ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Այս շաբաթ հանրապետության նախագահի եւ պաշտպանության նախարարի հայտարարած նախաձեռնությունը Հայաստանի պաշտպանության ժամանակ զոհված կամ վիրավորված զինծառայողներին ու նրանց ընտանիքի անդամներին դրամական փոխհատուցում տալու վերաբերյալ ունի յոթ կարեւոր հիմնավորում: Այդ հիմնավորումները պետք է մեր քաղաքացիների համար պարզ, մատչելի ու հասկանալի դառնան: Այս հոդվածը այդ նպատակն է հետապնդում:
Նախ հակիրճՙ ի՞նչ է առաջարկում նոր համակարգը: 2017 թվականի հունվարի 28-ից հետո, եթե Հայաստանի պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ հայ զինվորը զոհվի կամ վիրավորվի, ապա այս համակարգով երաշխավորվում է, որ նա (վիրավորված լինելու դեպքում) կամ իր ընտանիքի անդամները կկարողանան ապրել բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքով: Հատուկ այս նպատակով այժմ ձեւավորվում է անկախ ու մասնագիտացված հիմնադրամ: Համակարգը նախագծված է այնպես, որ հիմնադրամը կարողանա գումարներ հավաքագրել ինչպես պարտադիր (յուրաքանչյուր աշխատող քաղաքացի, բացի նվազագույն աշխատավարձ ստացողներից, որոնց փոխարեն վճարում է գործատուն, իր եկամուտից վճարում է ամսական 1000 դրամ), այնպես էլ կամավորության (նվիրատվություններ) հիմունքներով: Հիմնադրամը հավաքագրված գումարները կառավարում է ներդրումներ կատարելով Հայաստանի տնտեսության մեջ: Ընդ որում, անհրաժեշտ է նշել երկու կարեւոր փաստ. 1) առնվազն առաջիկա հինգ տարիներին հիմնադրամը անվճար կառավարվելու է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, որպեսզի հավաքագրված գումարները ամբողջությամբ ուղղվեն վիրավորված զինվորներին եւ զոհվածների ընտանիքներին, 2) կառավարվող գումարների առնվազն 7% եկամուտը (ինչը միանգամայն հնարավոր է) ապահովելու է, որ հավաքագրված յուրաքանչյուր 1000 դրամը յոթ տարի հետո դառնա 2000 դրամ: Դա տոկոսի ուժն է, ու նշանակում է, որ որպես հասարակություն մենք կարողանալու ենք ավելի շատ փոխհատուցում կատարել, քան փաստացի կատարել ենք (իհարկե, թող դրա կարիքը չլինի):
Այս նորարարական նախաձեռնությամբ մենք կարողանալու ենք մեր զոհված զինվորներին եւ 1-ին կարգի հաշմանդամություն ստացած զինվորների ընտանիքներին վճարել 58 միլիոն դրամից մինչեւ 82 միլիոն դրամ, իսկ 2-րդ կարգի հաշմանդամություն ստացածներին` 29-ից մինչեւ 53 միլիոն դրամ: Վճարումները կատարվելու են 20 տարվա ընթացքում` միանվագ վճարելով համապատասխանաբար 10 եւ 5 միլիոն դրամ: Գումարների տարանջատումը ըստ զինվորական աստիճանների է (սպա, ենթասպա եւ շարքային):
Այժմՙ հիմնավորումները
Հավասարության ապահովում. Ապրիլյան լայնամասշտաբ պատերազմի արդյունքում կազմակերպվեցին մի շարք դրամահավաքներ, բնամթերային նվիրատվություններ ու դրանց բաշխում: Դրանք այսօր էլ շարունակվում են, ինչը միանշանակ գովելի է: Կազմակերպված դրամահավաքներն ու օգնությունները առաջացրեցին սակայն մեկ այլ խնդիրՙ տրամադրվող օգնությունները հավասարաչափ չբաժանվեցին: Մեկի ընտանիքը մոտիկ էր, մյուսը հեռու, երրորդը ստացել էր ավելի շատ մամլո ծածկույթ (media coverage): Ակներեւ է, չէ՞, որ մեր յուրաքանչյուր զոհված կամ վիրավորված զինվորի զոհաբերությունը պետք է գնահատվի ու ստանա հավասար վերաբերմունք մեր կողմից: Ահա այս համակարգը հենց դա է ապահովում:
Կանխատեսելիության ապահովում. Այս նախագծով մենք կարողանալու ենք կանխատեսելի ու հասկանալի դարձնել թե՛ հասարակության մասնակցությունը մեր պաշտպաններին աջակցելու եւ թե՛ նրանց կամ նրանց ընտանիքներին հանրային ֆինանսական օժանդակություն տրամադրելու հարցերում: Թվերը պարզ ու հասկանալի են: Խոստումըՙ իրատեսական ու հրապարակային:
Համաժողովրդական մասնակցության ապահովում. Հայրենիքը պաշտպանելը միայն զինվորականների գործը չէ: Դա բոլորինս է: Ի վեջո մենք մեր տունն ենք պաշտպանում: Մասնակցելով այս համակարգինՙ մենք հայրենիքի պաշտպանությունը դարձնում ենք շատ ավելի մասնակցային, պահանջատիրական ու ժողովրդավարական: «Դա իմ գործը չի», «Թող պետությունը մտածի», «Ամեն մարդ իր դարդին». այս խոսքերը դառնում են անարժեք, որովհետեւ յուրաքանչյուր 1000 դրամ վճարած հայը սկսում է հետաքրքրվել ու պահանջատեր լինել պաշտպանական հարցերում: Մենք այս նախաձեռնությամբ օգնում ենք քաղաքացիական ակտիվ կեցվածք ունեցող անձանց հաշվետվություն պահաջել ու հետեւողական լինել պատկան պաշտոնյաների ու մարմինների նկատմամբ:
Թափանցիկության ապահովում. Այս առումով պետք է հաշվի առնենք, որ առաջարկվող համակարգը նախագծվել է այնպես, որ միեւնույն հարկի տակ սինթեզվեն պարտադիր եւ նվիրաբերական դրամահավաքները: Բարեգործական, մարդասիրական կամ հանրօգուտ նպատակներով դրամահավաք կազմակերպած կամ դրանց մասնակցած յուրաքանչյուր անձ ու կազմակերպություն գիտի, թե որքան կարեւոր է թափանցիկությունը: Թափանցիկ ու հաշվետվողական չլինեսՙ մարդիկ հաջորդ անգամ քեզ փող չեն տա: Կհեղինակազրկվես ու վերջ: Դրամահավաքի նվիրատվական բաղադրիչը հենց այդ խնդիրն է լուծում ու օրենքի նախագծում էլ հենց այդ ստանդարտն է դրված: Հատուցումների իրականացումը լինելու է թափանցիկության բարձրագույն ստանդարտներով, որպեսզի ապահովվի հասարակության մոտ վստահությունը համակարգի նկատմամբ: Յուրաքանչյուր քաղաքացի կարողանալու է առցանց տեսնել, թե որքա՞ն գումար հավաքվեց, որքա՞ն եկամուտ ապահովվեց եւ ո՞ր զոհված կամ վիրավորված զինվորի ընտանիքը ստացավ հատուցում: Սա իսկապես նորարարական է մեր կառավարման մշակույթում:
Երկրին ծառայելու եւ հակառակորդի հետ շփման գծում գտնվելու ապահովում. Վստահաբար Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ականջալուր է եղել մեկ այլ քաղաքացու դժգոհությանը «իր էրեխուն բանակ ուղարկելու» հարցում, կամ ականատես է եղել, թե «էրեխուն բանակից ազատելու» ինչպիսի քայլերի են դիմել ու դիմում մարդիկ: Երեւույթը առնվազն խրախուսելի չէ: Իհարկե աշխարհում ոչ մի գումար չի փոխհատուցի զոհված կամ վիրավորված զավակի (ինչու չէՙ նաեւ դստեր) կյանքն ու առողջությունը: Միանշանակ: Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողի ընտանիքի հոգսը մեր բոլորի հոգսն է սակայն: Դա հասարակության բեռն է: Մենք պետք է կարողանանք «մտքի հանգստություն» պարգեւել դիրքում կանգնած կամ առաջադրանք կատարող մեր զինվորին, որ մենք հենց իր կողքին ենք` հենց դիրքում կամ մարտի թոհուբոհում: Դա իսկական արժեք է, որը պարտավոր ենք պաշտպանել:
Հակառակորդի հետ շփման գծում անվտանգության բարձրացում. Այս նախաձեռնությունը քանի որ նախագծված է ապահովագրական տրամաբանության ներքո, այն երաշխավորելու է, որ ապագայում ծագելիք ռիսկերը այսօր նվազեցվեն ու կառավարվեն: Սա նշանակում է, որ համակարգը խրախուսելու ու պահանջելու է պատկան մարմիններից բարձրացնել սահմանային ու դիրքային անվտանգությունը, քանի որՙ ա.- ոչ մի գումար չի կարող փոխհատուցել զոհված կամ խեղված զինվորի կյանքն ու առողջությունը, բ.- անվտանգության երկարաժամկետ բարձրացումը տնտեսապես ավելի էժան է:
Զոհերի եւ վիրավորների անկայուն աճի դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների ապահովում. Վերջին, բայց ոչ ամենաքիչ կարեւոր հիմնավորումը: Ի՞նչ անել, եթե լայնամասշտաբ ռազմական գործողությունների արդյունքում մենք ունենանք զոհերի եւ վիրավորների կտրուկ եւ անկայուն աճ, ինչպես տեղի ունեցավ ապրիլյան պատերազմի ժամանակ: Առաջարկվող նախագիծը տալիս է նաեւ այս հարցի պատասխանը: Քանի որ հիմնադրամի կառավարումը ձեւավորված է ֆինանսական տրամաբանությամբ, այն նրան հնարավորություն է տալիս զոհերի ու վիրավորների կտրուկ եւ անկայուն աճի պարագայում ֆինանսական շուկաներից պարտատոմսերի շնորհիվ ներգրավել ֆինանսական ռեսուրսներ, դրանցով լուծել տվյալ պահի մարտահրավերները եւ պահպանել բանակի մարտունակությունն ու հասարակության վստահությունը համակարգի նկատմամբ:
Սա կարեւոր, այժմեական, նորարարական ու ժողովրդական նախագիծ է:
09.11.2016