ԳԱՅԱՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Գերմանիա
Բեռլինում Դինքի սպանությունից տաս տարի անց
Հրանտ Դինքի սպանության տասնամյակի առթիվ Գերմանիայի «Գերմանա-հայկական ընկերությունը» եւ Բեռլինի «Հայնրիխ-Բյոլ հիմնադրամը» հունվարի 26-ին Բեռլինում կազմակերպել էին կոնֆերանս: Բանախոսների մեծ մասը հրավիրված էր Թուրքիայից` խոսելու վերջինիս իրավական պետություն լինել-չլինելու հարցի շուրջը, որովհետեւ այն մեծապես կախված է Դինքի սպանության դատավարության հետ: Բանախոսների թվում էին Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, Դինքի ընտանիքի փաստաբան տիկին Ֆեթհիյե Չեթինը, փաստաբաններ Էրդալ Դողանը, Մահսունի Կարաման եւ ուրիշներ:
Միջոցառման նախաձեռնողներից «Գերմանա-հայկական ընկերության» նախագահ Րաֆֆի Քանթյանի գնահատմամբ Թուրքիան այս դաշտում խիստ կաղում է, առաջխաղացում չկա: Ուստի կարեւոր են համարել Դինքի սպանության դատավարության տաս տարվա օրինակով անդրադառնալու մտքի, խոսքի ազատության եւ երկխոսության հարցերին: Վերոնշյալի ապացույցը շատ չուշացավ, երբ Ստամբուլից հանդիսատեսին տեսազանգով միացավ բժիշկ, պրոֆեսոր Ուիմիթ Բիչերը , ում նույնպես հրավիրել էին կոնֆերանսին մանակցելու: Նա պատմեց, թե օդակայանում ինչպես իրենից առանց պատճառաբանության վերցրեցին անձնագիրը եւ թույլ չտվեցին մեկնել Բեռլին: Ըստ Բիչերի իր միակ «մեղքն» այն է, որ մոտ մեկ տարի առաջ մի շարք ակադեմիականների հետ մասնակցել էր խաղաղության կոչին, որ առանց պատերազմի լուծվեն երկրի ներսում տեղի ունեցող ազգամիջյան բախումները, որոնց պատճառով անընդհատ մարդ է զոհվում: Այն ժամանակ անմիջապես հեռացվել էր աշխատանքից` Քոջաելի համալսարանից:
Նախանշված թեմաներին անդրադառնալով` Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ, Կանաչների կուսակցութեան պատգամավոր տիկին Կլաուդիա Ռոթն իր խոսքում նշեց, որ Թուրքիայում տիրող իրավիճակը փոխելու համար իրենք էլ են պատասխանատու, կանցլեր Անգելա Մերկելը պետք է իր մասնակցությունն ունենա եւ նախ լսի թուրքական ընդդիմության խոսքը: Ժողովրդավարություն կառուցելու համար սա կարեւոր միջացառում է, երբ այն քննարկվում է հատկապես ապագա կերտելու համատեքստում:
Անդրադառնալով Հրանտ Դինքին` տիկին Ռոթը շեշտեց, որ նրա` վաղաժամ եւ բռնի մահվան մասին հիշատակելը շատ անձնական եւ խոր նշանակություն ունի իր համար. «Հրանտի հետ ծանոթացա 90-ականներին, հերթական այցերից մեկի ժամանակ, եւ մենք միանգամից ընկերացանք: Իսկ մեր վերջին հանդիպումը դեկտեմբերին էր` սպանությունից կարճ ժամանակ առաջ: Այդ օրը երբեք չեմ մոռանա, այդ օրն ասաց. «Արի այսօր քաղաքականությունից չխոսենք», խոսեց իր երազանքների մասին, սիրելի կնոջ, ընտանիքի, նաեւ նշեց, որ իրեն վտանգ է սպառնում: Հրանտը Թուրքիայի ներքաղաքական կյանքը լավ էր ճանաչում եւ կարողանում էր դա ներկայացնել, ինչպես որ իրականում էր: Հրանտը ոչ միայն լավ վերլուծաբան էր, այլ նաեւ գիտեր դիմացինին լսել ու մտքերն էր կարդում, իր բարեհամբույր լինելով էլ մարդկանց սրտերն էր շահում: Եվ ցավոք, այսքանով հանդերձ նա իր կյանքը պաշտպանելու համար ոչ մի բան չէր ձեռնարկում:
Մենք իրավունք չունենք մոռանալու Դինքին, նրա մանրակրկիտ ձեւով կազմակերպված սպանությունը, որովհետեւ մոռանալը կրկին է սպանում»:
Հայտնի իրավաբան, գրող, Դինքի ընտանիքի փաստաբան տիկին Ֆեթհիյե Չեթինն իր խոսքում հույս հայտնեց, որ առաջիկայում անպայման կկարողանան բացահայտել վերին խավի այն մարդկանց, ովքեր հրաման են տվել կատարել սպանությունը. «Որոշակի առաջխաղացումներ կան, դատարանի առաջ են արդեն կատարող անձինք, պատվիրատու կողմն էլ կբացահայտվի, մենք լիահույս ենք»:
Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը խոսեց Թուրքիայի անարդար ներքաղաքական զարգացումների մասին` սեփական փորձից օրինակներ բերելով: Պատմեց, թե սահմանադրական փոփոխությունների քվեարկությունն ինչպիսի ակնհայտ ծիծաղելի խախտումներով է տեղի ունեցել. «Եվ սա բնականաբար ահավոր խայտառակություն է»,- նշեց բանախոսը:
Ուշագրավ էր նաեւ այն, որ, երբ սահմանադրական փոփոխությունների քննարկման նիստի ընթացքում Փայլանը ելույթ է ունեցել` խոսելով Թուրքիայում ազգային փոքրամասնությունների խնդրի մասին եւ որ ցեղասպանության հետեւանքով նրանց թիվը պակասել է, արդյունքում «ցեղասպանություն» բառը պատճառ է հանդիսացել, որ պատգամավորին արգելեն մասնակցել հետագա երեք նիստերին:
Անդրադառնալով Դինքի հետ իր ունեցած հարաբերություններին` Փայլանը պատմեց, որ նա եզակի կերպար է եղել իր համար, ումից շատ բան է սովորել, եւ քայլում է նրա օրինակով: «Նա մեր մեծ ախպարիկն էր, մեզի ճամփա ցույց կուտար, եւ մենք ալ հետեւելով անոր հետքերուն` մտանք այս գործերուն մեջ եւ պետք է մինչեւ վերջ պայքարինք»,- նշեց Կարո Փայլանը:
Հայտնի թուրք հրատարակիչ եւ լրագրող Ռագիպ Զարակոլուն , ով այժմ ապաստան է գտել Շվեդիայում, հիմնականում խոսեց այն մասին, թե ինչպիսի արգելքներ կան Թուրքիայում ազգային փոքրամասնությունների համար: Բանախոսը կարծիք հայտնեց, որ պետք է Էրդողանի սպառնալիքներին տեղի չտալ, այդ կերպ նա հաճախ է վարվում: Զարակոլուի կանխատեսմամբ Թուրքիայի վաղվա օրը խիստ վտանգված է եւ վատ զարգացումներ են սպասվում:
Կոնֆերանսի ընթացքում հարցեր հնչեցին, թե ինչու Գերմանիան որեւէ քայլ չի ձեռնարկում Թուրքիայում այդ իրավիճակը շտկելու ուղղությամբ: Վարկած հնչեց, որ այժմ Թուրքիան Գերմանիայից ավելի շատ է զենքեր ձերք բերում, այդ դեպքում ինչու պիտի նա միջամտի այս հարցերի կարգավորման համար: Չէ՞ որ սովորաբար նախ տնտեսական շահն է կարեւորվում: Քննադատեցին նաեւ կանցլեր Անգելա Մերկելի նախորդ այցելությունները Թուրքիա: Մասնավորապես փախստականների հարցերի հետ կապված այցը որակվեց այսպես. «Ստացվեց այնպես, որ Մերկելը նպաստեց Էրդողանի ավելի շատ ձայներ ստանալուն»: Ի դեպ, առաջիկայում նախատեսված են տիկին Մերկելի երկու այցելությունները Թուրքիա, որոնց անհամբերությամբ են սպասում մի շարք կառույցներ:
Կոնֆերանսի ավարտին ներկաների գերակշիռ մեծամասնությունը նշում էր, որ այս մանրամասնությամբ, այս անկեղծությամբ զրույցներ վերոնշյալ թեմաներով գրեթե տեղի չեն ունեցել: Ուստի այն ներկա գտնվող մեծաթիվ գերմանացի, հայ եւ այլազգի հանդիսատեսի համար չափազանց կարեւորվեց:
«Միամիտ կլինի ասելը, թե այս մեկ հանդիպումով հարցեր կլուծվեն, բայց ես այժմ ուրախ եմ, որ հանդիսատեսը շատ գոհ մնաց: Ասում էին` բաներ իմացան, որ ոչ կարդացել էին, ոչ` լսել: Հենց այդ պատճառով մենք առաջին գծի վրա գտնվող մարդկանց կանչեցինք, որ ամբողջովին այդ գործի մեջ են խրված»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց պարոն Րաֆֆի Քանթյանը: