Ճիշտն այն է, որ Էրեբունին դարձել է Երեւան, համենայն դեպս առաջՙ Էրեբունի էր, հետո դարձավ Երեւան, երգում էլ է այդպեսՙ Երեւան դարձած իմ Էրեբունի… Այսինքն, երբ այս օրերին ասում ենքՙ Էրեբունի դարձած իմ Երեւան, շրջված ենք ասում: Շրջված ենք ասում, բայց ճիշտ ենք ասում, քանի որ ամեն ինչ շրջվել է Երեւանում, ավելի ճիշտՙ Էրեբունիում:
Բայց սկզբից սկսենք: Սկիզբը Պավլիկի որդու ծննդյան օրն էր, այս տարվա հուլիսի 17-ին: Պավլիկը հայտնի Պավլիկ Մանուկյանն է, ազատամարտիկ, ինչպես շատերն են գրում այս օրերինՙ «հազարավոր թուրքերի սպանած», մի խոսքովՙ հերոս: Հուլիսի 17-ին հերոս Պավլիկի որդու ծնունդն էր: Նշել ենՙ բառիս բուն իմաստով… Պավլիկի տղան էլ արդեն մեծ է, հասուն տղամարդ, էլ առաջվա փոքրիկը չէ, որ ազատամարտիկ հոր հետ լուսանկարվի, հոր եւ վերջինիս աժդահա զենքի, որն ավելի բարձրահասակ էր, քան ինքը: Ինքը հիմա զենք ունի, հայրն էլ զենք ունի, ինքն էլի հոր կողքին է, հայրն էլ Էրեբունիում է, գունդ են գրավել, ասում ենՙ մինչեւ վերջ գնալու են, եւ «թող մեր մարմինները ձեր հաղթանակի համար կամուրջ լինեն», ասում ենՙ Պավլիկենք, ասում ենՙ ժողովրդին, կոչ անելով վերջինիս դուրս գալ փողոց: Ոմանք դուրս են գալիս, հատկապես երեկոյան ժամերին, երբ շատ շոգ չէ, ոմանք տնից են հետեւում, քանի որ իշխանությունները համացանցը չեն կտրում, որպեսզի շատերը տնից հետեւեն եւ դուրս չգան: Ու այս ընթացքում պետական հիմնարկների հսկողությունը չի ուժեղացվում, մետրոյի կայարաններում էլի նույն մեկ-երկու ոստիկաններն ենՙ ալարկոտ եւ շոգից շվարած, խորհրդարանն արտահերթ նիստ չի գումարում, վարչապետը հայտարարությամբ հանդես չի գալիս, նախագահն ուղերձով ժողովրդին չի դիմում, չնայած երկրում ահաբեկչություն է, ասում են, որ ահաբեկչություն է:
Ընդ որում, ոստիկաններն ասում են, որ ահաբեկչություն է, քանի որ հարձակում է եղել ոստիկանական գնդի վրա, կա զոհ եւ նա ոստիկան է (փոխգնդապետ Վանոյան): Իսկ Պավլիկենք, ավելի ճիշտՙ նրանց համախոհներն ասում են, որ ահաբեկչություն է, քանի որ ոստիկանությունը բերման է ենթարկում իրենց, իսկ նրանք, որոնց բերման են ենթարկել, պատմում են, թե ոստիկաններն իրենց ծեծում են եւ ստիպում համբուրել իրենց կոշիկները, «բա սա ահաբեկչություն չէ, ի՞նչ է», ասում են:
Երկուսդ էլ ճիշտ եք, գո՞հ եք: Պետք է, որ գոհ լինեք, քանի որ երկուսիդ նպատակն էլ ճիշտ դուրս գալն է, հիմա ասում ենքՙ երկուսդ էլ ճիշտ եք, քանի որ ոստիկանություն մտնելն ու շենքը գրավել եւ մանավանդ մարդկանց պատանդ պահելը ահաբեկչություն է, եւ ոստիկանություն բերման ենթարկելն եւ այնտեղ ծեծելն ու սեփական կոշիկները համբուրել պարտադրելը եւս ահաբեկչություն է, պրծա՞նք:
Հա, փաստորեն, չպրծանք, քանի որ ձեր ուզածը միայն ճիշտ դուրս գալը չէ, ձեր ուզածը նաեւ հերոս դուրս գալն է: Ձերՙ բոլորիդ ուզածը դա է, անկախ նրանից գունդ գրավող եք, թե՞ գունդ պաշարած: Սեփական մարմինըՙ «որպես հաղթանակի կամուրջ առաջարկելը» հերոսանալու թաքուն ցանկություն է, ծպտված եսասիրություն է, հերոս դառնալու մոլուցք է: Ձեզ բավարար չէ ղարաբաղյան հերոս լինելը, դուք ազգային հերոս դառնալ եք ուզում: Ղարաբաղնՙ ազգի կարեւոր մասն է, բայց մասն է, ճիշտ այնպես, ինչպես Էրեբունին է Երեւանի մասը: Դուք Երեւանն եք ուզում, ազգն եք ուզում, իրականում սրանք եք ուզում, թե չէ մենք գիտենք, որ դուք ասում եք, թե Սեֆիլյանին եք ուզում եւ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Լավ, ենթադրենք եկավ, նկատի ունեմ Սեֆիլյանը, ենթադրենք տվեց, նկատի ունեմ հրաժարականը, հետո՞: «Հաղթել ենք» դեմքի արտահայտությամբ, գուցե նաեւ պաստառներով գնալու եք ԱԺ-ում օրենքներ ընդունելու եւ նստելու եք Առաքել Մովսիսյանի եւ Սամվել Ալեքսանյանի կողքի՞ն, բայց որպեսզի ամեն ինչ խորհրդանշական լինի եւ Էրեբունու հետ կապ ունենաՙ Մհեր Սեդրակյանի կողքի՞ն: Ու դա կոչելու եք նոր Հայաստա՞ն, ձեզ էլ բարեփոխի՞չ: Անկեղծ եղեք, տղերք, դուք ուզում եք երկու բանՙ դառնալ հերոս եւ ամբողջը: Բայց մի խնդիր ունեք, իշխանությունն էլ նույնն է ուզում: Ու իշխանությունը ճիշտ է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չեք հաղթել: Հեղափոխությունն անելն այդպիսի բան է. սխալ եսՙ քանի չես հաղթել, հանցագործ եսՙ երբ նոր ես սկսել, երբ հաղթում ես, երբ ավարտում ես, արդեն ճիշտ ես, որոշ ժամանակ անցՙ միակ ճիշտն ես, քանի դեռ քո դեմ հեղափոխություն չեն արել եւ չեն հաղթել:
Բայց այս պատմությունը, անկախ նրանից, թե ինչպես է ավարտվել այս հոդվածը, մի կարեւոր բան ունի: Ի՞նչ է ուզում ժողովուրդը: Իմ տպավորությամբՙ կտոր մը երկինք: Ոչ բոլորն իհարկե, կա ժողովրդի մի հատված, որ լսել է կոչն ու փողոց է դուրս եկել, մոռանալով, որ ինքն անզեն է եւ իրեն փողոց դուրս գալու եւ զինված հեղափոխություն անելու կոչ են անում զինված մարդիկ: Ժողովրդի այս հատվածը, եթե ուզում էլ է կտոր մը երկինք, ապա մեծ հաշվով, ոչ հիմա, հետո, երբ հարցերը կլուծվեն, արյունով անշուշտ. արյան սով կա դարերով արյուն տեսած մեր ժողովրդի մոտ: Իր կարծիքով անցնող տարիներին իր արյունն են խմել, հիմա էլ ինքն ուզում է համարժեք պատասխան տալՙ չնկատելով, որ արյունախումների դեմ պայքարելիս արյուն չեն խմում, որովհետեւ եթե անգամ հաղթում ես արյունախումներին, չես հաղթում արյունախմությանը: Ժողովրդի մի ուրիշ հատված էլ ոստիկան է, դե այդպես է ստացվել, ոմանք անգամ երազել են այդ մասնագիտության մասին, ինչը վատ չէ, համենայն դեպս ինչ-որ բան երազելը երբեք վատ չէ: Նրանք էլ մեծ հաշվով կտոր մը երկինք են ուզում, բայց ոչ հիմա, հիմա հարցերը լուծենՙ նոր, ոչ թե իհարկե արյունով, այլ եթե պետք էՙ անգամ արյունով, եթե հրաման լինի: Եթե հրաման լինիՙ համբուրվելու, նրանք գուցե համբուրվեն էլ, հրապարակայնորեն, եթե հրաման լինի: Հրաման տվողն էլ ժողովրդի այլ հատվածն է: Միակ հատվածը, որը կտոր մը երկինք չի ուզում, այդ հատվածն առհասարակ կտոր մը չի ուզում, անկախ նրանից, թե ինչ էՙ երկինք, թե՞ թագավորություն: Եւ վերջապես նրանց դեմ դուրս ելած մի խումբ զինված մարդիկ կան, էլի ժողովուրդ, որոնք նույնպես կտոր մը երկինք չեն ուզում, քանի որ ամբողջ երկինքն են ուզում, բայց սկզբում Սեֆիլյանին, հետոՙ հրաժարականը:
Ու կա քիչ մը ժողովուրդ, որը հենց հիմա կտոր մը երկինք է ուզում, միայն դա: Այդ ժողովուրդը ցավում եւ սգում է ոստիկանության գնդապետ Վանոյանի սպանության համար, այդ ժողովուրդը շնորհավորում է Պավլիկին ու նրա որդունՙ վերջինիս անցած ծննդյան օրվա կապակցությամբ, եւ այդ ժողովուրդը ուրախ է, որ պատանդ ոստիկաններից մեկը ազատ է արձակվել, քանի որ հուլիսի 23-ինՙ վաղը, նրա նշանդրեքն է: Այս ժողովուրդն ամենակարեւորն է, ինչ մենք ունենք (չենք կորցրել), ինչպես այս երեք հանգամանքներն են այս ողջ պատմության ամենակարեւոր բաներըՙ Պավլիկի որդու ծնունդը, փոխգնդապետ Վանոյանի սպանությունը, եւ պատանդությունից ազատված ոստիկանի նշանդրեքը: