Ուշացած արդարությունը հավասարազոր է ժխտված կամ հերքված արդարության: Իսկ շուռ տված արդարությո՞ւնը, որին ականատես եղանք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, երբ արդարացրեց Հայոց ցեղասպանությունը սանձազերծած երկրի ներկայացուցչինՙ Դողու Փերինչեքին:
Այդ վճիռն ունեցավ իր «դոմինո էֆեկտը» Շվեյցարական դատարանում, որն իր հերթին շուռ տվեց Փերինչեքին դատապարտող առաջին ատյանի վճիռը եւ հայերին հասցված վնասը վիրավորանքի աստիճանի հասցնելով կոչ արեց անպատիժ թողնել Ցեղասպանության ժխտումը:
Եվրոպան եւ Միացյալ Նահանգները միշտ հպարտանում են, որ օրենքը հարգող պետություններ են, սակայն շարունակաբար արդարությունը վաճառքի են հանում եւ համապատասխանեցնում իրենց քաղաքական շահերին:
Սառը պատերազմի ավարտին անառարկելիորեն ընդունված սկզբունքն այն էր, որ երկրների սահմանային փոփոխություններ տեղի չեն ունենալու: Սակայն Թիմոր-լեստեն անկախություն հռչակեց 2002-ին, Հարավային Սուդանը Երեւան եկավ 2011-ինՙ անջատվելով Սուդանից, եւ ամենաահավորըՙ նախկին Հարավսլավիան բաժան-բաժան եղավ առաջ բերելով մի քանի անկախ պետություններ: Ավելին, Սերբիային պատժելու համար, 2008-ին ստեղծվեց արհեստական մի նոր երկիրՙ Կոսովո անվամբ, որին ղեկավարում են զենքի ու թմրանյութերի ապօրինի վաճառքով զբաղվողներն ու ահաբեկիչները: Մինչ օրս Կոսովոն մնում է ՆԱՏՕ-ի պաշտպանության ու վերահսկողության ներքո, բայց դարձել է Եվրոպայում իսլամիստ ահաբեկիչների եւ ծայրահեղականների վարժեցման ճամբարը:
Մյուս կողմից, Ղարաբաղի (Արցախի) հարցում մերժում են կիրառել այն նույն սկզբունքը, որով ստեղծեցին վերոնշյալ մանր-մունր երկրները:
Հայաստանի նկատմամբ այս անտարբեր վերաբերմունքը չի նշանակում, որ Արեւմուտքը ատում է հայերին: Պարզապես վերջիններս նվազ նշանակություն ունեն նրանց քաղաքական հաշվեկշռում:
Փերինչեքի օգտին արձակված վճիռը, բացի Շվեյցարիայից, ուրիշ երկրների վրա էլ է ազդել: Ֆրանսիայի նախագահ Օլանդը խոստացել էր Ցեղասպանության ժխտումը քրեականացնող մի անթերի բանաձեւ ներկայացնել խորհրդարանին, սակայն քանի Օլանդը իր հետագա քաղաքական կյանքի համար է պայքարում, կարծես թե «Հավասարության եւ քաղաքացիության օրենքի» թիվ 38 հոդվածը, որը դատապարտում է մարդկության դեմ գործված հանցագործությունների եւ ցեղասպանությունների ժխտումը, գտնվում է վտանգի տակ: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը զայրացած է, որ Ֆրանսիական խորհրդարանի սենատի կողմից ընդունված օրենքը հարձակումների թիրախ է դարձել:
Նույնիսկ Գերմանիան է երկմտում այժմ: Երբ Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձեւը, Էրդողանի կառավարությունը երդվեց վրեժ լուծել: Կանցլեր Անգելա Մերկելի սկզբունքային դիրքորոշումը ողջունեցին բոլորը: Սակայն, Թուրքիան տեղի չտվեց: Օգտագործելով Ինջիրլիքի ռազմակայան այցելելու գերմանական կառավարության խնդրանքը, Թուրքիան պահանջեց չեղյալ հայտարարել Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը: Գերմանիայի կառավարությունը հայտարարեց, որ որոշումը քաղաքական բնույթի է եւ իրավական որեւէ ուժ չունի: Բացատրությունը բավարար էր, եւ Էրդողանի կառավարությունը թույլատրեց գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքում իրենց առաքելությունը կատարող գերմանական զինուժին:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությունը չճանաչելու Իսրայելի կառավարության աններելի հայտարարությանը, կարելի է ասել, որ այն գուցե չի կարելի դասել եվրոպական երկրների իշխանությունների խաղերի շարքին, սակայն հիմնական պատճառը նույնն է. Հայաստանը միջազգային հարաբերությունների ոլորտում չունի համապատասխան հեղինակություն:
Վերջերս Իսրայելի Քնեսեթի պատգամավոր Թալի Պլոսկովը Հայաստանում էր մասնակցելու երկրի անկախության 25-րդ տարեդարձի տոնակատարություններին: Անշուշտ այդ այցը ողջունելի էր, որովհետեւ ցույց տվեց Իսրայելի կառավարության «հավասարակշռված» երեւալու ցանկությունը տարածաշրջանում, այն բանից հետո, երբ Ադրբեջանին զինեց անօդաչու ինքնաթիռներով: Անդրադառնալով Ցեղասպանության ճանաչման խնդրին, Պլոսկովը նշեց, որ առաջընթաց արձանագրվեց այդ հարցում, երբ Քնեսեթի կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնախումբը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը 2016-ի հունիսին, սակայն ավելացրեց. «Մենք չենք կարող հայտարարել այն, ինչ մեր հայ գործընկերները ցանկանում են լսել: Մենք պատճառներ ունենք դրա համար, եւ բոլորը հասկանում են մեզ: Բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող չհամագործակցել»:
Դարձյալ քաղաքական նկատառումները գերակշռեցին մարդասիրական սկզբունքներին: Նույնիսկ Իսրայելի նման մի պետություն, որն ակնկալում է համայն աշխարհից ճանաչել Հոլոքոսթը եւ վարձահատույց լինել վերապրողներին, բարոյական ստորաքարշություն ցուցաբերեց ժխտելու կամ քաղաքականացնելու նույն ողբերգությունը, որ ուրիշ մի ազգի է պատուհասել:
Հայաստանում որոշ քաղաքական վերլուծաբաններ գուցե այս բոլորի համար մեղադրեն երկրի արտգործնախարարությանը, որը վերջերս ողջունելի հաջողությունների հասավ Լատինական Ամերիկայում: Ուրիշներ նենգ դիտավորություններ են տեսնում մեզ հետ առնչվող երկրների քաղաքականության մեջ, անտեսելով այն փաստը, որ որեւէ երկրի արտաքին քաղաքականությունը իմաստավորվում է իր կարեւորությամբ, այսինքն թե ինչքանով է տվյալ երկիրը կարեւոր հզորագույն պետությունների քաղաքական օրակարգում:
Եվրոպան, Ամերիկան եւ Ռուսաստանը կենսական շահեր ունեն Թուրքիայի հետ հարաբերվելու համար, Ցեղասպանության հարցը մեծ նշանակություն ունի Թուրքիայի համար: Այդ պատճառով էլ քաղաքական բանակցությունների ժամանակ միշտ էլ առ եւ տուր է լինելու: Եվ ամենամատչելի, կամ ամենաազատ տնօրինման ենթակա հարցը Թուրքիայի հետ բանակցող երկրների քաղաքական օրակարգում կարծես մեր 1,5 միլիոն զոհերի արյունն է: Առանց պատժի ենթարկվելու նրանք հրաժարվելու են Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց, որովհետեւ Հայաստանն ի զորու չէ հակադարձելու կամ Թուրքիայի նման պայմաններ թելադրելու: Նույնիսկ մոտ 150 տարի անց, հայերս չպետք է մոռանանք Խրիմյան Հայրիկի «մետաղե շերեփի» պատմությունը:
Հայաստանը դատարկվում է, մարդիկ արտագաղթում են: Տնտեսությունն էլ բարվոք վիճակում չէ: Ոչ մի երկիր կամ պետություն բարեգործությունից դրդված կամ մարդասիրական նպատակներով քաղաքականություն չի վարում Հայաստանի հետ գործակցելուց: Միայն մենքՙ հայերս կարող ենք վերստին կենսունակ դարձնել մեր հայրենիքը եւ բարձրացնել նրա հեղինակությունը քաղաքական դաշտում:
Սփյուռքահայությունը, հատկապես Եվրոպայում եւ Մ. Նահանգներում, զբաղվում է քաղաքականությամբ, ցանկանալով բարձրացնել օտարների գիտակցությունը իրենց հետաքրքրող հայկական հարցերի վերաբերյալ: Բայց կարծես թափված ջանքերը բավարար չեն, որ ստիպեն օտար պետություններին փոխելու կամ վերանայելու իրենց դիրքորոշումները: Հայաստանի հզորացումն ու սփյուռքահայության ամբողջական կամ համընդհանուր «զորակոչը» եւ համախմբվածությունը հայրենիքի շուրջ կարող են փոխել հավասարակշռությունը:
Ցինիկ թվալու գնով մենք պետք է նշենք, որ արդարությունը վաճառքի է հանված քաղաքական շուկայում, եւ մենք կարո՛ղ ենք գնել այն, եթե ունենանք գնելու քաղաքական ուժ եւ կարողություն:
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, Armenian Mirror-Spectator