Երբեմն հարեւան երկրից եկող տեղեկությունները յուղ են քսում մեր սրտին ու մեկ-մեկ առանց Մխիթարյանի գոլերի էլ մխիթարվում ենք. համեմատելու դեպքում` էնքան էլ վատ չի, փաստորեն, մեզ մոտ երկրի նախագահն իր կնոջը կամ դստերը Հայաստանի փոնախագահ չի նշանակում, կամ մեր համապատասխան կառույցները եվրոպատգամավորներին Ինտերպոլի հետախուզմամբ չեն սպառնում: Պետք է լինում` «Իսկանդերով» ենք սպառնում հակառակորդին, ու ռուսներն էլ, արտաքին քաղաքականությունում մեր ճիշտ խաղալու պարագայում` ստիպված են լինում (ինչպես հիմա), կամ էլ իրենց շահի հետ է համընկնում` համաձայնում են, որ Արցախյան կարգավորման առումով այլընտրանք չկա Մինսկի խմբին: Եթե գոնե ամեն օր չլսեինք մեր զինծառայողների մահվան դեպքերի, սահմանների գնդակոծման կամ մեր առօրյայի մշտական լսելիքը դարձած իքնասպանությունների ու դանակահարությունների մասին, որոնք կենցաղային եւ սոցիալական վատ վիճակի բերումով են կատարվում, միգուցե մի քիչ մեղմանայինք մեր իշախանավորների հանդեպ ու մոռանայինք շատ բան, որ ամեն օր անհանգստացնում է բոլորիս:
Մոռանայինք, որ նոր հազարամյակի սկզբից արդեն տասնյոթ տարի ոչ մի քաղաքական ուժ կենսունակ չեղավ` այլընտրանք դառնալու համար իշխանությանը, որը նորմալ պետության ցուցիչ է, ու մենք բոլորս էլի մնացինք Հայաստանի նախագահների նախագծերի շրջանակում, ու դրա վերջը չի երեւում:
Այսինքն` կմոռանայինք, որ մեր կյանքն այսքան վատ է, որ մեր զավակները մեկնում են երկրից, որ մեր շուրջն իշխում են անարժանները…
Կմոռանայի՞նք:
Անկախ նրանից, թե քանի տոկոս կխփեն ՀՀԿ-ն ու «Ծառուկյան դաշինքը», մենք դեռ տեւական ժամանակ մնալու ենք վերեւից իջեցվող նախագծերի ուրվագծած մոգական շրջանի մեջ, որպես քաղցուի մեջ խեղդվող մեղու, որն էլ նշանակում է Հայաստանի` ոչ ինքնաբավ, ինֆանտիլ եւ մարտահրավերներին անհամապատասխան քաղաքական դաշտ դեռ երկար ժամանակ: Իսկ Հայաստանը, որի ներսում քաղաքական դաշտի միավորները ոչ մի ինքնուրույն նախաձեռնության, կամ նպատակի իրագործման ընդունակ չեն` առանց ասողի, չի կարող որեւէ մեկի համար լուրջ մրցակից դիտվել` ներսում դիմադրության, լուրջ ընդդիմախոսության բացակայության պատճառով: Չէ որ բոլոր այն երկրներում, որտեղ արտաքին լուրջ մարտահրավերներ կան` հարկ եղած դեպքում դեմ են տալիս լուրջ ընդդիմության լուրջ դիմակայությունն արտաքին պարտադրանքներին: Իսկ մեր դեպքում մարտահրավերների դիմագրավման հնարավորությունն այնքան է, որքան ասողի հնարավորությունը, մտավոր ունակությունը կամ ձեռքերի ազատությունը:
Միայն ի՞նչ արժե այն բացատրությունը, որ Արցախին ուժեղ նախագահական ինստիտուտ էր պետք, քանի որ մարտահրավերներն են թելադրում, ու Արցախը ստացավ այդ` նախագահական ինստիտուտը հանրաքվեով: Իսկ Հայաստանին, ուրեմն, թույլ եւ հատվածական իշխանություն է պետք` խորհրդարանական խայտաբղետով. մարտահրավերնե՞րն են պակաս, ինչ է, թե մեր ուժեղ պետականությունը կխանգարի ուրիշներին: Կամ` Հայաստանն այնպիսի «հզոր», «ժողովրդավարական», «ինքնիշխան» պետություն է, որ յուրաքանչյուր հարցի քննարկում կարող է խորհրդարանում ժամանակատար գզվռտոցի վերածվել:
Թե, այնուամենայնիվ, Հայաստանն էլ ավելի ուժեղ իշխանական հակումներ է դրսեւորելու` ի դեմս վարչապետական նոր լիազորությունների, վարչապետը լինելու է դեֆակտո միակ իշխանությունը երկրում, իսկ խորհրդարանական կարգ հասկացությունն ուղղակի վարագույր է:
Համենայնդեպս, ըստ նախագահ Սարգսյանի խոսքի, կարելի է եզրակացնել, որ նախագահի ու վարչապետի լիազորությունների մրցակցություն նոր կարգով այլեւս չի լինելու, ի դեմս միանձնյա որոշող վարչապետի, դե, ինչ տարբերություն` նախագա՞հն է միանձնյա որոշելու, թե՞ վարչապետը…
Դա դեռ ապագա է, նոր ճակատամարտերի տեսքով, իշխանության բուն վերաբաժանումը փաստորեն 2018-ին է լինելու, երբ վերջապես կորոշվի, թե ո՞վ է լինելու սուպերլիազորություններ ունեցող վարչապետը, իսկ հիմա, այսպես ասած` զբաղվում եք (ազգին զբաղեցնելու ավելի ապարդյուն բան չկա, քան այս զիզի-բիզի ընտրություններն են), մինչեւ այս մեկ տարին անցնի:
Մանավանդ` վարչապետ Կարեն Կարապետյանն ակնարկեց` իր չորս տարվա մշտական բնակության ցենզն այդ ժամանակ արդեն կլրվի: Հսկաների բախումը, երեւում է` ա՛յդ ժամանակ է լինելու, եւ այդ բոլորը, միեւնույն է, տեղավորվում է անձնապայքարի, եւ ոչ թե քաղաքականության տրամաբանության մեջ, որը մեր կարծիքով դեռ շատ տարիներ Հայաստանում իր իրավունքները չի հաստատելու: Դա առավել քան լավ երեւաց հերթական անգամ, երբ մեր կուսակցություններն ու դաշինքները, իրենց համամասնական ու տեղական ցուցակների` երեք հազարի գծին մոտեցող ծանրակշիռ թվով ներկայացան ԿԸՀ:
Ցուցակների ուսումնասիրությունը առավել քան հիասթափեցնող էր: Այդ ցուցակներում մենք տեսանք մեր երկրի բոլոր հիվանդությունները, վատ սովորույթներն ու ուղղվել չուզենալու` կարծրացած բնավորությունը, իրական հեղինակություններին ու արժեքներն արհամարհելու տասնյակ տարիների վատ հակումները, ազգականներով (փեսա-աներ-աներձագ-որդի-դուստր-սիրուհի), թայֆայով, հոմանիներով եւ ֆավորիտներով իշխանությունն իրենցով անելու ֆեոդալական սովորությունները:
Երազանք մնաց, որ գտնվի մի այնպիսի ղեկավար, որը մեկ առ մեկ կճանաչի երկրի բոլոր արժեքավոր, խելացի ու նախաձեռնող մարդկանց` մասնագետներին եւ մտավորականներին, եւ բոլոր կեղծ արժեքներին ցույց կտա ելքի դուռը: Որն իսկապես պետության ճակատագրով մտահոգ` կուսակցությունունների դուռը կփակի արկածախնդիրների, տգետների, անուսների ու քրեամերձ տարրի համար, եւ իսկապես իրականություն կդարձնի մի առիթով արված այն պոռթկումը, թե կուսակցությունը ոհմակ չէ: Նայելով ԿԸՀ-ում ապաստան գտած ցուցակներին` կարելի է համոզված երկրորդել` Ոհմակ է, այն էլ ինչպիսի՜:
Այլապես եթե այսքան վատ է վիճակը, որ ամեն ինչ պետք է ուղղվի ու փոխվի` պետք է աշխատեր Հայաստանի Հանրապետության առաջին տարիների իշխանավորների վարքագիծը, երբ արտերկրում եւ հենց բուն երկրում փնտրում էին լավագույն մասնագետներին` ճարտարապետների, բժիշկների, գիտնականների, ուսուցիչների, ապահովում նվազագույն պայմաններով ու հրավիրում` ոտքի կանգնեցնելու երկիրը: Մենք միշտ մտածում էինք, որ ի վերջո կգտնվի այնպիսի ղեկավար, որը մի կողմ կդնի զանազան շահերը ու ա՛յս կարգախոսով կաշխատի: Կհավաքի նրանց, որոնք իսկապես իրենց գործի գիտակն են, նրանց կբերի խորհրդարան, կառավարություն, նրանց աշխատանքի վրա հենվելով` կփորձի փոխել մեր կյանքը` զերծ մնալով թայֆաբազությունից, որ հիմա, ժարգոնով, «թմային աշխատանք» են կոչում : Չասեք` պատերազմ ու շրջափակում, Հայաստանը երբեք հրաշալի վիճակում չի եղել. այն ժամանակ, երբ Թամանյանին էին հրավիրում` երկրում մարդիկ սոված էին:
Ու այս իմաստով, երբ բոլորը մեծ-մեծ խոսում էին, թե իրենց ցուցակներում ոչ միայն կուսակցականներ են լինելու, այլեւ ոչ կուսակցական մարդիկ, ես մտածում էի, որ միգուցե ՀՀԿ-ն ի վերջո կզգա երկրի առջեւ իր պատասխանատվությունը (համենայնդեպս` այն ստեղծվել է որպես ազգային գաղափարախոսություն ունեցող կուսակցություն) եւ իր ցուցակ կհրավիրի իսկապես առաքինի, մասնագետ եւ հեղինակավոր մարդկանց, որոնք խելք-խելքի կտան երկիրը ոտքի կանգնեցնելու համար: Ասենք` Աբել Աղանբեկյանին, Հասմիկ Պապյանին կամ ներսից`Աշոտ Մելքոնյանի տիպի մարդկանց, շատ անուններ կարելի է տալ` մի քիչ զսպելով Կարեն Ավագյանի բոլոր օգնականներին խորհրդարան տանելու խիստ թայֆայական գայթակղությունը: Կամ գագիկ Ծառուկյանը կմտածի իր դաշինքը զարդարել աշխարհի հայտնի հայերով, գոնե որպես սիմվոլիկա, ու սեփական օգտագործման տնտեսագետներից զատ կհարվիրի, ասենք, տնտեսագիտության եւ իրավագիտության ռահվիրաների ու նոր անունների: Կամ «Ելքը» կուսակցական եւ քաղաքացիական ակտիվիստ-աղմկարարներից բացի` կմտածի համալրվել ոլորտային այնպիսի հարգված մասնագետներով, ինչն այս դաշինքում պետական մտածողության կրողների մասին կվկայեր: Խոսքը հավասարապես բոլոր կուսակցություններին ու նրանց ցուցակներին է վերաբերում:
Ավաղ, ինչպես քսան տարի, այնպես էլ հիմա` ով ամենասկզբից ճարպիկ է գտնվել ու մտել է շրջանից ներս, նրանք էլ մինչեւ մահվան օրը ուզում են մնալ քաղաքական ու կառավարման ղեկի մոտ, եւ իրենց վաղուց հայտնի ու բացահայտված մտահորիզոնի չեղած հորիզոնները կրկին առաջարկել ազգին, իսկ ազգի իսկական սերուցքը իրեն շատ հեռու է դնում լրիվ արժեզրկված կուսակցություններից էլ, կուսակցականությունից էլ:
Կուսակցական ցուցակներում հաստատ առաջ էլ, հիմա էլ, ոչ սերուցքն է (հա, սերուցք է, բայց գիտեք, թե ո՞ր շերտերի սերուցքը), ոչ ազգին նվիրյալները, ոչ էլ իսկապես այն կարող մարդիկ, որոնցից ակնկալիք կարելի էր ունենալ:
Սա՞ է գովերգված համամասնականը, որը, դատելով հրապարակված ցուցակներից, ոչ մի շանս չի տալիս հայ ժողովրդին` իր իսկական ներուժով ներկայացված լինել խորհրդարանում:
Թայֆայով պիտի երկիր փրկե՞ք, կամ էդ սամանափակ ուղեղներով պիտի կանոնակարգե՞ք հայ ժողովրդի անսահման ու անսահմանափակ տաղանդը (որ ազատ ծիլ է տալիս այլ երկրներում, բայց ոչ հայրենիքում), համբերությունն ու ապագան: Այլապես` ինչու ձեր ցուցակներում առկա լուրջ մարդկանց մատների վրա հաշվելիս անգամ երբեմն մի ձեռքն է հերիք անում: Իսկ էլ ի՞նչ պիտի լինի Հայաստանի հետ, որ ի վերջո մտածեք լուրջ տնտեսագետներին, իրավաբաններին, արվեստի ու մշակույթի իրական նվիրյալներին տանել Ազգային ժողով` էս ժողովրդի ցավերը դարմանելու, ու ոչ թե ձեր սեփական բիզնեսին կտուր կանգնելուց, ընտանիքների տարբեր ճյուղերին թիկունք լինելուց այն կողմ բան չտեսնեիք:
Օրինակ` որ հանքերը դրած ուտում եք` մի հայտնի երկրաբանի որ ներս տանեիք` ձեզ մանրակրկիտ կբացատրեր, որ հարյուր տարվա համար ձայն տվող երկրի հարստությունը չի կարելի մի հինգ տարում մի քանի մարդով ուտել: Անուններ շատ կարելի է տալ` հայտնի հնագետ Համլետ Պետրոսյանին որ տանեիք` կբացատրեր, որ միլիոններ էլ ծախսեք, զանազան անմակարդակ բրոշյուրներ էլ որ տարածեք ԵԽԽՎ-ում, այն ազդեցությունը չի ունենա, ինչ կունենա Արցախյան Տիգրանակերտի պեղումների եւ դրանց վերաբերյալ բազմալեզու գիտական նյութի տպագրության շարունակականությունը: Ո՞վ պիտի դա ձեզ բացատրի` Լֆի՞կը, թե Քեթրինի Միհրանը:
Կամ որ մի իսկական գրող լիներ խորհրդարանում (տեղեկացնում եմ` Հրանտ Մաթեւոսյանը մահացել է), ի վերջո կմտածեր եւ գրականությունն աղբից մաքրելու, եւ իսկական գրականությունը կինո բերելու մասին` սա ամենամեծ արդարացումը կլիներ ձեզ համար, թե չէ ազգովին գողականների մասին ծռմռվելով պատմվող կամ հնդկական սերիալների հույսին են` Ռամը ձեզ օգնական, ինչպես հումորի են տալիս սոցիալական ցանցերով: Հասկացանք, որ ձեր խորովածի սեղանները պետք է երգիչ զարդարի, թե չէ սոված ժողովրդի ֆոնին առանց երգի անգամ դուք չեք կարողանում խորոված կուլ տալ:
Էէէ, ինչ եմ ասում, կուսակցական թայֆայաբազության վերին խազն արդեն այս անգամվա ցուցակներով է քաշվել, որտեղ ամեն տեսակ արկածախնդիրներ, անկիրթներ, թաղային զրթուզիբիլ, կրթության հետ անհաշտ փողատերերի շքերթ է, ու այս ֆոնին խոսել երկիր փրկելուց ու ուրիշ բարձր թեմաներից` թվում է պարզապես անիմաստ խոսակցություն, անգամ` հետամնացություն:
Իսկ դե էն, թե Շմայսը գազավիկ է դառնալու, ոչ թե պատգամավոր,«Ծառուկյան դաշինքի» ցուցակները մինչեւ վերջ հայտնի չեն, կամ էս ու էն մականանունավորն ի՞նչ շարժեր է անում, որքան փող կամ այլ առարկայական նվերներ է խոստացել ընտրողին, կամ` էս գործիչն էս ասաց, դուք ի՞նչ կասեք էդ կապակցությամբ, դե մի սկանդալային բան ասեք, էլի, ԶԼՄ-իս վարկանիշը բարձրանա` այս բոլորը միայն գլխավոր իրողության դատարկությունը շղարշող աքսեսուարներ են, որոնց տակից ծիկրակում է մեծ դատարկությունը:
Հ.Գ. «Ծառուկյան դաշինք» անվանումը հարկ է գրել մեր տարբերակով, գոնե այդպես կշղարշվի, որ անձի անունով դաշինք կոչելը չի բխում բառի նշանակությունից: