ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Մտորումներ Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ
Սկիզբը` նախորդ 2 համարներում եւ վերջ
3. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ Է, ԻՍԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸՙ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱՄԱՐՏՈՒՆԱԿ ԲԱՆԱԿԸ
Հայկական անկախ պետության գոյության առաջին օրվանից նրա ամենակարեւոր խնդիրներից մեկը եղավ եւ շարունակում է մնալ Հայաստանի եւ նրա բնակչության անվտանգության ապահովումը, նրա քաղաքական եւ տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը, հայերի նկատմամբ ցեղասպանատիպ ամեն տեսակի սպառնալիքների կանխումը ՙ նշանաբան ունենալով «Այլեւս երբե՛ք» բանաձեւը: Հայաստանի Հանրապետության միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալը այդ ուղղությամբ առաջին քայլն էր, սակայն ոչ բավարար: Անվտանգությունը եւ հողը պաշտպանում են զենքով:
Հայաստանի անկախության հռչակումից ուղիղ չորս ամիս անցՙ 1992թ. հունվարի 28-ին, ստեղծվեց Հայկական բանակը , որը շատ չանցած մեծ փորձության ենթարկվեց, երբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց իր անկախությունը հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Ոսոխը ծանր պարտություն կրեց եւ 1994 թ. մայիսի 12-ին Հայաստանը, ԼՂՀ-ն եւ Ադրբեջանը ստորագրեցին հրադադարի պայմանագիր: Ադրբեջանի պարտությունը եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միացյալ զորքերի փառահեղ հաղթանակը բարձրացրեց Հայաստանի հեղինակությունը հաչս միջազգային հանրությանՙ որպես կարեւոր տարածաշրջանային գործոն:Դա նաեւ դաս եղավ ադրբեջանական ագրեսորներին, որոնք ավելի քան քսան տարի չէին համարձակվում նոր ռազմական գործողությունների ընդդեմ հայության:
Հայաստան պետության ղեկավարությունը ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի զինված ուժերի կատարելագործման, արդիական զենքով ապահովման, բարձրակարգ եւ գրագետ հրամանատարական կազմի պատրաստման հարցերը:
Հայաստանի Հանրապետության ռազմական քաղաքականության մեջ մեծ տեղ է հատկացվում ռազմական համագործակցությանը տարբեր երկրների , առաջին հերթին Ռուսատանի հետ: 1995թ մարտի 16-ին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրվեց պայմանագիր, ըստ որի Հայաստանը Ռուսաստանին տրամադրեց բազա: Երկու տարի անց`1997թ. օգոստոսի 29-ին, նրանց միջեւ ստորագրվեց «Բարեկանության, Համագործակցության եւ Փոխադարձ Օգնության Պայմանագիր»: Հայաստանը եւ Ռուսաստանը դարձան ռազմավարական դաշնակիցներ: Եթե դա Հայաստանին պետք է իր անվտանգությունն ամրապնդելու տեսակետից, ապա Ռուսաստանը ձեռք բերեց գործընկեր Անդրկովկասյան- մերձավորարեւելյան տարածաշրջանում եւ ամրապնդեց իր դիրքերը: Հայաստանը դառնում է ռազմական գործոն, որն ավելի է կարեւորվում Հավաքական անվտանգության պայմանագրային կազմակերպությանըՙ ՀԱՊԿ-ին անդամակցությամբ, որի հետ համատեղ պարբերաբար կազմակերպվում են զորավարժություններ, այդ թվում եւ Հայաստանի տարածքում:
Հայաստանը ռազմական համագործակցություն է հաստատել նաեւ Արեւմտյան երկրների հետ, ինչպես Հունաստանը, ԱՄՆ-ը եւ այլ երկրներ: Նա համագործակցում է նաեւ ՆԱՏՕ-ի հետ, որի սկիզբը դրվեց 2002թ., երբ Հայաստանն անդամակցեց Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին: Հաջորդ քայլը կատարվեց 1994 թ.ՙ Հայաստանը միացավ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին: Այդ ծրագրի շրջանակներում հայկական զինված ուժերը մասնակցում են ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որոնք անցկացվում են ոչ միայն եվրոպական երկրներում, այլեւ Հայաստանում: ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության շրջանակները տարեց տարի ավելի են ընդլայնվում: 2004թ. Հայաստանը ՆԱՏՕ-ում հաստատեց դիվանագիտական առաքելությունՙ դեսպանի մակարդակով: 2004-2005 թվականներին իրականացվեց Հայաստանի միացումը ՆԱՏՕ-ի «Անհատական գործողությունների» ծրագրին: Ուշագրավ է նաեւ այն իրողությունը, որ Հայաստանի պրեզիդենտներ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1996թ., Ռոբերտ Քոչարյանը 2005թ., իսկ հետագայում Սերժ Սարգսյանը այցելել են ՆԱՏՕ-ի շտաբ կայան , բանակցություններ վարել ՆԱՏՕ-ի բարձրագույն ղեկավարության հետ անվտանգային հարցերի շուրջը: Այդ բոլորը ծառայում է Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, մի կողմից, եւ վկայում Հայաստանի ռազմական գործոն լինելու փաստը, մյուս կողմից: Հայկական գործոնի նշանակությունն ավելի ընդգծվեց, երբ հայկական զորախմբերը սկսեցին մասնակցել ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի առաքելությանը Կոսովոյում (2004թ.), Իրաքում (2005թ), Աֆղանստանում (2010թ.), Լիբանանում ( 2014թ), փայլուն կերպով դրսեւորելով իրենց եւ արժանանալով ՆԱՏՕ-ի հրամանատարության հիացմունքին:
Այդուհանդերձ, Հայաստանը երբեք չի դրել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, ի տարբերություն հարեւան Վրաստանի եւ Ադրբեջանի:
Վերոշարադրյալից հստակ երեւում է, որ Հայաստանը երկու կողմերիՙ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ, այսինքն Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջեւ, որդեգրել է հավասարակշռված քաղաքականություն, որը ստացավ կոմպլեմենտարՙ փոխլրացման քաղաքականություն անվանումը, ինչը միշտ չէ, որ ճիշտ է հասկացվել թե՛ Հայաստանում, եւ թե Ռուսաստանում: Այնուամենայնիվ , գտնում ենք, որ դա ճիշտ քաղաքականություն է, որի շնորհիվ ընդլայնվեց Հայաստանի, ԼՂՀ-ի եւ ողջ հայության անվտանգության դաշտը:
Ինչ վերաբերում է հայկական բանակը տարածաշրջանում ամենամարտունակ բանակը լինելու հայեցակարգին, ապա դա շատ լուրջ փորձության ենթարկվեց 2016թ. ապրիլի 2-ին սկսված քառօրյա պատերազմի ժամանակ, որ սանձազերծեց Ադրբեջանը ԼՂՀ-ի դեմ. նպատակ ունենալով զենքով հօգուտ իրեն լուծել Ղարաբաղյան հիմնախնդիրը: Ադրբեջանական տխրահռչակ բլիցկրիգը խայտառակորեն տապալվեց եւ փշրվեց դեմ առնելով հայկական անսասան ժայռին: Քառօրյա պատերազմը կրկին հաստատեց Հայկական բանակի տարածաշրջանում ամենամարտունակը լինելու իրողությունը: Դա ոչ միայն հայերի կարծիքն է, այլեւ օտարերկրյա պրոֆեսիոնալ ռազմական մասնագետների տեսակետն է:
Այսպիսով, կարող ենք ասել, որ վերոնշյալ փաստերը, Հայաստանի ռազմական համագործակցությունը արեւելյան եւ արեւմտյան երկրների հետ, հայ-ադրբեջանական երկու պատերազմներում հայկական կողմի տարած հաղթանակները, գալիս են հաստատելու, որ Հայաստանըՙ որպես պետություն. իրոք, ռազնական գործոն է, որը չի կարելի անտեսել: