(Այս տարվա վերջին համարն է, այնպես որ հանգիստ իրացնում ենք մեր կատակելու իրավունքը)
Տարեվերջին «Ֆլորենս» ռեստորանում աչքի ընկնող քաղաքական գործիչները, նախարարներից ոմանք, պատգամավորներից ոմանք, Հայաստանի նախագահի մասնակցությամբ, մի ափոփիչ-տարեվերջյան հավաքույթ են անում: Խնջույքը` խնջույք, բայց մեր քաղաքականները ամեն գնով ուզում են իմանալ նախագահի բերնի գոլը` նախագահի ժամկետը լրանալուց հետո մնալ-չմնալու նրա ցանկության մասին. ախր բոլորը շվար են մնացել, չգիտեն ում կողմը նայեն` ներկա վարչապետի, թե՞ ներկա նախագահի: Ու էս երկդիմի վիճակը ախորժակ է հարամում, անգամ խեցգետնի խաշլաման ուտելու ցանկությունն է կորչում: Բայց դե ուղիղ հո չեն կարող հարցնել` նրանք էլ իրենց առօրյա ու շատերիս հայտնի բառապաշարով մանեւրում են, իսկ Սերժ Սարգսյանը քթի տակ խնդմնդում է ու մեկ -մեկ կում է անում իր «Բելուգայից», մեկ-մեկ էլ աննշան դիտողություններ անում, այդպես էլ ոչինչ չբացահայտելով եւ կարծես, ինչպես ոգելիցից, արդեն հաճույք ստանալով իր խորհրդապահությունից:
Ազգային ժողովի նախագահը խոսում է վերջին արտահերթ նիստի խառնիճաղանջից, Դատական օրենսգրքի` աղմուկ հանած քվեարկությունից, որ հազիվհազ էր գլուխ բերել` գումարելով Նապոլեոն Ազիզյանի տարած-հետբերած մեկ ձայնը, Ռուստամ Մախմուդյանի` կոճակ չաշխատած-բանավոր մեկ ձայնը եւ Արփինե Հովհաննիսյանի էպիստոլյար մեկ ձայնը:
– Արա, մի քիչ շուտ իրար մեջ որոշեք` սահմանադրական նախագի՞ծ է , թե սովորական, 63 ձայնով պիտի անցկացնե՞մ, թե պարզ մեծամասնությամբ, հո դուք խայտառակ չե՞ք, ձեր ձեռը կրակն եմ ընկե՞լ, դիմում է իրար կողք նստած Դավիթ Հարությունյանին եւ Հրայր Թովմասյանին Արա Բաբլոյանը :
Դավիթ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանը, փոխանակ Բաբլոյանին արձագանքելու, խեցգետնի խաշլամայի կտորները քիչ է մնում իրար վրա շպրտեն, բայց իրենց տիրապետելով` մսով պատառաքաղները դնում են ափսեների մեջ, ու, առանց քաշվելու նախագահի ներկայությունից, նոր թափով են սկսում բանավեճը` սահմանադրակա՞ն էր Դատական օրենսգրքի նախագիծը, թե՞ ոչ:
– Սահմանադրությունից բխող նախագիծ է, ես որպես սահմանադրական իրավունքի մասնագետ… սկսում է Հրայր Թովմասյանը , բայց Դավիթ Հարությունյանը կոպիտ ընդհատում է նրան.
– Էդ Սահմանադրությունը ես չե՞մ գրել, նախագիծը ոչ թե Սահմանադրությունից է բխում, այլ գործող Դատական օենսգիրքն է ընդամենը փոփոխվում:
– Ո՞վ ասաց, որ Սահմանադրությունը միայն Դուք եք…, փորձում էր հակաճառել Հրայր Թովմասյանը, սակայն նախագահի կողքին նստած Գալուստ Սահակյանը ընդհատում է նրան.
– Տղերք, մի կռվեք, սահմանադրական փոփոխություններին բոլորով ենք մասնակցել, անգամ ՀՅԴ-ն, ասում է Սահակյանն ու նայում իրար կողք նստած խնամիներին` Աղվան Վարդանյանին եւ Մարգարիտ Եսայանին:
– Ես եւ խնամիս կարծում ենք…ձեռքի լայն շարժումով փորձում է պասը վերցնել Աղվան Վարդանյանը , բայց Գալուստ Սահակյանը, շեղակի նայելով խնամիներին, հիմա էլ Վարդանյանին է ընդհատում.
– Մարգարի՞տն է քո խնամին, թե՞ դու ես նրա խնամին;
– Ասողը ՀՀԿ-ն է, իրեն չի կորցնում Աղվան Վարդանյանը` Մարգարիտի հալեցնող ժպիտի ուղեկցությամբ: Նախագահը, որ մինչ այդ կասկածամիտ նայում էր Աղվանի կողմը, նույնպես մի այտով ժպտում է:
Արմեն Աշոտյանը , որ այդ պահին խպշտում էր խեցգետնի ձախ թաթը, փորձում է ավելի առարկայական խոսակցություն սկսել.
– Իհարկե ասողը ՀՀԿ-ն է, ու մենք ասում ենք, որ մեր վարչապետի թեկնածուն 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանն է:
– Արա, մի քիչ համբերեք, էլի, հո պաժառ չի, ասացի` դրա ժամանակը չի դեռ, դժգոհում է նախագահը:
– Բա Կարեն Կարապետյանի հետ ի՞նչ ենք անելու: Պարոն վարչապետ, բա Դուք չէիք ասում, որ պատրաստ եք վարչապետ աշխատել 2018-ին, հետաքրքրվում է «Ծառուկյան» դաշինքից Նաիրա Զոհրաբյանը :
Վարչապետը, որ գլուխը կախ` չէր մասնակցում խոսակցությանը, չէր էլ ուտում, այլ խաղում էր ափսեի խեցգետնի հետ, գլուխը բարձրացնում է եւ ժպտում.
– Եթե տնտեսական աճից եք հարցնում` հենա ԱՎԾ-ի տվյալները նայեք, 7 տոկոսից ավել տնտեսական աճ եմ տվել, խուսափողական պատասխանում է Կարեն Կարապետյանը` շարունակելով անորոշ մի կետի նայել:
Էլի խառնվում է Գալուստ Սահակյանը.
– Կարեն Կարապետյանը կարող է, իհարկե, վարչապետ աշխատել, բայց հարցրեք` ուզո՞ւմ է նա վարչապետ աշխատել:
Ոչ ոք վարչապետին այդպիսի հարց չի տալիս, անգամ մինչ այդ մի կերպ լռություն պահպանած Նիկոլ Փաշինյանը : Անհանգիստ շուռումուռ գալով տեղում, նա կատաղած փշրում էր ափսեի խեցգետինը` ուտելու ոչ մի մտադրություն ի ցույց չդնելով, հետո հանգիստ է թողնում պատառաքաղն ու երկու ձեռքով մոնոտոն սկսում է հարվածել սեղանին:
– Ինչ ես ակնարկում, բղավում է Արտաշես Գեղամյանը ` կատաղած հետեւելով Փաշինյանի դհոլածեծությանը: Փաշինյանն ուշադրության չի արժանացնում բղավոցը:
Բաբլոյանը դիտողություն է անում.
– Էս էլ հո Ազգային ժողովի դահլիճը չի, քեզ հանգիստ պահի, պարոն Փաշինյան, ներողություն, պարոն Փաշինյան, մոտեցեք ու աշխատակազմից պահանջեք-նայեք Արփինե Հովհաննիսյանի նամակ-տեղեկանքը, որով նա հայտնում է օրենքին կողմ լինելու մասին…օֆ, ներողություն, մի պահ ինձ էլ թվաց, թե ԱԺ նիստ է:
Այդ պահին Սերժ Սարգսյանի անթափանց դեմքն աշխուժանում է..
– Բաբլոյան, էդ պաշտոնի ձեռքը լրիվ ձեռքից գնացել ես, էս ինչ եմ լսում, Վահրամ Բաղդասարյանը քո դեմ է աշխատում, հա՞, քեզ ուզում է հանի, որ տեղդ նստի:
Գալուստ Սահակյանի կողքին նստած Վահրամ Բաղդասարյանն անմիջապես վրդովվում է.
– Սուտ է, պարոն նախագահ, մամուլն ինչ ասես կգրի, մամուլին մի հավատացեք, նախագահականից ֆինանսավորումը էդ դեղին մամուլին պետք է դադարեցնել, զայրանում է նա:
Նախագահն անպատասխան է թողնում Բաղդասարյանի վրդովմունքն ու վերստին դիմում Բաբլոյանին.
– Հլա մի հատ պատմեք` Ազգային ժողովում ինչ է եղել էս երկու օրը, Նիկոլն ինչու էր, գեներալ Սարոյանի ասած` «կուռկուռի ձագ դարձրել» բոլորիդ ու գցել 20 րոպեանոց ընդմիջման տակ, ու էդ ով է «պադստավկա» անում Բաբլոյանին:
Ներկա ՀՀԿ-ական պատգամավորները կախում են գլուխները, ու միայն Մարգարիտ Եսայանն է համարձակվում ասել.
– Ժողովրդավարությունը հենց սա է, պարոն նախագահ, փոքրամասնությունն իրացնում էր իր իրավունքները:
– Էն կարտոլի պատմությունն էլ է՞ր ժողովրդավարությունից, Մարգարիտ ջան, ընկերներիցդ ոմանց ասա` մտածեն, նոր խոսեն:
Չսպասելով արձագանքի` նախագահն այս թեման եւս կիսատ է թողնում ու դիմում դհոլ խփող Փաշինյանին ու նրա կողքին նստած Էդմոն Մարուքյանին.
– Հլա մի պատմեք, նախագահի թեկնածու ունե՞ք, հա, բա ո՞վ ա ձեզ քոմագ անելու, Ծառուկյա՞նը, հա՞, «Ելքի» ելքը մնացել է Ծառուկյա՞նը:
Մինչ այդ լայն ժպիտը երեսին նստած ու արհամարհանքով ափսեի խեցգետնին նայող Ծառուկյանը վեր է թռչում զայրացած:
– Ոնց թե, նախագահ ջան, բա չլսեցիր, թե մեր Գեւորգ Պետրոսյանն ինչ է ասել, Գեվորգ, հլա մի հատ առաջ արի:
Միջամտում է Նաիրա Զոհրաբյանը.
– Պարոն Ծառուկյան, Գեւորգ Պետրոսյանն այստեղ չի հրավիրվել, բայց ես կարող եմ բառացի մեջբերել, թե ինչ է ասել Գեւորգ Պետրոսյանը` մոտավորապես սա. «Ինչի մենք թեկնածու չունե՞նք, որ «Ելքի» թեկնածուին պետք է սատարենք»:
– Էդպես էլ ասե՞լ է, հետաքրքրվել է Ծառուկյանը:
– Բառացի էսպես` «իսկ իրենք պարզե՞լ ենՙ մենք ունե՞նք թեկնածու, ի՞նչ էՙ մենք պարտադրվա՞ծ ենք սատարել նրա թեկնածությունը»:
Նախագահը կասկածանքով նայում է մեկ Զոհրաբյանին, մեկ Ծառուկյանին, երեւի ուզում է հարցնի, թե ո՞վ է «Ծառուկյան» դաշինքի թեկնածուն, պարզ է, որ ոչ թե նախագահի, այլ վարչապետի, բայց ժամանակին տիրապետում է իրեն ու հայացքն ուղղում Կարեն Կարապետյանի կողմը, որը շարունակում էր նստած մնալ` այս անգամ ձեռքերը սեղանի տակ ու այդպես էլ առանց դիպչելու ուտելիքին ու խմիչքին, որը նրա սեփականն էր:
Այդ պահին լսվում է Էդուարդ Շարմազանովի ձայնը` նա սովորաբար գուշակում է, թե ինչ կուզենար հարցնել նախագահը.
– Այդ մասին եկեք հարցնենք հարգելի Ազգային ժողովի հարգարժան փոխխոսնակ, հարգարժան պրոֆեսոր, Ազգային ժողովի հարգելի պատգամավոր Միքայել Մելքումյանին:
Միքայել Մելքումյանն ուզում է բերանը բացել, բայց այդ պահին Բաբլոյանը վրա է տալիս.
– Նիստ վարողները պետք է չեզոք լինեն, որքան էլ Մելքումյանն իր քաղաքական կարծիքն ունենա` այժմ ղեկի վրա է եւ իր կարծիքը հայտնելու իրավունք չունի:
Պայթող ծիծաղը լիցքաթափում է իրավիճակը` ուղեկցվելով Բաբլոյանի փնթփնթոցով:
– Ներողություն, ինձ էլի թվաց, թե Ազգային ժողովի հերթական արտահերթ նիստն եմ վարում:
– Իմ համբերությունը սպառվեց, այստեղ բոլորդ հավաքվել եք օրենք խախտողներով, քանի որ թույլ տվեցիք Դատական օրենսգրքի առաջին ընթերցմամբ քվեարկությունը կոպիտ խախտումներով, դա քիչ էր, դեռ երկրորդ ընթերցմամբ էլ օրենքի այդ խախտումը վավերացրիք: 20 րոպե ընդմիջում: Վայ, հա, ԱԺ նիստ չի, բայց դա ոչինչ էլ չի նշանակում, բա դուք ասում էիք` փոքրամասնության իրավուուուու~նք, ժողովրդավարություուու~ն, ֆլան-ֆստաաաա~ն: Իրավական ի՞նչ հիմնավորմամբ, կանոնակարգի ո՞ր կետով է ԱԺ նախագահը հաշվի առել Ռուստամ Մախմուդյանի բանավոր ասածը, թե կողմ է քվեարկել նախագծին, բայց, վիդիտե լի, կոճակը չի աշխատել, կամ ինչո՞ւ հաշվի չի առել Նապոլեոն Ազիզյանի ասածը, որ դեմ է նախագծին ու կոճակն է սխալմամբ կողմ քվեարկել: Ու էդ 1+1+1 ձեներով, վերջինն Արփինե Հովհաննիսյանի ուղարկած էպիստոլյար ձայնն է, օրենք սղղացրիք, էդ օրենքը չի անցել, դեռ նախորդ օրվա հուզմունքների մեջ էր Նիկոլը:
Տիրում է լռություն, նախագահը նայում է, թե ով կստանձնի Նիկոլին ընդդիմախոսելու պարտականությունը, այդ պահին սեղանի ամենածայրից ուրվագծվում է խոսափող փնտրող ու չգտնող, ի վերջո մի թթու վարունգ միկրոֆոնի պես բռնած նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի բյուստը.
– Դա սահմանադրական օրենք է, պարոն Փաշինյան, սահմանադրական օրենք լինելը մենք ենք որոշում, ոչ թե կառավարությունն ու արդարադատության նախարարը, հո կառավարությանը չենք լսելու, սահմանադրական օրենքի իրավակա՛ն ռեժիմով է քննարկվելու պարզ է որ, ինքնագոհ ժպտալով ու խնդմնդալով ասում է նա:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անհանգիստ շարժումներ է անում, նա ակնհայտորեն ուզում է պնդել, որ Դատական օրենսգիրքը սովորական օրենք է, ու հարկ չկար քվեարկությամբ այն դարձնել աղմուկի առարկա:
– Դուք էլ, Հրայրի պես, Դավիթ Հարությունյանի հետ անձնական վատ հարաբերություններ ունեք, ու դա տարածում եք օրենդրական աշխատանքի վրա, անձնական հարաբերությունները պետք է օրենսդրության նորմալ ընթացակարգին չխանգարեն, Հարությունյանից առաջ է անցնում Էդմոն Մարուքյանը :
Գեւորգ Կոստանյանը սկսում է վերուվար անել ձեռքերը եւ մատը թափ տալ.
– Սխալվում եք, Դավիթ Հարությունյանն իմ կնունքի ու հարսանիքի քավորն է, անտրամաբանական ու անբարոյական է մեր միջեւ անձնական հակադրություն գտնել, նա հարգված իրավաբան է, բայց ես էլ իմ կարծիքն ունեմ, հուզունքից քավոր-սանիկային կապերն է մատնում նախկին գլխավոր դատախազ-ներկա պատգամավորը:
– Լավ, հիմա՞ պետք է քննարկենք, թե ով ում սանիկն ու ով ում քավորն է, դժգոհում է Սերժ Սարգսյանը, էդքան ջանացի, մեկառմեկ ընտրեցի, որ խորհրդարան ուղարկեմ իրավագրագետներին, բայց իմ ջանքերի արդյունքը էս է` մի Նիկոլի էլ չեք կարողանում իր տեղը դնել, իրա 20 րոպեներով զզվացրեց:
Փաշինյանը հաղթական քմծիծաղում է, իսկ նախագահը վեր է կենում աթոռից.
– Պարոն Կարապետյան, լավ կլինի` ուղեկցեք ինձ, ճանապարհին ասելիք կունենաք ինձ, իսկ մնացողներին ցանկանում եմ հաճելի Նոր տարի, ասում է նա` ուղղվելով դեպի դուռը: Վարչապետ Կարապետյանը հետեւում է նրան: Մի փոքր նեղսրտած` նրանց հետեւից հեռանում է նաեւ Գագիկ Ծառուկյանը: Իսկ մնացածները մի կարճ պահ շվարում են, նայում են իրար երեսի` կարծես հասկացնելով, որ էլի բան չիմացան, ապա անմիջապես ձեռնամուխ լինում տոնական սեղանի բարիքների ոչնչացմանը: