դեպ, Ֆրանսիայի ԱԺ խոսնակը եւս նման հայտարարություն արեց։ ԱՄՆ դեսպանը վերջերս հայտարարեց, որ կհամագործակցի Ռուսաստանի հետ, եւ կփորձեն գտնել լուծումներ՝ օգնելու համար Արցախին հաղթահարելու ստեղծված իրավիճակը։ Գերմանացի քաղաքական գործիչներ են հայտարարել, որ մտահոգված են այն ամենով, ինչ տեղի է ունենում այստեղ։
-Դուք գիտե՞ք, որ անգամ Լեռնային Ղարաբաղում, ձեր համայնքում, որը փոքրաթիվ է, ընդամենը 100 հազարի մեջ մարդիկ կան, որ համոզված են, որ Ձեր՝ պետնախարարի պաշտոնում աշխատելու ժամանակահատվածն աղետալի է, սարսափելի։ Նրանք ասում են, որ Դուք ավելի մեծ խնդիրներ առաջացրիք, ավելի սրեցիք անվտանգային իրավիճակը, շատերը ուզում են, որ հեռանաք, եւ ինչքան շուտ, այնքան լավ։
Դ-ա նորմալ է։ Մարդիկ տարբեր հայացքներ են ունենում։ Ես երջանիկ մարդ եմ, որ այստեղ եմ, Արցախի ժողովրդի հետ։ Ես ամեն օր քայլում եմ փողոցներում․․․․
-Բայց բանն այն է, որ շատերը Լեռնային Ղարաբաղում կարծում են, որ Դուք օտար եք, որ եկել եք Մոսկվայից, Ձեր հարստությունը կուտակել եք Ռուսաստանում։ Դուք անգամ Լեռնային Ղարաբաղում չեք ծնվել, Երեւանում եք ծնվել։ Շատերը Լեռնային Ղարաբաղում անգամ համոզված չեն, որ Դուք իրոք մտահոգված եք իրենց շահերով՝ ի սրտե։
-Դուք ուղղակի կարող եք հետաքրքրվել, թե ինչ եմ արել ես անցյալում։ Ես 20 տարի ջանքեր եմ գործադրել։ Իմ տատիկը Արցախից է, ես 89 ծրագիր եմ իրականացրել Արցախում վերջին 20 տարվա ընթացքում։ Իմ որդին ծառայել է արցախյան բանակում, դուստրս այստեղ է եղել, այնպես որ, սրանք բոլորը շահարկումներ են, որոնք գոյություն ունեն ամենուրեք, մարդիկ սիրում են բամբասանք տարածել, կեղտոտ պատմություններ հորինել իրականության փոխարեն։ Ես այստեղ եմ եկել 2022-ի սեպտեմբերի 2-ին, ասել եմ, որ այստեղ ապրելու եմ որպես ձեզանից մեկը, չեմ հավակնել որեւէ պաշտոնի։ Նախագահն ինձ առաջարկել է, բայց ես երջանիկ կլինեի նաեւ առանց որեւէ պաշտոն ունենալու, ապրել այստեղ։ Ես ապրելու եմ այստեղ։ Ինձ համար կարեւոր չէ՝ պետնախարար կլինեմ, թե ոչ, ես այստեղ եմ, մարդկանց հետ, ովքեր իմ աջակցության կարիքն ունեն, ոչ թե որովհետեւ ես հարուստ եմ, այլ որովհետեւ նրանք ուզում են համոզված լինել, որ Արցախից դուրս ապրող մարդիկ էլ գիտակցում են, որ Արցախը ոչ միայն իրենց հայրենիքն է, Արցախը ամբողջ Հայաստանի բանալին է, քանի որ Արցախում է հայկական ազգի ԴՆԹ-ն պահպանվում։
-Այսինքն, ես ուզում եմ եզրափակել, քանի որ ժամանակ չունենք․ Դուք որեւէ տեղ չեք հեռանալու՝ սա՞ եք ուզում հաղորդել։
-Ես մնալու եմ այստեղ՝ իմ ժողովրդի հետ։ Ինչին որ իրենք են ստիպված լինելու դիմանալ, ես դիմանալու եմ նրանց հետ միասին։ Այո՛։
-Ռուբեն Վարդանյան։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ միացաք ինձ այսօր, «ՀարդԹոքի» տաղավարում։ Շնորհակալ եմ։
Թարգմանությունը՝ Ռուզան Ազիզյանի