Հայաստանն այնպիսի մի երկիր է, որտեղ ամեն ինչում երեւում է արտաքին կենտրոնների մրցակցությունը: Դա երեւում է ամենուր` ընդունվող օրենքներում, կառավարության, նախարարների մինչնշանակման եւ հետնշանակման ողջ իրարանցման մեջ, լրատվամիջոցների պահվածքում (նայած` որ կողմից են սնվում),գործնականում ամեն ինչում: Իհարկե, խորանալ չփորձողներն ու աշխարհը սեւ-սպիտակ ընկալողներն անմիջապես կգոռան , որ սա իշխանությունների կամ իշխանավորների հայրենասիրության պակասից է, որոնք երկիրը հզորացնելու փոխարեն` իրենց գրպանը լցնելու մասին են մտածում, ու անմիջապես էլ գրողի ծոցը կուղարկեն նրանց` իրենց թունդ բառապաշարով: Ու միգուցե նրանք մասամբ ճիշտ են` Հայաստանի բոլոր իշխանությունները ներկայացնող մարդկանց մի զգալի մասը երբեք դեմ չեղավ պետության գրպանը մտնելով հարստանալուն, անկախ նրանից` ինչ արժեցավ դա պետությանը կամ աշխարհի ուժեղներից որի՞ց ավելացրեց մեր կախվածությունը: Ու դա մենք չենք ասում, այլ այդպիսի տեսակետները հնչում են բոլոր նոր իշխանությունների ներկայացուցիչների` նախորդների հասցեին արված քննադատություններում, որտեղ միշտ էլ կարելի է բացահայտումներ գտնել, թե ով` ինչպես, ամեն կերպ նպաստելով ամենահնարավոր վարկերը վերցնելուն, վարկերն իրացնելուց «պրիմիտիվ» կամ սխեմաներով ձեռք տաքացրեց ու հարստացավ: Ու մամուլը եւս լի է այդպիսի հրապարակումներով կամ օֆշորները հոսած մեր թանկ փողերի մասին թվերով: Չեմ հիշում մի դեպք, երբ խորհրդարանը կանգներ ու ասեր` ստո՛պ, էս վարկը չենք հաստատում, հետ տար, կառավարություն, հերիք է երկրի պարտքն ավելացնես ու էս ու էն միջազգային կենտրոնից երկրի կախվածությունը խորացնես: Արդյունքն ահա այս է` ՀՆԱ -ի 54,4 տոկոսը կազմող արտաքին պարտք, որը թվային առումով հատել է 5 մլրդ դոլարի սահմանը եւ ավելացրել երկրի կախվածությունը բոլոր տեսակի դոնոր երկրներից, ասել է, թե` դուռ բացել արտաքին անցանկալի ազդեցությունների համար:
Հասկանալի է, որ չենք կարող մեկուսանալ աշխարհից, փակել դուռ ու լուսամուտ, սակայն հարկ էր նաեւ մտածել արտաքին խոչընդոտներից ազատ տնտեսական զարգացման մասին, այս առումով իսկապես հայրենասեր մադկանց պակաս միգուցե եղել է:
Հայաստանը մշտապես, բոլոր ժամանակներում է եղել իրեն շրջապատող պետությունների եւ աշխարհի բախտը վճռող ուժային կենտրոնների ուշադրության կենտրոնում: Պատմականորեն բախտներս չի բերել` ուրիշների շահերի կիզակետում միշտ լինելով: Հայերիս մի քանի հազարամյա պատմությունը հենց դրվագաշար է` մեզ կուլ տալու, մեզ վրա իրենց ազդեցությունը լայնորեն տարածելու դեմ մշտական պայքարի: Դրա համար կռվել են մեր ժողովրդի հիշողության մեջ մնացած սիրված ու ատելի թագավորներ, իշխաններ, որոշների անունները մնացել են պատմության սեւ էջերում, երբ չեն դիմացել հանգիստ ապրելու գայթակղությանն ու երկրի շահը փոխել են անձնական շահով, անգամ եղել է, որ երկրի տարածք են հանձնել այլ երկրի` դիմացը տարածք ստանալով եւ գաղթելով օտար հողեր, այդ ճանապարհով իրենց խելքով անվտանգ ապրելու խնդիր լուծելով կամ միգուցե վրեժ լուծելով ներքին մրցակիցներից (օրինակ` 1065 թվականին այդպես վարվեց Վանանդի թագավոր Գագիկ Աբասյանը` սելջուկյան ներխուժումից փրկվելու համար իր տիրույթները փոխելով բյուզանդահպատակ Կեսարիա, Խավատանեք քաղաքների հետ ու իր ժողովրդով այնտեղ տեղափոխվելով, այլ այդպիսի փորձեր եւս եղել են): Ասածս այն է, որ տարբեր ժամանակների տարբեր ուժեղներ միշտ փորձել են տարածաշրջանային ազդեցություն մեծացնելու խնդիրը Հայաստանի միջոցով լուծել, իսկ հայերը միշտ դիմակայել են դրան` երբեմն այսպիսի խայտառակ դրվագներ եւս արձանագրելով:
Դարերն անցել են` ոչինչ չի փոխվել: Մեզ բարեկամ ու ոչ բարեկամ երկրները էլի բոլորն էլ ջանում են իրենց ազդեցություններն ավելացնել տարածարջանային ամենահարմար ոտքի տեղ Հայաստանում, իրենց ազդեցության գոտի դարձնել այս մի բուռ երկիրը, իսկ մենք փորձում ենք գնալ մեր ճանապարհով, դա մեզանից մեծ ջանք, ամենօրյա դիմակայություն եւ մեծ խելք է պահանջում: Անգամ անձերի կտրվածքով հույսը կամ դիմակայության կարողությունը կարող է մեծանալ կամ փոքրանալ, միգուցե դրա համար հիմա Հայաստանում բոլորը սպասում են արտաքին ազդեցությունների կամ կողմնորոշումների առումով այնպիսի առանցքային նախարարների նշանակման, ինչպիսին պաշտպանության կամ արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարնեն են, ըստ շրջանառվող անունների էլ հանրությունը արտաքին մոտիվացիաներ է փնտրում, կամ ենթադրություններ անում Հայաստանի արտաքին կողմնորոշումների վերաբերյալ: Դիցուք` վարչապետ ու կառավարություն են փոխվել, որոնց բոլորի նշանակումների հետ կապված ԶԼՄ-ները հազար ու մի տեսակ արտաքին կողմնորոշում գտան: Ու բնական է, որ մանրադիտակն ամենուր է այդ առումով: Կառավարության ղեկավարը խոստանում է երկարաժամկետ ու կարճաժամկետ բացվածքներով ծրագիր ներկայացնել, ասում է` պիտի էս փոխենք, էն փոխենք, հարկային բարենպաստ մթնոլորտ ստեղծենք բիզնեսի համար, անհիմն ստուգումները կամ վարչարարությունը պետք է նվազեցնենք, որ մեռնող տնտեսություն նոր ներդրումներ գրավենք: Ու դրա համար մի լավ պիտի ուսումնասիրենք վիճակը:
Բայց տեսեք` նույն այդ կառավարությունը, հավանաբար միջազգային կառույցներին տված խոստումները չկարողանալով գոնե մինչեւ կառավարության ծրագրի ներկայացումը սառեցնել, Ազգային ժողովի արտահերթ նիստով «սղղացնում է» կոշտ վարչարարության մտայնությունը կրող Հարկային օրենսգիրք, որում ոչ ստվերը կրճատող մեխանիզմներն են հստակ, ոչ էլ մանրումիջին բիզնեսի թթվածինն է ավելացել, ու որքան էլ զարմանալի` դրան կողմ են քվեարկում մի խոհրդարանում (անգամ անձնապես դեմ լինելով, քանի որ պատգամավորների մեծ մասը նույնպես բիզնես ունի), որի մեծամասնության ղեկավար-ՀՀԿ նախագահը իր ելույթներում լրիվ ուրիշ բան է ասում: Իսկ վարչապետն էլ դրանից հաշված ժամեր առաջ գործարարների հետ հանդիպմանն ասում էր` թե որոշել է սկզբունքորեն փոխել վերաբերմունքը հանդեպ գործարարը, այնպիսի միջավայր ստեղծել, որ սպիտակով աշխատող գործարարն իրեն հարմարավետ զգա, եւ ընդհանրապես` «Եթե ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք` երկիրը երկիր չենք դարձնի»:
Իսկ նոր Հարկային օրենսգիրքը, որը, ճիշտ է, ի վերջո դաշտը կարգավորող միասնական փաթեթ լինելու առումով դրական նախաձեռնություն է, բայց ըստ տարբեր գնահատականների, հազիվ թե նպաստի վարչապետի դրած նպատակներին, անգամ խորհրդարանականներից Ալեքսանդր Արզումանյանը պատկերավորեց. «Դուք կապում եք վարչապետի ձեռքերը, դուք պարտադրում եք նրան մի օրենսգիրք, որի մշակմանը նա չի մասնակցել»: Երեւի պատահական չէր, որ ՀՀԿ պատգամավորները ոչինչ չխոսեցին այդ օենսգրքի` երկրորդ ընթերցմամբ քննարկմանը, այն արժանացավ ընդդիմադիրների կոշտ քննադատությանը, եւ դրությունը փրկեց միայն ԱԺ փոխխոսնակ Էդվարդ Շարմազանովը, որ դրական արտահայտվելով օրենսգրքի մասին, դեռ նկատեց էլ, թե վարչապետը ՀՀԿ քաղաքական թիմից է եւ հին կառավարության աշխատանքի տրամաբանական շարունակողը: Իսկ գործարար պատգամավոր Գուրգեն Արսենյանը չքաշվեց անվանել այն շրջանակներին, որոնք պահանջում են օրենսդրության ա՛յս բացվածքը այն համատեքստում, որը Հայաստանի տնտեսական զարգացումը հարցականի տակ է դնում: Նա դիվերսիա անվանեց ՀՕ-ն` կոնկրետ անուն տալով. Հայաստանում առետրի միջազգային հիմնադրամի ղեկավար տիկինը իր մի վերջին հարցազրույցում շեշտել էր, թե Հարկային օենսգիրքը պետք է անպայման ընդունել (79 կողմով անցավ), որ Հայաստանի համար լավ լինի:
Ինչ է ստացվում, արտաքին թելադրողներին լավ չե՞նք կարողանում դիմակայել:
Սակայն բոլոր առումներով արտաքիններին կկարողանանք դիմակայել, երբ մեր ներսը կարգի բերենք, երբ անկախ թելադրանքներից` իսկապես կկարողանանք ստվերը բերել լույսի տակ, ու դա հերթական անգամ սոսկ հայտարարություն չի մնա: Քանի որ նախորդ 13 վարչապետներից ո՞վ չի հայտարարել այդ մասին:
Դե հիմա, թղթերի իմաստով, իհարկե լավ է, որ նոր օրենք է ընդունվում բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց փոխկապակցված անձանց եկամուտների ոչ պատշաճ հայտարարագրման գործընթացը վերջնականապես կարգավորելու համար` եթե ոչ պատշաճ չհայտարարգրվի` նախազգուշացումից 30 օր անց պաշտոնյան կտուգանվի նվազագոյն աշխատավարձի 200-պատիկի չափով, ու անգամ` բանը կարող է հասնել քրեական պատասխանատվության: Բայց ամբողջ բանն այն է, որ հստակ չէ պարզելու մեխանիզմը`մարդը ճի՞շտ հայտարարգիր է ներկայացրել, թե ոչ, բացի այդ` Հայաստանում առկա «զոքանչի սինդրոմը», ինչպես ԱԺ քննարկման ժամանակ պատգամավորները բնորոշեցին, ոչ ոք չի կարող չեզոքացնել, երբ պաշտոնատարներն իրենց ունեցվածքը գրում են զոքանչի կամ մեկ այլ ազգականի անունով, դե արի, ապացուցիր.«Մարդկանց հաշիվներում անպիսի գումարներ կան, որոնք որեւէ կապ չունեն այդ գումարների ստեղծման հետ», սա Հեղինե Բիշարյանն էր ասում: Հետո` միայն պաշտոնատարների խնդիր չէ, ստվերը կրճատելու միջոցառում կարող է իսկապես լինել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոստացած օրենքի նախագծի ընդունումը մինչեւ տարեվերջ` ապօրինի հարստացումը քրեականացնելու վերաբերյալ, բայց նախապես հանգստացնում են ապօրինի հարստացածներին` եթե այդպիսի օրենք ընդունվի էլ, այն հետադարձ ուժ չի ունենա: Մյուս կողմից` Հայաստանի նման փոքր երկրում եթե մարդիկ կես միլիարդ դոլարից ավելի կարողություն ունեն, դա ոնց կարող է ապօրինի չլինել. այն պարզ պատճառով, որ պաշտոնապես երբեք այնպիսի շրջանառություններ չեն գրանցվել (հարկվել), որից մարդիկ այդպես եւ այդքան հարստանային, իսկ վարկեր, այո, մուտք են գործել երկիր, ու հարստացումների գլխավոր աղբյուրներից դրանք կարող էին լինել:
Հիմա, գիտեք, սխալ, թե ճիշտ, սովետիզմից մնացած մտայնությամբ, թե ոչ` շատերն են հանրության մեջ խոսում այն մասին, որ հարկավոր է կուլակաթափ անել, հարկավոր է կես միլիարդից ավելին ունեցողներից պահանջել մնացածը, փակել Հայաստանի պարտքը, ու ամեն ինչ սկսել մաքուր էջից: Ասենք` միգուցե նորմալ զարգացած երկրում այդպիսի մտայնությունը վայրենություն կթվար: Բայց, ախր, անհասկանալի է. աղքատ, պարտքերի մեջ խրված երկիր ու բնակչություն ունեցող Հայաստան, ու` հայ միլիարդատերեր, սա ոչ մի տնտեսագիտություն չի կարող արդարացնել ու հիմնավորել, որքան էլ խորամանկ օրենքներ հորինի:
Ու այդ իմաստով եթե իսկապես, ինչպես արդաադատության նախարար Արփինե Հովաննիսյանը խոստացավ` ապօրինի հարստացումը քրեականացնող օրենք բերվի խորհրդարան, դա հետադարձ ուժ չունենա, ինչպես նախատեսվում է, սա նշանակում ներել ապօրինությունները ու երկիրն այս վիճակին հասցնելը: Հե՛նց պետք է հետադարձ ուժ ունենա, որովհետեւ ապօրինությունը կամ օրենքի խախտումը, որի պատճառով Հայաստանն աղքատացել է, իսկ մարդկանց մի խումբ անաստված հարստացել, չի կարող հետադարձ ուժ չունենալ: Մենք միթե ժամանակ ու ռեսուրս ունենք, որպեսզի հետադարձ ուժի մասին չմտածենք, թե՞ երկիրն ուզում ենք տանել ծայրահեղ վիճակի, որից վերադարձ չի լինի, եւ որի պատճառով հավասարապես կհատուցեն բոլորը` ե՛ւ ապօրինի հարստացածները, ե՛ւ սովորական մարդիկ…
Թե չէ` անվերջ կրճատելու ենք բյուջեն, ինչպես որ հիմա է արվելու` 2017 թվականի բյուջեի ծախսերը կրճատվելու են 100 միլիարդ դրամով, դե ձգիր գոտիդ, ՀՀ հասարակ քաղաքացի: Կամ էլ` Կարեն Կարապետյանը դադարելու է անվերջ խոսել ու գործի է անցնելու… անկախ արտաքին ազդեցություններից: