Աստվածաշնչի մեծ թերություններից (թող Աստված ների մեզ) մեկն այն է, որ այնտեղ գրված չէ, թե ի՞նչ է լինելու բոլոր նրանց հետ, ովքեր խախտում են Աստծո պատվիրանները: Գրված է, թե որոնք են դրանք, գրված է, թե ինչ է լինելու այն բոլորի հետ, ովքեր պահում են այդՙ եղած-չեղած տասը պատվիրանները, բայց գրված չէ, թե ինչ է լինելու նրանց հետ, ովքեր չեն պահում: Ասենք` դժոխքում են հայտնվելո՞ւ, թե՞ պարզապես հավիտենական կյանք չեն ունենալու, ինչը, սակայն, ըստ Աստվածաշնչի` նույն բանն է, չնայած մեր կյանքն այնպիսինն է, որի հավիտենականն է դժոխքը:
Բայց սա դեռ մի կողմ, ավելի կարեւոր ճշգրտում չկա «ամենագրքում», ովքե՞ր են Աստծո պատվիրան խախտողները, գուցե յուրաքանչյուր կոնկրետ պատվիրանի խախտող ինչ-որ բա՞ն է: Օրինակ «Մի գողացիր» պատվիրանի խախտողն ո՞վ է: Աստվածաշունչն այս առումով լռում է, փոխարենը Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երկուշաբթի օրը ԱԺ-իՙ Ջոմոլունգմայից էլ բարձր ամբիոնից հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր կգողանան մեր զոհված եւ վիրավորված տղաների ընտանիքներին աջակցող Հիմնադրամից, որն, ինչպես գիտենք, նախատեսվում է համալրել ՀՀ աշխատող քաղաքացիներից հազարական դրամներ պահելով, «շան տղա» է: Դե, այսինքն, գողությունն ըստ Շարմազանովիՙ «շանտղություն» է, ավելի ճիշտՙ տվյալ գողությունը: Համաձայնեք, որ այս ճշգրտումն անչափ կարեւոր է, քանի որ բոլոր նրանք, ովքեր գողություն են արել, կամ պատրաստվում են, իմանալով, որ դա «շանտղություն» է, չեն անի, գուցե չեն անի, համենայնդեպս շատերինՙ «շան տղա» պիտակը կարող է զսպել, ինչն էլ կնշանակի, որ շատերը չեն գողանա (շատերը բոլորը չեն, բոլորն էլՙ «շան տղա» չեն): Սա չէ կարեւորը, այլ այն, թե այս պարագայում, եթե Հիմնադրամի միջոցները գողացողը «շանտղություն» է անում, բա ենթադրենք խանութից բրինձ գողացողն ի՞նչ է անում, էլի «շանտղություն», թե՞ դա արդեն մանր խուլիգանություն է: Լավ, ենթադրենք մանր խուլիգանություն է, բա օրինակ հիվանդանոցից դեղեր գողացողն ի՞նչ է, «շան տղա՞», թե՞ սրիկա: Ենթադրենքՙ սրիկա, այդ պարագայում բանակից, օրինակ զինվորի համար նախատեսված մթերք գողացողն ի՞նչ է, «շան տղա՞», թե՞ …Իսկ պետական բյուջեից գողացողն ի՞նչ է, էլի՞ «շան տղա» …Բարդ է, ամեն դեպքում առանձին գրքույկ է պետք, որը կարելի է վերնագրելՙ «Գողերի պիտակներնՙ ըստ գողության տեսակների», որտեղ մանրամասն կպարզաբանվի, թե կոնկրետ բանՙ կոնկրետ տեղից գողացողն ի՞նչ է: Հաշվի առնելով, թե ինչ ժամանակներում ենք ապրում, վստահության դեֆիցիտի կատարյալ բացակայությամբ, հաճախ էլՙ հիմնավոր բացակայությամբ, ակնհայտ է, որ այս գրքույկի ստեղծումն անչափ կարեւոր ձեռնարկ կլինի եւ, ով գիտե, գուցե, պիտակների հայտնվելուց հետո, գողությունն ավելի նվազի:
Ընդ որում, այս գրքույկն անհամեմատ ավելի զիլ կլինի, քան Քրեական օրենսգիրքը, որը, եթե չեք մոռացել, ունենք, գործում է, ավելի ճիշտՙ երբեմն գործում է, մեկ-մեկՙ հանգստանում: Բանն այն է, որ Քրեական օրենսգիրքն էլ չի սահմանում, թե գողությունն ինչ է եւ գողն ով է, միայն սահմանում է, որ ենթադրենք մկրատ գողանալու համարՙ այսքան պատիժ, կով գողանալու համարՙ այսքան պատիժ, գիրքՙ կարելի է գողանալ, մի խոսքով: Մինչդեռ Գրքույկը, որը պետք է ստեղծել, ոչ թե պատիժն է սահմանելու, այլՙ պիտակավորելու է: Սա ավելի զիլ է, քանի որ ոչ բոլոր գողերն են բռնվում, մինչդեռ բոլոր գողերն էլ հայտնի են: Այսինքն, Գրքույկից հետո, եթե անգամ գողը բռնված չէ, բոլորս էլ կիմանանք, որ նա կոնկրետ «շանտղությո՞ւն» է արել, մանր խուլիգանությո՞ւն, թե՞ սրիկա է… Ինչեւէ:
Առայժմ հայտնի է միայն, որ զոհված եւ վիրավորված տղերքի ընտանիքներից գողանալը «շանտղություն» է: Գողության մյուս տեսակների մասին ոչինչ հայտնի չէ: Սա մեզ հնարավորություն է տալիս ցանկացած «շանտղության» պարագայում այն անողին կոչելՙ «շան տղա», եւ դատարանում հանգիստ ապացուցել, որ մենք ամենեւին էլ չենք զրպարտել, վկա կանչելով անձամբ Շարմազանովին, բայց մյուս գողերին էլ հնարավորություն է տալիս գողանալ. իրենց մասին ոչ ոք ոչ մի բան չի ասել, Աստված ասել է, բայց եթե մենք չանեինք այն, ինչն արգելել է անել Աստված, Աստված չէր լինի, կլինեին աստվածներ:
Այնպես որ, քանի դեռ «շանտղությունը» եւ գողության եւ, ոչ միայն գողության, այլ տեսակները կան, Աստված մեկն է, ավելին, նա բոլորին ներում էՙ անգամ շնացողներին եւ հավանաբար հենց սա է Աստվածաշնչի ամենամեծ թերությունը:
Թող Աստված ների մեզ: