Ոչ ոք չի կարող տրամաբանական բացատրություն գտնել այն իրողությանը, թե ինչպես կարող է հանրության զգալի հատվածներին թշվառության հասցրած, իրավական եւ սոցիալական անարդարությունների մթնոլորտը բնավ փոխել չկամեցող իշխանությունը նորից ստանալ այդ բոլորին ամեն օր ենթակա ընտրազանգվածի քվեն, եթե վերջինս չի առաջնորդվում խելագարության կամ ինքնաոչնչացման կանխավարկածով: Բայց երեւում է` այն ինչ անտրամաբանական է ողջ աշխարհում, Հայաստանում լավ էլ կարող է տրամաբանական լինել ու անգամ անվանվել ընտրությունների «նոր մշակույթ» կամ «ազատ ընտրություն»: Ինչ էլ ասենք թեեւ` տեղի է ունեցել այն, ինչ պիտի տեղի ունենար եւ կանխատեսելի էր գործընթացներին խորքից հետեւող մարդկանց համար, եւ հիմա միակ ճիշտ կեցվածքն այն կլինի, որ վերընտրված իշխանությունից շատ կոշտ պահանջենք` վերջապես սկսել փոփոխություններ իրականացնելու խոստումները կատարել, փոփոխությունների մասին թատերական ցուցադրությունից անցնել բովանդակային ինչ-որ քայլերի, քանի որ ուրիշ մեկը չկա, որից դա պահանջենք: Հետագա դիտարկումներն անենք` մի անգամ եւս հիշեցնելով ԿԸՀ հրապարակած ընտրությունների նախնական արդյունքները. Հանրապետական կուսակցություն- 49,12 տոկոս, «Ծառուկյան» դաշինքՙ 27,32 տոկոս, «Ելք» դաշինքՙ 7,77 տոկոս, ՀՅԴՙ 6,57 տոկոս: Ըստ այդմ, ՀՀԿ-ն կստանա 58 մանդատ, «Ծառուկյան դաշինքըՙ 31 մանդատ, «Ելք» դաշինքըՙ 9 մանդատ եւ ՀՅԴ-նՙ 7 մանդատ: Մնացած կուսակցություններն ու դաշինքները ստացել են խորհրդարան անցնելու արգելանքի շեմը չհաղթահարող քվեների ցածր տոկոս:
Ինչ պատկեր ստացվեց
Նոր խորհրդարանը փաստորեն ավելի օլիգարխական ստացվեց, քան նախորդը` պատգամավորների կեսն այստեղ, եթե որոշ անհատների չհամոզեն մանդատները զիջել, լինելու են ռեյտինգային ցուցակներով ընտրված մեծահարուստները, զանազան մականունավորներ, գողական կեցվածքից չխորշողներ եւ այլք:
Իհարկե, մենք պատրանքներ չունեինք, թե այլ խորհրդարան է ձեւավորվելու, քանի որ դա կլիներ միայն այն դեպքում, երբ իսկապես աշխատեր 100 տոկոս համամասնական ընտրակարգը: Սակայն իրականում այն 50/50-անոց ռեյթինգային-համամսնական էր, հենց այդ կարգին համապատասխան խորհրդարան էլ ձեւավորվել է: Մենք սխալվել էինք միայն ընդդիմության հարցում` ենթադրելով, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դուրս չի մնա, եւ իր խաղաղության քարոզի դիմաց` իշխանությունը կապահովի նրա մուտքը խորհրդարան:
Միգուցե ՀԱԿ առաջնորդի եւ իշխանության միջեւ այլ պայմանավորվածություն կա՞, չգիտենք, երբ գործադիր պաշտոնները բաշխեն, այդ ժամանակ կերեւա: Քանի որ դա էլ տարբերակ է` խաղաղության քարոզչությանը հասարակության հակազդեցությամբ միջազգային հանրությանը ցույց տալ, որ Հայաստանում պատրաստ չեն անվտանգության գոտու վերադարձմանը: Սա ինքնազոհության ակտ է, որ պետք է վարձատրվի, համենայն դեպս` ըստ հայաստանյան իրողությունների:
Իսկ մնացած խորհրդարան անցած եւ չանցած ուժերի վերաբերյալ չէինք սխալվում մեր վերջին երկու վերլուծություններում: Այսինքն` իշխանությունն այնպիսի ճշգրտված մեխանիզմներով աշխատեց, այնպես հաշվարկված էր ամեն քայլ, որպեսզի խորհրդարանը ձեւավորվի նվազագույն թվով եւ գործառույթները հստակ բաշխած քաղաքական ուժերով, իրականացնելով քաղաքական դաշտը մաքրելու վերեւների վաղեմի պլանները, որը նախապես էլ կանխատեսելի էր:
Այսպիսով` խորհրդարանում դերերն այս անգամ հստակ բաշխվելու են`մեծամասնությունն իր գործը շարունակելու է այնպես, ինչպես տասնյակ տարիներով, ընդդիմությունն ավելի հստակ դիմագիծ է ունենալու եւ ստանձնելու վերեւների համար ոչ սարսափելի եւ միգուցե ցանկալի, կարելի է անգամ ասել` նրան հարկավոր սանիտարի դերը: Իսկ հանրությունը պարզապես հերթական անգավ դարձավ ընտրական աճպարարության, այս անգամ` ոսկերչական հմտությամբ մտածված ընտրական մեխանիզմների զոհը: Բռավո դրանց հեղինակներին: Այ, եթե նույն հանճարեղությամբ նրանք մտածեին երկիրը փոսից հանելու մեխանիզմները, այսինքն` իրենց ջանքերն այդ ոլորտում ներդնեին, ոչ թե ընտրողին մոլորեցնելու ու նրան խաբս տալով` հարմար խորհրդարան ձեւավորելու վրա ծախսեին ջանքերը, միգուցե մենք այս վիճակում չլնեինք:
Ասենք, որ 58 մանդատ ստացող ՀՀԿ-ի պարագայում մեծ հաշվով արդեն հետաքրքրական էլ չէ, թե ում հետ կոալիցիա կկազմի, դա կլինի միայն ՀՅԴ-ն, թե՞, այնուամենայնիվ, «Ծառուկյան դաշինքի» հետ էլ հնարավոր է կոալիցիան, նկատի առնելով, որ 15 միլիարդի ներդրման խոստում են հնչեցրել Ծառուկյանի ընկերները, Հայաստանը հո չի՞ կարող բաց թողնել այդ ներդրումները: Արդեն առանց հումորի նկատենք, որ եթե, միեւնույնն է, բիզնես մտածողությունն է խորհրդարան կազմելու հիմքում, եւ քաղաքական ուժերն էլ իրենց բիզնես -ծրագրերն էին կազմել «Ընտրություններ» անունով բիզնես միջոցառման համար, իսկ անձերն էլ, հատկապես ռեյտինգայինները ե՛ւ ՀՀԿ-ում, ե՛ւ «Ծառուկյան դաշինքում» նույն որակի են, ապա արդեն ի՞նչ կարեւոր է, թե ով` ո՞ւմ հետ կոալիցիա կկազմի կամ չի կազմի: Թեեւ`ՀՀԿ-ի համար ավելի ներկայանալի կլինի միջազգային հարթակներում ցույց տալ, թե խորհրդարանում ի~նչ հսկա ընդդիմադիր կորպուս ունի, արմատական («Ելքը») եւ կառուցողական («Ծառուկյան դաշինքը»), ու այդ իմաստով որքա~ն ժողովրդավար երկիր է Հայաստանը:
Բայց, իհարկե, կատակը մի կողմ` հազիվ թե «Ծառուկյան դաշինքում» եւս ինքնասպանների թիվը մեծ լինի, առավել հավանական է, որ այս խմբակցությունը, որտեղ մականունավորների, նախկին եւ ներկա պաշտոնյաների պակաս չկա, ինքն իրեն ընդդիմադիր կհայտարարի, թեկուզ իր ստացած ընդդիմադիր ընտրազանգվածին միանգամից չհիասթափեցնելու եւ միայն Նիկոլի խմբակցությանը ընդդիմադիր թագավորությւոնը չթողնելու համար, ի հիասթափություն նախարարական հավակնություններ ունեցող մի շարք դաշինքականների: Ինչ արած` խաղն արժե մոմերը:
Բացի այդ` հանրությունը երկար չի մնա ընտրությունների օրվան հաջորդող մեծ հիասթափության եւ դատարկության զգացումին տրված, քանի որ արագ հերթագայելու է նոր` մայիսի տասնչորսին կայանալիք Երեւանի ավագանու ընտրության զբաղվելիքը, ամեն ինչ մոռացվելու է նոր շուուի մեջ, փողի սպասողները այստեղ եւս կարող են որոշ ակնկալիքներ ունենալ:
Շարունակվելու է նաեւ Արցախյան հարցի բանակցությունների վերաբերյալ տարբեր սրության տուրեւառը, այնպես որ ընտրություններն ու նրա պատճառած լեղահամը արագ կանցնեն-կգնան ու կմոռացվեն, իսկ ահա մեր հոգսերն ու պրոբլեմները` ոչ, որոնց լուծումը նորից ու նորից ստիպված ենք սպասել նույն իշխանավորներից, որոնք տասնյակ տարիներով չեն լուծել դրանք:
Միայն թե անհասկանալի է, թե ինչու են ՀՀԿ շրջանակներից ոմանք այդքան անթաքույց ոգեւորվում, թե ընդդիմափոխություն են արել (ասել է, թե հարմար ընդդիմություն են տարել խորհրդարան), եթե ընդդիմությունը թարմացվել է, միթե դա նշանակում է, որ իշխանությունն ինքն իրեն էլ է թարմացված համարում: Հա, իհարկե, Կարեն Կարապետյանը ստացավ ուրիշների փոխարեն քննություն հանձնելու իր բարձր նիշը` ՀՀԿ-ին տրված մեծ քվեի տեսքով, ու, միգուցե, եթե նա շարունակի աշխատել` ՀՀԿ-ի շատ հայտնիներ ու հանրությանը հիասթափեցրածներ սսկվեն, ու հենց խորհրդրանաում նրանց ծպտունը չլսվի: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ Կարեն Կարապետյանը եւս ներկայացնում է բիզնես աշխարհի` ռուսական ծագմամբ կապիտալի շահերը, ու նրա խոստացած ներդրումները որոշակի ազդեցության շրջանակն են ընդլայնելու, իսկ դա միշտ ենթադրում է հասարակության հետ կապ չունեցող շահերի բախում խորհրդարանում ու կառավարությունում, դա արդեն իշխող ուժի ներսում բախում է լինելու: Իսկ շահերի բախումը միշտ բերում է աշխատանքի անարդյունավետության: Իսկ թե ինչպես պետք է համադրվեն հասարակության ու մեծ բիզնեսի շահերը, սա մի դիլեմա է, որ մեր նման փոքրիկ պետությունում շատ դժվար է լուծելը:
Սակայն մի բան եւս կա անառարկելի` հիմա արդեն իշխանությունն իր ձախողումներում ոչ մեկին չի կարող մեղադրել, միանձնյա իշխանության պատասխանատուն հենց ինքն էլ մնացել է, նա է պատասխանելու տնտեսական ամեն ձախողման, կամ Արցախի հարցում պարտվողական բանակցությունների համար: Անգամ արտախորհրդարանական ընդդիմություն չի մնացել, որ խանգարի նրան, իսկ ընտրությունների մասնակից ուժերից ոչ մեկը կասկածի տակ չի դրել անգամ ընտրությունների արդյունքները, չնայած ընտրակաշառքի դերի ու վարչական լծակների գործածման մասին խոսեցին:
Ինչ տեղի ունեցավ ընտրությունների օրը
Ընտրությունների օրվա վրա միգուցե անգամ չարժե կենտրոնանալ, քանի որ ամեն ինչ նախապատրաստվել, ընտրողներին իրենցով արվել էր ավելի վաղ: Յուրօրինակ ձեւերով արդեն վաղուց հայտնի էր` ով ում ընտրողն է: Իհարկե, չգտնվեց մեկ մարդ, բացի այն անհայտ ընտրողից, որը քսան հազար դրամ էր թողել քվեատուփի մոտ, որ հայտներ կաշառքի դիմաց ընտրության գնալու մասին, սակայն ռեյթինգային թեկնածուների, նրանց շտաբների զորաշարժերը լավ էլ տեսանելի էին բոլորին: Հիմա թե ինչպես պիտի հայ մարդու միջից հետագայում դուրս բերվի ընտրությունները որպես ֆինանսական միջոցառում դիտելու սովորույթը, չգիտենք, ու սա սարսափելի է: Ու դրանից նախ պիտի սարսափի վերընտրված իշխանությունը:
Ավելի ընդգծված երեւաց, որ այս բոլորը հնարավոր եղավ այն պատճառով, քանի որ Հայաստանում իրական ընդդիմություն, իշխանության համեմատ` վստահելի այլընտրանք փաստորեն չկար: Այս տարիների ընթացքում իրենց ընդդիմություն անվանած խմբերն ու գործիչն այնպես ու այնքան էին արժեզրկվել, որ իրեն ընդդիմություն անվանած երեք միավոր անգամ ընտրական շեմի տոկոսային արգելանքը չհաղթահարեց: Նրանցից շատերին հանրությունը մեղադրում էր իշխանության հետ կապերի, նրա կողմից կառավարվելու , կամ նախկինում իշխանություն եղած ժամանակի սխալները չընդունելու մեջ: Եւ ընդդիմադիր ձայների առյուծի բաժինը հասավ «Ծառուկյան դաշինքին», որն ինստիտուցիոնալ տեսակետից հազիվ թե համապատասխանի ընդդիմություն հասկացությանը: Բայց մարդիկ այդպես պատժեցին տարիներով իրենց հիասթափեցրած ընդդիմադիրներին: Այո, Հայաստանում ընդդիմության ինստիտուտը լրիվ սպառեց իրեն, ընտրողը գերադասեց ընտրակաշառքը, քան թե անվստահելի ընդդիմությանը ձայն տալը, եւ այստեղ միայն ընտրակաշռք վերցնողին մեղադրելը կարճատեսություն կլինի: Մի քանի քաղաքական ուժեր, այսպիսով, արդեն անցան պատմության գիրկը, իսկ խորհրդարանում հայտնված «Ելքի» 9 անդամներից 7-ը դեռ պետք է սովորեն աշխատել, խորանալ հարցերի մեջ եւ նոր դրսեւորվել: Այսինքն` իշխող մեծամասնության համար իսկական աստեղնային ժամ է գոնե սկզբի որոշ ժամանակը: Բայց իշխանությունն, իհարկե, չի կարող ականջի հետեւ գցել այն հանգամանքը, որ իրեն փողով կամ այլ շահագրգռիչ գործոններով ընտրողը նրա հանդեպ սիրուց ու հարգանքից ելնելով չի տվել իր ձայնը: Իսկ դա միշտ թաքնված ական է մեծամասնության դեմ, որն ուզած պահին էլ կարող է գործի գցվել, եթե հայտնվի գործի գցող ուժ:
Իսկ թե ինչ նոր քաղաքական մշակույթից են խոսում քաղաքական ուժերն ընտրությունների վերաբերյալ իրենց հայտարարությունների մեջ, որն իբր այս ընտրություններում դրսեւորվել են, մնում է անհայտ:
Ընտրողների անսպասելի բարձր մասնակցությունն ու ընտրողների անհավանական մեծ թիվն ամեն ինչ ասում է: Միթե արժանահավատ կարող են լինելՙ 2 միլիոն 588 հազար ընտրողների, կամ ԿԸՀ-ի հայտարարածՙ ընտրություններին 1 մլն 575 հազար քվեարկածների թվերը, կամ պատկերացնում ե՞ք ՀՀԿ-ի ստացած 700 հազար քվեն` մեր կյանքի որակի հետ հարաբերակցության տեսակետից: Բայց անգամ ընդդիմադիրներն այն ռեսուրսը չունեն, որ բացահայտեն լավ մշակված ընտրական մեխանիզմի առանձին օղակներ: Օրինակ, անձամբ ինձ համար անհասկանալի մնաց, թե ԿԸՀ հրապարակած քվեարկածների ստորագրված ցուցակներում ինչու են այդքան շատ բացակայում ընտրողների անձնագրերի համարները, եթե նրանց անձնագիրը վերցվել է, լրացվել այդ ցուցակներում, կամ ինչպե՞ս է, որ չի լրացվել:
Բոլոր դեպքերում` գնացքն արդեն գնացել է, եւ այն կանգնեցնել չի կարելի:
Նոր խորհրդարանը ե՞րբ ճանապարհ կընկնի
Թեեւ բավական ասվեց բոլոր ԶԼՄ-ներով, բայց մենք եւս տեղեկացնենք մեր ընթերցողներին, որ ապրիլի 9-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի ընտրությունների վերջնական արդյունքները, իսկ նոր խորհրդարանի առաջին նիստը կգումարվի ապրիլի 27-ին: Այդ օրը պատգամավորների ձայների պարզ մեծամասնությամբ կընտրվեն Ազգային Ժողովի նախագահը, տեղակալները, հանձնաժողովների նախագահները: Այդ օրը կառավարությունը վայր կդնի լիազորությունները, նոր վարչապետը կնշանակվի տասն օրում, որն էլ ըստ ընթացակարգային ժամկետների նոր կառավարություն կկազմի: