«Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով»
Մարկ Ավրելի
21-րդ դարի ժամանակակից աշխարհում սմարթֆոնների եւ համացանցի ի հայտ գալը փոխեց շատ ընթերցասերների նախասիրությունները: Համացանցի զարգացմանը զուգընթաց ընթերցանության մակարդակը նվազել է, գրադարաններում՝ քչացել պահանջարկը:
Այսուհանդերձ, տիկին Անուշը, որը երկար տարիներ աշխատում է գրադարանում, մեզ հետ զրույցում նշում է, որ երիտասարդները այժմ ավելի շատ են օգտվում գրադարանից, ինչը չէր կարող ասել 10-15 տարի առաջ. «Գրադարանի մշտական այցելուները հիմնականում ուսանողներ են, որոնք մեծմասամբ օգտվում են մասնագիտական գրականությունից»,- ասում է տիկին Անուշը եւ ավելացնում, որ նախկինում նույնիսկ մասնագիտական գրականությունից չէին օգտվում:
Հասարակության տարբեր շերտերի մոտ այս հարցի վերաբերյալ նախընտրությունները այլ են, քանզի մերօրյա իրականությունը թույլ է տալիս գրքերին ծանոթանալ ոչ միայն ձեռքին բռնած, թերթերին հպվելով, այլ նաեւ լսել դրանք, կամ պարզապես ներբեռնել գրքի ֆայլը սմարթֆոնի մեջ:
«Կարդալ չեմ սիրում, ավելի շատ նախընտրում եմ լսել աուդիոգրքեր. իմ կարծիքով ավելի արագ ու հարմար են ե՛ւ ժամանակս եմ խնայում, ե՛ւ տեսողությունս չեմ փչացնում»,-ասում է 20-ամյա Էմման:
Բայց եւ այնպես, երիտասարդներից շատերը նախընտրում են կարդալ օնլայն գրքեր, քանի որ համացանցը ավելի լայն հնարավորություն է տալիս ամեն պահի որոնել նախընտրած գիրքը եւ կարդալ այնտեղ, որտեղ անգամ ընթերցանության համար համարժեք լուսավորություն չկա:
«Դեռահաս տարիքում ավելի շատ էի գրքեր կարդում, հիմա հետաքրքրություններս մասամբ փոխվել են, գրապահարանումս ունեմ նոր գրքեր, որոնք նվեր եմ ստացել, կամ ոգեւորվել եմ գրախանութում գրքի վերնագրից, գնել գիրքը, սակայն այդպես էլ չեմ կարդացել»,-անկեղծանում է 31-ամյա Սուրենը:
Մերօրյա արագընթաց ռիթմի մեջ շատերը գրքերի հետին պլան մղվելը բնորոշում են միմիայն ժամանակի սղությամբ, քանզի աշխատանքային խիտ գրաֆիկը, մի քանի մասնագիտությամբ աշխատելը եւս գրքերի քիչ արդիական լինելու պատճառներից են:
«Որքան էլ զբաղված կամ հոգնած եմ լինում, այնուամենայնիվ օրվա մեջ գոնե մեկ ժամ տրամադրում եմ գիրք կարդալուն, ըստ իս գիրքը ինքնակրթվելու լավագույն տարբերակներից է: Բավական հաճախ եմ նոր գրքեր գնում եւ մեծագույն թուլությունս կարող եմ դա համարել»,- մեզ հետ զրույցում նշում է 28-ամյա Աննան:
Այս ամենին զուգահեռ շատ գրքեր գրադարաններում հասանելի չեն, չնայած այն հանգամանքին, որ մշտապես մեծ պահանջարկ ունեն, իսկ գրախանութներում նոր հրատարակությամբ գրքերը բավական թանկ արժեն: Սա եւս հանգամանք է, որը պատճառ է դառնում ընթերցողների թվի նվազմանը:
Չնայած վերը նշված հանգամանքներին, տպագիր գրքերը դեռեւս չեն զիջում իրենց տեղը ընթերցասերների գրասեղաններին:
ԱՐՍԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Լրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանող