Չեմ հիշում, որ անցած քսան տարիների ընթացքում որեւէ հայաստանաբնակ նկարիչ իր անհատական ցուցահանդեսով ներկայանար Պրահայում: Չեխաբնակ հայ նկարիչները հաճախ են ունեցել նման ցուցահանդեսներ: Բայց երիտասարդ շնորհալի նկարիչ Նարեկ Վանն առաջինն է, ում ցուցահանդեսը բացվեց փետրվարի 15-ին Պրահայի կենտրոնում գտնվող «Յակուբսկա» պատկերասրահումՙ քաղաքական հայտնի դեմքերի, դիվանագետների ու արվեստի գործիչների ներկայությամբ: Ցուցահանդեսի կազմակերպիչներիցՙ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն իր բացման խոսքում նախ ներկայացրեց Նարեկին, ով ծնվել է 1985 թվականին Երեւանում, 1915 թվականի ցեղասպանությունից վերապրածների ընտանիքում, որոնց արմատները հասնում են Վան: «Նա շարունակում է իր պապիՙ Հայաստանի անվանի գեղանկարիչ Հովհաննես Շարամբեյանի ավանդույթները, ինչի վկայությունն է այս հրաշալի պատկերասրահում բացված ցուցահանդեսը»,- ասաց դեսպանը:
Նարեկ Վանի (Աշուղաթոյան) «Շարժվող հատվածներ» ցուցահանդեսը լիովին արտահայտում է նրա ընտրած մոգական ռեալիզմի ուղղությունը, թեեւ ինքը դժվարանում է իրեն դասել որեւէ ուղղության: Դեսպան Սեյրանյանի գնահատմամբ, Նարեկը ստեղծել է իր երեւակայական Նարեկավան քաղաքը, որի հետ շատ աղերսներ ունի Չեխիայի գեղեցիկ մայրաքաղաքը, ուր պատմական քաղաքի գույները զուգորդվում են ժամանակակից Պրահայի կենտրոնի հետ: «Այս աշխատանքներում ես տեսա չեխական Տելչ քաղաքը եւ այլ քաղաքներ: Այսպիսով Նարեկը նաեւ կամուրջ է ստեղծել Հայաստանի եւ Չեխիայի երեւակայական քաղաքների միջեւ: Սա է նրա արվեստի իմ ընկալումը, ինչպես յուրաքանչյուրը կարող է ունենալ իր սեփական գնահատականը»,- եզրափակեց դեսպանը, շնորհակալություն հայտնելով նաեւ «Յակուբսկա» պատկերասրահին եւ ձեռնարկի մյուս հովանավորներին հրաշալի ցուցահանդեսի համար:
Նարեկ Վանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց Հայաստանի դեսպանությանը եւ պատկերասրահին, որ հնարավորություն տվեցին իր մոտ 30 աշխատանքները Պրահայում ցուցադրելու եւ զգալու եվրոպական արվեստասեր հասարակության գնահատականը:
«Յակուբսկա» պատկերասրահի տնօրեն, գեղանկարիչ Ալեքսանդր Օնիշենկոն իր խոսքում շատ հակիրճ էր. «Շնորհակալություն Նարեկին նման բարձրարվեստ գործերի համար»:
Այնուհետեւ ներկաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին Նարեկի պատրաստած տեսահոլովակը, որը նրա աշխատանքների անիմացիոն ներկայացումն էրՙ Երեւանի իրական պատկերների եւ իր գեղանկարչական աշխատանքների զուգորդմամբ:
Ցուցահանդեսի ընթացքում դասական գործերի կատարումներով հանդես եկավ «Սարգսյան» լարային քառյակը: Հաճելի էր տեսնել, երբ բազմալեզու արվեստասերները գինու բաժակը ձեռքներին շրջում էին պատկերասրահի սրահներում եւ զմայլվում Նարեկի լուսավոր, հեքիաթային եւ միաժամանակ լիովին արդիական աշխատանքերով: Իսկապես, Նարեկ Վանի արվեստը բազմաշերտ է. այն մի քանի հստակ մոտեցումների համադրություն է, որում մեծ տեղ ունեն գիծը, գույնը, զարդանախշը, մոգականությունն ու բանաստեղծականությունը: Եվ ամենակարեւորը, որ նկատելի էր, բոլոր գործերը կատարված էին մանրակրկիտ նվիրվածությամբ, հենց այնպես արված աշխատանք չկար:
Նարեկի պապի ազդեցությունն իրոք մեծ է նրա արվեստի վրա: Այդ արվեստի ազդեցությունը զգացվում է նաեւ մատաղ սերնդի աշխատանքներում: Իզուր չէ, որ չեխական Լիդիցեում անցկացվող ամենամյա մանկական միջազգային ցուցահանդեսում Դիլիջանի Շարամբերյանի անվան գեղարվեստի դպրոցի սաները մշտապես արժանանում են լավագույն մրցանակների:
Մեզ հետ զրույցում 1994 թվականից գործող «Յակուբսկա» պատկերասրահի տնօրեն, ուկրաինացի գեղանկարիչ Ալեքսանդր Օնիշչենկոն մանրամասնեց, որ իրենց նպատակն էր նաեւ հեռավոր Հայաստանի ներկայացուցիչներին ցուցադրել:
Երբ ինձ ներկայացրին աշխատանքները, զարմացա, վաղուց ես նման որակով աշխատանք չէի տեսել: Գլխարկս հանում եմ նրա արվեստի առաջ: Նա առաջին հայ նկարիչն է, որ մեզ մոտ ներկայացվում է անհատական ցուցահանդեսով,- խոստովանեց գեղանկարիչը: Չի բացառվում, որ հետագայում նաեւ Ալեքսանդրի նկարները ցուցադրվեն Հայաստանում:
Վերջում նշենք, որ Galerie Jakubska պատկերասրահում հայ նկարչի անհատական ցուցահանդեսը կգործի փետրվարի 16-21-ը: Այստեղ կարող եք գնել ոչ միայն նրա նկարները, այլեւ դրանց պատկերներով բացիկների գեղեցիկ հավաքածուն: