«Նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն իր էջում գրել է. «Էական չէ, թե ԱՄՆ-ում ով հաղթեց: Միեւնույն է, նրանց կառավարման համակարգը ավտոմատ արդյունավետ աշխատելու է: Եվ իրենց քաղաքացու համար խոշոր հաշվով վերցրած շատ բան չի փոխվի: Մենք մեր դարդը լացենք»:
Հա, իհարկե ճիշտ է: Բայց մեր փոքրիկ երկրում նոր կառավարություն ու նոր վարչապետ եւ մոտակայում այնպիսի խորհրդարանական ընտրություններ ունենալու պարագայում, որոնք ապագա կառավարման պատկերն են գծելու, մեծ է գայթակղությունը` զուգահեռներ գտնելու, թեկուզ գերտերության հետ մեր չափվելն ուղղակի կարող է ճնճղուկի քայլք թվալ` կարապի նազանքի համեմատ:
Բոլոր դեպքերում գոնե արտաքնապես` ԱՄՆ-ը անակնկալ ստացավ` էպատաժային, կասկածելի կարգախոսներով, զանազան սկանդալային արարքներով, ներգաղթյալների եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ կոշտ հայտարարություններով հայտնի նախագահ: Չնայած, որ խորը մտածելու լինենք, աշխարհի ամենամոդեռն ու ամենատեղեկացված հատուկ ծառայություններ ունեցող երկրի պարագայում տեղի ունեցածը հազիվ թե անակնկալ էր: Միգուցե անակնկալ էր հասարակ ամերիկացու ու մեզ համար, բայց ԱՄՆ-ի խորքային կառավարիչների համար հավանաբար ոչ մի անակնկալ չկա (չէ՞ որ ասում են` ստվերային կառավարություն կամ համաշխարհային կառավարություն` հո քնած չէի՞ն): Անգամ հասարակ ամերիկացու պարագայում կարող է անակնկալ չլինել, քանի որ նա՛ է ընտրել, ու նա, հավանաբար, ընտրել է իրենցից մեկին, իր նման մեկին, որը, ինչպես հասարակ ամերիրկացին, իր կյանքի տարբեր հատվածներում զերծ չի եղել զանազան մոլություններից, առանձնապես սեր չի ունեցել սովորելու նկատմամբ, շոու բիզնեսի մաս է կազմել, գեղեցիկ կանանց հանդեպ իր թուլությունը երբեք չի թաքցրել` երբեմն սկանդալային պատմությունների մեջ ընկնելով, զանազան ֆոբիաներ եւս ունի` հանդեպ միգրանտներն ու միասեռականները:
Նաեւ` միջին հարուստից, ինչպես որ ամերիկացիների մի զգալի հատվածն է, վերածվել է միլիարդատիրոջ, այսինքն` իրականություն է դարձրել ամերիկյան երազանքը: Ահա Թրամփին ընտրելով` ամերիկացին բոլորին հիշեցրել է ամերիկյան երազանքի մասին, որն արդեն մոռացվում է միջազգային խարդավանքների մեջ խորացած ամերիկյան վերնախավի կողմից:
Այսպես, թե այնպես` բոլոր դեպքերում ԱՄՆ նախագահ դարձավ կյանքի շատ բնագավառներում, անգամ անձնական կյանքում հարուստ փորձ ուսած մեկը, որի համար որեւէ իրավիճակ չի կարող էմպիրիկ նախադեպը չպարունակել, ու այս իմաստով երիտասարդության ու անփորձության հետ պայմանավորված սխալները գոնե ԱՄՆ-ի թիվ մեկ դեմքի համար բացառվելու են: Իսկ նրա անհանդուժողությունը ապօրինի միգրանտների, ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի հանդեպ, պահպանողականությունը, կամ Ռուսաստանի հանդեպ հանդուրժողականությունը, որ միգուցե հենց ավելացրել են նրա քվեների թիվը, անհատի, միլիարդատիրոջ, ու շոուբիզնեսի ժանրային ռեպերտուարից պետական կառավարչի շրջանակ տեղափոխվելիս գուցեեւ արմատապես կփոխվեն, քանի որ նրա ղեկավարած երկիրը գերտերություն ԱՄՆ-ն է` իր պետական շահերով, անձերի նախասիրություններից առանձնապես չկախված կամ քիչ կախված:
Ամերիկյան ըտրությունների վերաբերյալ մասնագիտական վերլուծությունը, եւ հատկապես հայերիս խնդիրների հանդեպ ԱՄՆ նոր նախագահի մոտեցումների կանխագուշակումը թողնելով մեր ամերիկահայ վերլուծաբաններին` գանք հայոց իշխանական վերնախավ ու փորձենք տեսնել, թե ինչ ունեն նրանք` այս վերջին միջազգային փորձառության խորապատկերում: Քրիստոսի տարիքի նախարարների եւ այլ պաշտոնյաների թվի կտրուկ աճը, որ տեղի ունեցավ վերջին շրջանում, միգուցե աչքի համար լավ է, երիտասարդ դեմքերի նայելը միշտ էլ գեղագիտական առումով ավելի հաճելի է, սակայն խորքային իմաստով դա առավել շատ է ընդգծում կառավարության ժամանակավորության, ու այդ առումով` նրա հանդեպ անբավարար վստահության հանգամանքը, որքան էլ կառավարությունն իր այսուայն ձեռնարկում ակնկալում է հանրության լայն աջակցությունը: Քանի որ միջին եւ ավագ տարիքի մարդիկ, ովքեր փորձառություն են ունեցել մի քանի անգամ հաղթահարելու այն իրավիճակները, որոնք դեռ նոր են ներկայանալու մեր երիտասարդ նախարարներին, վստահորեն կարող են կանխատեսել այն բոլոր սխալները, որոնք անխուսափելիորեն արվում են փորձի պակասի պատճառով: Այսինքն` բոլոր դեպքերում երիտասարդները դեռ պետք է սեփական սխալները թույլ տան, որ սովորեն աշխատել: Դա նկատելի չէր լինի, եթե անցումն աստիճանական լիներ: Բայց մեր կոռումպացված համակարգից աստիճանական անցում միգուցե նոր վարչապետը հնարավոր չի համարել, ու ահա բերել է երիտասարդ թիմակիցների, որոնց ոչ ոք չի ճանաչում, ու շատերը, վստահ եմ, կասեն` միթե՞ այդ երեխաները կարող են բան փոխել: Ինձ համար, օրինակ, անհասկանալի է ֆինանսների փորձառու փոխնախարար Պավել Սաֆարյանի փոփոխությունը, որի ձեռքի տակով բազմաթիվ բյուջեներ են անցնել, նա Թրամփի տարիքից բավական հեռու էր կարծես, թե՞ մերոնք ամերիկացիներից շատ ավելի խելացի են, այդ դեպքում ինչո՞ւ ունենք` մենք այսպիսի, նրանք ` այնպիսի պետություն:Փորձառությունը մի կողմ դնելը նշանակում է բոնուս տալ անհաջողությանը նախապես: Միայն նայեք, թե ոնց են մի քանի աշխատող պատգամավորները խորհրդարանի հանձնաժողովներում բյուջեի քննարկման ժամանակ երիտասարդ տղաների արտաքինով նախարար-փոխնախարարներին ուղեկցում բազմանշանակ հայացքով: Մի խոսքով` փորձառության միգուցե հիսուն տոկոսանոց գործոնը դեռ ոչ ոք չեղյալ չի հայտարարել, իսկ նոր պաշտոնյաներից ոմանք այն տարիքում են, որ հիսունամյա հիանալի մասնագետին կարող են արդեն ծեր համարել:
Իսկ ասենք Թրամփն իր ելույթներում բազմիցս շեշտել էր, որ նոր աշխատողների դեռ երկար կարող են չընդունվել պետական կառուցվածքներում` բյուջեի խնայողության համար, առկա աշխատողներն էլ պաշտպանված են օրենքով, նրանց ոչ ոք չի կարող փոխարինել, իսկ նրանց փորձառությունը ԱՄՆ-ում գնահատում են: Մեզ մոտ փոփոխությունները հասկանում են միայն պրիմիտիվ հարթությունից` 50-60 տարեկանին փոխարինում ես 30 տարեկանով, ու, կաեւորը` անձամբ քո թիմակիցը լինի, ուրիշի թիմակից պոֆեսիոնալը քեզ պետք չէ:
Մի այլ գնահատելի բան` ամերիկյան վարքուբարքում. Հիլարի Քլինթոնը, դեռ ուշքի չեկած պարտությունից, այնուամենայնիվ, ամերիկացիների արյան մեջ մտած սովորույթի ուժով շնորհավորել է հաղթած Թրամփին, իսկ իր կողմնակիցներին խնդրել շանս տալ նոր նախագահին` հանուն սիրելի երկրի (այս անգամ չնայած ամերիկյան քաղաքներում բողոքի ցույցեր կան` ընդդեմ Թրամփի ընտրվելու):Իսկ ընտրարշավին տիկին Քլինթոնը Թրամփին անվանում էր խղճուկ գործարար (մի քանի միլիարդ կարողություն ունեցողին) եւ անհաջողակ: Մեզ մոտ երբեք այսպիսի բան չես տեսնի, բոլոր չընտրվածները միշտ դժգոհ են, բողոքարկում են, բամբասում են, հայհոյում են: Միգուցե դրա մեջ կա օբյեկտիվ հանգամանք` մեզ մոտ ուղղակի ընտրությունները երբեք վստահություն չեն ներշնչել, այնպես որ մի բանից պետք է սկսենք` կա՛մ վստահություն ներշնչող ընտրություններից, կա՛մ, եթե ի վիճակի չենք այդպիսի ընտրություններ ունենալ, նոր մշակույթ ձեւավորելուց, ու միգուցե դրա՛ն հետեւեն վստահություն ներշնչող ընտրությունները:
Թրամփը եւս բազմաթիվ կեղտոտ տեխնոլոգիաներ օգտագործեց, ինչպես , ի դեպ, եւ Քլինթոնը, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ սա տեղավորվում է ամերիկյան ընտրական շոուի համապատկերում, շոուն ավարտվելուց հետո թեկնածուները ժպտում են միմյանց, մոռանում թշնամանքը, եւ անգամ` կարող են աշխատել միմյանց հետ: Մերոնք թշնամանում են ընդմիշտ, կամ ավելի շուտ` այնպիսի մտայնություն է իշխում մեզ մոտ, որ միմյանց հետ համագործակցելու փորձերը համարվում են դավաճանություն: Մերը հետընտրական կենաց -մահու պատերազմն է միմյանց դեմ…հանուն երկրի, նրանցը` հետընտրական համագործակցությունը` հանուն երկրի:
Մեր նախընտրական թատրոնը սկսվում է ասֆալտ փռելուց, տարիներ չլուսավորված քաղաքին լուսավորության համար վարկ հատկացնելուց, գազի գին իջեցնելուց, մասնավոր բիզնես քաղաքապետարանին նվիրելուց, այսինքն` խիստ նյութական տեսք ունի, ջեմ ու մուրաբան էլ` վրադիր: Նրանցը` սկսվում եւ ավարտվում է բանավոր շոուի մեջ, դրանից դուրս չի գալիս: Մերը միլիարդատիրոջ ձեռքերը ոլորելն է ընտրություններից առաջ` գաղտնի սպառնալիքներով ու մամուլային կոմպրոմատներով, բիզնես խլելու խոստւմով, նրանք դա անում են միայն խոսքով, նրանք ինչ կոմպրոմատ որ ունեն` միանգամից հանրության սեփականությունն են դարձնում, ամենակեղտոտ մեղադրանքներ ուղղելով թեկնածուին` միայն խոսքի մակարդակում եւ հրապարակայնորեն, ու դատը մնում է ընտրող հանրությանը: Մերոնք ծեծում են, կամ կոմպրոմատով այնպես են վախեցնում մրցակցին, որ սա ծակերն է մտնում ու միակ հնարավոր բանն անում այդ վիճակում` հրաժարիմք: Մերը իրեն հաղթած անվանող թեկնածուին նախագահական հրավիրելն ու ձեռք առնելն է, նրանցը` հրավիրելն ու շնորհավորելը… Մերը տարբեր բովանդակության ու հատկանիշների` գունավոր, լուսավոր, բարեկեցիկ կուսակցությունների մի ողջ խճանկարն է, նոր անունով ու զգեստով հին հոգնեցրածների խաղ-առեւտուրը, նրանցը` արդեն շատ տասնամյակներ հանրապետականների ու դեմոկրատների մրցակցությունը: Որքան էլ Թրամփը հանրապետական վերնախավին չսիրի:
Մի օր, երեւի, մենք էլ կառավարություն կփոխենք ոչ թե նախընտրական տրամաբանության մեջ, այլ իսկապես երկիրը կարգի գցելու համար, ընտրություններ կանցկացնենք ոչ թե հանուն այս կամ այն կուսակցության, այլ հանուն երկրի, մանավանդ` Թրամփից ու Քլինթոնից ավելի լուրջ մարդիկ ունենք ե՛ւ երկրում, ե՛ւ հայկական սփյուռքում: