Բոլորովին էլ գաղտնիք չէ, որ 2022 թվականը ծանրագույններից էր հայ ժողովրդի համար։ Մեծ թվով երիտասարդների անդառնալի կորուստ ունեցանք։ Թշնամին ուժով ներխուժել եւ գրավել է զգալի տարածքներ, ընդ որում տիրացել է ռազմավարական կարեւոր բնակետերի։ Ունենք նաեւ տեղահանվածներ ու կյանքի բնականոն ռիթմից դուրս նետված շատ ընտանիքներ։ Իսկ ամենացավալին ու ամենադժվար վերականգնվողը պարտվածի հոգեվիճակն է, որ շատերի մոտ տիրապետող է դարձել։ Այո, որքան էլ ինքներս մեզ խաբենք, որքան էլ փափուկ բազմոցների վրա նստած թշնամու վրա հոխորտանք, սպառնանք ու ավարայրներից վկայակոչումներ անենք, պարտվածի, ընկճվածի վիճակում ենք, շփոթված ու անօգնական, ամենուրեք ու բոլորի մոտ օգնություն հայցող հոգեվիճակը տիրապետող է դարձել։ Բոլորը, նույնիսկ ամենիրատես ու սառնասիրտ մարդիկ օգնություն են փնտրում դրսերում, ինչ-որ երկրի ու դրա ղեկավարի վրա հույս դնում։
Աստված իմ, այս ո՞ւր հասանք։ Բայց ժամանակն է, որ ինքներս մեզ այլեւս չխաբենք, այլ հարկավոր է, որ ավելի ռացիոնալ մտածենք, թափ տանք մեզ, սթափվենք այս թմբիրից, քանզի այս իրավիճակից դուրս գալու այլ ճանապարհ չի եղել եւ չկա։ Իսկ դրա համար մի շարք անչափ կարեւոր հիմնադրույթներ կան, որոնց մասին այսօր ուզում եմ բարձրաձայնել եւ կոչ-հորդորով դիմել համայն հայությանը։
1. Ցանկացած իրավիճակում սթափվելուն, նոր քայլեր կատարելուն եւ ստեղծված կացությունը շտկելուն ուղղված քայլեր կատարելու համար նախ եւ առաջ հարկ է, որ մանրամասն եւ իրատեսորեն հաշվեքննենք ինչ ունենք, ինչ կարող ենք ունենալ եւ ընդհանրապես ինչի հույս ունենք։ Կարճ ասած՝ եղածի եւ ունենալիքի ճշգրիտ գույքագրում պետք է կատարվի։
2. Ստեղծված ներկա իրավիճակը հար եւ նման է հիվանդության, որը հաղթահարելու համար նախ եւ առաջ այն պետք է ախտորոշել։
3. Հարկավոր է, որ խորազնին ուսումնասիրենք բոլոր այն արտաքին, ներքին եւ հոգեբանական գործոնները, որոնք հանգեցրին այս տխուր կացությանը։
4. Մանրակրկիտ վերլուծենք այդ գործոնների միջեւ եղած կապերն ու օրինաչափությունները, բոլոր բացասական իրողություններին նպաստած գործոններն ու անհատներին, վեր հանենք դրանց պատճառները եւ անսակարկ զգոնությամբ գնահատենք դրանք։
5. Առանձնացնենք եւ մասնագիտական ամենաժամանակակից մոտեցումներով վեր հանենք ու հասկանանք հասարակություն-պետություն, պետություն-անհատ, անհատ-անհատ կապերը, տարբեր սերունդների միջեւ գործող իրավահոգեբանական, կրթամշակութային, ձգտում-երազանքների ամբողջությունը, դրան նպաստող ու դրանք խաթարող բոլոր գործոնները եւ դրանք կատարյալ դարձնելու միջոցները։
Իհարկե, շատ այլ կարեւոր գործոններ ու բաղադրիչներ էլ կան, սակայն բավարարվենք այսքանով, քանի որ ստեղծված բարդ, խճճված ու դժվարին ներկա կացությունը հաղթահարելու համար խիստ կարեւոր է նաեւ առաջնորդվել «քիչ խոսել-շատ անել» սկզբունքով։ Հատկապես որ վերջին երեք-չորս տարիներին «շատ խոսել-քիչ անել կամ ոչինչ չանելն» ավելի գերակա է դարձել բոլորիս կյանքում։ Մի բան, որն ուղղակի կամ անուղղակի կերպով իրար հետեւից սխալներ թույլ տալուն շատ է նպաստել։ Սխալներ` որոնք բերին-հանգեցրին մերօրյա այս իրողություններին, որոնք շտկելու համար մեծ ջանքեր ու ներդրում¬ներ կպահանջվեն։ Իսկ թե ինչ իրողությունների մասին է խոսքը, նշենք համառոտ։
1. Վերջին ավելի քան երկու հազար տարվա մեր պատմական երթում պետականության առումով փայլուն պոռթկումներ ու ձեռքբերումներ ենք արձանագրել՝ Արշակունյաց, Բագրատունյաց, Զաքարյանների, Խամսայի մելիքությունների, Հակական լեռնաշխարհից դուրս՝ Կիլիկիայի, 1918 թվականի մայիսյան, 1920 թվականի նոյեմբերյան եւ վերջապես 1990 թվականի սեպտեմբերյան հաղթանակները։ Սակայն մեծ հաշվով դրանք եղան ու մնացին սոսկ կարճատեւ դրսեւորումներ, եւ միջնադարյան ու նոր ժամանակների դաժան փորձությունները հայ ժողովուրդն հիմնականում հաղթահարեց պետականության բացակայության դժվարագույն պայման-ներում։ Պայմաններ, որոնք թեեւ անխնա ճնշում ու ճզմում էին, բայց քանի որ հայ մարդը հոգեբանորեն եղավ ու մնաց պետականության գաղափարի անսասան կրողը, չկարողացան այն արմատախիլ անել։ Ուստի պատահական չէ, որ յուրաքանչյուր անգամ չնչին առիթի դեպքում նա ոտքի էր կանգնում ու նոր պետականություն կերտում։ Իսկ երբ այդ նվազագույն հնարավորությունն էլ չէր ունենում, ապա պետականության գաղափարը ձեւում, դրան շունչ ու հոգի էր տալիս թղթի վրա. հեռավոր Հնդկաստանում թերթ էր հրապարակում, «Որոգայթ Փառացի» ու «Տետրակ, որ կոչի հորդորակի» տեսքով սահմանադրության նախատիպեր երկնում, «Պֆալցյան» ու «Մոսկովյան» անուններով Հայրենիքի փրկության նախագծեր մտածում, զենքը ձեռքին դոնկիխոտյան ազգային-ազատագրական-ֆիդայական պայքարի դուրս գալիս։ Ընդ որում, բաղձալի հաղթանակին հասնելու համար երբեք չէր խնայում ոչինչ, ուղղակի ուժերն էին խիստ անհավասար։
2. Այնուամենայնիվ 1990-ին այդքան ցանկալի անկախությունը մեզ նվիրեցին։ Այո, նվիրեցին, քանի որ աշխարհի հզորներին այդպես հարմար էր։ Իսկ մենք ի՞նչ արեցինք։ Փոխանակ գնահատելու նորածին պետականությունը, բոլոր ուժերը համախմբելու եւ այն ավելի հզորացնելու, սկսեցինք վայրենաբար թալանել խորհրդային տարիների ընթացքում ստեղծած կարողությունները։ Ընդ որում, թալանվեցին ոչ միայն նյութական, այլեւ հոգեւոր-մշակութային, կրթական ու բարոյահոգեբանական բոլոր կարողությունները։ Արդյունքում աննախադեպ աղքատացավ ամբողջ երկիրը, նախկին պատվարժան ու հպարտ հայաստանցի հայը դարձավ խեղճ, թույլ եւ որդեգրեց ուզվորի նվաստ կեցվածք։ Ու չնայած մեծ զոհողությունների գնով 1991-1994 թթ. պատերազմ հաղթեցինք, սակայն հայի աննկուն ոգին՝ տեսնելով թալանի արդյունքում նորաթուխ օլիգարխների անարդար պահվածքն ամեն ինչում՝ սկսեց ելք որոնել օտար ափերում։ Կրկին թափ առավ հայոց կործանման ամենահիմնական գործոն արտագաղթը։
3. Հետո հաջորդեց թվացյալ հաղթողի կեղծ հոգեկերտվածքը եւ դրա անմիջական հետեւանք-արդյունք համատարած հանգստությունն ու հասարակության հետագա նյութական բեւեռացումը։ Խորը եւ այլեւս անհաղթահարելի անդունդ ձեւավորվեց հիմնականում ապօրինի միջոցներով անչափելի հարստության տեր դարձած եւ իրեն էլիտա համարող (վստահաբար նրանց մեծ մասն անգամ բառի իմաստը չգիտի) փոքրաթիվ մասի եւ մի կերպ օրվա հացը վաստակող մեծամասնության միջեւ։ Բանը հասավ այնտեղ, որ ամբողջ ժողովուրդը հայտնվեց յուրակերպ էյֆորիայի մեջ, թե իբր անպարտելի ենք, որ մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է, որ եթե թշնամին փորձի հարձակվել՝ նոր ու ցավալի կորուստներ կունենա եւ այլն։ Այսինքն, ամենուրեք զբաղված էինք ինքնախաբեությամբ, եւ բոլորովին էլ պատահական չէր, որ այսօր ամենատխուր վիճակում հայտնվեցինք։
4. Սովորաբար չգրված օրենք է՝ հաղթողը վերցնում է այնքան՝ որքան ուզում է, իսկ պարտվողը պահպանում է այնքան՝ որքան կարողանում է։ Մենք էլ հետեւություններ անելու փոխարեն աջ ու ձախ դիմում ենք բոլորին, աջակցություն ակնկալում բոլորից։ Իսկ բոլորից ու միաժամանակ ոչ մի օգնություն չի եղել ու չի լինելու։
Շատ չեմ երկարացնի, քանի որ օրեցօր վիճակը վատանում է, իսկ դրա մասին գրելուց էլ՝ գույներն ավելի են մգանում ու խտանում։ Ուստի կփորձեմ առաջնորդվել այն պարզ տրամաբանությամբ, որ իրավիճակի նկարագրությանը եթե չեն հաջորդում ելքերի որոնումն ու մատնացույց անելը, ապա դա ժամանակի զուր կորուստ կլինի։ Արդ, ինչ է հարկավոր անել այս պահին։ Ընդ որում ինչ-որ բան անելու համար համայն հայությանը հորդորում եւ կոչ եմ անում.
1. Անկախ նախասիրություններից ու նախկինում որդեգրած տարաբնույթ քայլերից, մի կողմ թողնելով դրանք՝ մեր իշխանությունները դառնան այն հիմնակետը, որի շուրջ համախմբվեն ու հանուն հայրենիի բռունցքվեն հասարակության բոլոր շերտերն ու խավերը։
2. Իշխանություններն ու ընդդիմադիրներն ինչ-որ ձեւով հնար գտնեն եւ գոնե առժամանակ հաղթահարեն հայ հասարակության տարաբեւեռ եւ անհանդուրժող վիճակը։
3. Հայաստանյայց առաքելական եկեղեցին ավելի քան 1700 տարի եղել մեր պետականության սատարողն ու ջատագովը, իսկ երբեմն էլ՝ կրողն ու փոխարինողը։ Այսօր իշխանություններին եւ եկեղեցուն կոչ եմ անում երկուստեք ներդնեն բոլոր ջանքերը եւ վերջ տան պետություն-եկեղեցի մերօրյա շարունակվող անհաշտությանը։ Ասել է՝ վերջ դնեն աշխարհիկ եւ հոգեւոր դաշտերում առկա տարաձայնություններին։
4. Գաղտնիք չէ, որ մեր օրերում վերջին տասնամյակների խորապատկերում ամենացածր մակարդակում են եւ վտանգված են միմյանց լրացնող, միմյանցով պայմանավորված Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները, հետեւաբար նաեւ մեր ազգի համար օդի նման անհրաժեշտ ազգապահպանության հիմնախնդիրը։ Դիմում եմ աշխարհասփյուռ հայությանը եւ կոչ եմ անում՝ առժամանակ խորը անթեղել ամեն տեսակի վիճելի հարցերն ու նեղացածությունը, մեջք-մեջքի տալ եւ հաղթահարել այս ճգնաժամը։
Ձեւավորման պահից սկսած, անկախ կարգավիճակից, քաղաքական հայացքներից, տարիքից ու սեռից համայն հայության հայացքը միշտ սեւեռված է եղել Արարատամերձ հայրենի եզերքներին։ Եթե մի քիչ կտրուկ, ապա մեր սփյուռքը նույն եռաբլուրն է, միայն ցրված տարածության ու ժամանակի մեջ։ Գիտենք, որ բոլոր սփյուռքահայերի «Մեծ երազի» հանգրվանն ու մարմնավորումը՝ երազում թե արթմնի, դարձյալ եղել եւ մնում է Հայաստանը։ Ակնհայտ է, որ այսօր նոր աշխարհակարգ ձեւավորելու նպատակով ընթացող համաշխարհային հիբրիդային պատերազմի եւ արդիական գերզենքերի պայմաններում հրթիռ ու ռումբ կարող է պայթել որեւէ պահի երկրագնդի որեւէ մասում։ Այնպես որ, մերօրյա ալեկոծ ծովում համայն հայության համար որպես փարոս, որպես փրկարար խարիսխ դարձյալ կարող լինել միմիայն Հայաստանը։ Իսկ նա այսօր վիրավոր է, թուլացած։ Մեր թշնամիները կրկին արյան հոտ են առել ու անում են ամեն հնարավորը ոտնատակ տալու, պետականությունից զրկելու եւ հայությանը պատմության ասպարեզից ընդմիշտ հեռացնելու համար։ Այս իրավիճակում որեւէ մեկին թող չթվա, որ եթե ինքը Արգենտինայում է կամ Ավստրալիայում, ուրեմն ապահոված է։ Ո՛չ, նման բան չկա, մի քիչ ավել մի քիչ պակաս վտանգված ենք բոլորս ու բոլորիս նավը։ Այս իրավիճակից ելնելով համայն հայությանը կոչ եմ անում սթափվել, ամուր կառչել իր արմատներին, անկախ գտնվելու վայրից, ունեցած հնարավորություններից հասկանալ, որ առանց փարոսի ու խարիսխի Հայոց նավը կկորցնի կառավարումը եւ անդառնալիորեն կկործանվի համաշխհարային ալեկոծ օվկիանոսում։ Արդ ամուր բռնենք միմյաց ձեռքերից, դիմագրավենք նաեւ այս փորձությունը, եւ վստահաբար ապագան մերն է լինելու։
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր