Ուսումնական տարեշրջանի վերսկսման այս օրերին շատ ավելի ագրեսիվ են դարձել սմարտֆոն եւ հաղորդակցության այլ գործիքներ վաճառողների, ինտերնետային ավելի արագ կապուղիներ խոստացող ընկերությունների գովազդները: Ոչինչ չես կարող ասել. շուկան թելադրում է իր կամքը, պահանջարկը մեծ է, հատկապես վերամուտի այս օրերին, հարկավոր է բավարարել այն, եւ ամեն գնով: Դեռ որքա՜ն երեխաներ կան, որ երազում են սմարտֆոն, պլանշեթ ու համակարգիչ ունենալու մասին, որքա՜ն ծնողներՙ նրանց երազանքը իրականացնելու հետամուտ: Ծնողների տեսակետիցՙ դրա համար կարելի է ինքնազրկվել, օգտագործել վերջին խնայողությունները, նույնիսկ պարտք վերցնել կամ խանութին մաս-մաս վճարել, միայն թե երեխան չզրկվի այդ հրաշք գործիքից: «Իմ երեխան ինչո՞վ է պակաս մյուսներից. ողջ աշխարհն է այսօր համակարգչով շարժվում. դա գիտելիք է, զարգացման մակարդակ, ապագա հաջողությունների երաշխիք: Համ էլՙ ի՞նչ վատ բան կա դրա մեջ. փոխանակ փողոցում կամ բակում թրեւ գալու, տանը խելոք նստածՙ երեխան ժամերով պրպտում-կարդում է, «մեսիջներ» է ուղարկում, ստանում: Հոգ չէ, աչքերը մի քիչ կարմրում են, մի քիչ դժվար է անցնում քնի, բայց ամեն լավ բան զոհողություն է պահանջում», բացատրում են ծնողները: Եվ նրանք ընդհանուր առմամբ իրավունք ունեն. ինտերնետը անփոխարինելի է տեղեկություններ ստանալու եւ հաղորդելու, զարգանալու եւ կառավարելու գործում: Ժամանակակից աշխարհը չի կարող գոյություն ունենալ առանց դրա: Բայց…
Հայաստանը երեւի այն բացառիկ երկրներից է, որ բաց է, բոլորովին բաց բոլոր տեսակի նորությունների առջեւ: Եվ դա վատ չէ, նույնիսկ շատ լավ է, պայմանով, որ այդ նորությունները, գոնե դրանցից կարեւորները, հասարակական լայն շրջանառության մեջ դրվելուն զուգահեռ վերլուծվեն եւ վերահսկվեն գեթ նվազագույն չափով. գուցե կան անպատեհություններ, կամ վնասներ: Ու քանի որ նորությունները համեմատաբար քիչ ուշացած են թափանցում մեր երկիր, երբ դրանց ծագման երկրներում արդեն խորապես զգում ու մտահոգվում են դրանց կողմնակի ազդեցություններով ու հետեւանքներով, մեզ մոտ դրանքՙ այդ անպատեհությունները անտեսվում են ընդհանրապես: Այս պարագայում նկատի ունեմ ինտերնետի, մասնավորաբար սմարտֆոնների կիրառությունը անչափահասների շրջանում: Պետական ոչ մի գերատեսչություն, հասարակական ոչ մի կազմակերպություն չի զբաղվում, չի ուսումնասիրում, հարցախույզներ չի ձեռնարկում եւ դրանց մասին չի իրազեկում լայն հասարակությանը: Նույնըՙ շուկայի կամակատար-ստրուկը դարձած հայկական մամուլն իր էլեկտրոնային ու թղթային տարատեսակներով: Ամերիկյան յուրաքանչյուր արտառոցության հավատարմորեն արձագանքող մեր մամուլում, օրինակ, ոչ մի տող ու խոսք չեղավ Մ. Նահանգներում ծնողների, դաստիարակների ու մասնագետների ձեռնարկած բողոքի այն հզոր շարժման մասին, որի գլխավոր թիրախը կամ պահանջը սմարտֆոնների հասանելիության կանխումն է մինչեւ 13 տարեկան երեխաների համար: Նույնիսկ չհիշատակվեց հանգուցյալ Ստիվ Ջոբսի խոսքը. «Ես իմ երեխաներին չեմ թողնի մոտենալ նման գործիքներին»:
Այո, միջազգային մամուլը գրեթե ամեն օր խոսում-գրում է ինտերնետի անպատեհ, հաճախ նաեւ վնասակար ներգործության մասինՙ հատկապես տարիքային որոշ խմբերի, սոցիալական որոշ շերտերի, ցեղակրոնական տարբեր խմբավորումների վրա եւ առհասարակ:
Նկատի չունեմ այն բազմաթիվ ուսումնասիրությունները, որոնք Արեւմուտքում լույս են տեսնում գրեթե ամեն օր, հետեւյալ թեմաներով. «Ինտերնետը եւ ահաբեկչությունը», «Ինտերնետը եւ թմրամիջոցները», «Ինտերնետը եւ պոռնկությունը», «Ինտերնետը եւ ֆինանսական խարդախությունը» եւ այլն: Դրանք այն թեմաներն են, որոնց նկատմամբ մեր պետությունն ու հասարակությունն իրենց լրիվ ապահովագրված են զգում, չգիտես ինչ հիմնավորումով: Այլ նկատի ունեմ այն կողմնակի ազդեցությունները (side effects), որոնք հոգեբանական-մտավոր խանգարումներ են առաջացնում ինտերնետից կախվածության (addict) մեջ գտնվող պատանիների ու երիտասարդների շրջանում: Այդ խանգարումներից ամենավտանգավորը, իմ կարծիքով, այն զգացողությունն է, երբ տվյալ անձը ընկնում է մեկից ավել ինքնություն (identity) ունենալու պատրանքի մեջ, որին երբեմն ուղեկցում է հիշողության մասնակի կորուստը, երբ տվյալ անձը, մանավանդ անչափահասը, իր հետ կատարվածը շփոթում է ինտերնետից իմացածի հետ: Այս եւ այլ խանգարումները խորանալու պարագայում առաջ են բերում հոգեմտավոր մեծ բեկումներ, ընկճվածություն, տարբեր խանգարումներ իրենց տարատեսակ դրսեւորումներովՙ հակվածություն դեպի դաժանություն, սեռական եւ այլ շեղումներ, ընդհուպՙ ինքնասպանություն եւ սպանություն:
Ինտերնետից կախվածության հոռի հետեւանքներից թերեւս ոչ ամենագլխավորը, սակայն ընտանեպաշտ մեր ժողովրդի համար հավանաբար ամենակարեւորըՙ սերունդների միջեւ դրա առաջացրած խզումն է: Մեր ընտանիքներում հետզհետե անհետանում է հայրիկի կամ մեծ հոր հետ անչափահաս երեխաների մտերմությունը, ջերմ շփումը: Երեխան նախկինի նման չի թռնում պապիկի ուսերին. հազիվ է բարեւ կամ համբույր տալիսՙ աչքը չկտրելով ձեռքի սմարտֆոնից. նա ժամանակ չունի շեղվելու: Թվայնացված անջրպետն է բաժանում պապիկինՙ թոռնիկից: Պապիկները ավելի լավ կհասկանան ասածս, թոռներըՙ առայժմ ոչ: