Նացիստական Գերմանիայի պատմության մեջ հայտնի է 1935 թվականին կատարված մի արյունոտ իրադարձությունՙ լրտեսության մեջ մեղադրվող երկու ազնվազարմ գերմանուհիների գլխատումը, որը ժամանակին հուզել է արեւմտյան հասարակությանը եւ շարունակում է հուզել այսօր էլ: Երկու տարի առաջ «Նեշընըլ ջիոգրաֆիք» հեռուստաալիքը ցուցադրել է այդ իրողության մասին լեհական վավերագրական կինոնկար, իսկ այդ պատմությունը բազմիցս արտացոլվել է 1930-ականների Գերմանիայի պատմության մութ ծալքերին, 20-րդ դարի գերմանական եւ միջազգային լրտեսությանը, գերմանական կուրտիզանուհիներին վերաբերվող գրականության մեջ:
Եվ այս գրականության մեջ մշտապես հոլովվում է նաեւ տվյալ աղմկահարույց գործին առնչված մի հայուհու անունՙ Կատյա Բերբերյան : Աղբյուրները նրան վկայակոչում են կա՛մ որպես իրանցու, կա՛մ որպես ռուսիՙ նկատի առնելով քաղաքացիությունը. Բերբերյանը, ամենայն հավանականությամբ, եղել է Ռուսաստանում բնակված իրանահայուհի…
Ամեն ինչ սկսվել է այն պահից, երբ լեհական բանակի գլխավոր շտաբում ծառայող, ազնվական դասից սերած մայոր Եժի Սոսնովսկին զեղծարարության մեղադրանքով հանձնվել է ռազմական դատարանին: Հասկանալով, որ պիտի վտարվի զինվորական շարքերիցՙ Սոսնովսկին, որը մայրենի լեզվի չափ տիրապետել է գերմաներենին, առաջարկել է իր լրտեսական ծառայությունները Գերմանիայումՙ հօգուտ Լեհաստանի: Առաջարկն ընդունվել է, եւ մայորը, գրպանը լցրած խոշոր գումարներով, մեկնել է Բեռլին: Որպեսզի իր բուն գործունեությունը հայտնի չդառնա, նա Բեռլինում ինքնաշարժի վաճառքի խանութ է բացել: Երիտասարդ, ճարպիկ, գեղադեմ Սոսնովսկին այստեղ կապ է հաստատել գերմանական բարձր դասի կանանց հետ ու նրանց միջոցով զինվորական կարեւոր գաղտնիքներ է կորզել: Նա ծանոթացել է Ռայխսվերում (գերմանական ռազմական կազմակերպություն) որպես մեքենագրուհի աշխատող երեք երիտասարդ գեղեցիկ կանանցՙ Բենիտա ֆոն Ֆալքենհայն-Ցոլիքոֆերի (ատենոքՙ ռազմական նախկին նախարարի կինը), Ռենատե ֆոն Նացմերի եւ Իրենե ֆոն Ենայի հետ, որոնց ձեռքի տակով էին անցնում ռազմական կարեւոր փաստաթղթերը: Սոսնովսկին իր ձեռքն է գցել նաեւ պատասխանատու պաշտոններ զբաղեցնող Լոտտա ֆոն Լեմմերին, Իզաբել ֆոն Թաուշերին եւ այլոց, որոնցից մի քանիսը, առաջին հերթինՙ Բենիտան, դարձել են նրա սիրուհիները: Կանանց գայթակղելու արվեստի մեջ վարժ Սոսնովսկին հանդիպել է նաեւ «միջազգային ճանաչում ունեցող նորաձեւության մոդել» Կատյա Բերբերյանին, զգլխիչ գեղեցկությամբ մի կնոջ, որը խորհրդավոր եւ արկածալից կյանք է վարել: Ֆրանսիացի պատմաբան, գրող Անդրե Բրիսոն իր «Նացիստական գաղտնի ծառայությունը» գրքում վկայել է, որ Բեռլինի շքեղ ընդունելություններից մեկի ընթացքում Եժի Սոսնովսկին եւ Բենիտան հանդիպել են «շենշող իրանցի Կատյա Բերբերյանին, որը եկել էր իր այդ ժամանակվա սիրեկան Յոզեֆ ֆոն Բերգի հետ: Երկու զույգերն այնքան են տարվել միմյանցով, որ գիշերն ավարտել են Սոսնովսկիի բնակարանում: Արդյունքում տեղի է ունեցել փոխանակություն. Կատյան դարձել է Սոսնովսկիի սիրուհին, Բենիտանՙ Յոզեֆ ֆոն Բերգի» (Andre՛ Brissaud, Histoire du service secret nazi, 1972, p. 110): Սոսնովսկին Կատյային նվիրել է թանկարժեք հագուստներ, ավտոմեքենա եւ շքեղ առարկաներ, նրանք հաճախ հրավիրվել են Բեռլինի բարձր հասարակության, դեսպանատների ընդունելություններին: Սոսնովսկիի տրամադրած խոշոր գումարների շնորհիվ Կատյան բացել է հատուկ դերձակատուն բարձր դասի տիկնանց համար, որն իրականում լրտեսական բույն է եղել: Ի դեպ, ուսումնասիրողներից ոմանք Կատյայի անձը շփոթել են ժամանակի մեկ այլ բեռլինցի լրտեսուհուՙ իր տարփալից պարերով հայտնի Լեա Նիակոյի հետ, այդ իսկ պատճառով որոշ աղբյուրներում գրվել է, որ նա իբր եղել է պարուհի:
Որոշ ժամանակ անց Բենիտա ֆոն Ֆալքենհայնը եւ Ռենատե ֆոն Նացմերը Սոսնովսկիին հանձնել են որոշ ռազմական փաստաթղթեր, որոնց թվումՙ Լեհաստանի վրա հարձակման նախագիծը, ինչպես նաեւ ռազմական ինքնաթիռի մոտորի գծագիր…
Ամեն ինչ թերեւս այլ կերպ կընթանար, եթե մի օր Ռենատեի մայրը չփորձեր պարզել, թե որն է պատճառը, որ համեստ աշխատանքով ապրող իր դուստրը սկսել է շքեղ հագնվել ու ճոխ կյանք վարել: Այդ կասկածն առաջնորդել է գերմանական ոստիկանությանը, որն էլ շուտով բացահայտել է լրտեսությունը: Անմիջապես ձերբակալվել են Սոսնովսկին, Բենիտան, Ռենատեն եւ օրիորդ Իրենե ֆոն Ենան: Իսկ Կատյա Բերբերյանին հաջողվել է փախչել Բեռլինից:
Լրտեսների դատավարությունը սկսվել է 1934-ին: Թերթերը մշտապես գրել են, որ գործի մեջ դեր է ունեցել նաեւ «հրեշտակային գեղեցկությամբ» Կատյա Բերբերյանը: Սկսել են նրա անվան շուրջ լեգենդներ պտտվել, որ իբր նա իշխանուհի է, Կովկասի գահի (՞) վերջին հավակնորդի զարմուհին, պարուհիՙ «Սեւ հրեշտակ» բեմական անվամբ (տես, օրինակ, «The Salt Lake Tribute,» 25.11.1934): Ժամանակի հայ մամուլը եւս անդրադարձել է այդ դատավարությանը (օրինակՙ «Հայու մահ երկու գերմանուհիներու գլխատման մէջ», «Հայրենիք» օրաթերթ, 22.03.1935): «Լրտեսներուն գլխաւոր գործակիցներէն մէկը արտակարգ գեղեցկութեամբ կին մըն է, որ կը կոչուի Քաթիա Պէրպէրեան: Կատարեալ մշուշապատ անցեալ մը ունի ռուսահայ այս կինը, որ խիստ հռչակաւոր է Պէրլինի մէջ: Քաթիա Պէրպէրեան յաջողած է անյայտանալ Պէրլինէնՙ առանց օձիքը ձեռք տալու»,- գրել է Ստամբուլի «Արեւելք» թերթը (27.02.1935): Մեկ այլ աղբյուրի համաձայնՙ գերմանական ազգային անվտանգության ծառայության ներքին հետախուզության ղեկավար Վալտեր Շելենբերգը Կատյա Բերբերյանին համոզել է իր գլուխն ազատելՙ լրտեսություն կատարելով հօգուտ Գերմանիայի ազգային անվտանգության ծառայության (Edmund L. Blandford, SS Intelligence: The Nazi Secret Service, 2000, էջ 94): Եթե այս տվյալը ճշմարիտ է, ապա Բերբերյանը թերեւս եղել է երկու տիրոջ ծառա, կամ ինչպես ընդունված է այդ ասպարեզումՙ double agent…
Դատավարությունը տեւել է մեկ տարի: Այս ընթացքում Բենիտան փորձել է ամուսնություն գրանցելով Սոսնովսկիի հետՙ ստանալ լեհական քաղաքացիություն եւ խուսափել մահապատժից, սակայն անձամբ Ադոլֆ Հիտլերն արգելել է: Կանայք դատապարտվել են կացնահարության, իսկ Սոսնովսկին եւ Իրենենՙ ցմահ բանտարկության: Ոստիկանությունը շատ խիստ միջոցներ է ձեռք առելՙ որեւէ դեպքի տեղի չտալու համար: 1935-ի փետրվարի 18-ի առավոտյան բանտից հանվել են երկու մահապարտ կանայք, որոնք մինչեւ վերջ պահել են իրենց սառնասրտությունը եւ ասել են. «Մենք վատ չպիտի զգանք եւ այս մարդկանց վրա այն տպավորությունը չպիտի թողնենք, որ թուլացած ենք մահվան վախի առջեւ»: Ֆրակով եւ սպիտակ ձեռնոցներով դահիճը գլխատել է նրանց (այդ ժամանակ Գերմանիայում դեռեւս գիլյոտին չի կիրառվել): Կառավարությունը չի արտոնել եկեղեցական հուղարկավորություն, այլ անմիջապես թաղել են հանգուցյալներինՙ նրանց ամենամոտիկ ազգականների (այդ թվումՙ Ռենատեի զինվորական ամուսնու) ներկայությամբ:
1936-ին գերմանական իշխանությունները Սոսնովսկիին փոխանակել են Լեհաստանում բանտարկված մի գերմանացի լրտեսի հետ: Սակայն նախկին զինվորականին հայրենիքում դատապարտել են 15 տարվա բանտարկության, հիմա էլՙ Գերմանիայի օգտին լրտեսության մեղադրանքով: Նրա վախճանը հայտնի չէ. կարծիք կա, որ գնդակահարվել է բանտապահների կողմից: Ինչ վերաբերում է Կատյա Բերբերյանին, նա կարծես հավիտյանս անհետացել էՙ 1940 թվականից ի վեր իր անունը թողնելով գերմանական 1930-ականների վերաբերյալ տարբեր լեզուներով գրականության մեջ (Hansjurgen Koehler, Inside the Gestapo: Hitler s shadow over the world, Pallas Publishing Co. Ltd., 1940, p. 130. The Sosnowski Affair: Inquest on a Spy Bernard Newman, 1954, p. 15, 95. Sefton Delmer, Trail sinister: an autobiography, 1961, p. 213. Bernard Newman, The World of Espionage, 1962, p. 45. Sefton Delmer, Los Alemanes y yo, 1967, p. 180. Roger Gheysens, Les espions: Un panorama de l espionnage de notre temps, 1973, p. 110. Andre՛ Brissaud, The Nazi Secret Service, 1974, p. 94. Raymond Ruffin, Les espionnes du XXe sieՙcle, 2000, p. 134. German Sex Workers: German Courtesans and Prostitutes, German Dominatrices, German Erotic Dancers, German Erotica Writers, 2010 եւ այլն):
Կատյա Բերբերյանի հետագա կյանքի մասին տվյալները բացակայում են (մեզ չի հաջողվել անգամ գտնել նրա լուսանկարը), սակայն մեզ թույլ ենք տալիս ենթադրելու հետեւյալը:
Հայազգի ռուս արձակագիր Նինա Բերբերովան իր «Ընդգծումն իմն է» ինքնակենսագրական գրքում հիշել է, որ 1947 թվականին Փարիզում իրեն ժամանակավոր օթեւան է տվել իր ծանոթուհի Կատյան, որը Ռուսաստանում մեկ տարի եղել է իր դպրոցական դասընկերուհին: «Անձնագրով նա պարսկուհի էր, սակայն ծագումովՙ հայուհի, միայն թե սերել էր ոչ թե այն «երախտապարտ հայերից», որոնցից սերում եմ ես, այլ պարսկահայերից»: Բերբերովան նաեւ նշել է, որ Կատյան 1939 թվականին վերադարձել է Պարսկաստան, եվրոպական նորաձեւությամբ զուգել շահի ընտանիքի իգական սեռի անդամներին, իսկ պատերազմից հետո մեկնելով Փարիզՙ դերձակատուն է բաց արել (Нина Берберова, Курсив – мой, 1996, Москва, стр. 519-520):
Գրեթե վստահ ենք, որ Պարսկաստանում ծնված, Ռուսաստանում բնակված ու Փարիզում դերձակատուն բացած այս Կատյան մե՛րթ որպես ռուս, մե՛րթ որպես պարսկուհի հիշված ու Բեռլինում դերձակատուն բացած Կատյա Բերբերյանն էՙ երբեմնի գեղեցկուհի լրտեսուհին…
Հ.Գ. – Ինձ երբեմն հարցնում են, թե որտեղից եմ հավաքում անծանոթ հայրենակիցների վերաբերյալ տեղեկությունները: Ինչպես նկատեց ընթերցողը, այս անգամ հոդվածում ներկայացրել եմ իմ «խոհանոցը»ՙ հղելով գրեթե բոլոր սկզբնաղբյուրները: Հուսով եմ, որ ընթերցողը համոզվեց, որ անգամ նման փոքրածավալ ակնարկի համար հարկ է լինում կատարել մանրակրկիտ բանասիրական աշխատանք, եւ որ միշտ առաջնորդվում ենք ճշգրիտ ինձորմացիա հաղորդելու սկզբունքովՙ հետաքրքրական նյութ գրելու համար բնավ կարիք չունենալով որեւէ բան հորինելու կամ գունազարդելու…