ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆ, Բանգետ-ցեղասպանագետ, ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ
Օրերսՙ ապրիլի 17-ին, լրանում է իր համեստ ու նվիրյալ գործունեությամբ հայ ժողովրդի սիրուն ու գնահատանքին արժանացած ականավոր քաղաքական ու պետական գործիչ, Հայաստանի ղեկավար, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի (1974-1988 թթ.) ծննդյան 85-ամյակը: Անհնար է առանց օրինական հպարտության զգացումի եւ անհուն ցավի չհիշել այդ մեծ հայի, պայծառ անհատականության անմոռանալի կերպարը:
Չնայած խորհրդային տարիների տիրող լճացման քաղաքականությանը, Կարեն Դեմիրճյանի ղեկավարությամբ Հայաստանն աննախադեպ վերելք ապրեց հասարակական կյանքի գրեթե բոլոր բնագավառներում:
Սակայն Սովետական Միությունում տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանության (1915-1923 թթ.) թեման չհայտարարված արգելքի տակ էր, թեպետ ընտանիքներում եղեռնից վերապրողները տակավին հիշում ու պատմում էին, քանի որ ժողովրդի պատմական հիշողությունը չի մեռնում, այլՙ հարատեւում է սերնդից սերունդ…
1965 թ. Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցն առանձնապես հիշարժան դարձավ: Ազգային բուռն զարթոնք ապրող հայությունն ալեկոծված էր: Ժողովրդական խուռներամ զանգվածների հեղեղը հորդում էր Երեւանի փողոցներով, միաձույլ ու միաբերան վանկարկելովՙ «Հո՜-ղե՜-րը՜, հո՜-ղե՜-րը՜…», բարձրաձայնում մեր համազգային պահանջատիրությունը:
Հայաստանի այդ օրերի ղեկավար Յակով Զարոբյանի (1960-1966 թթ.) խնդրանքով Մոսկվայի միութենական իշխանությունները որոշում ընդունեցին Երեւանում կառուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող:
Շինարարությունն սկսվեց ավելի ուշՙ Անտոն Քոչինյանի (1966-1974 թթ.) ղեկավարության օրոք, սակայն աշխատանքները շատ դանդաղ էին ընթանում: Այդ իսկ պատճառով Ա. Քոչինյանը հանձնարարում է Երեւանի քաղկոմի երիտասարդ քարտուղար Կարեն Դեմիրճյանին ստանձնել այդ շինարարության անմիջական ղեկավարությունը:
Կ. Դեմիրճյանը, իր մասնագիտական հմտություններն ու կազմակերպչական ողջ կարողություններն ի մի բերելով, նոր թափ ու եռանդ է հաղորդում այդ մեծ գործին: Նա շինարարական աշխատանքները դարձնում է եռահերթ, այնպես որ գիշերները եւս էլեկտրական լույսերի ներքո բանվորներն աշխատում էին: Կարեն Դեմիրճյանն ամենօրա գիշերային շրջայցերի ընթացքում իր բարի ժպիտով մոտենում էր շինարարներին, նրանց բացատրում այդ հուշակոթողի պատմական մեծ իմաստն ու նշանակությունը եւ հորդորում պատասխանատվության բարձր գիտակցությամբ աշխատել եւ «հոգի դնել» այդ սուրբ գործի մեջ…
Բացի տեխնիկական ու կազմակերպչական բարդ հարցերից, անհրաժեշտ էր լուծել նաեւ շատ այլ խնդիրներ. օրինակՙ անմար կրակի մոտ ինչպիսի երաժշտություն պետք է հնչեր: Ըստ Կ. Դեմիրճյանի երաժշտական նուրբ ընկալումների, այն պետք է լիներ միմիայն հայ հոգեւոր երաժշտություն: Սակայն մինչ այդ հայ հոգեւոր երաԺշտությունը հնչում էր բացառապես եկեղեցիում: Հայրենասեր ղեկավարի արտոնությամբ հայ հոգեւոր երաժշտությանն այդ սրբազան վայրում եւս հնչեցնելը հեղաշրջող նշանակություն ունեցավ: Այդ հարցում նրան աջակցել է դեռեւս խորհրդային տարիներին Հայոց ցեղասպանության հիմնահարցն առաջին անգամ գիտական համակողմանի վերլուծության ենթարկած միջազգայնագետ-պատմաբան, Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահ Ջոն Կիրակոսյանըՙ տրամադրելով հոգեւոր երգերի ընտրանին Լուսինե Զաքարյանի կատարմամբ:
Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված այդ հոյակերտ հուշակոթողի շինարարությունն ավարտվել է նախատեսված ժամկետինՙ Հայաստանի խորհրդայնացման տարելիցին, 1967 թ. նոյեմբերի 29-ին: Հանդիսավոր բացումը մեծ շուքով կատարվել է Ա. Քոչինյանի գլխավորությամբ: Նա ծաղկեպսակ է դրել հուշակոթողին: Հայ ժողովրդի անմեղ նահատակներն իրենց սրբատեղին ունեցան:
Տարիներ անց, երբ լույս տեսավ իմ «Մուսա լեռ» պատմաբանագիտական հատորը, «Կարեն-Շինարար…» սրտառուչ մակագրությամբ ես նվիրեցի Կ. Դեմիրճյանին եւ հայտնեցի, որ տակավին 1955 թ. սկսել եմ գաղտնի գրի առնել Հայոց ցեղասպանությունից վերապրած ականատեսների վկայությունները, որոնց մեջ կան նաեւ հուշեր իր հորՙ Սերոբ Դեմիրճյանի Ալեքսանդրապոլի որբանոցում անցկացրած տարիներից: Նա ասաց. «Այո՛, ծնողներս բնիկ Էրզրումիցՙ Կարինից են, որի համար էլ ինձ Կարեն են անվանել…»: Միաժամանակ, նա խրախուսեց այդ դժվարին պայմաններում իմ կատարած աշխատանքըՙ ասելով. «Կգա ժամանակը, երբ այդ վկայությունները ցուցմունքի դեր կկատարեն…»: Նա նաեւ խորհուրդ տվեց ինձ հանդիպել Հայաստանի արտաքին գործերի նախարար դարձած պատմաբան Ջոն Կիրակոսյանին (1975-1985 թթ.):
Գուցե արեւմտահայի արյան կանչով էր, որ մեծ քաղաքական գործիչ Կ. Դեմիրճյանը, 1974 թ. Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար դառնալով, մշտապես հետամուտ է եղել, որպեսզի Ապրիլի 24-ը պաշտոնապես դառնա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր: Կ. Դեմիրճյանն այդ նպատակին հասնելու համար Մոսկվայում մեծ ջանքեր է գործադրելՙ առանձին-առանձին հանդիպելով քաղբյուրոյի անդամներին, բացատրել է հայ ժողովրդի պատմական անցյալի ողբերգությունը, բայցՙ ապարդյուն: Փոխարենը որոշվել է Հայաստանում պետական մի շարք միջոցառումներ իրականացնել, որոնք աննախադեպ էին իրենց բնույթով:
Կ. Դեմիրճյանի ձեռագիր օրագրերի հիման վրա նրա տիկինըՙ Ռիմա Դեմիրճյանը այս բոլոր իրադարձությունները հանգամանորեն ներկայացրել է իր «Հիշատակ» (Երեւան, 2012) փաստագրական արժեքավոր գրքում, որտեղ նշվում է հետեւյալը.
Առաջին անգամ 1975 թ. ապրիլի 24-ին, առավոտյան ժամը 10-ին Հայաստանի Կենտկոմի նորընտիր առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ Հայաստանի ղեկավարությունն ամբողջ կազմով Ծեծեռնակաբերդ է բարձրացել, հուշակոթողի անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհել, որը դարձել է ավանդույթ: Այնուհետեւ դրան հաջորդել է բազմահազարանոց սգո երթը, որը չի դադարել մինչեւ ուշ գիշեր, իսկ անմար կրակի մոտ ծաղիկների շերտերը բարձրացել են մարդու հասակից վեր…
Առաջին անգամ հանդիսավոր պայմաններում լսվել է Կ. Դեմիրճյանի պատմական ելույթը Հայոց ցեղասպանությունից 60 տարի անց:
Առաջին անգամ պաշտոնական մակարդակով հնչել է «Ցեղասպանություն» եզրույթը:
Առաջին անգամ հայ ժողովուրդը, եւ ոչ միայն Հայաստանում, մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Առաջին անգամ «Պրավդա» եւ «Իզվեստիա» միութենական պաշտոնաթերթերում լույս են տեսել ծավալուն հոդվածներ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ Վիկտոր Համբարձումյանի ստորագրությամբ (էջ 189):
Հետագայում եւս Կ. Դեմիրճյանը շարունակել է ազգանպաստ իր ջանքերը: Այս անգամ արդեն 1985 թ. Հայոց ցեղասպանության 70-ամյա տարելիցի կապակցությամբ, չվախենալով իր համար անցանկալի հետեւանքներից, կրկին խիզախել է դիմել միութենական ղեկավարությանը, որպեսզի Ապրիլի 24-ը ճանաչվի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակման օր, սակայն «վերեւում» հիվանդագին էին ընդունում այդ հարցը:
Հայաստանի համայնական գյուղատնտեսության, արդյունաբերության եւ շինարարության զարգացման տարողունակ հարցերի հետ միասին հայ ժողովրդի ազգային, մշակութային եւ բազմաթիվ ու բազմազան այլ խնդիրները եւս մտահոգել են Կ. Դեմիրճյանին: Այսպես, եթե անցյալում 1936 թ. միութենական հանրապետությունների «Սահմանադրության» մեջ, ի տարբերություն ռուսախոս հանրապետությունների, Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի համար նախատեսված է եղել մայրենի լեզուները ընդունել որպես պետական լեզու, ապա 1977 թ. նախապատրաստվում էր «Զարգացած սոցալիստական հասարակության սահմանադրության» մեջ վերացնել այդ տարբերությունը, եւ Կովկասյան երեք հանրապետությունների համար եւս պետական լեզու ճանաչել ռուսերենը: Հայաստանում այն մեծ աղմուկ եւ դժգոհություն առաջացրեց: Գիտական եւ ստեղծագործական մտավորականությունը հանդես եկավ հրապարակային ելույթներով, տեղի ունեցան կոլեկտիվ ժողովներ, դիմումներ գրվեցին Մոսկվա…
1978 թ. Կ. Դեմիրճյանը հսկայական ճիգ ու ջանքեր է գործադրել, որպեսզի բրեժնեւյան այդ թյուր որոշումը կյանքի չկոչվի: Նա Մոսկվայումՙ Կենտկոմի քարտուղարությունում, վճռականապես հրաժարվել է համաձայնվել: Նրան մեկ օր ժամանակ են տվել մտածելու համար: Այնինչ Հ. Ալիեւը եւ Էդ. Շեւարդնաձեն հլու-հնազանդ արդեն իրենց համաձայնությունը տվել էին: Իսկ Կ. Դեմիրճյանը Սահմանադրության մայրենի լեզվի մասին հոդվածի հանգամանորեն հիմնավորված վերջնական տարբերակը պատրաստելու համար ամբողջ գիշեր չի քնել: Հաջորդ օրը նրան կրկին փորձել են համոզել, պարտադրել, որ հրաժարվի հայերեն պետական լեզվից, սակայն Կ. Դեմիրճյանը մնացել է անդրդվելի եւ հայտարարել. «Եթե նման փոփոխություն լինիՙ կհրաժարվի իր պաշտոնից. թող այդ լինի նոր քարտուղարի օրոք» (էջ 195): Նույնիսկ, երբ Սուսլովը ընդհատել է նրան, ի բնե սկզբունքային Կ. Դեմիրճյանը պատասխանել է, որ նրանք պատկերացում չունեն քննարկվող հարցի մասին, քանի որ «արտասահմանում գոյություն ունի մեծաթիվ հայկական սփյուռք, որը Սովետական Հայաստանը համարում է իր միակ հայրենիքը: Սահմանադրության մեջ լեզվի մասին հոդվածի փոփոխությունը բացասաբար կընկալվի, հուզումներ կառաջացնի եւ էականորեն կազդի սովետական կողմնորոշում ունեցող հայկական գաղթօջախների վերաբերմունքի վրա» (էջ 196): Ի վերջո Սուսլովը, Կ. Դեմիրճյանի հիմնավորումը տրամաբանական համարելով, լռել է, որը համաձայնության նշան էր: Ազգային լեզվի մասին Հայաստանի ղեկավարի նվաճած հաղթանակի լուրը ոտքի է հանել Վրաստանի ուսանողությանը, որ պահանջել է նույն իրավունքները… Այսպիսով, Դեմիրճյանի տրամաբանական ու հիմնավոր միջամտությամբ ՍՍՀՄ նոր Սահմանադրության մեջ Հայաստանում հայերեն լեզվի պետական կարգավիճակը վերահաստատվում է:
Կ. Դեմիրճյանը գտնում էր, որ ազգային լեզվի օրենքի ընդունումը շատ կարեւոր է բոլոր ժամանակների համար, ուստի ջանք չի խնայել, որպեսզի հանրապետությունում բարձր հիմքերի վրա դրվի հայոց լեզվի եւ գրականության ուսուցումն ու կիրառումը: Նա գտնում էր, որ Հայաստանում հայերը պետք է տիրապետեն հայերենին, ռուսերենին, նաեւ մեկ օտար լեզվի: Քանի որ ռուսերենի միջոցով մենք հնարավորություն ենք ունենում ծանոթանալու ոչ միայն ռուս ժողովրդի, այլեւՙ համաշխարհային գիտության, տեխնիկայի եւ մշակույթի նորություններին…
Երբ հարց է առաջացել «տեղական առարկան», այսինքնՙ Հայոց պատմությունը դպրոցական ծրագրից հանել, Կ. Դեմիրճյանը, ազգային արժանապատվությամբ ընդդիմանալով, ասել է. «Մենք աչքի լույսի պես պետք է պահենք մեր լեզուն եւ մեր պատմությունը: Ո՛չ մեկը իրավունք չունի ոտնձգություններ անել մեր սրբությունների նկատմամբ» (էջ 199):
Կ. Դեմիրճյանի անմիջական հսկողության տակ էին նաեւ նոր սերնդի հայեցի կրթության խնդիրները: Նա գտնում էր, որ դպրոցն ավարտողը պետք է անթերի իմանա հայոց լեզուն: Ուսուցիչների 4-րդ համագումարում նա հայտարարել է. «…Թե ինչպիսի ուսուցիչ ենք մենք այսօր պատրաստում կախված է հիմնական խնդրի լուծումըՙ ինչպիսի մարդ մենք կունենանք գալիք հեռանկարում» (էջ 203): Կ. Դեմիրճյանի անձնական նախաձեռնությամբ հիմքն են դրվել «Մեր լեզուն, մեր խոսքը», «Հայագիտական հանդես» եւ այլ բազմաբովանդակ, ուսուցողական եւ արժեքավոր հեռուստատեսային հաղորդաշարերի: Բացի այդ, Կ. Դեմիրճյանն անձամբ է նախաձեռնել միութենական մասշտաբի հայկական միջոցառումները, այդ թվումՙ հայ գրականության դասականների հոբելյանների ու նշանակալից այլ իրադարձությունների անցկացումը Մոսկվայի Մեծ թատրոնի եւ Կրեմլի Սյունազարդ դահլիճներում:
Հետեւաբար, 1970-80-ական թվականներին հայ ժողովրդի համազգային կարեւորություն ներկայացնող հարցերը եւս Հայաստանի ղեկավար Կ. Դեմիրճյանի անմիջական ուշադրության կենտրոնում են գտնվել եւ նրա խորագիտակ, բանիմաց ու նպատակասլաց վերաբերմունքին արժանացել:
Արդյունքում, Կարեն Դեմիրճյանը մեզ է ժառանգել ոչ միայն մեխանիզացված գյուղատնտեսությամբ, գործարանային հզոր արդյունաբերությամբ, ճարտարապետական հոյակերտ շինություններով, ազգային հայեցի մշակույթով ծաղկուն ու բարգավաճ Հայաստան, այլեւՙ բազմակողմանի զարգացած, մասնագիտական ուսում ու կրթություն ստացած, գաղափարապես հասուն ու պատրաստված, գիտակից ու հայրենասեր սերունդներ, որոնք, չհանդուրժելով պատմական անարդարությունը, ընդվզեցին, մեկ բռունցք դարձան եւ միասնական կամքի ուժով մաքառեցին հանուն հայոց պատմական Արցախ աշխարհի ազատագրման, ու հերոսների կյանքի գնով հաղթեցին:
Այդ Դեմիրճյանական-Ոսկեդարի ժամանակաշրջանի հայրենասիրության ոգով դաստիարակված սերունդների հաղթանակն էր, որը հայ ժողովրդի համազգային պահանջատիրության առաջին հաղթական հանգրվանը դարձավ: