Բավականին բաց հետեւություններով երկու հոդված էր հրապարակել ռուսաստանյան «REGNUM» լրատավական գործակալությունը Իոսիֆ Կուբատյանի ստորագրությամբ: Եթե առաջինի արդեն վերնագրում կար հարցադրում, թե ով կդառնա առաջիկայում Հայաստանի վարչապետ, ապա վերլուծության վերջում տրված էր դրա աներկբա պատասխանը: Երկրորդում պարզապես խաչ էր քաշված Կարեն Կարապետյանի կառավարության «առաջին ու վերջին» տարվա վրա: Ռուսաստանյան հասարակայնության, ռուսահայության առջեւ անպատշաճության աստիճան անսքող բացահայտվել էին հայաստանյան դեմոկրատիայի որոշ առանձնահատկություններ, բալզակյան ոճով ասածՙ իշխանությունների պերճությունը բոլոր առումներով եւ ենթակաների անօգնական թշվառությունը:
Ամենաարտառոցը թերեւս այն է, որ, պարզվում է, Հանրապետական կուսակցության խորհրդարանական թեւում հառնել է Սերժ Սարգսյանին «երկրի ցմահ տիրակալ» հռչակելու գաղափարը, ինչը շնչավորել է պատգամավոր Նաիրի Սահակյանը: Ըստ վերջինիս, նման պատվի ներկայիս նախագահին պետք է արժանացնել այն բանի համար, որ նա «շատ հուսալի մարդ է»: Ի՛ր համար է հուսալի, թիմակիցների թե հայոց ժողովրդի համարՙ խորհրդարանականը չի ճշտել:
Նման կարգի հայտարաությունները որպես կանոն իմպրովիզացիայի արդյունք չեն: Դրանք հասունանում են տվյալ իշխանական խավի ընդերքում եւ հռչարկվում են ոմն պաշտոնական անձի միջոցովՙ ստուգելու համար հասարակական արձագանքը: Ռուսաստանում, օրինակ, այդպիսին է Վլադիմիր Ժիրինովսկին: Ոչ մեկի համար արդեն վաղուց գաղտնիք չէ, որ Ժիրիկի երբեմն նույնիսկ զավեշտական թվացող շատ հայտարարություններ արվում են Կրեմլի հանձնարարականով:
Ցավալին այն է, որ հայաստանյան դեմոկրաատյան, այսպես կոչված ժողովրդավարությունը, անկախության հենց առաջին տարիներից ցանկալի ընդհանրություն չի ունեցել ժողովրդի, նրա կամքի ու բախտի հետ: Տվյալ դեպքում, որեւէ մեկը հարցրե՞լ է հայ հասարակությանը, թե նա կուզի՞ տեսնել «ցմահ տիրակալի», լինի դա Սերժ Սարգսյանը թե մեկ ուրիշը: Ռուսաստանում էլ բոլորին չէ, որ դուր է գալիս Վլադիմիր Պուտինի քաղաքական երկարակեցությունը երկրի բարձրագույն պաշտոնում: Սակայն նրա հարգանիշը տեղի հասարակության շրջանում գերազանցում է 80 տոկոսի բնագիծը եւ արդեն տեւական ժամանակ շեղումներ թույլ չի տալիս: Էլ չենք ասում, եւ սա չափազանցություն չէ, որ Պուտինը դարձել է այն լիդերը, որի շուրջը ձեւավորվում ու իրականացվում է համազգային միավորման գաղափարը հայրենասիրության, ներկա փուլում արեւմտյան ռուսատյացությանը դիմակայելու հիմքի վրա:
Հայաստանյան դեմոկրատիայի մյուս կարեւոր ընթացիկ առանձնահատկությունն այն է, որ երկրում փաստորենՙ դե ֆակտո ստեղծված է միակուսակցական քաղաքական համակարգ, ինչը խոր անդունդ է ստեղծում «ցոփ ու շվայտ» կյանքով ապրող իշխանական վերնախավի ու հազիվ գոյությունը քարշ տվող բնակչության մեծամասնության միջեւ: Կուբատյանը հոռետես է Կարեն Կարապետյանին որպես «փոփոխությունների խորհրդանիշ» նոր վարչապետ-ղեկավար տեսնելու հարցում: Նրա կարծիքով, Կարապետյանը մնաց ընդամենը գործիք-տեխնիկական վարչապետՙ ցմահ Հայաստանի տիրակալ դառնալու սարգսյանական «մեծ պլանի» իրագործման ճանապարհին: Ի վերջո վճռորոշ խոսքը պատկանում է իրական ուժ ունեցող միակ կուսակցությանը: Անփոփոխ է մնում, գրում է Կուբատյանը, Հայաստանի կառավարման տրամաբանությունըՙ սպասարկել ոչ թե երկրի քաղաքացիների, այլ իշխանական վերնախավի մեջ մտնող ու նրան հարող նեղ շրջանակի մարդկանց շահերը: Թերեւս զարմանալի էլ չէ, որ «միանձնյա» կառավարող Հանրապետական կուսակցությանը չի խրտնեցնում նույնիսկ խորհրդային միակուսակցական համակարգի անփառունակ կործանումը: Թքած ունեն նույնիսկ նրա բնավ էլ ոչ համլետյան ուրվականի վրա:
Հայաստանյան դեմոկրատիայի մեծագույն նվաճումներից մեկը պետք է համարել նաեւ քաղաքական ընդդիմության կատարյալ ջախջախումը: Պետդումայում, օրինակ, գործում են երեք ընդդիմադիր ուժեր, որոնք ինչ-որ չափով այնուամենայնիվ ազդում են իշխանության վարքի վրա: Ու՜ր չքվեցին արատավոր իշխանության դեմ պայքարող բոցաշունչ մարտիկներ Արթուր Բաղդասարյանը, Ռաֆֆի Հովհաննիսյանը, Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը եւ մյուսները: Ասես Հայաստանի երեք նախագահները արարել են սքանչելի մի պետություն ու հիմա էլ մտածում են «ցմահ» ինքնարժեվորման մասին: Ինչպես ասում են, չափից դուրս մեծ բավականություն է իշխանությունը այն որեւէ մեկի հետ կիսելու համար:
Կուբատյանը հատուկ հիշատակում է Սերժ Սարգսյանի խոստումը սահմանադրական հանրաքվեից առաջ, որի համաձայն ինքը այդ քայլով չի ձգտում սեփական իշխանության վերարտադրման եւ որ ինքը չի հավակնի երեք բարձրագույն պաշտոններից եւ ոչ մեկին: Ու հանկարծՙ պաշտոնական ցմահության մասին: Ահա եւ, հայաստանյան դեմոկրատիայի յուրահատկության եւս մի դրսեւորումՙ պաշտոնատար անձինք ոչ մի պատասխանատվություն չեն կրում նույնիսկ տրված խոստումների համար: Էլ չենք ասում արած-չարած գործերի համար:
Եվ վերջում մի տխուր իրադարձության մասին, որը խոր հակասության մեջ է մտնում Հայաստանի դեմոկրատ առաջնորդների ինքնագոհ ժպտերեսության հետ: Երեւան-Մոսկվա չվերթին սպասելիս շատերի ուշադրությունը գրավեց հարեւանությամբ մի քանի տարեց մարդկանց հիրավի ողբի վերածված լացուկոցը: Երեւի մարդ է մահացել, մտածում էին բոլորը: Սակայն ճանապարհողներից մեկը ասաց, որ պստիկ երեխաներով ջահել մի ընտանիք է արտագաղթում Կանադա, ընդ որում նրանց հայրիկն ու մայրիկըՙ երկուսն էլ իրենց ծնողների միակ ժառանգն են: Դրա համար էլ տարիքն առած ծնողները այդքան ծանր են տանում բաժանումը: Ճանապարհողը հարկ համարեց նաեւ ասել, որ արտագաղթողները Հայաստանում էլ բավականին ապահով կյանքով էին ապրում: Բայց փախչում են հայաստանյա՛ն դեմոկրատիայից ու իրենց երեխաների համար ապագա են փնտրում օտար երկրում:
Հ.Գ.- Սփյուռքի համաժողովի ժամանակ հպարտությամբ նշվեց, որ ներկա միջոցառմանը առաջին անգամ մասնակցում են նաեւ մի քանի էկզոտիկ պետություններում ձեւավորված հայկական նորաթուխ համայնքների ներկայացուցիչներ: Հավանաբարՙ արեւելախոս…