2022թ. թուրքական զենքի արտահանումը գերազանցել է 4 մլրդ դոլարը, ինչը մոտ 36 տոկոսով ավելին է, քան մեկ տարի առաջ։ Ընդ որում՝ արտահանման 98 տոկոսը կազմել է Bayraktar անօդաչուների վաճառքը։ Այս մասին haqqin.az-ին ասել է թուրք քաղաքագետ Իրֆան Քայա Ուլգերը։
Նրա կարծիքով՝ Անկարայի ռազմարդյունաբերական համալիրում կա մարտական դրոնների եւ այլ զինատեսակների արտադրության ծավալները երկրաչափական պրոգրեսիայով ավելացնելու պոտենցիալ։ Թուրքական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար կարեւոր էր Bayraktar անօդաչուների կիրառումը Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի ժամանակ։
«Մի կողմից՝ Անկարան հզոր աջակցություն ցուցաբերեց եղբայրական Ադրբեջանին, մյուս կողմից՝ մարտական պայմաններում փորձարկեց եւ ամբողջ աշխարհին ցուցադրեց սեփական ռազմական տեխնոլոգիան,- ասել է Ուլգերը։- Մինչեւ վերջերս Թուրքիան որոշակի դժվարություններ ուներ ՆԱՏՕ-ի սպառազինությունում գտնվող դրոնների ձեռքբերման հարցում։ Անկարա այդ անօդաչուները մատակարարում էին կամ բազմաթիվ նախապայմաններով, կամ առհասարակ չէին մատակարարում։ Իսկ հիմա պատկերը կտրուկ փոխվել է, եւ Թուրքիան դարձել է մարտական եւ հետախուզական դրոնների աշխարհի առաջատար մատակարարներից մեկը։ Bayraktar-ի հիմնական գնորդները Բալկանյան թերակղզու երկրներն են, Սուդանը, Լիբիան եւ այլն»։ Քաղաքագետի խոսքով՝ թուրքական անօդաչուների հաջողությունը զենքի համաշխարհային շուկայում կատալիզատորի դեր է խաղացել Թուրքիայի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի այլ ոլորտների զարգացման գործում։
«Իսկ ինչ վերաբերում է զենքի արտահանմանը, ապա Թուրքիան այդ ոլորտում միանգամայն անկախ քաղաքականություն է վարում,- նշել է Ուլգերը։- Թուրքիան մնում է Հյուսիսատլանտյան դաշինքի կարեւոր մասը, ինչից միանշանակորեն բխում է, որ Անկարան ոչ մի դեպքում զենք չի վաճառի այն երկրներին, որոնք սպառնում են ՆԱՏՕ-ի անվտանգությանը։ Դա առաջին հերթին վերաբերում է զենքի վաճառքին ՀԱՊԿ անդամ պետություներին՝ Ռուսաստանին, Բելառուսին, Հայաստանին, ինչպես նաեւ այն երկրներին, որոնք այս կամ այն չափով կարող են վտանգ ներկայացնել Հյուսիսատլանտյան դաշինքի անդամների համար։ Եվ, իհարկե, Իրանին»։