«Ես կյանքս էլ կտամ բանակի համար բայց …», «Էլի ժողովրդից են փող պոկում …», «Ով որ թալանելա ա, թող նա էլ փող տա …», շարքը կարելի է շարունակել: Հայաստանում մոդայիկ է դարձել ցանկացած նախաձեռնություն` առանց բովանդակությանը եւ անգամ նպատակին ծանոթանալու, վարկաբեկել: Կարեւոր չէ, խոսքը 1000 դրամի, 50 դրամի, 6,9 դրամի, թե՞ 5 տոկոսի մասին է, կարեւոր չէ, թե որքանո՞վ է հիմնավոր կամ ոչ հիմնավոր, որքանո՞վ են տեղեկացված կամ անտեղյակ, բայց «կյանքը բանակին» տվող ֆեյսբուքյան եւ այլ «հերոսները» կյանքի ու մահվան պայքար են սկսում դրամի կամ տոկոսի համար: Իհարկե, ֆեյսբուքում նրանց կյանքը վտանգի չի ենթարկվում, բայց ահա իրենց կյանքը իսկապես ամեն օր վտանգի ենթարկողների նկատմամբ այս մոտեցումը առնվազն զզվանք է առաջացնում:
Զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների սոցիալական ապահովագրության հիմնադրամի ստեղծումը եւ աշխատող քաղաքացիների կողմից այդ հիմնադրամին ամսական 1000 դրամ փոխանցելը դարձավ հերթական վայնասունի բարձրացման առիթը: Սեփական պետության դեմ պայքարելու եւ ամբոխային գոռում գոչումներով հերթական անգամ սոցցանցում «գեներալանալու» մարմաջը անգամ այս դեպքում մի կողմ չդրվեց: Նախկինից հայտնի նույն կատաղությամբ, նույն խոսքերով, նույն ոճով ու մեթոդներով 1000 դրամ վճարելու դեմ ուղղված արշավը վերածվեց բանակի դեմ վարկաբեկման արշավի: Հերթական «քաղաքացիական» «նախաձեռնություն» ստեղծվեց ոչ անհայտ Սաքունցի մասնակցությամբ կամ ղեկավարությամբ: Մի մարդու, որն իր կյանքը նվիրել է հայկական բանակին եւ պետությանը վարկաբեկելուն, իհարկե համապատասխան վճարի դիմաց, որ նա ստանում է արտերկրյա հիմնադրամներից:
Մյուս կողմից էլ, անընդունելի կամ առնվազն անհասկանալի են ոռնացողների բանակին արդարացնելու փորձեր անողՙ շատ հաճախ ազնիվ եւ նորմալ մարդկանց այսպիսի հիմնավորումները. «վստահություն չկա, դրա համար են ասում» կամ «որ համոզվեն փողը գնալու ա զինվորին, բոլորն էլ կտան» եւ այլն: Լավագույն դեպքում սրանք ոչ հիմնավոր եւ միամիտ արդարացումներ են, ուրիշ ոչինչ: Ինչո՞ւ, որովհետեւ ինչ-որ բանում համոզվելու համար ոչ թե միանգամից վարկաբեկման արշավ են սկսումՙ առանց մանրամասների ծանթանալու, այլ փորձեր են անում նախ ծանոթանալ, տեղեկություն հավաքել, նախաձեռնության մեջ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պահեր փնտրել, առաջարկներ անել նախաձեռնությունը ավելի լավը դարձնելու համար: Նույնը նաեւ վստահության առումով, նախ պետք է տեսնենք, թե ի՞նչը կարող է անվստահության պատճառ դառնալ, մեխանիզմներ առաջակենք եթե կարող ենք, երաշխիքներ պահանջենք:
Տվյալ դեպքում, եթե մարդը բանական է եւ անկեղծորեն ցանկանում է օգտակար լինել սեփական բանակի զինվորին եւ սպային, ցանկանում է համոզվել, որ իր գումարը նպատակին կծառայի, նախեւառաջ ասում է. «ես սկզբունքորեն պատրաստ եմ վճարել այդ գումարը, բայց կցականայի երաշխիքներ լսել, որ այն նպատակային կլինի եւ զերծ չարաշահումներից»: Այս դեպքում արդեն հասկանալի է դառնում, որ մարդն իսկապես անկեղծ է իր մոտեցման մեջ, այլ ոչ թե պարզապես անձնական, քաղաքական կամ այլ շահերն է առաջ տանում դրական նախաձեռնության տապալման հաշվին:
Մի խոսքով, նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Գլխավոր թերությունը, որ այն ունիՙ համահարթեցված մոտեցումն է: Մինչդեռ, հարկ է, որ այն ավելի արդար լինի: 1000 դրամ վճարը բոլորի համար սահմանելու փոխարեն, արդարության եւ նաեւ արդյունավետության բարձրացման առումով ավելի ճիշտ կլինի կիրառել ավելի բարձր աշխատավարձ ստացողիցՙ ավելի շատ գումար սկզբունքը: Ենթադրենք, մինչեւ 200 հազար դրամ ստացողների համար 1000 դրամ, յուրաքանչյուր հաջորդ 200 հազար դրամ ավելի աշխատավարձի դեպքումՙ լրացուցիչ 1000 դրամ:
Հ. Գ. Բնականաբար ես վճարելու եմ 1000 դրամըՙ անկախ իմ սոցիալական վիճակից, քանի որ մենք բոլորս պետք է մասնակից դառնանք մեր եւ մեր պետության անվտանգությունն ապահովող զինծառայողների սոցիալական ապահովմանը նրանց զոհվելու կամ հաշմանդամ դառնալու դեպքում: Պետությունից բացի, բնակչությունն էլ պետք է իր մասնակցությունն ունենա այդ գործին, ընդ որումՙ չհամարելով դա հերոսություն: