Ինչո՞ւ է Կիպրոսը կարեւոր հայերիս համար: Որովհետեւ նրա պատմությունը սերտորեն առնչվում է մեր պատմության հետ: Պատմության մի որոշակի հատվածում Հայաստանի ճակատագրի դիմաց Կիպրոսն էր փոխհատուցվում: Միջնադարյան Հայաստանի Կիլիկյան թագավորությունը սերտ հարաբերություններ ուներ կղզու հունական իշխանությունների հետ, մինչեւ որ հայկական թագավորությունը եգիպտական մամլուքների զոհ դարձավ եւ կղզին 1571-ին հայտնվեց Օսմանյան կայսրության կազմում:
Կիպրոսի նվաճման տարիներին, օսմանցիները մոտ 40 հազար հայերի բնակեցրին կղզում: Արդի ժամանակներում, հայկական հարցը համաշխարհային քաղաքական դաշտում հայտնվեց առաջին անգամ 1878-ին, Ռուս-Օսմանյան պատերազմի եզրափակիչ փուլում, որը ցարի հաղթական բանակին թույլ տվեց հասնել եւ կանգ առնել Սան Ստեֆանոյում, որտեղ խաղաղության պայմանագիր կնքվեց պատերազմող կողմերի միջեւ: Ռուսական կողմը, հանդես գալով որպես Օսմանյան կայսրությունում ապրող քրիստոնյա փոքրամասնությունների պաշտպան, կարողացավ պայմանագրում ընդգրկել 16-րդ հոդվածը, որը Սուլթանից պահանջում էր բարենորոգումներ կատարել հայկական նահանգներում եւ այդ մասին տեղեկացնել ցարին:
Սա, ինչ խոսք, չէր գոհացնում Բրիտանիային, որն, ինչպես հայտնի է, դարեր շարունակ այնպիսի քաղաքականություն է վարել, որ հեռու պահի Ռուսաստանին Միջերկրականի տաք ջրերից: Իսկ նոր պայմանագրով Ռուսաստանը, փաստորեն, տիրանում էր նաեւ Դարդանելի վերահսկողությանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դիզրայելիին հաջողվեց մեկ ուրիշ կոնֆերանս անցկացնել, այս անգամ Բեռլինում, վերանայելու համար Սան Ստեֆանոյի պայմանագրի դրույթները: 1878-ի Բեռլինի կոնգրեսում հայկական հարցը հետին պլան մղվեց եւ 16-րդ հոդվածը փոխարինվեց 61-րդով, որտեղ վերացվում էին Սուլթանի վրա դրված սահմանափակումներն ու ճնշումները: (*) Նա այլեւս կարող էր փոքրամասնությունների հետ վարվել ինչպես կամենար, նախկինի նման գործի դնելով հետապնդումները, կոտորածները եւ մարդու իրավունքների խախտումները:
Թուրքիային մատուցած այդ ծառայության համար, ի նշան երախտագիտության, Սուլթանը նվիրեց Կիպրոսը Բրիտանիային, որպեսզի վերջինս այն օգտագործի որպես ռազմական բազա արեւելյան Միջերկրականում, մինչեւ 1960 թիվը, երբ Կիպրոսը ձեռք բերեց անկախություն: Բայց Մեծ Բրիտանիան մինչեւ օրս էլ այնտեղ պահպանում է իր բանակի ներկայությունը «British Forces Cyprus» անվան ներքո:
Կիպրոսը հայոց պատմության ոլորաններում դարձյալ հայտնվում է 1917-ին, երբ չորս հազար կամավորներ այնտեղ ռազմական պատրաստվածություն են անցնում գրավելու համար Պաղեստինը եւ այդ տարածքում պարտության մատնելու համար Գերմանա-Օսմանյան ուժերին Առաջին աշխարհամարտի ժամանակ:
Կիլիկիայից դուրս գալով 1921-ին, հայերից շատերը ապահով ապաստան գտան այդ կղզում, որտեղ հետագայում կառուցվեց Մելգոնյան կրթական հաստատությունը, որն իր պատմական մեծ դերակատարությունն ունեցավ հայ մտավորական կյանքի ձեւավորման եւ զարգացման գործում:
Հունական պարտիզանական EOKA կազմակերպությունը չորս երկար տարիներ կղզու անկախության համար պայքարեց գնդապետ Գեորգիոս Գրիվասի առաջնորդությամբ, մինչեւ որ 1960-ին Շվեյցարիայում պայմանագիր ստորագրվեց, եւ Բրիտանիան հրաժարվեց իր գաղութարար իշխանությունից: Սակայն պայմանագրում կար մի զգուշական կետ, որը կարող էր երկրի անկախությունը դնել վտանգի տակ: Անկախության երաշխավորներ էին նշանակված Բրիտանիան, Հունաստանը եւ Թուրքիան: Վերջինս, օգտվելով այդ հանգամանքից, 1974-ին ներխուժեց Կիպրոս եւ գրավեց կղզու հյուսիսային տարածքի 38 տոկոսը, որը հետագայում դարձավ «Կիպրոսի թուրքական հանրապետություն»ՙ ճանաչված միայն Թուրքիայի կողմից:
Մի շինծու պատմություն կա, որը շրջանառվում է մամուլի էջերում եւ նույնիսկ տեղ գտնում պատմության որոշ գրքերում այն մասին, թե իբր Բյուլենտ Էջեվիթի ռազմական ուժերի ներխուժումը Կիպրոս ծրագրված էր Մ. Նահանգների այդ ժամանակվա պետքարտուղար Հենրի Քիսինջերի կողմից: Այդ ժամանակաշրջանում Հունաստանը խունդայի իշխանության ներքո էր գտնվում, հար եւ նման Հարավային Ամերիկայի այլ երկրների, որոնցում Քիսինջերը խունդաներ էր դրել իշխանության ղեկին: Հույն գնդապետները գործելու էին բացառապես Վաշինգտոնի հրամանների ներքո: Քիսինջերը ցանկացավ պարգեւատրել Թուրքիային, որպես դաշնակցի, եւ միաժամանակ դաս տալ Կիպրոսի նախագահ Մակարիոս արքեպիսկոպոսին, որն իր երկրի բախտը կապել էր չմիավորված ազգերի (Եգիպտոս, Ինդոնեզիա, Հնդկաստան եւ Հարավսլավիա) ճակատագրի հետ:
Հանկարծ Մակարիոս արքեպիսկոպոսը պաշտոնազրկվեց եւ Նիկոս Սամպսոն անունով մի արկածախնդիր իշխանությունն իր ձեռքն առավ «էնոսիսի» (միացում Հունաստանի հետ) ենթադրյալ կոչերով: Սա բավարար հիմք ծառայեց, որպեսզի Թուրքիան ներխուժի Կիպրոս 1974-ին: Երբ Հունաստանի բանակը փորձեց միջամտել, Քիսինջերը նախազգուշացրեց, որ Մ. Նահանգների օդուժը կփակի նրանց առաջխաղացումը:
Միավորված Ազգերի կազմակերպությունը դատապարտեց ագրեսիան եւ կոչ արեց Թուրքիային ետ քաշել կղզուց իր զորքերը: Մ. Նահանգները իբր միացավ ՄԱԿ-ին եւ նույնպես դատապարտեց ներխուժումը «կոսմետիկական» կամ խորհրդանշական մի գործողությամբՙ զենքի մատակարարումը Թուրքիային արգելափակելով (նման Ադրբեջանի դեմ կիրառված Ազատության աջակցման օրենքի Հոդված 90-ի):
Ներկայիս 40 հազարի հասնող թուրքական զորքերը Հյուսիսային Կիպրոսը դեռ պահում են իրենց ձեռքերում, մերժելով երկրի միավորման բոլոր ջանքերը: Նախքան ներխուժումը, թուրքերն ընդամենը 18 տոկոսն էին կազմում կղզու բնակչության: Հետագա տարիներին, Թուրքիան իր երկրից այնտեղ գաղթեցրեց նորանոր բնակիչների, ի հեճուկս կիպրոսաբնակ թուրքերի, որոնք տեղացի հույների հետ ավելի ընդհանուր բաներ ունեին, քան ներգաղթող թուրքերի: Կիպրոսաբնակ թուրքերի կազմակերպած բողոքի ցույցերը ոչ մի արդյունք չտվեցին:
Տասնամյակների ընթացքում տեղի ունեցած բանակցություններն էլ ոչ մի տեղաշարժ չեն արձանագրել թուրքերի անհաշտ ու համառ դիրքորոշման պատճառով: 2004-ին ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղար Քոֆի Անանի ծրագիրը հավանության արժանացել էր կղզու թուրքական մասի կողմից, բայց նույնքան ձայներով մերժվել էր կղզու հարավային մասի կողմից, որովհետեւ ծրագիրը կոչ էր անում ամբողջ Կիպրոսը դնել թուրքական խնամակալության ներքո:
Երկար ժամանակ երկու կողմերն անհամերաշխ էին: Երկխոսությունը չէր կայանում նրանց միջեւ: Հակառակ Թուրքիայի առարկություններին, Եվրոմիությունն իր անդամների շարքերում ընդունեց Կիպրոսի հանրապետությունը (ի հակադրություն «Կիպրոսի թուրքական հանրապետության»), ինչը Թուրքիան մերժեց ճանաչել:
Այդուհանդերձ, պատկերն այժմ կարծես փոխվում է: Վերջին քսան շաբաթների ընթացքում կղզու երկու մասերի ներկայացուցիչները վերադարձել են բանակցությունների սեղանի շուրջը: Նախագահներ Նիկոս Անաստասիադեսն ու Մուսթաֆա Ակինչին լուրջ եւ ինտենսիվ խոհրդակցություններ են անցկացնում:
Հարց է առաջանում, թե ի՞նչը հիմա մղեց երկու կողմերին առավել լրջորեն բանակցելու: Պատասխանը հետեւյալն է. գազի հսկայական պաշարներ են հայտնաբերվել արեւելյան Միջերկրականում, ինչը պատճառ է դարձել Հունաստան-Իսրայել մերձեցման: Կիպրոսն էլ ծրագրեր է մշակում Իսրայելի հետ համատեղ հետազոտություններ անցկացնելու:
Սկզբնական շրջանում Անկարան սպառնում էր միջամտել զորքով: Բայց, ներկայիս, երբ Թուրքիան խրված է Սիրիայի ճահճուտում, եւ երկրի ներսում էլ պատերազմ է մղում քրդերի դեմ, նա դժվար թե կարողանա դիմագրավել Իսրայելին: Այդ է պատճառը, որ Էրդողանն իր վեճերը Իսրայելի հետ հարթեցրեց, որովհետեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատումից հետո Թուրքիան էլ օգտվողներից մեկն է լինելու գազի ու նավթի այդ նորահայտ պաշարներից: Մյուս օգտվողներն էլ լինելու են Լիբանանն ու Սիրիան:
Բանակցություններն ընթանում են վեց ուղղություններով, որոնցից չորսն (կառավարում եւ իշխանության բաժանում, սեփականություն եւ կալվածք, տնտեսություն, եւ Եվրոմիության անդամակցություն) արդեն գրեթե ավարտված են: Թուրքական կողմը զիջելու է որոշ տարածք (գրավյալ տարածքը 38 տոկոսից նվազելու է մինչեւ 29,2 տոկոսի), որպեսզի հնարավորություն ունենա դաշնային կարգավիճակում նախագահության պաշտոնը ստանձնել պարբերաբար: Էրդողանը պնդում է, որ Թուրքիան երաշխավոր կողմ հանդիսանա եւ պահպանի առհավետ իր զորքերը կղզում, բայց հունական կողմը Եվրոմիության անդամների երաշխավորությանն է ապավինում եւ իր դարն ապրած է հայտարարել 1960-ի պայմանագիրը:
Տնտեսական օգուտներն այնքան ակնհայտ ու գրավիչ են, որ կարող են կոտրել Էրդողանի համառությունը եւ ի վերջո խաղաղություն բերել այդ կղզուն:
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, The Armenian Mirror-Spectator
(*) Սա, անուշտ, ավանդական վերաբերմունքի արտահայտումն է Բեռլինի կոնգրեսի մասին: Մինչդեռ մոռանալ պետք չէ, որ այդ պայմանագրում կա նաեւ մի կարեւոր հոդված, որը Օսմանյան կայսրությանը պարտավորեցնում է երաշխավորել հայ փոքրամասնության կյանքն ու ունեցվածքը: Անշուշտ, դա միջազգային միակ պարտավորագիր