Հինգշաբթի, Հոկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԱՆ: ԿԱՐԾՐԹԵՎԱՅԻՆՆԵՐԻ ԱՆԱՎԱՐՏ ԳՈՐԾԸ

19/01/2018
- 19 Հունվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Իրանի գլխավոր քաղաքներում վերջին շրջանում ընթացող զանգվածային ցույցերը լրատվամիջոցների եւ քաղաքական մեկնաբանների ուշադրությունը դարձյալ բեւեռել են տարածաշրջանի վրա, տեղիք տալով տարաբնույթ վերլուծությունների ու մեկնաբանություններիՙ հիմնված յուրաքանչյուր խմբակցության անձնական շահերի վրա: Մ. Նահանգներն ու Իսրայելը հստակ կողմնորոշում ունեն եւ սատարում են ցուցարարներին: Եվրոպական երկրները բոլոր կողմերին զգուշացնում են չբոցավառել կացությունը, մինչ Ռուսաստանը լուռ մոտեցում է ցուցաբերում, իսկ Հայաստանը ըմբռնումով է դիտարկում զարգացումները: Թաքնված կենսուրախություն կա Ադրբեջանում, որտեղ ղեկավարությունը ակնկալում է տարածքային շահաբաժին ստանալ, եթե Իրաքի, Սիրիայի եւ Լիբիայի նման քայքայվի երկիրը: Չմոռանանք, որ Աբուլֆազ Էլչիբեյի վարչակազմի օրերին Ադրբեջանը բացահայտ պահանջներ էր ներկայացրել Իրանի հյուսիսային շրջանների նկատմամբ:

Իհարկե, Իրանն ինքն էլ ունի իրադարձությունների իր բացատրությունն ու մեկնաբանությունը: Իրանի արդարադատության նախարար Մոհամմադ Զաֆար Մոնթազերին Արեւմուտքին է մեղադրել խժդժությունները հրահրելու մեջ, նշելով, որ «բողոքի ալիքի բռնկման ետեւում կանգնած են գաղափարների շտեմարանի (think tank) Մ. Նահանգների, Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները, որոնք արդեն չորս տարի է, ինչ դավեր են նյութում եւ հող պատրաստում ցույցերի համար»:

Անշուշտ, մերձավորարեւելյան քաղաքականությանը հետեւող որեւէ դիտորդ կարիք չունի Մոնթազերի մեղադրանքներինՙ հասկանալու համար խռովությունների իսկական պատճառը: Իրաքը, Լիբիան եւ Սիրիան քայքայող իրադարձություններից հետեւություններ անելը շատ հեշտ է: Բուշ-Չեյնի վարչակազմի օրոք Իրանը նեոկոններիՙ ռազմաարդյունաբերության ոլորտի կարծրթեւայինների ցուցակում հաջորդ երկիրն էր, սակայն ծրագրերը առաջ չգնացին այնպես, ինչպես կանխատեսել էր փոխնախագահ Դիք Չեյնին: Նա վստահ էր, որ հենց Մ. Նահանգները ներխուժեն Իրաք, տեղացի ժողովուրդը ծաղկեփնջերով է ողջունելու ամերիկացի զինվորներինՙ որպես ազատարարների: Բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Նրանց դիմավորեցին ռումբերով եւ նռնակներով եւ գործընթացը շարունակվում է մինչեւ օրս պատճառ դառնալով ավելի քան մեկ միլիոն իրաքցիների եւ 4,500 ամերիկացի զինվորների սպանությանը տեղում, եւ նույնքան էլ իրաքյան պատերազմի վետերանների ինքնասպանությանըՙ Վաշինգտոնում:

Նախագահ Բարաք Օբաման փոխեց Մերձավոր Արեւելքում Մ. Նահանգների քաղաքականության կուրսը, բայց նեոկոններն ու նրանց պաշտպանները չփոխեցին իրենց ծրագրերը: Նախագահ Օբաման միջուկային ծրագրի գործարկման շուրջ բանակցություններ վարեց Իրանի հետ փրկելու համար խաղաղությունը եւ պաշտպանելու համար Իսրայելի անվտանգությունը: Բայց վերջին տարիներին, վարչապետ Բենիամին Նաթանյահուն եւ նախագահ Թրամփը «շատ վատ գործարք» որակեցին Օբամայի նախաձեռնությունը:

Եկեք հստակեցնենք որոշ բաներ: Իրանը հոգեւոր, կրոնապետություն (theocracy) է, վարչակարգըՙ ռեպրեսիվ: Տնտեսությունըՙ ոչ այնքան բարվոք, աղքատությունըՙ հազիվ տանելի: Բայց իրանցիներն, այնուամենայնիվ, շատ ավելի ապահով են զգում իրենց եւ ավելի ավտանգ կյանք են վարում, քան հարեւան երկրների ժողովուրդները, որոնք ամերիկյան բառապաշարով իրենց ռեպրեսիվ վարչակարգերը տապալելով այժմ «ժողովրդավարություն են վայելում»:

Էներգիայի մատակարարման իր պաշարներով Իրանը ժամանակին հզոր, բարգավաճ երկիր էր, սակայն արեւմտյան երկրների սանձազերծած տնտեսական պատժամիջոցները թուլացրին երկիրը, ներքին խժդժությունների համար «հասուն» դարձնելով այն: Իսկ Թրամփի վարչակազմը որոշել է, որ ժամանակն է իրականացնելու նեոկոնների անավարտ գործը:

Սցենարը, ձեռագիրն ու ստորագրությունը նույնն է, լինի դա «արաբական գարունը» Մերձավոր Արեւելքում, թե իշխանափոխությունըՙ Ուկրաինայում: Օգտագործելով սոցցանցերը խռովություններ առաջացնել թիրախային երկրում, ներթափանցել հասարակության որոշակի խավերի մեջ եւ ժողովրդի օրինական դժգոհությունների համար պատասխանատվության կանչել համապատասխան կառավարությանը, եթե վերջինս փորձի ուժի գործադրման միջոցով լռեցնել ցուցարարներին: Լիբիան եւ Սիրիան կայուն երկրներ էին, երկուսն էլ ոչ ժողովրդավարական, բայց ղեկավարվում էին ուժեղ անձնավորությունների կողմից: Անկարգությունների օտարազգի հրահրողների եւ նաեւ զինվորական ներխուժման հետեւանքով առաջացան պատերազմներ, որոնք իբր ժողովրդավարություն էին բերելու ժողովուրդին, որն այժմ ավելի է տառապում արյան հեղեղների մեջ: Իրականում այդ երկրներում շատ քիչ բան է մնացել: Դրանք դարձել են ավերակներ եւ գրեթե անհնարին է նորմալ կյանք վարել դրանցում:

Իհարկե, իրանական հասարակությունում կան նաեւ այլ, ներքին լարվածություններ: Կարծրթեւայինները, որոնք մեկուսացրին Իրանը համաշխարհային հասարակությունից, դեռեւս ուժեղ են ու հզոր: Բայց լիբերալիզացման ներքին մի գործընթաց արդեն սկսված է: Նախագահ Հասան Ռուհանին , որ Իրանին դուրս բերեց մեկուսացումից, վրդովեցրել է կարծրթեւայիններից մի քանիսին: Այժմ նա զգուշավորությամբ առաջ է շարժվում ստեղծելու շատ ավելի հանգիստ մի հասարակարգ: Նա նույնիսկ համարձակորեն այդ մասին հայտնել է հրապարակայնորեն ասելով. «Շատերը կարծում են, որ մարդիկ միայն փող են ցանկանում ունենալ: Բայց միթե կարելի է ասել, որ մարդը լավ է ապրում, եթե լավ աշխատավարձ ունի, բայց զրկված է օգտվելու ինտերնետի կամ տնից դուրս գալու եւ ազատորեն արտահայտվելու հնարավորություններից»:

Գոյություն ունի նաեւ երկրի գերագույն հոգեւոր առաջնորդ, վատառողջ այաթոլլահ Ալի Խամենեին փոխանորդ գտնելու հարցը: Քանի որ նախագահ Ռուհանին երրորդ անգամ չի կարող վերընտրվել, ապա բնական կլինի ենթադրել, որ նա կլինի ամենահարմար թեկնածուն այդ պաշտոնի համար:

Ռուհանիի իշխանության տարիներին Իրանի դերը Մերձավոր Արեւելքում զգալիորեն մեծացել է, ինչը մտահոգություն է պատճառում Մ. Նահանգներին եւ այդ տարածաշրջանի նրա դաշնակիցներին:

ա) Իրաքում պատերազմ մղվեց հիմնականում այնտեղ Մ. Նահանգներին եւ Իսրայելին բարեկամ ու հավատարիմ ղեկավար տեսնելու հեռանկարով, բայց հեգնական է այն, որ Արեւմուտքին թշնամական սուննիներին շիաներով փոխարինելով Իրաքը դարձել է, որոշ իմաստով, Իրանի արբանյակը:

բ) Իրանի մասնակցությունը Սիրիական պատերազմին է՛լ ավելի բարձրացրեց նրա հեղինակությունը տարածաշրջանում, հատկապես իր մրցակիցներիՙ Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ համագործակցելուց հետո:

գ) Հակառակ ամերիկյան ծանր հրետանու կուտակումներին Սաուդյան Արաբիայում, Իրանի դաշնակից Հութիները կարողացան տապալել Եմենի կառավարությունը, որին պաշտպանում էր Ռիադը:

դ) Այդ ժամանակահատվածում Թեհրանը կարողացավ նաեւ բեռնափոխադրումներ կատարել Քաթարումՙ խախտելով Ռիադի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների սահմանած շրջափակումը:

Քաղաքական այս հաջողությունները իրականացնելուց հետո, Մ. Նահանգների եւ Իսրայելի համար առավել հրատապ դարձավ Իրանում իշխանափոխության հասնելու հարցը: Բայց Սիրիայի պատերազմը ապացուցեց, որ նման միջամտությունները հակառակ արդյունքն են ունենում:

Մեծ Բրիտանիայի ստվերային կառավարության արտգործնախարար Էմիլի Թորնբեռին զգուշացրել է Արեւմուտքին նշելով, որ շատ շուտ ոգեւորվեցին Եգիպտոսում եւ Լիբիայում իրականացված «արաբական գարունով»: «Պարզվեց, որ Արեւմուտքի պաշտպանությունը վայելող հակա-Ասադյան ապստամբ ուժերի հզորության կանխագուշակումները նույնքան առասպելական էին, որքան մեզանից շատերը ենթադրում էին», ասել է նա:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես խստորեն զգուշացրել է արեւմտյան իշխանություններին չգայթակղվել ցուցարարներին օժանդակելու կամ միջամտելու ծրագրերով, որովհետեւ Եվրոպան Իրանի հետ առեւտրական կենսական նշանակության շահեր ունի: Եթե Մ. Նահանգները շարունակի մտածել Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին, ապա Թեհրանը կարող է «Բոյինգի» հետ կնքած իր մեծագումար գործարքից հրաժարվել եւ փոխարենը եվրոպական «Էրբասին» տալ նախապատվությունը:

Իրանում Բուշ կրտսերի ոճով ներխուժում չկատարելու դեպքում, Թրամփին մնում էր երկու տհաճ տարբերակներից ընտրություն կատարել. կա՛մ չվավերացնել Իրանի միջուկային ծրագրի պայմանագիրը, կա՛մ էլ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել: Ռոյթերզ գործակալության հաղորդումների համաձայն, Թրամփը անցյալ հոկտեմբերին հրաժարվեց ընդունել, որ Իրանը կատարում է պայմանագրի իր ստանձնած պարտավորություններըՙ չնայած Ատոմական էներգիայի միջազգային գործակալությունը հաստատել էր, որ կատարում է: ԱՄՆ-ի նախագահը, որ հավակնում է «հանճար համարվել, այն էլ կայուն», պնդում է, որ Իրանը խախտել է «պայմանագրի ոգին»: Մինչ պայմանագրի բանակցություններին մասնակցած մյուս հզոր պետություններըՙ Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան, Ռուսաստանն ու Չինաստանը դեռեւս ամբողջովին պաշտպանում են կնքված պայմանագրիը, Թրամփն այն դիտարկում է ելնելով բացառապես Մ. Նահանգների անվտանգության շահերից:

Հայաստանի համար կենսական նշանակություն ունի Իրանի կայունությունը: Մի շարք պատճառներով. 80-ից 120 հազար հայ է ապրում Իրանում, մասնավորապես Թեհրան, Թավրիզ, Ուրմիա եւ Սպահան քաղաքներում: Վերջերս Արմենպրեսին տված հարցազրույցի ժամանակ իրանական խորհրդարանի հայ պատգամավոր Կարեն Խանլարյանը խոստովանեց, որ «երկրում, այո, առկա են սոցիալ-տնտեսական դժվարություններ: Ցույցերն անպակաս են: Մարդիկ դժգոհում են տնտեսական կացությունից, որը պատժամիջոցների հետեւանքն է: Այդ խնդիրներից տուժում են իրանցիները, ներառյալ հայերը»:

Հայաստանը Իրանի ճակատագրով մտահոգված է նաեւ այն պատճառով, որ այդ երկիրը միակ վստահելի ելքն է դեպի արտաքին աշխարհը, հաշվի առնելով, որ Վրաստանը անվստահելին է: Հայաստանի համար Իրանը, Ռուսաստանի հետ միասին, էներգիայի գլխավոր աղբյուրներից մեկն է: Բայց ամենից առաջ այն քաղաքական կայունացման գործոն է տարածաշրջանում: Թեհրանը կշռադատված դիրքորոշում է պահպանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իր հարաբերություններում, չնայած Ադրբեջանը կենսական սպառնալիք է Իրանի համարՙ նախ որովհետեւ սերտ ռազմական համագործակցություն է ծավալում Իսրայելի եւ Թուրքիայի հետ, եւ երկրորդՙ որովհետեւ Բաքուն Հյուսիսային Իրանի որոշ տարածքներ իր երկրին կցելու հույսեր է փայփայում:

Ներկայիս, երբ Հայաստան-Իսրայել հարաբերությունները որոշ չափով սերտանում են, վարչապետ Նաթանյահուն Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանին դժգոհել է տարածաշրջանում Իրանի ռազմական հզորացման առիթով:

Վերջին շրջանի ներքին ցնցումները կարող են Իրանի կառավարությանը ավելի զգոն դարձնել եւ հետեւաբար ավելի ռեպրեսիվ եւ փակՙ արտաքին աշխարհի առաջ: Կամ էլ կարող են վերազարթնումի կոչեր հանդիսանալ հասարակության լիբերալիզացման համար:

Բայց պահանողական, թե լիբերալ, Իրանի կայունությունը քաղաքական կենսական գործոնն է, որն անհրաժեշտ է ինչպես Հայաստանին, այնպես էլ ամբողջ աշխարհին:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱՎԹԻ ԳՆԵՐԻ ԱՃԸ 2017-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ 0,1 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ ՊԱՐԳԵՎԵՑ

Հաջորդ գրառումը

ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վրաց-թուրքական սահմանային մաքսակետում հայտնաբերվել են մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և այլ կեղծ փաստաթղթեր. Դանիելյան

02/10/2025

Վրաց-թուրքական սահմանային մաքսակետում 3 օր առաջ հայտնաբերվել են մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և այլ կեղծ փաստաթղթեր։ Ըստ...

ԿարդալDetails

Վաշինգտոնը վաղուց է հետախուզական տվյալներով կիսվում Կիևի հետ. Պեսկով

02/10/2025

Քաղաքացին հունվարի 1-ից կարող է 50 000 դրամ թոշակն իր իսկ ձեռքով դարձնել 60 000. Արսեն Թորոսյան

02/10/2025

Եթե մինչև հիմա մեր բոլորի մոտ հարցեր են մնում, նշանակում է` ունենք խնդիրներ. ՄԻՊ-ը՝ «Զարյա-3» կիրառելու վերաբերյալ քննության մասին

02/10/2025

Անմեղության կանխավարկածի պահպանումը կարևոր է. Անահիտ Մանասյանը՝ Փարաքարի դեպքերի մասին

02/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական