ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման եւ այդ համատեքստում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ քննարկումներին՝ ներկայացնելով որոշ բացահայտումներ։
«Դեռևս 2012 թվականին մենք ունեինք առաջարկներ, որոնք ընդունվելու դեպքում կարող էին մեկընդմիշտ փակել այս խնդիրը, հուսով եմ։ Այդ ժամանակաշրջանից ի հայտ եկավ Ղարաբաղի կարգավիճակը հետագային թողնելու հայեցակարգը։ Այն պարզ էր՝ հայերը հեռանում են Ղարաբաղի շուրջ ադրբեջանական 5 շրջաններից՝ թողնելով երկու շրջաններ, որոնք կապում են Հայաստանը Ղարաբաղի հետ։ Այս երկու շրջանների ճակատագիրը, որոնք ոչ ոք չի վիճարկում, որ ադրբեջանական են, լուծվում է ժամանակի ընթացքում՝ Ղարաբաղի կարգավիճակի հետ միասին։ Այ ժամանակ է հայտ եկել Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետագային թողնելու հայեցակարգը»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ հետագային թողնելը ենթադրում էր՝ հաջորդ սերունդներին։
2020 թվականի պատերազմից հետո, ըստ Լավրովի, տեղի ունեցած եռակողմ հանդիպումների ընթացքում խոսվել է քաղաքական գործընթացը գործարկելու մասին, եւ եղել է Ղարաբաղի կարգավիճակը հետագային թողնելու ըմբռնում։
«Դրանից ելնելով Ռուսաստանը մշակել է Խաղաղության պայմանագրի իր տարբերակը, որը գարնանը փոխանցվել է կողմերին եւ այնտեղ այդ ձեւակերպումը պարունակել է։ Ադրբեջանական կողմը հայտնել էր, որ գործնականում պատրաստ է ամեն ինչ աջակցել, բայց կարգավիճակի հարցը պետք է լրացուցիչ մշակվի»,- նշել է ՌԴ արտգործնախարարը։
Նա հիշեցրեց, որ հոկտեմբերի վերջին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ ցանկություն կար վերադառնալ այս հարցին և հասկանալ, թե մեր գործընկերները որքանով են պատրաստ գործել այդ ջենտլմենական ըմբռնման հիման վրա, որպեսզի բոլոր հարցերը լուծեն հիմա, իսկ Ղարաբաղի կարգավիճակը թողնեն հետագային։
«Բայց երբ նրանք՝ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը, ժամանեցին Սոչի, Պրահայից բերեցին հենց այն փաստաթուղթը, որտեղ ասվում էր, որ ցանկանում են խաղաղության պայմանագիր ստորագրել՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Ալմա-Աթայի հռչակագրով։ Իսկ ԱՊՀ-ի ստեղծման մասին Ալմա-Աթայի հռչակագրում հստակ ասվում է, որ նոր պետությունների միջև սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների վարչական սահմանների վրա, իսկ այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ակնհայտորեն եղել է ԱԽՍՀ-ի կազմում», – ընդգծել է Լավրովը։
«Ուստի մեր հայ գործընկերները, երբ ստորագրել են այս պայմանագիրը, մեզ ասում են՝ «Ռուսաստանը թող հաստատի իր առաջարկները Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ», դուք ինքներդ էլ հասկանում եք՝ սա ոչ թե բանակցային օպերայից է, այլ մեկ այլ բանից»,- ընդգծել է Լավրովը։