Հարվարդի համալսարանի Մաշտոցի անվան հայագիտության ամբիոնի նոր պրոֆեսոր Քրիստինա Մարանչին մեծ ծրագրեր ունի: Որպես հայկական ծագումով առաջին անձը, որը զբաղեցնում է այդ պաշտոնը՝ Մերձավորարեւելյան լեզուների եւ քաղաքակրթությունների ու Արվեստի եւ ճարտարապետության պատմության ֆակուլտետների համատեղ ենթակայության ներքո, Մարանչին լի է հայ արվեստն ու մշակույթը Հարվարդի ավելի լայն լսարանին ներկայացնելու գաղափարներով: Նա «Հարվարդ գազեթին» պատմել է Թուրքիայում կատարած աշխատանքի, սեփական մշակույթի բացահայտման եւ Մեծ Բոսթոնի հայ համայնքի մշակութային հարստության մասին:
– Կպատմե՞ք հայ մշակույթի հետ ունեցած ձեր կապի մասին:
– Ես մեծացել եմ Քոնեքթիքութում՝ Նյու Յորք Սիթիից ոչ հեռու, եւ իմ քաղաքում քիչ հայեր կային: Ծնողներս սիրում էին եւ հիմա էլ սիրում են եվրոպական մշակույթը` դասական երաժշտությունը, բալետը, օպերան, եւ նրանք շատ հետաքրքրված էին այդ ամենին հաղորդակից դարձնել մեզ: Մենք նաեւ հաճախում էինք հայկական եկեղեցի:
Միջնադարյան արվեստով եւ արվեստի պատմությամբ լրջորեն հետաքրքրվեցի քոլեջում: Ես կամաց-կամաց հասկացա, որ ուղղվում եմ դեպի Արեւելք՝ Բյուզանդիա, իսկ հետո, ի վերջո, դեպի իմ հայրենիքն ու նրա ավանդույթները: Դա դանդաղ գործընթաց էր: Մինչ ես նախատեսում էի սովորել գոթական բարձր ճարտարապետություն, վերջիվերջո սկսեցի զբաղվել հայ արվեստով եւ ճարտարապետությամբ:
– Ինչո՞ւ է հայկական ճարտարապետությունը կարեւոր:
– Կար բանավեճ, որ Հայաստանը գոթական ճարտարապետության բնօրրանն է Եվրոպայում: Այդ մոտեցումն այլեւս չկա, բայց 10-11-րդ դարերի հայկական ճարտարապետությունը աչքի է ընկնում իր գեղագիտական արժեքներով: Մենք տեսնում ենք ուղղահայացություն, խմբված սյուներ, սրածայր կամարներ եւ շատ բաներ, որ կան Եվրոպայում, բայց սա այլ ավանդույթ է, որը կարելի է եւ պետք է հասկանալ իր համատեքստում:
Երբ ուսումնասիրում ես նախաքրիստոնեական ժամանակաշրջանի Հայկական լեռնաշխարհը, տեսնում ես այն, ինչն արվեստի պատմության դասագրքում կզետեղվեր տարբեր գլուխներում՝ Հին Մերձավոր Արեւելք (Պերսեպոլիս) կամ հելլենիստական քանդակագործություն: Բայց Հայաստանում ավելի հետաքրքրականն այն է, որ մենք կարող ենք վկայություններ գտնել, որոնք մատնացույց են անում երկու ավանդույթներին էլ:
Հայկական լեռնաշխարհից պեղված հին արտեֆակտները հարաբերվում են ինչպես միջերկրածովյան դասական ավանդույթների (օրինակ՝ աստվածուհու արձանիկը հակադիրքում եւ քանդակված խոնավ ծալազարդման տեխնիկայով), այնպես էլ Հին Պարսկաստանի հետ (արծաթյա եղջերագավաթ՝ ձիու կերպարանքով, եւ հեծյալ, որն ապշեցուցիչ նմանություն ունի Պերսեպոլիսի հանդիսասրահի սանդուղքի քանդակազարդ կերպարների հետ): Սա նշանակում է, որ հնագիտական նյութերի հիմնակազմն այնքան էլ չի տեղավորվում արվեստի պատմության ավանդական կատեգորիաներում, այլ ավելի շուտ հատում է դրանք՝ Հայաստանը դարձնելով ուսումնասիրման կանոններին չենթարկվող մի վայր, ինչը հետաքրքրական է ու նաեւ ընկալվում է որպես մարտահրավեր:
– Տեղի հայ համայնքի օգնությամբ 1959-ին հիմնվել է ձեր ներկայիս պրոֆեսորական պաշտոնը: Ի՞նչ առնչություն ունեք համայնքի հետ:
– Ամուսինս, որը նույնպես հայ է, գնում է Բրեթլ փողոցի Սուրբ Երրորդության հայկական եկեղեցի եւ երգում այնտեղ, այնպես որ ես երբեմն ուղեկցում եմ նրան: Բայց մեր շրջանում կան նաեւ ուսումնասիրության մեծ կենտրոններ, ինչպիսին է Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ընկերակցությունը (NAASR), որն անմիջականորեն մասնակցել է այս ամբիոնի ստեղծմանը: Ես դրա անդամն եմ դարձել, երբ դեռ սովորում էի ասպիրանտուրայում (Վասարի շրջանավարտ Մարանչին մագիստրոսի եւ գիտությունների թեկնածուի կոչում է ստացել Փրինսթոնում – Ջ. Ռ.): NAASR-ը գտնվում է Բելմոնթում եւ հիանալի ռեսուրս է գիտնականների, ուսանողների եւ համայնքի համար: Ուոթերթաունում կա նաեւ Հայկական թանգարան, որը նշանակալի հավաքածու ունի: Այս շրջանում կա մեծաթիվ հայկական համայնք՝ Լոս Անջելեսից հետո երկրորդն ԱՄՆ-ում:
– Կպատմե՞ք մեզ Թուրքիայի վտանգված տեղավայրերում ձեր աշխատանքի մասին:
– Արեւելյան Թուրքիայում, որը Հայաստանի պատմական տարածքներից է, շատ հայկական եկեղեցիներ կան, սակայն դրանք հիմնականում բավական ամայի վայրերում են եւ տարբեր աստիճանի վթարային պայմաններում: Ես աշխատում եմ Նյու Յորքի Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի հետ, եւ ըստ այդմ մենք համագործակցում ենք Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության, ինչպես նաեւ այլ նախարարությունների հետ, որպեսզի ուշադրություն հրավիրենք այս եկեղեցիների վրա եւ, ի վերջո, դրանք ամրացվեն:
Այն տարածքը, որը ես ուսումնասիրում եմ, գտնվում է փակ միջազգային սահմանի վրա եւ գեղեցիկ ու կարեւոր պատմական եկեղեցիների հանգրվանն է: Դրանցից մեկը 19-անկյուն է եւ կորցրել է իր կեսը՝ ըստ էության իր սկզբնական ձեւի լայնակի հատույթով: Նման եկեղեցիների վրա աշխատելը շատ բարդ է բազմաթիվ տեսանկյուններից՝ քաղաքական, դիվանագիտական, ճարտարագիտական եւ տնտեսական: Սա համբերության մրցախաղ է, միեւնույն ժամանակ դրանք ողբալի վիճակում են, եւ, բացի այդ, տարածքը խիստ երկրաշարժավտանգ է:
Սա հիանալի ուսուցանող նյութ է, քանի որ ցույց է տալիս, թե ինչպես են միջնադարյան հուշարձանները ներգրավված հետազոտության այդքան տարբեր ոլորտներում՝ արվեստի պատմությունից մինչեւ մարդու իրավունքներ, միջազգային իրավունք, քաղաքականություն, այլեւս չասած պատմության եւ կրոնի մասին:
– Հայագիտության հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք այստեղ:
– Ես ուզում եմ բակալավրիատում հետաքրքրություն առաջ բերել, բայց նաեւ ցանկանում եմ ներգրավել եւ նախապատրաստել մագիստրատուրայի եւ ասպիտանտուրայի ուսանողներին: Ցանկանում եմ ստեղծել հանրակրթական դասընթաց Հայաստանի արվեստի եւ մշակույթի վերաբերյալ, որպեսզի բարձրացնեմ իրազեկությունն այս բացառիկ ավանդույթի մասին, որը սովորաբար չի ուսումնասիրվում: Բակալավրիատի ուսանողներն այսպիսի դասընթաց չեն անցնում, մինչդեռ հայ արվեստն ու մշակույթը կապված են շատ տարբեր մշակույթների հետ՝ Ամստերդամից մինչեւ Ֆիլիպիններ: Դա պարզապես մի բացառիկ պատմություն է, որ պետք է պատմվի: Ես պետք է դրա համար դիպուկ վերնագիր գտնեմ:
ՋԻԼ ՌԵԴՍԿԵՆ
Անգլերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ