Նախորդիվ խոստացել էի ներկայացնել «Հայկական գլոբալիզացման» շուրջ իմ պատկերացումները տեղեկատվության ոլորտում, նկատի ունենալով միջազգային լրատվության ասպարեզում մեր ունեցած ներուժը, որը շարունակում ենք անտեսել: Սակայն, խոստովանեմ, չկարողացա դիմադրել գայթակղությանը իմ հերթին արտահայտվելու Դոնալդ Թրամփի շշմեցուցիչ հաղթանակի առթիվ:
Անշուշտ չեմ պատրաստվում վերլուծել կամ մեկնաբանել այդ հաղթանակի կերտման գործընթացը, պատճառներն ու հնարավոր հետեւանքները: Այդ գործը լավագույնս արդեն անում են ու դեռ կանեն տասնյակ հազարավոր գործընկերներս ողջ աշխարհում ու հատկապես Մ. Նահանգներում, նաեւ մեր ներկա համարում` «Ազգ»-ի աշխատակիցները: Ու հենց այս պահին, երբ ամերիկյան բոլոր մեծ քաղաքներում տեղի ունեցած բողոքի հուժկու ցույցերով ու հանրահավաքներով երկար գիշերից հետո նախագահ Բարաք Օբաման եւ տիկինը Սպիտակ տանը ընդունում են ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին ու տիկնոջը եւ պայմանավորվում մինչեւ առաջիկա հունվարի 20-ը իշխանության սահուն փոխանցում ապահովելու կերպերի շուրջը, բազմաթիվ վերլուծաբաններ ու քաղաքագետներ հավանաբար արդեն սկսել են մենագրություններ պատրաստել Մ. Նահանգների պատմության մեջ աննախադեպ այս ընտրությունների մասինՙ ձեռքի տակ ունենալով հսկայական նյութեր, տվյալներ ու փաստեր, որոնք կբացատրեն ոչ այնքան «ինչպեսը», որքանՙ «ինչուն» այս արդյունքների:
Մինչ այդ, եւ նկատի ունենալով ամերիկյան իսթաբլիշմենտի անխուսափելի փոփոխությունների աշխարհաքաղաքական նշանակությունը, աշխարհի մեծ ու փոքր երկրները պատրաստվում են դիմագրավելու քաղաքական, տնտեսական, ռազմական եւ այլ տեղաշարժերով ստեղծվելիք նոր իրավիճակները, հնարավոր նոր զարգացումների դրական եւ բացասական բոլոր հետեւանքները: Արդարեւ, մեր աչքի առաջ, դատելով ոչ միայն նորընտիր նախագահի նախընտրական խոսքերից ու հայտարարություններից, այլեւ ամերիկացիների մեծամասնության ձգտումներից, նոր աշխարհակարգ է ձեւավորվում, բոլորովին տարբեր Ռեյգան-Բուշ ավագի ձեւավորած արտաքին պայմաններից, որոնք բացի քաոսից, իբր թե կառավարվող, ոչինչ չտվեցին երկրագնդի գոնե այս մասին, մինչ ստեղծվելիք նորը դեռեւս հայտնի չէ ոչ միայն մեզ, այլեւ մեզնից մեծ, շատ մեծ պետությունների համար եւս:
Հետեւաբար, ինչպես բոլորը, պարտավոր ենք, գոնե այս անգամ, մեզնից թոթափել սովորամոլությունը, մտքի ծուլությունը, եւ մանրակրկիտ հաշվարկել ամեն ինչՙ մեր պետական-ազգային հնարավորություններից սկսած մինչեւ տարածաշրջանի մյուս երկրների, անգամ մեծ խաղացողների հնարավոր հակազդեցությունները, օգտագործելով ժամանակակից բոլոր մեթոդները, այդ թվումՙ տարատեսակ սցենարներ (scenario) կազմելու ձեւերը:
Վերը սովորամոլություն բառը գործածեցիՙ ոչ պատահականորեն: Մեզնից ոմանք պետք եղածից ավելի ոգեւորված են, օրինակ, Կրեմլի հետ Սպիտակ տան հարաբերությունների հետագա բարելավման կամ մոտեցումների համակարգման հեռանկարով: Նախՙ այժմվանից ոչ ոք չի կարող երաշխավորել իրական քաղաքականության համապատասխանությունը նախընտրական խոստումների հետ: Երկրորդՙ քաղաքականության մեջ տեւականություններ չկան, այլՙ հարաբերությունների փոփոխությունն է միշտ տեւական: Երրորդՙ ո՛վ ասաց, որ Վաշինգտոն-Մոսկվա համախոհությունը բոլոր հարցերում ձեռնտու կլինի մեզ:
Հետեւաբար, հիմակվանից պետք է նախապատրաստվել ակտիվ հարաբերություններիՙ Թրամփի առաջիկա շաբաթներին կազմելիք վարչախմբի հետ: Պետք չէ մտածել, որ մենք, մեր խնդիրները, Մ. Նահանգների արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չեն: Այժմ չեն, բայց կարող են լինել միջազգային քաղաքական կոմպինացիաներում: Եվ անկախ ամեն ինչիցՙ պետք է ճշտենք մեր տեղն ու կարգը ստեղծվելիք նոր աշխարհակարգում: Այլ խոսքովՙ անհրաժեշտ է գործոն ու գործունյա դառնալ ըստ ամենայնի: