Հայաստանում ստեղծվում է մի հանճարեղ բան: Չէ, խոսքը ոչ թե տարածաշրջանում ամենաերկար զիփլայնի կամ Նոյ ազգագրական թաղամասի մասին է, կամ էլ, օրինակ, Վանաձորի զարգացման մաստեր-պլանի, ըստ որի ՀՀ երրորդ քաղաքը 4 տարվա ընթացքում պետք է գրավիչ դառնա ե՛ւ զբոսաշրջիկների, ե՛ւ գործարարների համար, այլ այն, որ երկրում ստեղծվում է օրենքՙ բազմազավակ ընտանիքների մասին: Կարելի է անգամ ոչինչ չկարդալ օրինագծում, միայն վերնագիրը, ընդ որումՙ մի տասն անգամ, ու հիանալ: Սոցապ եւ աշխատանքի նախարարությունը օրինագիծը ներկայացրել է կառավարությանը, վերջինս էլ կհաստատի ու կներկայացնի ԱԺ, ԱԺ-ում էլ գուցե բուռն քննարկում անցնի, բայց եւ հարթ կընդունվի, ինչպես ԱԺ-ում բուռն քննարկում անցած բոլոր օրինագծերը: Ինչեւէ, ապագան ցույց կտա այս օրինագծի ճակատագիրը, իսկ ապագան, գիտենքՙ 2040-ն է, երբ Հայաստանում պետք է ապրի նվազագույնը 4 միլիոն հայՙ պլյուս-մինուս ազգային ինչ-ինչ փոքրամասնություններ, ցանկալի էՙ Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգող, քանի որ երկրի ներսում մենք ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման փորձերի կարիքը չունենք:
Միանգամից նշեմ, որ օրինագիծը նպատակ ունի բավարարել բազմազավակ ընտանիքների առաջնահերթ պահանջմունքները, նպաստել բազմազավակ ընտանիքների ինքնաապահովմանն ու ծագած խնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը, կանխարգելել այդ ընտանիքների սոցիալական մեկուսացումն ու ամենակարեւորըՙ հիշելով 2040-ը, բարելավել ժողովրդագրական իրավիճակը , ինչը, փաստորեն, բարելավելու կարիք ունի, պարզապես ընտրությունների ժամանակ մեզ չեն ասում, որ տրամադրություններս չընկնի: Թե ի՞նչ է նշանակում նպաստել բազմազավակ ընտանիքների համար ծագած խնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը , օրինագծի հեղինակները չեն մանրամասնել: Մինչդեռ սա շատ հետաքրքրական է, քանի որ ես, օրինակ, ունեմ հիմքեր կասկածելու, որ օրինագծի հեղինակները շփոթել են ունակություն բառըՙ հնարավորություն բառի հետ: Բանն այն է, որ որեւէ օրենք չի կարող մարդու մեջ առաջացնել ունակություն. օրենքը մարդուն տալիս է հնարավորություն, կամ… խլում է:
Մեր օրինագիծը, սակայն, չի խլելու, միայն տալու է, ու գիտե՞ք ինչ…Այ այստեղ սկսվում է ամենահետաքրքրականը: Պետությունը, Բազմազավակ ընտանիքների օրենքի (եթե դառնա, հաստա՛տ կդառնա) համաձայն, բազմազավակ ընտանիքներին տրամադրելու է, ուշադրություն, արտոնյալ վարկեր, ընդ որումՙ նաեւ հիփոթեքային: Հիմա տեսեք, Հայաստանում այս պահին կա 6400 բազմազավակ ընտանիք (բազմազավակ է համարվում ընտանիքը, որտեղ կա 4 եւ ավելի երեխա), որից 5400-ը սոցիալապես անապահով է, դե այսինքն հայրիկը չի աշխատում, մայրիկը չի աշխատում եւ, ինչը հատկապես տարածված էՙ երկուսն էլ չեն աշխատում: Երբ օրինագիծը ներկայացրած սոցապ եւ աշխատանքի նախարարության ներկայացուցչից հետաքրքրվել են, թե բա ինչպե՞ս է պետությունը վարկ, այն էլ արտոնյալ տալու չաշխատող մարդկանց, երբ նույն այդ վարկի համար աշխատողներս տարիներով փաստաթղթեր ենք հավաքում եւ ստաժ կուտակում, նախարարության ներկայացուցիչը հանգիստ պատասխանել էՙ «Գիտե՞ք, մեկ օրենքը չի կարող կարգավորել բոլոր հարցերը» : Պատկերացրեցի՞ք, այսինքն երբ ընդունվի Բազմազավակ ընտանիքների մասին օրենքը , այդ ընտանիքներին դեռ արտոնյալ վարկ չեն տրամադրելու, այ երբ պետությունը մեկը մյուսի հետեւից ընդունի օրենքներՙ նախ արտոնյալ վարկ տրամադրելու մասին, առանձինՙ հիփոթեքային արտոնյալ վարկ տրամադրելու մասին, չաշխատող մարդկանց նաեւ վարկ տրամադրելու պայմանների մասին, նոր միայն բազմազավակներն արտոնյալ վարկ կստանան: Իսկ երբ ստանան, կսկսվի ամենաուշագրավըՙ ինչպե՞ս են մարելու: Մարդիկ ոչ աշխատանք ունեն, ոչ էլ կողմնակի եկամուտներ, այդ պատճառով էլ կոչվում են անապահով, եւ ուրեմն նրանց վարկ տրամադրելը, թեկուզ արտոնյալ, կոչվում է նպաստել բազմազավակ ընտանիքների ինքնաապահովմանն ու ծագած խնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմա՞նը: Չէ, հասկանալի է, որ, ենթադրենք, 5 զավակ ունեցող Սիմոնը կարող է մի 5 միլիոն արտոնյալ վարկ վերցնել, մեքենա գնել ու տաքսու վարորդ աշխատել, եւ կամ խանութ դնել ու միրգ-բանջարեղեն վաճառել, մի խոսքովՙ ինչ-որ բիզնես դնել, բայց տարիներով քաղցած ընտանիքներին երբ փող ես տալիս, նրանք, որպես կանոն, չեն մտածում բիզնես դնելու մասին, քանի որ տարիներով չեն սնվել: Ավելին, եթե Բազմազավակ ընտանիքների մասին օրինագծի գլխավոր նպատակը այդ ընտանիքների առաջնահերթ պահանջմունքները բավարարելն է, ապա ստացվում է, որ այդ ընտանիքներին վարկ են տալիս, որպեսզի սնվեն:
Հասկանալի է, որ պետությանը վարկ են տալիս, որպեսզի զենք առնի, բայց հասկանալի չէ, որ ժողովրդին վարկ են տալիս, որպեսզի հաց ուտի: Ի դեպ, ոչ միայն հայ ժողովրդին, քանի որ Բազմազավակ ընտանիքների մասին ՀՀ օրինագծի համաձայնՙ բազմազավակ է համարվում Հայաստանի Հանրապետությունում բնակվող ընտանիքը, որում ամուսնական մեկ զույգը, իսկ միածնող ընտանիքի դեպքում` միակ ծնողը, «բազմազավակ ընտանիք» կարգավիճակը ստանալու համար դիմելու պահին ծնել եւ (կամ) որդեգրել է եւ խնամում է չորս եւ ավելի երեխա : Իսկ մենք հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում բնակվող ընտանիքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի կարող է եւ չլինել, այսինքն ՀՀ-ն արտոնյալ վարկ կարող է տալՙ այդ թվում ոչ իր քաղաքացիներին, բայց սաՙ իմիջիայլոց:
Ամենակարեւոր հարցը, այսուհանդերձ, այս օրինագիծը լուծելու է. քանի որ Հայաստանում բոլորս ձգտում ենք լավ պայմաններով վարկ վերցնել, ինչը 4-ից պակաս երեխա ունեցողների համար դրախտ մտնելու պես բարդ է, եւ քանի որ պետությունն, ահա, բազմազավակներին արտոնյալ վարկեր է տալու, ապա ոչ բազմազավակները կսկսեն համալրել իրենց ընտանիքների կազմը եւ 2040-ին Հայաստանում կապրի նվազագույնը 4 միլիոն…վարկառու: Որոնք, ընդ որում, իրավունք չեն ունենա լքել Հայաստանը, քանի որ այստեղ կունենան վարկային պարտավորություններ:
Այնպես որ, եթե Հայաստանում մինչեւ հիմա հանուն երեխաների էին վարկ վերցնում, սրանից հետո հանուն վարկի են երեխա ունենալու, կամ որդեգրելու:
Օրենքն այս հարցում խտրականություն չի դնում: