ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու
Գյուղատնտեսությունը հանդիսանում է էներգիայի տարբեր տեսակների խոշոր սպառող: Նույնիսկ բարձր զարգացվածությամբ երկրներում գյուղատնտեսությանը բաժին է ընկնում երկրի ամբողջ էներգասպառման մոտ 15 տոկոսը: Գյուղատնտեսության ընդհանուր էներգասպառման մեջ (հաշվի առած նաեւ գյուղական բնակչության սպառումը (ուժային) մեխանիկական) էներգիան կազմում է մոտ 15 տոկոսը, լուսավորության նպատակների համար օգտագործվում է մոտ 5 տոկոս: Ջերմության սպառման կարիքների բավարարման համար ծախսվում է ամբողջ էներգիայի գրեթե 80 տոկոսը: Հետեւաբար, գյուղատնտեսության ամբողջ էներգասպառման մեջ հիմնական տեղը զբաղեցնում է ջերմսպառման կարիքների բավարարման համար գնացող էներգիան, որի համար արտադրման եւ օգտագործման ժամանակակից ձեւերը կատարյալ չեն:
Որոշ դեպքերում գյուղատնտեսության ջերմամատակարարման համար օգտագործում են վառելիքի ոչ ռացիոնալ տեսակներ, ոչ կատարյալ ջերմային կայանքներ ցածր օգտակար գործողության գործակցով, որոնք չեն բավարարում գյուղատնտեսական արտադրության եւ գյուղական բնակչության տեխնոլոգիական պահանջները:
Ջերմամատակարարման մի շարք սկզբունքներ , որոնք մշակված են քաղաքների համար, չեն կարող կիրառվել գյուղատնտեսության բնագավառում, ելնելով գյուղատնտեսության եւ գյուղական բնակչության կենցաղի մի շարք առանձնահատկություններից: Նշված բնագավառների յուրօրինակությունները պայմանավորված են նախ եւ առաջ ջերմային բեռնվածության ցածր խտությամբ, որը մի շարք դեպքերում խիստ վատացնում է ջերմամատակարարման համակարգերի եւ օգտագործվող վառելիքի տեսակների տեխնիկա-տնտեսական ցուցանիշները:
Գյուղատնտեսական արտադրության պոտենցիալն ու արդյունավետությունը որոշակի ձեւով պայմանավորվում է նաեւ էլեկտրա- եւ ջերմամատակարարման հուսալիությամբ եւ անընդհատությամբ: Գյուղատնտեսական արտադրամասերում ջերմամատակարարման հուսալիության խախտման հետեւանքով ընկնում է ներսի ջերմաստիճանը, որը բերում է անասունների աճի նվազման 20-25%-ով, կաթնատվության նվազմանՙ մինչեւ 25%, կերանյութերի ծախսի ավելացմանՙ 30%-ով, կենդանիների հիվանդացման ավելացման , մատղաշի անկման մեծացման: Ոչ բնականոն էներգամատակարարումն իր ազդեցությունն է թողնում նաեւ արտադրական շենքերի ու սարքավորումների վրա:
Անբավարար էներգամատակարարման հետեւանքով վատանում է նաեւ ենթակառույցներիՙ մանկապարտեզների, մանկամսուրների, դպրոցների եւ այլնի աշխատանքը:
Գյուղական արտադրության էլեկտրամատակարարման հիմնական աղբյուրը մնում է էներգահամակարգը:
Գյուղատնտեսական արտադրության էներգամատակարարման կարգավորման մեջ առաջնակարգ նշանակություն է ստանում ջերմամատակարարման բարելավումը: Կաթսայատների աշխատանքի բարելավումը պահանջում է բարձրորակ վառելիքատեսակներիՙ առաջին հերթին բնական գազի օգտագործումը, օրինակ, կենսագազի ստացման սարքավորումների ներդրումը եւ այլն:
Ներկայումս ստեղծվել են նոր, ժամանակակից համալիրներ, որոնք բարեհաջող կերպով գործում են շուկայական հարաբերությունների պայմաններում:
Խոշոր տնտեսություններում էներգամատակարարման հարցերը չեն ստացել արդյունավետ լուծումներ: Անասնապահական խոշոր տնտեսություններում անգամ անասնապահական շինությունները (գոմերը) չեն տաքացվում: Դրանց միայն պայմանականորեն կարելի է գոմեր համարել, քանզի դրանք մեծ մասամբ երեք կողմանի ծածկույթներ են, մի կողմից բաց: Դրանցում չեն կիրառվում գյուղմթերքների ստացման ու պահպանման ժամանակակից մեթոդներ:
ՀՀ գյուղատնտեսության տեխնիկական մակարդակը ավելի բարձրացնելու համար անհրաժեշտ է կազմակերպել եւ իրականացնել լայնամասշտաբ հետազոտություններ, ինչպես գյուղատնտեսական արտադրության, այնպես էլ գյուղական բնակավայրերի էներգետիկ տնտեսությունների ստեղծման, կատարելագործման ուղղությամբ:
Արդյունաբերության մեջ նախկինում փոքր հզորությամբ ջեռուցման ՋԷԿ-երի տեւական ժամանակաշրջանում շահագործման դրական փորձը (մասնավորապես շաքարի արդյունաբերության մեջՙ օրինակ, Սպիտակի շաքարի գործարանի 1.5 ՄՎտ հզորությամբ ՋԷԿ ), վկայում է այդպիսի ջեռուցման ՋԷԿ-երի լայնածավալ կիրառման նպատակահարմարության մասին: Այդպիսի ջեռուցման ՋԷԿ-երի կառուցումը մեծ բարդությունների հետ կապված չի լինի, քանզի դրանք կտեղաբաշխվեն գործող ձեռնարկությունների տարածքում: Դեռեւս տարիներ առաջ տեղադրվեց եւ շահագործման հանձնվեց Ախուրյանի շաքարի գործարանի ՋԷԿ-ը 6 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: Այս ՋԷԿ-ի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը կատարվել է տողերիս հեղինակի կողմից:
Գյուղական վայրերում կարելի է օգտագործել նաեւ գազատուրբինային տուրբիններով կահավորված փոքր հզորությամբ ջեռուցման ՋԷԿ-եր:Անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել գյուղական բնակավայրերի գազիֆիկացման վրա: Այն հնարավորություն կտա լուծելու բազմաբնույթ հարցեր եւ կբերի ոչ միայն էներգիայի խնայողության, այլ նաեւ բնակչության բարեկեցության բարձրացմանը:
Ելնելով նախորդ դարի 50-ական թվականներին ՀՀ-ում բնակավայրերի (մասնավորապես գյուղական) էլեկտրիֆիկացման ուղղությամբ, այդ թվում եւ փոքր ՀԷԿ-երի շինարարության ուղղությամբ գործող Հայգյուղէներգո ձեռնարկության աշխատանքի դրական փորձը, ներկայումս եւս նպատակահարմար կլինի վերականգնել համանման միավորը, ինչպես փոքր ՀԷԿ-երի, այնպես էլ փոքր եւ միջին ջեռուցման ՋԷԿ-երի, էլեկտրական ու ջերմային ցանցերի կառուցման, կարգաբերման, նորոգման ու սպասարկման համար: Ստեղծվող օղակը ըստ երեւույթին պետք է հենվի տնտեսավարման ժամանակակից մեթոդների վրաՙ բաժնետիրական, մասնավոր կապիտալի լայն ընդգրկմամբ:
ՀՀ քաղաքների ու բնակավայրերի էներգամատակարարման համար անհրաժեշտ փոքր եւ միջին հզորության ջերմաֆիկացիոն տեղակայանքների նախագծման ու ներդրման խնդիրները կարող են լուծվել ոչ մեծաթիվ կոմերցիոն եւ ակցիոներական կառույցների ու ընկերությունների կողմից հանրապետության պետական կառույցների համապատասխան հովանավորության պայմաններում: Ընդ որում, նշված տեղակայանքների ներդրումը, շնորհիվ իրենց պարզության ու ոչ մեծ արժեքի, կարող են իրականացվելՙ ներգրավելով նաեւ ապագա սեփականատերերի միջոցները, այդ թվում նաեւ վարկավորման կամ լիզինգի հիման վրա:
Այս պայմաններում սպառողների զգալի մասի մոտ կստացվի ավելի նպատակահարմար սեփական էներգաաղբյուրների եւ առաջին հերթին համակցված տեղակայանքներիՙ ջեռուցման ՋԷԿ-երի կառուցումը: Այն կբերի էներգաապահովման ոլորտում ծախսերի 1,5-2 անգամ նվազման: Սեփական էներգաաղբյուրների ստեղծումը լրջորեն կբարձրացնի սպառողների էներգամատակարարման (էլեկտրա եւ ջերմային) հուսալիությունը, կակտիվացնի սպառողների սեփական եկամուտների ներդրումը եւ այլն: Անհրաժեշտ է գյուղական վայրերում լայնամասշտաբ օգտագործել այլընտրանքային էներգիայի աղբյուրները ու միաժամանակ բարելավել օրենսդրական դաշտը: