ՆԱՏՕ-ն ՉԺՀ-ին «զսպում է» Թուրքիայում եւ Հայաստանում
Գլոբալ քաղաքականությունը խճանկարի պես բաղկացած է մեկ պատկեր կազմող առանձին մասնիկներից: Հուլիսի լույս 15-ի գիշերը տեղի ունեցավ ահաբեկություն Նիսում, մեկ օր անց խռովություն ծագեց Անկարայում, իսկ հուլիսի 17-ին Երեւանում «արտահամակարգային ընդդիմության» ներկայացուցիչները հայտարարեցին զինված հեղաշրջում սկսելու մասին, որը սահմանափակվեց Էրեբունի շրջանի ոստիկանական տեղամասի գրավմամբ: Միանգամից լինո՞ւմ են արդյոք այսքան շատ զուգադիպություններ:
Փորձենք պարզել:
ԵԱՀԿ Մինսկի խումբը ինչո՞ւ հավաքվեց Անկարայում
Հարկ է նշել, որ երեւանյան միջադեպի հաջորդ օրը, հուլիսի 18-ին, ԵԱՀԿ Մինսկի խումբը Անկարայում պետք է քննարկեր Արցախի հակամարտության կարգավորման հարցը: Հարց է ծագում. Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները Անդրկովկասի էական հարցը ինչո՞ւ են քննարկում հենց Թուրքիայում: Նման մանեւրի տրամաբանությունը թվում է կասկածելի, եթե անտեսենք մի փաստ. արտգործնախարար Մեւլութ Չավութշօղլուն Անկարայում կայանալիք հանդիպման մասին հայտարարություն արեց հուլիսի 15-ին, այսինքն երկրում զինվորականների խռովությունից հաշված ժամեր առաջ: «Մենք հուլիսի 18-ին Թուրքիայում սպասում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնց հետ կքննարկենք ղարաբաղյան կարգավորումը: Հանդիպմանը մենք կներկայացնենք այդ հարցի առթիվ թուրքական կողմի դիրքորոշումը եւ կծանոթանանք ղարաբաղյան կարգավորման վերջին գործընթացին», հայտարարեց նախարարը, որի խոսքերը մեջբերում է REGNUM գործակալության վերլուծաբան Սարգիս Ծատուրյանը : Նրա կարծիքովՙ այդ հայտարարությունը հիմք է տալիս ասելու, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ թուրքական իշխանությունների (այդպես էլ չհրապարակված) կեցվածքը որոշակի փուլում գոհացրել է Մոսկվային, Փարիզին եւ Վաշինգտոնին: Եվ այստեղ գործին միջամտեցին խռովարարները: Դատելով ամերիկյան լրատվամիջոցների հակաէրդողանյան հիստերիայից, Էրդողանը պատրաստ էր զիջումներ անել նաեւ Սիրիայում եւ դրանով լուրջ դժգոհություն էր առաջացրել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Ահա թե ինչու Անկարան մեղադրանքներ հասցեագրեց ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակիցներին, որոնք շահագործում են խռովարարների մի մասի համար թաքստոց ծառայած «Ինջիռլիք» ավիաբազան: Ինչ-որ մեկը պարզապես ուզում էր «շրջել գրատախտակը», որպեսզի Անկարան չզիջի մրցակցային դիրքեր Անդրկովկասում եւ Մերձավոր Արեւելքում: Իսկ մտահղացման ձախողումից հետոՙ հաջորդ առավոտյան Երեւանում գրավեցին ոստիկանական տեղամաս: Ծատուրյանը սա համարում է առայժմ աշխատանքային վարկած:
Ոմանք «արտահամակարգային ընդդիմության» գործողությունները կհամարեն հասարակության տնտեսական դժվարությունների արդյունք. բայց այդ դեպքում որտե՞ղ են հազարավոր ցուցարարներն ու համակիրները: Գոյություն ունի նաեւ կարծիք, թե Երեւանը Մոսկվայի դրդմամբ իբր պատրաստվում է «5 շրջան հանձնել» Բաքվին: Ծատուրյանը նշում է, որ թշնամական քարոզչության արդյունք այդ հիմարությունը կարող է կործանարար հետեւանքներ ունենալ ռուս-հայկական հարաբերությունների վրա: ԼՂՀ անվտանգությունը զոհաբերող ամեն մի հայ քաղաքական գործիչ անմիջապես կհայտնվի պատմության աղբանոցում: ՀՀ իշխանությունները պետք է ձգտեն խուսափել անիմաստ արյունահեղությունից:
«Մետաքսի ճանապարհ» ցամաքում
Ժամանակն է խոստովանելու, որ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը վաղուց դարձել են ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Եվրոմիության դիմակայության ասպարեզ: Պատահական չէ, որ Թեհրանը Պեկինի դրդմամբ վերացնում է այցագրերը Երեւանի հետ, իսկ բուլղար վարչապետ Բոյկո Բորիսովը Հայաստանին ու Վրաստանին առաջարկում է դառնալ կամուրջ Իրանի եւ Հին աշխարհամասի միջեւ: Տվյալ նախաձեռնությունն ունի մեծ հնարավորություններ, որոնք ներհակ են ամերիկյան աշխարհաքաղաքականությանը: Մանավանդ, որ ճանապարհներն անցնում են Սեւ ծովով, իսկ դա Թուրքիայի անկայունության պայմաններում դառնում է ավելի ու ավելի վտանգավոր: Բաքուն որպես Երեւանի այլընտրանք Թեհրանին եւ Պեկինին առաջարկում է կառուցել Ադրբեջանը Վրաստանի ծովափին կապող երկաթգիծ: Իրանը սպասողական դիրք է բռնել, որի վրա կարող է բացասաբար անդրադառնալ Երեւանում ոստիկանական տեղամասի գրավումը: Սակայն Թեհրանին ամենից շատ տագնապեցնում է Բաքվի կողմից ԼՂՀ հակամարտության ապասառեցումը: Սերժ Սարգսյանի այն հայտարարությունից հետո, որ «նույնիսկ ամբողջ աշխարհը միասնաբար չի կարողանա Լեռնային Ղարաբաղի բնակչությանը համոզել ապրելու Ադրբեջանի կազմում», Բաքուն հայտնվել է անելանելի վիճակում եւ ամեն պահի կարող է վերսկսել պատերազմը:
Մինչդեռ հայ-ադրբեջանական հակամարտության «վերին հարկում» Վաշինգտոն-Թեհրան հակասություններն են, կարծում է REGNUM-ի վերլուծաբանը: Դրանց արմատները հասնում են 1979 թ. Իսլամական հեղափոխությանը, որից հետո ԱՄՆ-ը սկսեց Իրանը համարել ռազմական գործողությունների հնարավոր թատերաբեմ: Ներկայումս դա արտահայտվում է Իրանական Քրդստանում եւ Բելուջիստանում գրոհայինների հետ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի շարք զինված բախումներով: Ըստ էության, համանման բաներ են կատարվում նաեւ Սիրիայում, որն ամերիկացիներն ավերեցին, որպեսզի վերահսկեն ծրագրվող «Մետաքսի ճանապարհի» քաղաքներ Դամասկոսը, Ռաքքան, Հոմսը, Տարտուսը, Պալմիրան, Հալեպը եւ Դուր-Եվրոպոսը: Ինչո՞վ կպատասխանի Չինաստանը:
Նավարկություն դեպի Աֆրիկյան եղջյուր
Պեկինը սկսել է զարգացնել «Մետաքսի ճանապարհի» ծովային հաղորդակցությունները: Շեշտը դրվում է Աֆրիկյան եղջյուրի փոքրիկ պետություն Ջիբուտիի վրա, որը դեպի Կարմիր ծով եւ Սուեզի ջրանցք, այնտեղից էլ Միջերկրական ծով տանող երթեւեկաշատ Ադենի ծոցի արեւմուտքում է: Իհարկե, ծովային «մետաքսի ճանապարհը» զերծ չէ վտանգներիցՙ կապված ծովահենության եւ ՉԺՀ-ից դեպի Եվրոմիություն 44-օրյա նավարկության հետ, բայց ներկայումս ամենից ապահովն է, մանավանդ Թուրքիայում ՆԱՏՕ-ի հետախուզության սարքած արյունահեղությունից հետո: Պատահական չէ, որ Ջիբուտիի նախագահ Իսմայիլ Օմար Գելլեն աճապարեց դատապարտել Անկարայում ծագած խռովությունը:
Չինաստանը լուրջ մտադրություններ ունի Ջիբուտիում: Հունիսի վերջերին երկու կողմերը պայմանավորվեցին ստեղծել «համապարփակ առեւտրային ուղիներ», այդ թվում նաեւ ազատ առեւտրի գոտիներ, որտեղ ներդրվելիք 7 մլրդ դոլարը կհատկացվի շինարարության, էլեկտրոնիկայի, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների եւ թեթեւ արդյունաբերության զարգացմանը: East Africa Monitor գործակալության տվյալներով, ՉԺՀ ռազմավարական ներդրումների մեջ առանձնանում է China State Construction Engineering Corporation-ը, որը 450 մլն դոլարանոց պայմանագրի համաձայն կարդիականացնի նավահանգիստները: 4 մլրդ դոլար կհատկացվի Ջիբուտի-Եթովպիա երկաթուղու կառուցմանը, 599 մլն կծախսվի երկու օդանավակայանի շինարարության վրա:
Միջին Արեւելքում եւ Անդրկովկասում Արեւմուտքի ճնշումներին ենթարկվող չինացիներն ակտիվորեն ամրապնդում են իրենց դիրքերը Աֆրիկյան եղջյուրի երկրներում: Դեպի Հին աշխարհամաս տանող ճանապարհը երբեք էլ դյուրին չի եղել: