Մեկ-մեկ թվում է, թե լրջորեն նստելն ու վերլուծություն գրելը ժամանակավրեպ է, քանի որ մեր կյանքը չի համապատասխանում այդպիսի լուրջ մոտեցմանը: Այդ ժամանակ կարող է օգնության գալ թեթեւակի անլրջությունը կամ ամեն ինչին մի թեթեւ հումորով վերաբերվելու փրկությունը: Դե` կլրջանանք, երբ կազմավորվի խորհրդարանը, ներս անցնողների պատկերով ու նմանությամբ, այդ ժամանակ դե ֆակտո կզրուցենք: Հիմա` մի քիչ պարականոն մտածենք, մի բան սակայն մինչ այդ ի սրտե եւ լրջորեն ցանկանալով. որ զանազան առանձնյակներ ռեյթինգային քվեարկությամբ ուղեգիր են ստացել Ազգային ժողով, եթե կամք լիներ ՀՀԿ ղեկավարությունում, նրանց կասեին` շնորհակալություն տարբեր ձեւերով «տանջանքներ» կրելու եւ ՀՀԿ-ին քվե ապահովելու համար, գնացեք, զբաղվեք ձեր առօրյա գործերով, իսկ խորհրդարան տանում ենք օրենքի Ա-ից ու Բ-ից տեղյակ մարդկանց, որ հա՛մ դրսի առաջ խայտառակ չլինենք, հա՛մ էլ հինգ տարի ՍԱՍ-ի Արտակի ու նրա նմանների պես չնստեք խորհրդարանում ու լռեք, խորհրդարանը խոսելու, ու ոչ թե լռելու համար է: Ընդհանրապես` իշխող կուսակցության 58 մանդատների կեսը մեծ շռայլություն կլինի ոչինչ չանող մարդկանց բաշխելը, իսկ ո՞վ պետք է աշխատի: Բայց դե` հազիվ թե այդպիսի կամք լինի, մանավանդ` մեր տեղեկություններով մի երկուսին առաջարկել են, նրանք դիմադրում են ու «ծանրակշիռ» հակափաստարկներ բերում:
Խոստացած պարականոնը:
Մերն ուրիշ է
Սա մի երկիր է, որտեղ մայրաքաղաքի փողոցները ընտրություններից առաջ մի լավ քանդում են` ընտրաստֆալտով ծածկելու համար. համ ընտրողին դուր կգա, համ մեջը մատ լիզելու հնարավորություն կա, համ էլ` հո փողը ծառերից չեն հավաքում, պրծել է, ասֆալտով բավարարվեք:
Սա մի երկիր է, որտեղ նրա քաղաքացիները համապետական ընտրությունների են գնում սուսուփուս, հարեւաններից թաքնվելով ու վերեւներին հարմար իրենց քվեն նվիրաբերելով, իսկ ընտրությունների հաջորդ օրվանից սկսած ամեն օր բողոքում են իշխանություններից, անարդարություններից, իրենց վատ ապրելուց:
Սա մի երկիր է, որտեղ բոլորն ընտրություններից առաջ գլխապատառ նետվում են որեւէ անցողիկ կուսակցությունում տեղավորվելու` վասն հայրենիքի փրկության, կոմսոմոլական ժամանակների հանգույն:
Սա մի երկիր է, որտեղ ընտրություններից քսան օր հետո էլ, չնայած նրան, որ ե՛ւ համամասնական ցուցակների, ե՛ւ տեղական ցուցակների բարձր քվե հավաքողների անուններն են հայտնի, ոչ ոք չգիտե, թե ո՞վ է նստելու նոր խորհրդարանում:
Սա մի երկիր է, որտեղ բացառապես բոլոր մասնագիտություններում մասնագիտության տիրապետումը երկրորդական է, կարեւոր է, թե ով` ում բարեկամն է, ով` ում համակուրսեցին, ով` ում համագյուղացին, ով` ում համամանկապարտեզցին, ով` ում մորաքրոջ-հորաքրոջ-քեռու տղան կամ սիրասուն դստրիկը, իսկ որ ավելի կարեւոր է` ով ինչքան «ձեն» կարող է բերել, իսկ որ դրանից ավելի կարեւոր է` ով որքան փող ունի (աղբյուրը կարեւոր չէ, որքան գողացվածՙ այնքան լավ): Իսկ դե մասնագիտությունը` լինի նախարարի, պատգամավորի, թե կուսակցական ֆունկցիոների` կարեւոր չէ, դե կսովորեն էլի, փողին մուննաթ, հիմա ամեն ինչի համար էլ ռեպետիտորները թափած են:
Սա մի երկիր է, որտեղ խանութի «մենեջերը» կարող է որոշել` Սիրանուշն աշխատի, թե՞ չաշխատի (խոսքը պայմանական Սիրանուշի մասին է), շլյապա կրի, թե՞ չկրի` ըստ բերած «ձեների» քանակի, շնչի, թե՞ արտաշնչի, Փարիզ գնա, թե՞ չգնա եւ, առհասարակ, ապրի, թե՞ մեռնի:
Սա մի երկիր է, որտեղ ուսյալներն աստիճանաբար դուրս են մղվել ու շարունակում են դուրս մղվել, նրանց փոխարեն բոլոր ոլորտները գրավել-գրավում են պապա-մամաների ժառանգները`առաջիկա քսան-երեսուն տարվա հայ կյանքը սեփականելու հայտ ներկայացնելով եւ հայ ժողովրդի մտածող հատվածին գրողի ծոցն ուղարկելով, այդպիսի «վանդալիզմություն»:
Սա մի երկիր է, որտեղ վարպետորեն կարելի է պիղատոսություն անել տակից, իսկ վրայից կեղծ ժպտալ եւ հավատից խոսել:
Սա մի երկիր է, որտեղ հայրենասիրության մասին ճառ ասելը նեղ մասնագիտացում է` որքան դատարկ, էնքան բարձր զնգոցով, խրախուսվում է հատկապես էն մակարդակը, որը կարող է ափերից հանել իսկապես հայրենասեր մարդկանց:
Սա մի երկիր է, որտեղ ընտրություն բառը տարբեր զգացումներ է առաջացնում` քմծիծաղ, վախ, ուսերի թոթվանք, կատաղություն եւ անելանելիություն, անտարբերություն եւ հուսահատություն, երգիծանքի թատրոնում զգալու պատրանք, Լեռ Կամսարի ու Հակոբ Պարոնյանի տաղանդները տվյալ դեպքում հետ են մնում մեր կյանքի թատրոնի հեղինակների տաղանդից:
Լեռ Կամսարին արժանի թատերական տեսարաններից մեկը
Ընտրությունններից երկու օր առաջ գիտության դոկտորի բնակարանում զնգում է հեռախոսը: Միջին տարիքի դոկտորը վերցնում է հեռախոսը:
– Ապե, ձեր քուչի Իշխանն ա,- տեղեկացնում է անցումային տարիքի ականջատհաճ մի ձայն:
– Ինչ եք կամենում,- հարցնում է դոկտորը:
– Կամենալը` ոչ մի բան, բայց վատ չէր ըլնի իմանայ` ում պետք ա ընտրեք:
Դոկտորը համբերությամբ բացատրում է, որ այս քուչի Իշխանը Ընտրական օրենսգիրքն է խախտում, մարդկանց ընտրական իրավունքը գաղտնի է եւ այլն: Մաքուր հայերենն ընդամենը մեկ վայրկյան է ազդեցություն թողնում, քուչի Իշխանը մի պահ հավաքում է իրեն, ձայնում հարգանքի շեշտեր են հայտնվում.
– Էդ սաղ գիտենք, ընգեր ջան, բայց ախպերավարի լավ կանեիր ասեիր` ում ես ընտրելու:
Երկխոսությունը նույն տոնով կրկնվում է, դոկտորը որոշում է համբերությամբ կոտրել Քուչի Իշխանին. ու էդպես երկար կետ առ կետ բերում է Ընտրական օրենսգրքի էն դրույթները, որոնք սպառնում են Քուչի Իշխանի հետաքրքրասիրությանը: Երկխոսությունը թվում է թե բարեհաջող ավարտվել է, Քուչի Իշխանը դարձի է եկել, վերջինս շնորհակալություն է հայտնում դոկտորին հաճելի զրույցի համար` եզրափակելով:
– Շատ լավ խոսացինք իրար հետ, բայց, ապե, ինչ կըլնի, որ ախպերավարի ասես` ո՞ւմ ես ընտրելու:
Ինչից զրկվեց Հայաստանը եւ ինչ ստացավ ընտրություններով
Եթե քաղաքական ուժերի կարգախոսները վերլուծենք` զրկվեց վերածնվելուց եւ փոփոխություններից` առանց «Հայկական վերածննդի» մեզ այլեւս ոչ վերածնվել է սպառնում, ոչ էլ փոփոխվել:
Կոմունիստներն ընդհանրապես հնացած էին, քանի որ աշխատանքից մեր քաղաքացիներից շատերը վաղուց էին զրկվել, սոցիալիզմից` առավել եւս, այնպես որ` առանց կոմունիստների ու նրանց կարգախոսների էլ մի կերպ կդիմանանք:
«Մենք կարող ենք» կարգախոսի հեղինակները, պարզվեց, լավ էլ անկարող են, իրենք էլ գիտեն` ինչ պատճառով: Ուղղակի հիմա որեւէ մեկը եթե ասի` ես կարող եմ, նախ աչքի առաջ պետք է ունենա «Ազատ դեմոկրատներին», որոնք, պարզվեց, էդ բառերի իմաստն ու նշանակությունը գլխիվայր շրջեցին:
ՕՐՕ-ն բնականոն ճանապարհով ժառանգություն չէր էլ ստացել, իսկ որ ժառանգություն-դրամ չունես, համախմբումն ու հաղթանակն էլ չեն ստացվի Հայաստանում, առանց ժառանգությունը բաժանելու անգամ սեփական հանձնաժողովականները կարող են ուրիշների օգտին աշխատել:
Անհասկանալի է, թե Կոնգրես-ՀԺԿ-ն հիմա արդեն ո՞ւմ հետ է բարիդրացիություն անելու, ում հետ է հաշտվելու, որ իր խաղաղությունը տարածի` ժողովուրդը թարսի պես չուզեց նրա ոչ բարիդրացիությունը, ոչ հաշտությունը, ոչ էլ չորսօրյա պատերազմների մշտական սպառնալիքով շուլալված «խաղաղությունը»:
Իսկ «Ելքի» խաղաղությունն ու փոփոխությունը փաստորեն ընտրողը գերադասեց «Հայկական վերածնունդի» առաջարկած փոփոխություններից` մերոնք միշտ էլ հավատում են դեռ չփորձածին, չնայած միշտ էլ անկտրել ձմերուկը կարող է խակ դուրս գալ, բացի այդ` նայած ով է աճեցրել այդ ձմերուկը:
ՀՅԴ-ի նոր սկիզբն ու արդար Հայաստանը դեռ չեն երեւում մի տեսակ, երեւում է` համապատասխան ակնոց չունենք, հենց ունեցանք ու տեսանք` կասենք:
Դե Ծառուկյանի խոստացած փոփոխությունների ու կառուցման հանդիսատեսը միշտ էլ շատ է` նայած որ կողմից ես դիտում դրանք, եթե ծառուկյանականների կողմից ես նայում` մե հրաշք, եթե հանդիպակաց կողմից` տեսողության խնդիր ունես էլի:
Հուսով ենք` ՀՀԿ-ի ասած անվտանգությունը Կոնգրես- ՀԺԿ-ի խաղաղության հետ ոչ մի կապ չունի` «Ազգ-բանակ» համաժողովում հրապարակված բանակի կառուցման երկու նոր մոդելների առաջարկը մի քիչ հուսադրում է այս առումով, իսկ ահա ՀՀԿ-ի առաջարկած առաջընթացի արժեքն էլ գիտենք` երկու բառ է, էլի, միացրել են, դրանից, ճիշտ է, ք-ն ընկել է, իսկ ք-ն հոգնակիի ու շատերին վերաբերելու նշանն է: Այնպես որ` այս կարգախոսն իսկապես չի ստում` եզակիների համար կարող է առաջընթաց ապահովել, հանրության համար` ոչ:
Մոռանանք ու անցնենք առաջ, մանավանդ դրանից առաջվա ընտրությունների ոչ մի կարգախոս ողջ չէր ու մահացել էր էն ամենասկզբից, առանց կյանք մտնելու: