Կատալոնցիների ինքնորոշումը միջազգային իրավունքի տեսակետից
Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացված անկախության հանրաքվեի նախնական արդյունքների համաձայն, քվեարկության մանակիցների մոտ 90 տոկոսը արտահայտվել է անկախության օգտին: Մադրիդի իշխանությունների արձագանքը բավական կոպիտ էր ու կտրական:
Իսպանիայի վարչապետը հրաժարվեց ընդունել, որ Կատալոնիայում անկախության հանրաքվեն կայացել է: Կատալոնցիների նկատմամբ Մադրիդի իշխանությունների գործադրած բռնությունները կարելի է ներկայացնել որպես օրինապահություն: Կենտրոնական իշխանությունները ամեն ինչ արեցին, որպեսզի կատալոնցիների տրամադրությունները դառնան էլ ավելի հակամադրիդյան:
Հանրաքվեի հարցը հետեւյալն էր. «ուզու՞մ եք արդյոք, որ Կատալոնիան դառնա անկախ պետությունՙ կառավարման հանրապետական ձեւով»: Այլ կերպ ասած, իրենց հանրապետական ավանդույթներին հետեւող կատալոնցիները հոկտեմբերի 1-ին քվեարկեցին ոչ միայն հանուն անկախության, այլեւ ընդդեմ միապետության:
Կատալոնիայի ղեկավարությունը Իսպանիայի իշխանությունների գործողությունները դեմ են համարում միջազգային իրավունքի նորմերին եւ բոլոր հիմքերն ունեն դրա համար, կարծում է միջազգայնագետ Միխայիլ Դեմուրինը:
Բանն այն է, որ 1966 թ. ՄԱԿ-ի հաստատած Միջազգային, տնտեսական ու մշակութային իրավունքների պակտի եւ Քաղաքական ու տնտեսական իրավունքների միջազգային պակտի հենց առաջին հոդվածում առկա հետեւյալ դրույթները.
1. Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքի բերումով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը եւ ազատորեն ապահովում են իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը:
3. Սույն դաշնագրի մասնակից բոլոր պետությունները … Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության դրույթներին համապատասխան պետք է խրախուսեն ինքնորոշման իրավունքի իրականացումը եւ հարգեն այդ իրավունքը:
Նույն սկզբունքներն ամրագրված են 1970 թ. ՄԱԿ-ի հաստատած Միջազգային իրավունքի սկզբունքների հռչակագրում, Հելսինկիում 1975 թ. անցկացված Եվրոպայի անվտանգության ու համագործակցության խորհրդակցությունում, ինչպես նաեւ դրա վրա հիմնված եվրոպական մյուս վերջին փաստաթղթերում:
Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը կապված է որոշ հակասությունների հետ: Առավել էական հակասությունը կապված է միջազգային իրավունքի մյուս կարեւոր սկզբունքիՙ պետությունների տարածքային ամբողջականության հետ: Սակայն դա դիալեկտիկական հակասություն է եւ չպետք է խանգարի երկու սկզբունքների փոխկապակցված իրականացմանըՙ հաշվի առնելով կոնկրետ հանգամանքները եւ միջազգային իրավունքին համապատասխանությունը:
Արդ, որո՞նք են այդ փոխկապակցվածության առանձնահատկությունները, մասնավորապես Կատալոնիայի պարագայում: Վերջին պարագայում դրանք երկուսն են:
Առաջինն այն է, որ թե՛ ՄԱԿ-ի կանոնադրությունը, թե՛ Միջազգային իրավունքի սկզբունքների հռչակագիրը պարունակում են դրույթներ, որոնց համաձայն պետությունները պարտավոր են ձեռնպահ մնալ ուրիշ պետությունների տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններից: Հենց պետությունները, այլ ոչ թե տվյալ երկրի ներսում գործող քաղաքական կուսակցություններն ու միավորումները կամ ժողովրդական շարժումները:
Երկրորդ դրույթը հատկապես կարեւոր է: Այս դեպքում հեղինակը նշում է նաեւ դրա կարեւորությունը Ուկրաինայի ճգնաժամի համատեքստում: Միջազգային իրավունքի սկզբունքների հռչակագրից հետեւում է, որ տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական միասնությունը չխախտելու սկզբունքը գործում է այն պետությունների նկատմամբ, որոնք իրենց գործողություններում պահպանում են ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքը: Տվյալ դեպքում ակնհայտ է, թե որ սկզբունքն է առաջին տեղում, եւ, այդուհանդերձ, վերջին տարիների քաղաքական կյանքը ցույց է տալիս, որ տարածքային ամբողջականության սկզբունքը վեր է դասվում ժողովուրդների ինքնորոշման իրավունքից:
Այդ սկզբունքով առաջնորդվելովՙ Եվրոմիության ղեկավարությունը հավանություն տվեց կատալոնցիների ինքնորոշման նկատմամբ Մադրիդի իշխանությունների բացասական վերաբերմունքին: Այստեղ եւս գործ ունենք միջազգային իրավունքի ակնհայտ խախտման հետ, քանզի վերոհիշյալ հռչակագրում սեւով սպիտակի վրա գրված է.
«Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ ամրագրված ազգերի իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքի ուժով, բոլոր ժողովուրդները իրավունք ունեն առանց արտաքին միջամտության որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը եւ իրականացնելու իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքները, եւ յուրաքանչյուր պետություն պարտավոր է հարգել այդ իրավունքըՙ համաձայն Կանոնադրության դրույթների:
Յուրաքանչյուր պետություն պարտավոր է համատեղ եւ անհատական գործողությունների միջոցով ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքին օժանդակելՙ ըստ Կանոնադրության դրույթների»:
Պարզ շարադրված այդ պարտավորություններին հետեւելու փոխարեն Եվրոմիության պաշտոնյաները Կատալոնիային նախազգուշացնում են, որ անկախություն ստանալու դեպքում նա չի կարող լինել ԵՄ անդամ: Ի՞նչ է սա, եթե ոչ տնտեսական ճնշման անմիջական սպառնալիք: Ի դեպ, հանրաքվեի նախօրեին, Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղարը հայտարարեց, որ դա Իսպանիայի ներքին գործն է:
Ժողովուրդների ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները չպետք է կիրառվեն կամայականորեն ու միակողմանիորեն: