Ժամանակին՝ սուլթանական, այնուհետեւ երիտթուրքական եւ ավելի ուշ՝ քեմալական Թուրքիայում հայերի ու հպատակ մյուս ազգությունների դեմ պատժիչ գործողություններ ձեռնարկելու համար թուրքերը սովորություն ունեին կիրառել ինքնարդարացման մի շա՜տ սովորական հնարք՝ «դինիմե սյովդի», «կրոնիս կամ հավատիս հայհոյեց»։ Դա բավական էր, որպեսզի «հայհոյողը», լինի անհատ թե հավաքականություն, իսկույն ենթարկվեր խստագույն պատիժի՝ բանտարգելությունից մինչեւ կախաղան, մինչեւ կոտորած ու ջարդ։
Այսօր, 21-րդ դարի առաջին քառորդում, թուրքերը, կարակոյունլուներ թե ակկոյունլուներ, նույն հնարքներն են օգտագործում հայերիս դեմ, այս օրերին՝ հատկապես արցախահայության դեմ, միայն թե՝ ոչ թե կրոնը կամ հավատը վկայակոչելով, ինչը մոդայիկ չէ հավատուրացության մեր ժամանակներում, այլ՝ արտաքին աշխարհի համար «համոզիչ» բնապահպանակա՜ն պատրվակը։ Արցախցիները, պատկերացնո՞ւմ եք, հանքարդյունաբերությամբ են զբաղվում, որը խի՜ստ վտանգավոր է շրջակա միջավայրի, ողջ մարդկության ու, թերեւս, ամբողջ երկրագնդի համար, նույնիսկ՝ Երկիր մոլորակի կլիմայի տաքացման տեսակետից։
Ազերիները լավ գիտեն, որ ներկայիս տագնապահար աշխարհում, իրենց իսկ կողմից կաշառված պետություններն ու միջազգային կազմակերպությունները ձայն չեն բարձրացնելու, հարց չեն տալու, թե պաշարման օղակի մեջ տվայտվող արցախահայերը, որոնք չեն կարողանում դաշտ դուրս բերել իրենց տրակտորներն անգամ, այդ ի՞նչպես են կարողանում ծանր տեխնիկա օգտագործել հանքարդյունաբերության համար։ Ոչ ոք չի հարցնելու, թե այդ ի՞նչ «բնապահպաններ» են, հայախոս եւ աղավնակերպ, որ բնավ հետաքրքություն ցույց չեն տվել Զանգելանում եւ այլուր ամերիկյան Սունունու ընտանիքի եւ անգլիական դենդիների ներդրմամբ շահագործվող հանքերի հասցրած էկոլոգիական վնասների ուղղությամբ։
Նրանք, ազերիները, լավ գիտեն, որ իրենց կաշառասուն ավագ եղբայրներից Մեվլութ Չավուշօղլուն արար աշխարհին պիտի «բացատրի», որ «Ղարաբաղում հայերը Ադրբեջանին պատկանող հողերում հանքեր են շահագործում եւ թույլ չեն տալիս ադրբեջանցի մասնագետներին մոտենալ ստուգումների», ինչը, ըստ իրեն, «նշանակում է, որ Ադրբեջանի բնական հարստությունը ղարաբաղցիները գողանում են»։ Այստեղ են ասում՝ աղվեսից վկա ուզեցին՝ պոչը վկա բերեց։ Այս պահին կարեւոր չէ՝ ո՞վ է աղվեսը եւ ով՝ պոչը։ Ոճը մնում է նույնը՝ թուրքականը. «դինիմե սյովդի»…
Առայժմ մի կողմ թողնենք դրսի աղվեսներին ու պոչերին եւ տեսնենք, թե ի՞նչ են ասում մեր ներքին թութակները։ Վերջինները, բոլորն էլ ՔՊ-ականներ, բոլորն էլ խորհրդարանի պատգամավորներ, շարունակում են երգել նույն երգը՝ Լաչինի միջանցքի վերաբացումը, 120 հազար արցախցիներին սովամահությունից փրկելը, գազի մատակարարումը վերսկսելը ոչ թե մեր, այլ ռուս խաղաղապահների եւ Բաքվի գործն է, նրա՛նք պետք է հարթեն խնդիրները, Հայաստանը պատասխանատվություն չի կրում։ Միամիտ կամ միամիտ ձեւացող այդ տղաները վախենում են, որ Լաչինի միջանցքին տիրություն անելու պարագայում Երեւանը «ստիպված կլինի» Ադրբեջանին զիջել Զանգեզուրի «միջանցքը», որի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը երեկ պաշտոնապես հայտարարեց, թե ինքը գրավոր թե բանավոր որեւէ խոստում չի տվել որեւէ մեկին։ Իսկ նրանցից մեկը՝ նախկինների նախկին Վիգեն Խաչատրյանն առաջ անցնելով՝ դավադրական մի ամբողջ տեսություն առաջ քաշեց խորհրդարանի ամբիոնից հայտարարելով, որ «Ռուսաստանն է մեզ ուզում ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ», որպեսզի Ղարաբաղը հանձնի Ադրբեջանին եւ «փոխարենը Հայաստան ստանա Ադրբեջանից»։ Պատերազմ՝ որին Հայաստանում անհամբեր սպասում են նաեւ, իր խոսքով, «ռեւանշիստները», որ «մենք մի հատ էլ պարտվենք եւ իրենք իշխանության գան արդեն ՌԴ նահանգում»։ Խելապակաս այս մտքերի հեղինակը կարծես չգիտի, թե ռուսներն առանց պատերազմի էլ կարող են հեղաշրջում իրականացնել Հայաստանում։ Չգիտի նաեւ, որ պատերազմի թիրախը այս անգամ Ռուսաստանն է լինելու, բայց մեր տարածքի վրա։
Այս եւ նման անհեթեթությունները երեկ պատասխան ստացան Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի շուրթերով, որի խոսքը իսկապես համոզիչ կլիներ, եթե ռուս խաղաղապահները տեղում առկա իրենց հզոր մեքենաներով Հայաստանից Ստեփանակերտ մարդասիրական կամուրջ ստեղծեին, ի չիք դարձնելով Արցախը շնչահեղձ անելու ադրբեջանական ջանքերը։
Համենայնդեպս, թեեւ ուշ եւ ուշացած, երեկվանից նկատելի դարձան ՀՀ եւ ԱՀ իշխանությունների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների եւ անհատների ջանքերը միջազգային տարբեր հարթակներում՝ ի պաշտպանություն շրջափակման ենթակա մեր հայրենակիցների։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ԱՄՆ դեսպանի, Ֆրանսիայի խորհրդարանի, մի շարք այլ երկրների, միջազգային կազմակերպությունների հայտարարությունները եւ լրատվամիջոցների մարդասիրական արձագանքը կարող են հույս ներշնչել, որ հումանիտար աղետը առժամաբար կխնայվի արցախահայությանը։ Առժամաբար՝ քանզի Բաքուն եւ Անկարան բնավ չեն հրաժարվելու իրենց թշնամական ծրագրերից, միշտ օգտագործելու են «դինիմե սյովդի» տեսակի հնարները։
Կարեւորը արցախահայության եւ մեր դիմակայելու կամքն է:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ