Չարցախեցի Մյուրատը, ստախոս Ճշմարտախոսը, Ռեյգանի չմայր Նախշունը եւ մյուսները
Նորություն չէ, որ մեր որոշ հայրենակիցներ, նկատի ունենալով հայերի սփռվածությունը, սիրում են անլուրջ, կիսալուրջ կամ միանգամայն լրջորեն լեգենդներ ստեղծել այս կամ այն նշանավոր անձնավորության իբրեւ թե հայկական ծագման մասին: Վաղուց ի վեր ազգային պարապ վախտի խաղալիքներից մեկը դարձած այս հայացումները տեղեկատվական մերօրյա մատչելիության մեջ նոր թափ են ստացելՙ մուտք գործելով նորանոր գրքեր, Համացանցի ամենատարբեր կայքէջեր, նաեւ հեռուստահաղորդումներ, նաեւ կինո…
Թաջ Մահալում թաղվածները
«Արմենիան ստանդարտ» ընկերությունը 2015-ին նկարահանեց «Թաջ Մահալ. հայուհին եւ Հնդկաստանի խորհրդանիշը» վավերագրական ֆիլմը: Այստեղ, ցավոք, կրկին շրջանառվում է այն սխալ տեղեկությունը, որ Հնդկաստանի թագուհի Մումթազ Մահալը, որի պատվին կառուցված է Թաջ Մահալը, եղել է հայուհի…
Ո՞րն է եղել մեր ազգային ինքնասիրությունը շոյող, սակայն թյուրիմացության արդյունք այդ վկայության աղբյուրը: Աշոտ Աբրահամյանի «Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի» աշխատության առաջին հատորում (Երեւան, 1964, էջ 447) Հնդկաստանի հայերի մասին գլխում հիշված է Մոնղոլական կայսրության տիրակալ Ջելալ ադ դին Աքբարի կանանցից Մարիամ Զամանի Բեգումը, որի աճյունն ամփոփված է Թաջ Մահալ տաճարում: Եվ ահա այս իրողությունն է շատերին շփոթության մեջ գցելՙ կարծելու, թե իբր հայազգի է եղել թագուհի Մումթազ Մահալըՙ Թաջ Մահալի «գլխավոր հերոսուհին»:
Եվ սխալը Համացանցի մեր դարում դժբախտաբար շարունակելու է իր հաղթարշավը, քանի որ «Թաջ Մահալ. հայուհին եւ Հնդկաստանի խորհրդանիշը» ֆիլմը կա youtube-ում, մինչդեռ այս հոդվածը քանի՞ հոգի կկարդա…
Էս մի խոխեն ղարաբաղցի չէր
Ահա արդեն մեկ դարից ավելի է, ինչ մեր ժողովուրդը վստահ պնդում է, որ Նապոլեոնի փեսա եւ Նեապոլի թագավոր մարշալ Ժոաշեն Մյուրատը եղել է հայ, այն էլ ՙ ղարաբաղցի: Ախր 1899-ին հրատարակված Մագդա Նեյմանի «Հայերը» գրքում (որը երկու անգամ վերահրատարակվեց 1990-ականներին) այնքան մանրամասն է գրվել արցախցի պատանի Հովակիմ Մուրադյանի կյանքի ոդիսականը… Սրան ավելացել են արդեն ժողովրդի կողմից լեգենդի ճոխացումներ, որ իբր Մյուրատը եղել է Կրկժան գյուղից, որ իբր հանդիպելով Նապոլեոնի մոտ ծառայության անցած հայազգի մամլուքներ Ռուստամին եւ Պետրոսինՙ Մյուրատը Արցախի բարբառով նրանց հարցրել է. «Ա խոխեք, տյուք ղարաբաղցի ե՞ք»… Ցավելով ցավում եմ, որ 19-ամյա հասակում, դեռեւս չունենալով քննադատական մոտեցում սկզբնաղբյուրների հանդեպ, Նեյմանի գրքի այդ հատվածը հայերեն թարգմանությամբ հրատարակել եմ «Գարուն» ամսագրում, այնուհետեւ Մյուրատին ընդգրկել իմ կազմած նշանավոր հայազգիների կենսագրական բառարանումՙ նպաստելով լեգենդի առավել տարածմանը եւ հայտնվելով Ադրբեջանի կազմած պատմությունը կեղծողների ցուցակում (ի դեպ, Աճառյանի, Լեոյի եւ այլ մեծերի կողքին): Սակայն հետագայում, ծանոթանալով պատմաբան Վարուժան Պողոսյանիՙ Մյուրատի «հայությունը» հիմնավորապես հերքող հոդվածներին, որքան էլ հակառակն ենք գրել (մասնավորապեսՙ 2003-ին հրատարակված մեր «Նապոլեոնը եւ հայերը» գրքում), միեւնույն է, իներցիայի ուժը զորեղ է: Վկաՙ Վիկիպեդիայում «ղարաբաղցի» Մյուրատի մասին ընդարձակ հոդվածը, վկաՙ Մյուրատի նկարը Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի ցուցադրության մեջ (թեեւ թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ է Մյուրատի հայ լինելու վարկածի մտացածին լինելու մասին եւ հույս հայտնեց, որ թանգարանի նոր ցուցադրությունում այն այլեւս տեղ չի գտնի):
Սեւահե՞ր կինոաստղ. ուրեմն հա՛յ է
Հռչակավոր մահկանացուներից որո՞նց մեջ ավելի հաճելի կլինի հայրենակիցներ տեսնել, եթե ոչ կինոէկրանի թագավորների ու թագուհիների… Եվ ահա 1940-1950-ական թթ. սփյուռքահայ մամուլի մի քանի օրգաններ բռնկվեցին սնապարծ մի ախտով: Գրչի մի հարվածով հայկական ծագում էին վերագրում գրեթե բոլոր այն նշանավոր կինոդերասաններին, ովքեր թխահեր էին ու թխաչ: Այդպես Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հայկական թերթերից մի քանիսը սերունդներին մոլորության մեջ գցեցինՙ հայացնելով հունական ծագումով կինոբեմադրիչ Էլիա Կազանին (իբր Կազանջյան), դերասաններ Շառլ Բուայեին (իբր Բոյաջյան), Հերի Ջեյմսին, Վերոնիկա Լեյքին, Ջին Իգըլզին (իբր Տարդակյան) եւ այլոց: Այս պախարակելի գործում մեծ դեր է խաղացել բելգիաբնակ Արման Մասիսը 1950-ականների սկզբին Փարիզի «Այսօր-ապագայ» թերթի ֆրանսերեն էջում կատարած իր հրապարակումներով: Թեեւ Մասիսի ազգանունը եղել է Ճշմարտախոս(յան), սակայն նա իրականում ամբողջովին հորինել է այս կամ այն կինոաստղի հայազգի լինելըՙ իր թեթեւ ձեռքով «հայացնելով» կինոդերասաններ Գրեգորի Փեքին (իբրեւ Փեքմեզյան կամ Իփեկյան), ֆրանս-հրեա Դանիել Ժելենին, լեհ-իտալուհի Իրազեմա Դիլյանին, ամերիկուհի Ջոան Քրոֆորդին, Ջին Սիմոնսին, նաեւ հրեական ծագումով ֆրանսիացի կինոօպերատոր Անրի Ալըկանին: Նրան հետեւելովՙ ուրիշներ էլ գրել են, որ հայեր են Ռիչարդ Բարթելմեսը, Քլարք Գեյբլը (իբր բալուցի), Սթիվ Մաք Քուինը (իբր խարբերդցի)… Հատկապես շատերն են կուլ տվել Գրեգորի Փեքի հայորդի լինելու խայծը, մասնավորապես բելգիահայերը: Ինքըՙ Փեքը, կյանքի վերջում իր հայազգի բժշկուհի Բեթի Ներսեսյանին պատմել է, որ երբ այցելել է Բելգիա, նրան դիմավորել են տեղացի հայերըՙ ձեռքներին պահած «Բարի գալուստ, մեր սիրելի հայրենակից Գրիգոր Իփեկյան» մակագրությամբ մի հսկա ցուցանակ: Իսկ լիբանանահայ գրականագետ Գրիգոր Շահինյանն իր հուշագրքում վկայել է, որ Բելգիայում «Հայ երեւելի մը կը հանդիպի անոր (Փեքին – Ա. Բ.) Անվերսի մէջ, ամբողջ օր մը կը զբաղի իրմով եւ իրիկունը կ՚ըսէ. -Գիշերն ալ Պրիւքսէլ կ՚երթանք, մեր հայերուն տարեկան պարահանդէսն է: -Մե՞ր հայերուն… -Է հա՛, ծագումով հայ չէ՞ք դուք: -Չէ՛, սիրելիս, հայ բարեկամներ ունիմ, Ուիլիըմ Սարոյեանը կը ճանչնամ, բայց հայ չեմ» (տես Գրիգոր Շահինյան, «Վերաքաղ (հատընտիր հուշեր)», Պէյրութ, 2004, էջ 229):
Արման Մասիսի նման հայացնելու մարմաջով տարված մի «ուսումնասիրող» էլ եղել է Հայաստանում: 1986-1990 թթ. տեխնիկական գիտությունների թեկնածու Ս. Գ. Հարությունյանը «Ֆիլմ» (այնուհետեւՙ «Գեղարվեստ») թերթում վարել է «Սփյուռքահայ կինոգործիչներ» խորագրով հոդվածաշար ԽՍՀՄ-ից դուրս գործած հայազգի կինոգործիչների մասինՙ լեցուն մտացածին եւ անստույգ տեղեկություններով, մոլորության մեջ գցելով բազմաթիվ ընթերցողների, այդ թվում տողերիս հեղինակին, որն այդ շարքում տեղ գտած անձանցից ոմանց ցավալի անփորձությունն է ունեցել ընդգրկելու իր կազմած վերոհիշյալ կենսագրական բառարանում: Այս հեղինակը հայ է ներկայացրել մասնավորապես հետեւյալ կինոգործիչներինՙ Անյես Վարդա (իբրեւ Աղավնի Վարդանյան, իրականումՙ Վարդաս, հույն), Ժերմին Կերժան (իբրեւ Քերջյան, իրականումՙ Շապել), Ռոզին Դերեան (իրականումՙ Շլոտերբեկ), Վերա Քորեն (իբրեւ Խորենյան, իրականումՙ Կորեցկի, ռուսական հրեա), Ժան Մյուրա (վերոհիշյալ Ժոաշեն Մյուրատի թոռը), Լորան Թերզիեւ եւ Լյուդմիլա Չերինա (իբրեւ Չեմերզյան, իրականումՙ Շըմըրզեն, չերքեզներ), Ջեյմի Ֆար (իբրեւ Ֆարհադյան, իրականումՙ Ֆարահ, լիբանանցի), Թամարա Շայն (իբրեւ Շահինյան, իրականումՙ Նիկուլինա, ռուս), Թամարա Գեւա (իբրեւ Գեւորգյան, իրականումՙ Գեւերգիեւա, թաթարուհի), Ուոլթեր Ջեք Փալանս (իբրեւ Հովհաննես Փալանույքյան, իրականումՙ Պալանյուկ, ուկրաինացի), Սիլվա Կոշինա (իբրեւ Քոսչյան, իրականումՙ Կոսկինա, հույն): Նույն հեղինակը որպես ռուսալեզու «Ուրարտու» թերթի հավելված տպագրված «Սա մենք ենք» խորագրով ծավալուն հոդվածում էլ գրել է, որ իբր հայտնի բեմադրիչներ Վինսենթ Մինելին եւ Ալֆրեդ Հիչքոքն ունեցել են հայուհի մայրեր. կրկին «առաստաղից վերցված» տվյալներ… Թերեւս այս հեղինակն այսօր նման բան չհամարձակվեր անել, քանի որ Համացանցի վստահելի աղբյուրներով (կրկնում եմ, վստահելի) միանգամայն հնարավոր կլիներ անմիջապես պարզել այդ գործիչների ազգությունը…
Ֆյունեսի բաբոնՙ ըստ սկլերոտիկ խոհարարուհու
Վերջին կինոհայացումը վերաբերում է մեր սիրելի կատակերգու Լուի դը Ֆյունեսին: Համացանցի տարբեր կայքէջերում այսօր էլ շրջանառվում է 2004 թվականին «Երրորդ ուժ» պարբերականում (հոկտեմբերի 1-7) հրատարակված ծավալուն հոդվածի տեղեկություններն առ այն, որ հռչակավոր դերասան Լուի դը Ֆյունեսն իբր էրզրումցի հայուհու թոռ է եղել: Այս տեղեկության աղբյուրը եղել է մի… իջեւանցի խոհարարուհի, որն, իր հավաստիացմամբ, երեք տարի ապրել է Փարիզում, աղախնություն արել Ֆյունեսի տանը ու իր աչքով տեսել է ու իր ականջով լսել, որ հռչակավոր դերասանը շատ էր սիրում հայկական տոլմա, սպաս, գաթա, փախլավա եւ… զորավար Անդրանիկի մասին երգերը, որ նա իբր ամեն տարի ապրիլի 24-ին գնում էր Անդրանիկի շիրիմին այցի եւ նրա տանը հաճախ էր շոշափվում 1915 թ. եղեռնի թեման…
Երբ կապվեցինք հոդվածի հեղինակի հետՙ խնդրելով նրան տալ իջեւանցի խոհարարուհու հեռախոսահամարը, նա մեզ հայտնեց, որ այդ կինն այժմ սկլերոզով է տառապում ու չի կարողանա պատասխանել իմ հարցերին…
Ամեն ինչ պարզ դարձավ…
Լավ, ինչո՞ւ նման բաներով կերակրել դյուրահավատ ընթերցողին, մի՞թե քիչ ենք ունեցել (եւ ունե՛նք) նշանավոր հայրենակիցներ, մի՞թե մեզ այսօր միայն Լուի դը Ֆյունեսի քառորդ հայկական արյունն է պակասում…
«Ռեյգանի մայրըՙ Նախշունը»
Հայացման ամենաթարմ դրսեւորումը գտա 2014-ին հրատարակված «Լոռի, իմ սեր, իմ թախիծ… (արձակի ժողովածու (Գրական Թումանյան)» հատորում ընդգրկված Արմեն Տեր-Քառյանի «Մեծ իղձ» գրության մեջ: Նրա առաջաբանում հեղինակը գրել է. «Տոհմը, որի օջախներում անցավ իմ մանկությունը, լիավստահ էր, անբեկան համոզված, որ Ռեյգանըՙ ԱՄՆ-ի պատմության մեջ իր ուրույն հետքը թողած անհատը, Աթանի ծնունդ է, նրա մի մասնիկը: Ու թե մեկը կասկածեր կամ փորձեր հերքել այս անհավատալի պատմությունըՙ շանթեր կթափեին այդ մեկի գլխին» (էջ 289):
Հուսով եմ, որ իմ գլխին նույնպես շանթեր չեն թափի, քանի որ հերքելով հերքելու եմ այս լեգենդը… Գիտենք, որ պատերազմի ժամանակ անհետ կորած հարազատ ունեցող ընտանիքները հաճախ ինքնախաբեությամբ օրրել են իրենց հույսերով, թե իբր իրենց հարազատը ողջ է… Ծնունդ են առել այլ լեգենդներ եւս, որ իբր մի օր Աթան է եկել մի ամերիկահայ ու ընտանիքին է նվիրել մի ոսկե ժամացույցՙ Ռոնալդ Ռեյգան-Մեջլումյան ստորագրությամբ…
Բնական է, որ այդ ժամացույցի հետքն այսօր չկա…
Մեծ աշխարհից կտրված Խորհրդային Հայաստանում, որտեղ տեղեկատվական անմատչելիություն էր, մի ընտանիք կարող էր իր կորած հարազատի ողջության վերաբերյալ հեքիաթներով ապրել: Սակայն մեր օրերում տպագիր խոսքով շրջանառել ընտանեկան այդ լեգենդըՙ փորձելով նույնիսկ այն հիմնավորել, արդեն չափազանցություն է: Ընդ որում, հեղինակի առաջին հիմնավորումը հետեւյալն է. «Հանրագիտարաններում, ժամանակակից գերզինված տեղեկատուներում չկան, կամ խիստ կասկածելի, իրարարմերժ եւ կցկտուր տեղեկություններ կան Ռեյգանի կենսագրության մասին» (էջ 294):
Արդյո՞ք այդպես է: Ռեյգանի վերաբերյալ ստեղծված ծավալուն գրականությունից քանի՞սն է կարդացել հեղինակը, որ իրեն իրավունք է տալիս հայտարարել, որ նրա կենսագրության մասին տեղեկությունները «խիստ կասկածելի, իրարարմերժ եւ կցկտուր» են: Մի՞թե անհնար էր բացել թեկուզ Վիքիպեդիան, որտեղ առանձին հոդվածներ կան անգամ Ռեյգանի ծնողների ու եղբոր մասին, տեղեկանալ նրա պապ ու տատերի անունները, տեսնել նրա տոհմածառը, մանկության լուսանկարները… եւ ոչ թե հայ-հարայ հրատարակել հայ գեղջկուհու լուսանկար ու տակը անվարան գրել. «Ռեյգանի մայրըՙ Նախշունը»:
Ողորմի շոթլանդա-անգլուհի Նել Ուիլսոն Ռեյգանին (1883-1996)ՙ Ռոնալդ Ռեյգանի մորը…