Դրանք կտեղաբաշխվեն նաեւ Հայաստանի սահմանին մոտ
Թուրքիայի նախագահ Էրդողանը օրերս հայտարարեց, որ Ռուսաստանի հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել C-400 տիպի չորս համակարգերի գնման վերաբերյալ: Ավելի վաղ, Bloomberg գործակալությունը հաղորդել էր, որ Անկարան պատրաստ է 2,5 մլրդ դոլար վճարել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի դիմաց: Նախատեսվում է 2018 Ռուսաստանից ստանալ C-400 -ի երկու մարտկոց եւ հետագայում եւս երկու համալիր կառուցել հենց Թուրքիայում:
Տվյալ համակարգերի առքուվաճառքին վերաբերող խոսակցությունները ի հայտ էին եկել Անկարա-Մոսկվա հարաբերությունների կարգավորումից անմիջապես հետո, թեեւ մասնագիտական շրջանակներում Թուրքիայի այդ ցանկությունը քննարկվում էր արդեն մի քանի տարի շարունակ: Չնայած դրան, 2013թ. սեպտեմբերին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությանը ենթակա գնման հանձնաժողովը որոշել էր ձեռք բերել չինական արտադրության Fang Dun FD-2000 համակարգերՙ հրաժարվելով ամերիկյան MIM-104 Patriot համակարգից: Ի պատասխան, ԱՄՆ-ը շրջափակել էր չինական տվյալ համակարգը ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգին ինտեգրելու ֆինանսական միջոցները: Թուրքիան դրանից հետո հրաժարվել էր չինական համակարգի ձեռքբերումից եւ հայտարարել էր, թե ստեղծելու է սեփական զենիթահրթիռային համակարգ:
Վաշինգտոնն առանձնապես ուշադրություն չէր դարձրել Անկարայի այդ քայլին, քանզի վարժվել է նմանօրինակ հայտարարություններին: Ինչպես այն ժամանակ գրեց թուրքական Haberturk հրատարակությունը, ԱՄՆ-ից եւ Եվրոպայից սկսել էին ստացվել զենքի համատեղ արտադրություն սկսելու առաջարկներ: Առավել աչքի ընկնող ընկերություններն էին ամերիյան Lockheed Martin-ը եւ գերմանա-իտալական MEADS ընկերությունը: Սակայն արեւմտյան ընկերությունների քայլերը սահմանափակվել էին լոկ բարի մտադրությունների արտահայտմամբ: Երբ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ իր երկիրը ռազմական ոլորտում, ինչպես նաեւ սեփական ռազմարդյունաբերության զարգացման ասպարեզում համագործակցելու է Ռուսաստանի հետ, եւ որ տեխնոլոգիաների փոխանակման հարցում ՆԱՏՕ-ի երկրները բավական խուսափողական դիրք են բռնել, եւ որ հնարավոր են թուրքական C-400 համակարգի գնումներ, պարզ դարձավ, որ խաղը շարունակվում է:
Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարեց, որ Անկարայի հետ պայմանագրի ստորագրման դեպքում ռուսական «Алмаз-Антей» կոնցեռնը կարող է հակաօդային պաշտպանության C-400 համակարգեր արտադրել Թուրքիայի համար: Իր հերթին, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Կոժինը ընդգծեց, որ Թուրքիայիՙ ՆԱՏՕ-ի անդամ լինելը խոչընդոտ չէ նրան C-400 համակարգ մատակարարելու համար: Անշուշտ գոյություն ունի Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերի հետ անհամատեղելի C-400-ներ տեղաբաշխելու գայթակղություն: Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը բացեիբաց հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է զենք վաճառել բոլոր ցանկացողներին: Օրինակ, «հույները շարունակում են գնել: Ռուսական ռազմօդանավերը մինչեւ օրս օգտագործվում են Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում: Աֆղանները ամերիկացիներին խնդրում են ձեռք բերել ռուսական ուղղաթիռներ»:
Թուրքական Sabah թերթի տվյալներով, C-400-ի գնմանը վերաբերող հայտարարությունները ի հայտ եկան այն բանից հետո, երբ Պենտագոնի ղեկավար Մետիսը խոստացավ Ռաքքայի գրոհից հետո նույնպես շարունակել զենքի մատակարարումները քրդական ինքնապաշտպանական ջոկատներին: Ավելի վաղ, նախագահ Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրել էր քրդերի ահաբեկչությանն օժանդակելու մեջ, ինչը աներեւակայելի է համարում դաշնակցային հարաբերությունները ՆԱՏՕ-ի շրջանակներում: Սակայն, ինչպես գտնում է Sabah-ը, Անկարան քաղաքականացրել է ռուսական C-400-ի ձեռքբերումը եւ մինչեւ օրս չի հրաժարվել ԱՄՆ-ի հետ համագործակցությունից, ըստ որումՙ ոչ միայն Սիրիայում: Ըստ թերթի, Անկարան կարող է Վաշինգտոնին պայմաններ առաջադրել «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում եւ այլ հանգամանքներում, եթե ԱՄՆ-ը Թուրքիային համոզի, որ սիրիացի քրդերի հանդեպ իր բարեհաճությունը ոչ թե նախասիրություն է, այլ ժամանակավոր բնույթ է կրում: Այդպես էլ կատարվում է:
Bloomberg-ը նշում է, որ ռուսական C-400 համակարգի գնման դեպքում Թուրքիան դրանք կտեղաբաշխի այն շրջաններում, որտեղ գործում են ՆԱՏՕ-ի հաստատած սահմանափակումներըՙ Հայաստանի, Հունաստանի սահմանների մոտ եւ Էգեյան ծովի ափին: Բացի դրանից, համալիրը չի ունենա ճանաչման «յուրային-օտար» համակարգեր, ինչը թույլ կտա այն օգտագործել ցանկացած թիրախի դեմ: Սա ենթադրել է տալիս, որ Թուրքիայի համար գոյություն ունեն իրական սպառնալիքներ: Հունաստանի դեպքում ամեն ինչ պարզ է. այդ երկիրը, ինչպես եւ Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ է, եւ դրա անվտանգության ապահովումը դաշինքի իրավասության մեջ է:
Իսկ ինչպես բացատրել Թուրքիայի ցանկությունըՙ C-400 տեղաբաշխել ՀԱՊԿ-ի գծով Ռուսաստանի դաշնակից Հայաստանի սահմանի մոտ: Bloomberg-ի հաղորդումը չի՞ վկայում արդյոք, որ Թուրքիան սկսում է սահմանազատվել Ռուսաստանի հետ կնքված պայմանագրից, քանզի Հայաստանի սահմանի մոտ հրթիռների տեղաբաշխումը կարող է դուր չգալ Մոսկվային: Եվ C-400 համակարգը արդյո՞ք այդքան կարեւոր է Թուրքիայի անվտանգության ապահովման համար: Կարելի՞ է արդյոք վստահաբար ասել, թե Թուրքիան արտաքին քաղաքականություն վարելիս փորձում է սահմանազատվել ԱՄՆ-ից:
Այս եւ համանման մյուս հարցերի պատասխանը օրերս տվեց Ռազմավարական հետազոտությունների միջազգային կենտրոնի փոխնախագահ Քամեր Քասըմը . «Թուրքիան այսօր որոշ իմաստով ինքնուրույն տարածաշրջանային ուժ է եւ որպես այդպիսին ստիպված է մերթընթմերթ միջամտել տարածաշրջանում ծագող տարաձայնություններին: Գաղտնիք չէ, որ եթե դուք բավականաչափ զորեղ եք, ապա ձեր դիվանագետներին կլսեն փոքր-ինչ ավելի մեծ ուշադրությամբ»: Ինչպես նշում է «Ռեգնում» գործակալությունը, մնում է միայն մի քիչ սպասել: