Եվրախորհրդարանի ընթացիկ (հունվարի16-22) նստաշրջանում քննարկվող օրակարգային հարցերից մեկը վերաբերում է Իրանին։ Խոսքը՝ «Կին, Կյանք, Ազատություն» նշանաբանով 2022 թվականի սեպտեմբերին Իրանի տարբեր նահանգներում անցկացվող բողոքի ակցիաների, կամ ԻԻՀ իշխանությունների բնորոշմամբ՝ դրսից հրահրվող խռովությունների պատճառով Իրանի իշխանությունների գործադրած պատժիչ գործողությունների, այդ թվում՝ մահապատիժների վերաբերյալ դիրքորոշում արտահատելու մասին է։
Եվրախորհրդարանի մամուլի ծառայության տարածած տեղեկատվության համաձայն, հունվարի 17-ին Ստրասբուրգում պատգամավորները Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ քննարկելու են Իրանում տեղի ունեցող հայտնի իրադարձությունները, իսկ հինգշաբթի՝ հունվարի 19-ին, քվեարկության է դրվելու Իրանի մասին Եվրախորհրդարանի դիրքորոշումն արտահայտող բանաձևը։
Եվրոպական երկրների տարբեր քաղաքներում բնակվող իրանցիները երկուշաբթի օրը Եվրախորհրդարանի պաշտոնական նստավայրի մոտ անցկացրած հանրահավաքի ժամանակ պահանջեցին Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսը (ԻԻՀՊԿ) ներառել ահաբեկչական խմբավորումների ցանկում։
Այսպիսով, հինգշաբթի Ստրասբուրգում վճռվելու է Իրան-Եվրոպա հարաբերությունների հարցը։
Գ. Ա.