Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազայեվի բացառիկ հարցազրույցը «ԱԶԳ»ին
«ԱԶԳ»-ը նախաձեռնել է Հայաստանում Ղազախստանի դեսպանի հետ սույն հարցազրույցը նպատակ ունենալով հայ ընթերցողին ավելի մոտիկից ծանոթացնել հետխորհրդային տարածաշրջանի տնտեսական առումով ամենահաջողակ, իսկ քաղաքական առումով ամենակայուն պետության հետ: Վերջինիս նշանակությունը հատկապես ԵԱՏՄ կառույցումՙ հսկայական է, իսկ Հայաստանի անդամակցումը այդ նոր միավորմանը մեզ ստիպում է ավելի լավ հասկանալ մեր հարեւաններին եւ գործընկերներին, որոնց հետ մենք համագործակցության երկարատեւ ճանապարհ ունենք անցնելու:
– Պարոն դեսպան, Ղազախստանը հանդիսանում է Հայաստանի դաշնակիցը ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Դուք ինչպե՞ս կգնահատեիք մեր դաշնակցային հարաբերությունները:
– Դուք սկսեցիք հարցազրույցը թերեւս ամեակարեւոր հարցից, այդ պատճառով ահրաժեշտ եմ համարում տալ ընդլայնված պատասխան իրավական եւ տերմինաբանական բնույթի, որպեսզի մենք կարողանանք առաջնորդվել ընդհանուր հասկացություններով: Դա մեզ հնարավորություն կտա օբյեկտիվորեն գնահատել հարցերի ամբողջությունը, որն ուղեկցում է Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման գործընթացը: Դրա համար, ես համոզված եմ, բավարար չէ իմանալ միայն վերջին 26 տարիների պատմությունը (այսինքն Խորհրդային Միության փլուզումից հետո), կամ միայն սեփական դիտանկյունից մոտենալ դաշնակցային հարաբերություններ հասկացությանը, ինչը ենթադրում է շահերի փոխադարձություն: Ես նկատել եմ, որ օգտագործելով դաշնակցային բառը տարբեր համատեքստերում, մարդիկ դրա մեջ դնում են իրենց խորությամբ տարբեր ինտեգրացիոն իմաստներ, սկսած սովորական համագործակցությունից մինչեւ միասնականության բանաձեւերը: Դատեք ինքներդ, Եվրասիական Տնտեսական Միությունը միջպետական միավորում է, ստեղծված հասնելու համար միայն տնտեսական նպատակների, ինչպես, օրինակ, մաքսային միասնական միություն, աշխատանքի եւ կապիտալի ընդհանուր շուկա եւ այլն:
Այստեղ չկա ոչ մի քաղաքական միություն, հետեւաբար քաղաքական կառուցվածքը ամեն մի մասնակից ստեղծում է ինքնուրույն, իր ցանկությամբ: Եթե ընդհանուր տնտեսական նպատակներին հաջողվի հասնել, ապա կբացվի հնարավորություն նաեւ քաղաքական դաշինքի համար, այդ ժամանակ ընդհանուր կլինեն նաեւ քաղաքական նպատակները:
Ինչ վերաբերում են Հավաքական Անվտանգության Պայամանգիր Կազմակերպությանը (ՀԱՊԿ) ապա մեր պետությունները ունեն կանոնադրություն, որտեղ ասվում է պատրաստակամության մասին միասնաբար հակազդելու արտաքին ագրեսիային ուղղակի հարձակման դեպքում մեր պետություններից մեկի վրա (շեշտում եմՙ պետության վրա, այլ ոչ թե վիճելի տարածքների): Ցավոք սրտի, ես երբեմն ստիպված եմ լինում բախվել այդ հարցում խնդրի նկատմամբ ահասկացողության կամ հասկացողությունների մտածված փոփոխությանը: Եվ այս եւ այդ դեպքում չեմ ցանկանում արդարացնել սպեկուլյացիաները այս թեմայով:
Կարող եմ ավելացնել, որ ինտեգրացիոն շինարարությունը, որով զբաղված են մեր պետությունները, հենց հանդիսանում է տեսակետների մոտեցման գործընթաց, որը քայլ առ քայլ հնարավոր է դարձնում ընդհանուր քաղաքականության ձեւավորումը: Դա էլ հենց հանդիսանում է այն դեղատոմսը, որը Ղազախստանի նախագահը ազնվորեն առաջարկեց 1994թ. Մոսկվայում Լոմոնոսովի անվան պետական համալսարանում իր ելույթի ժամանակ, սկզբում Մաքսային միություն, հետո Տնտեսական ընդհանուր տարածք, հետո Տնտեսական միություն եւ միայն հետո, բոլոր էտապների հաջողության դեպքում, Քաղաքական միություն որպես ինտեգրացիայի բարձրագույն ձեւ: Ուղիղ այդ ճանապարհով է անցել նաեւ ներկայիս Եվրոմիությունը եւ բոլոր առավելություններն ու թերությունները այդ միությանՙ տեսանելի են: Պատրա՞ստ են արդյոք իրականում Ղազախստանը, Հայաստանը եւ ԵԱՏՄ մեր մյուս գործընկերները այդ տեսակի միության: Այդ հարցին պետք է պատասխանել ոչ միայն ազնվորեն, այլեւ պատասխանատվությամբ:
– Հայտնի է, որ Ղազախստանը ունի բավականին վստահելի հարաբերություններ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, այն դեպքում, երբ Հայաստանի հետ ձեր երկիրը ունի դաշակցային հարաբերություններ վերը նշված կազմակերպության շրջանակներում: Արդյո՞ք դժվարությունների եք բախվում այդ պատճառով:
– Ղազախստանին Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կապում են ոչ միայն վստահելի, այլեւ պատմականորեն ձեւավորված արյունակցական ու մշակութային կապեր: Դա լիովին բնական է երկրների համար, որոնք հանդիսանում են էթնիկապես եւ լեզվական առումով բարեկամ: Բայց ես համոզված եմ, որ ոչ պակաս մտերմիկ հարաբերություններ կարելի է պահպանել նաեւ Հայաստանի հետ, նույնիսկ տարածաշրջանում եղած խնդիրների ֆոնին, եթե գործենք կառուցողականորեն եւ շարժվենք մեկմեկու շահերին ընդառաջ: Ղազախստանը միշտ էլ դրսեւորել է հավասարակշռված դիրքորոշում Կովկասյան տարածաշրջանի նույնիսկ ամենասուր եւ զգայուն հարցերում, չտրվելով ավելորդ էմոցիաների եւ հարգելով իր գործընկերների շահերը: Ընդհանրապես, Ղազախստանի բազմազգ հանրությունում մարդիկ անթույլատրելի են համարում կատարել հանրային կտրուկ հայտարարություններ կամ բացասական գործողություններ գործընկերներից որեւիցէ մեկի նկատմամբ, այդ թվումՙ հայկական, թեկուզ նրա համար, որ շատ ղազախստանցիների համար տան հարեւանը կամ աշխատանքային գործընկերը հադիսանում է իրենց իսկ հայազգի քաղաքացին: Ինչ-որ մեկը կարող է դա գնահատել որպես կարծիքի արտահայտման ոչ այնքան ազատ հնարավորություն, իսկ ես այն կանվանեի զսպվածություն:
Դժվարությունները, որոնց մասին դուք հարցնում եք, կայանում է միայն իմ ջանքերի մեջ հաղթահարելու այն մոլորությունները, որոնք կան հանրության որոշ մասի մոտ եւ փորձել արձագանքել ոչ բարեխիճ գնահատականներին: Բայց դա էլ իմ հիմնական խնդիրը չէ, քանի որ տեղեկատվական պատերազմների դարաշրջանում դա նույնն է թե պայքարել հողմաղացների դեմ, իսկ կարծիքների բազմազանությանը ես կարող եմ հակադարձել միայն իմ սեփական կարծիքը: Բացի այդ, Ղազախստանի կառավարությունը առաջնային է համարում Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների ամրապնդումը որպես ԱՊՀ եւ ԵԱՏՄ գործընկեր, հաշվի առնելով լուծվող խնդիրների առավել արդյունավետությունը եւ պրագմատիկությունը, շեշտում եմՙ պրագմատիկությունը, վերաբերվել այն դժվարություններին, որոնք կարող են լինել տարածաշրջանի զարգացման պատմական եւ աշխարհաքաղաքական այս հանգրվանում: Ավելին, Հայաստանի քաղաքական իշխանության բավական ռացիոնալ մոտեցումը նպաստում է ամրացնելու փոխըմբռնումը, եւ մենք համատեղ մաքսիմում օգուտ ենք քաղում այսօրվա իրողություններից:
– Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հակամարտության մասին: Ներկայացրեք, խնդրում եմ, Ղազախստանի դիրքորոշումը Հայաստանի համար սկզբունքային այս հարցում: Աստանան հավատո՞ւմ է հակամարտությունը խաղաղ, կառուցողական բանակցությունների միջոցով կարգավորելու հնարավորությանը:
– Ցանկանում եմ մի վերապահում կատարել. այս հարցը սկզբունքային է նաեւ Ադրբեջանի համար: Բանակցությունների սեղանին միշտ նստած են երկուսը, հակառակ դեպքում այն հնարավոր չէ անվանել բանակցություն: Իմ երկրի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրով հայտնի է եւ երբեք չի փոխվել սկսած 90-ականներից, բայց ես այն կկրկնեմ ձեր ընթերցողների համար, որպեսզի չլինեն երկակի մեկնաբանումներ կամ ավելորդ ենթադրություններ: Մենք համոզված ենք, որ այդ խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքին համապատասխան` տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի, ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւերի եւ որոշումների հիման վրա, որոնց կողմերը կհասնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Սաՙ եթե կարճ: Իմ բացատրությունը կլինի հետեւյալը. քանի դեռ կողմերը չեն կարողացել ներբեռնել այդ կարեւորագույն սկզբունքները խաղաղ բանակցությունների գործընթացում, դժվար կլինի հուսալ հարցի փոխադարձաբար ընդունելի լուծում: Ղազախստանի դիրքորոշումը համերաշխ է միջազգային հանրության ճնշող մեծամասնության դիրքորոշման հետ, եւ ոչ մի երրորդ երկիր չի կարող օգնել ոչ զենքի ուժով, ոչ էլ քաղաքական ճնշումներով, քանի դեռ Հայաստանի կամ Ադրբեջանի մոտ կմնա անբավարարվածություն իր շահերի պաշտպանության հարցում: Կարծում եմ, այն արտահայտությունը, թե «ոչ մեկը չի ցանկանա խաղաղություն ավելի, քան դուք», լիովին համապատասխանում է այս դեպքին:
Կարճ բացատրեմ իմ միտքը: Ձեր ընթերցողները չպետք է կարծեն, որ Ղազախստանը իր բազմադարյան պատմության ընթացքում միշտ ունեցել է անամպ հարաբերութուններ եւ տարածաշրջանում խաղաղ ժամանակաշրջաններ: Բայց ահա ձեզ ժամանակակից Ղազախստանի քաղաքականության եւ դիվանագիտության հիմնական սկզբունքները. ընդհանուր լեզու գտնել հարեւանների հետ, որոնք քեզ տրված են երկար դարերով, չփորփրել հին պատմական վերքերը, այլ թողնել, որ դրանք առողջանան, որոշել եւ պայմանավորվել նրանց հետ սահմանների շուրջ միջազգայնորեն ընդունված սկզբունքներով եւ զբաղվել խաղաղ շինարարությամբ ի շահ սեփական ժողովրդի: Այս դեղատոմսը կարելի է շարունակել, բայց այն լավ հայտնի է ձեզանից շատերին: Արդյոք հավատո՞ւմ եմ ես խնդրի արագ լուծմանը, ասեմ հետեւյալըՙ կարեւորը, որ դրան հավատաք դուք ինքերդ:
– Ղազախստանը հետխորհրդային երկրներից առաջինն է, որը դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ: Հունվարին դուք դարձաք նաեւ ՄԱԿ ԱԽ նախագահող երկիր: Որպես ԱԽ ոչ մշտական անդամ օրակարգի ի՞նչ հարցեր է Ղազախստանը պատրաստվում առաջադրել:
– Ղազախստանը նախագահել է ՄԱԿ ԱԽ հունվարին, իսկ փետրվարին այն փոխանցել է Քուվեյթին, մարտին կլինեն Նիդեռլանդները: ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամի մանդատը Ղազախստանի մոտ մինչեւ 2018թ դեկտեմբերի 31-ն է: Մեկ ամսվա ընթացքում մենք անցկացրեցինք միջազգային հանրության համար կարեւոր միջոցառումներ` թեմատիկ ճեպազրույց մեր երկրի նախագահի ղեկավարությամբ` զանգվածային ոչնչացման զենքի չտարածման, վստահության միջոցների մասին թեմայով, Կենտրոնական Ասիայի պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդատվություն Աֆղանստանի թեմայով, ՄԱԿ ԱԽ շրջանակներում ներկայացվել է ծրագիր` Կոդեքս առանց ահաբեկչության խաղաղության հասնելու համար: Նաեւ մենք առաջարկեցինք իրականացնել իրական քայլեր աշխարհում լարվածության նվազմանն ուղղվածՙ նախագահ Նազարբաեւի գաղափարների համատեքստում, որը ներակացված էր «Խաղաղության մանիֆեստ: XXI դարում», այն իմաստով, որ միջազգային հանրության անդամները գան ՄԱԿ-ի 100-ամյակին ընդհանուր ձեռքբերումներովՙ մարդկության զարգացման հումանիտար եւ սոցիալ-տնտեսական զարգացման բնագավառներում: Ընդհանուր առմամբ մենք նախանշել ենք 7 հիմնական առաջնահերթություններ. Հասնել միջուկային զենքից զերծ աշխարհի եւ կանխարգելել ու լիովին վերացնել գլոբալ պատերազմի սպառնալիքը համաշխարհային եւ տարածաշրջանային մակարդակներում ռազմական հակամարտությունների լարվածության նվազեցման միջոցով, Կենտրոնական Ասիայում ձեւավորել տարածաշրջանային մոդելՙ խաղաղության, անվտանգության համագործակցության եւ զարգացման միջոցով, պայքար միջազգային ահաբեկչության եւ էքստրեմիզմի դեմ, ջանքեր ազգային հաշտության եւ խաղաղության վերականգնման համար Աֆրիկա մայրցամաքում, համատեղ ջանքեր պատերազմների ու հակամարտությունների կանխարգելման, մարդու իրավունքի պաշտպանության համար, իրականացնել նպատակներ կայուն զարգացման համար, պայքար կլիմայի փոփոխության դեմ, ինչպես նաեւ ջանքեր ուղղված Եվրոպայի, Ամերիկայի, Աֆրիկայի եւ Ասիայի անվտանգության տարածաշրջանային կառույցների միջեւ համագործակցության ընդլայնմանը:
– Ամռանը Աստանայում տեղի կունենա համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների հերթական համագումարը: Հայաստանի համար դա լավ հարթակ է իսլամական աշխարհի հետ երկխոսության նպատակով: Ի՞նչ է ձեզ համար այդ համագումարը եւ ինչպիսի սպասումեր կան դրանից:
– Ֆորումը տեղի է ունենում 3 տարին մեկ, սկսված 2003թ.-ից: Սա կլինի արդեն 5-րդը: Համագումարը տեղի կունենա 2018թ. հոկտեմբերի 10-11-ը: Միջոցառմանը հրավիրված են իսլամի, քրիստոնեության, հուդայականության, բուդիզմի, դեոսաիզմի, սինտոիզմի, հինդուիզմի առաջնորդները, ինչպես նաեւ միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ամենայն Հայոց Կաթողիկոս, Վեհափառ Գարեգին 2-րդի հետ հանդիպման ժամանակ ես նրան եմ փոխանցել Ղազախստանի հրավերը մասնակցելու այդ ֆորումին:
Համագումարը նախաձեռնել է Ղազախստանի նախագահը, որ առաջ քաշեց այս գաղափարը, ելնելով այն կարեւորությունից, որ ունեն կրոնները միջազգային կյանքում եւ հանրության մեջ, ինչպես նաեւ տասնամյակների ընթացքում Ղազախստանում ձեւավորված բազմակոնֆեսիոնալ հասարակությունը եւ բնական ցանկությունը պահպանելու ինչպես կայունությունը երկրում, այնպես էլ հարգանքի զգացումը իրական կրոնական արժեքներին, որոնք կան մեր քաղաքացիների մեջ: Մեր կարծիքով երկխոսությունը համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների միջեւ, կառուցված վստահության եւ փոխըմբռնման վրա, պետք է օգնի միջազգային լայն համագործակցությանը եւ նպաստի հաղթահարելու նախապաշարմունքները այլադավան հավատացյալների նկատմամբ, ինչպես նաեւ նվազեցնել բռնությունները, կրոնական ծայրահեղականությունը, որը տանում է ահաբեկչության աճի: Համոզված եմ, որ հայկական կողմը ակտիվ մասնակցություն կունենա սպասվող համագումարին:
– Նախագահ Նազարբաեւը բազմիցս ասել էՙ «նախ տնտեսությունը, հետո միայն քաղաքականությունը»: Ի՞նչպես կբնութագրեիք տնտեսական հարաբերությունները մեր երկու երկրների միջեւ, կա՞ արդյոք զարգացման դինամիկա եւ ո՞ր ուղղություններով: Պարոն դեսպան, արդյոք դուք տեսնո՞ւմ եք հնարավորություն փոխշահավետ տնտեսական հարաբերությունների զարգացման համար:
– Այսօր այնքան էլ մեծ չէ տնտեսական շրջանառության մակարդակը եւ ներդրումային համագործակցությունը մեր պետությունների միջեւ, կապված, առաջին հերթին, առեւտրի համար անհրաժեշտ լոգիստիկ կապերի թերզարգացվածության, արտահանվող ղազախական ապրանքների առանձնահատկության (այն շատ դեպքերում համընկնում է ռուսականին), ինչպես նաեւ հայկական շուկայում ղազախական ավանդական հումքային ապրանքների փոքր սպառման ծավալների պատճառով: Մենք փնտրում ենք նոր հնարավորություններ փոխադարձ առեւտրի մակարդակի բարձրացման եւ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման համար: Այսպես, 2017թ. սեպտեմբերին կայացավ Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալ Ա. Մամինի այցը, որի ընթացքում ուսումնասիրվում էր Հայաստանի ներդրումային հնարավորությունները, իսկ նույն տարվա նոյեմբերին Երեւան այցելեցին մասնավոր ներդրողներ Ղազախստանից, որոնք հադիպումներ անցկացրեցին ՀՀ կառավարությունում եւ ծանոթացան ներդրումային հնարավորությունների հետ: Բացի այդ, տրանսպորտային-լոգիստիկ դժվարությունների հաշվառմամբ մեր կողմից քայլեր են ձեռնարկվում ստեղծելու համար ապրանքների տեղափոխման շահավետ պայմանների համար եռակողմՙ Ղազախստան-Ռուսաստան-Հայաստան մակարդակով: Մշակվում են նաեւ հնարավորություններ տրանսպորտային բազմակողմանի փոխադրումների համար Իրանովՙ երկաթուղիով Թուրքմենստանից եւ իրանական նավահանգիստների օգտագործմամբ:
Ես կանգ առա մեր առեւտրա-տնտեսական համագործակցության միայն մի քանի ասպեկտների վրա: Ցանկանում եմ նաեւ նշել, որ ապրանքաշրջանառությունը 2017թ. աճել է 59%-ով` հասնելով մոտավորապես 9 մլն դոլարի: Ինչ վերաբերում է մեր երկրի զարգացման ռազմավարությանը, ապա մենք շարունակում ենք կյանքի կոչել «սկզբում տնտեսությունը, հետո քաղաքականությունը» սկզբունքը: Դա էլ հենց բացատրում է ձեզ, թե ինչով են պայմանավորված մեր մոտեցումները ԵԱՏՄ-ին եւ նույնիսկ ՀԱՊԿ-ին: Քաղաքականությունը (որպես politics) եւ աշխարհաքաղաքական որոշումները չեն բերում (մեր դեպքում) ուղղակի եկամուտներ բնակչությանը, չեն բարելավում նրանց կյանքը եւ չեն պաշտպանում մեզ վատ եղանակից կամ սովից: Ավելին, չունենալով բավարար տնտեսական հզորություն, փորձել իրականացել ուժեղ քաղաքականություն, անլուրջ է: Քաղաքականությունը այսօր օգտակար է որպես գործիք տնտեսությունը առաջ մղելու համար, ստեղծելու բարենպաստ պայմաններ տնտեսավարման համար, ինչով էլ զբաղված է Ղազախստանը իր նորագույն պատմության վերջին տարիներին: Մենք ներգրավում ենք մեծ ներդրումներ արտասահմանից (տարեկան միջինը 15-20 մլրդ դոլար), փորձում ենք հետեւել նոր զարգացումներին կայուն տնտեսություն ստեղծելու համար (մեր տնտեսական ծրագրերը «2030» եւ «2050»), դառնում ենք ավելի բաց եւ հասկանալի, ու միաժամանակ ռացիոնալ միջազգային գործընկերների համար, եւ պատրաստում ենք ղազախստանցիների հաջորդ սերունդներին գլոբալ աշխարհում խաղի նոր կանոնների համար (հասարակության գիտակցության արդիականացման սկզբունքով):
Զարգացման ղազախական ուղին արդեն ապացուցել է իր կենսունակությունը, եւ մենք մտադիր ենք հավատարիմ մնալ մեր ռազմավարության բազային հիմունքներինՙ բազմավեկտորություն, թափանցիկություն, բարեդրացիություն, հավատարմություն միջազգային իրավունքին եւ վստահության փնտրտուք, այլ ոչ թե հակամարտություն մեծ քաղաքականության մեջ: Համոզված եմ, որ եթե սրանց հավատարիմ լինեն միջազգային հանրության պետությունների մեծ մասը եւ, հատկապես մեծ տերությունները, աշխարհը կդառնա կայուն եւ անվտանգ: Այդ հարցում պետք է պատասխանատվությամբ մասնակցեն նաեւ մեր պետությունները` Ղազախստանը եւ Հայաստանը: «Ազգ«
Տեղեկանք. – Ղազախստանում հայկական համայնքը հաշվում է մոտ 15,2 հազար մարդ, հիմնականում պետության քաղաքացիներ, մոտավորապես նույնքան էլ հյուրեր եւ աշխատանքային միգրանտներ ամեն տարի ժամանում են Հանրապետություն: Ղազախստանի 11 քաղաքներում գործում են հայկական մշակութային կենտրոններ: Հայկական համայնքը ներկայացված է նաեւ Ղազախստանի ժողովուրդների ասամբլեայում եւ երկրի խորհրդարանում (Մեջիլիսի` ստորին պալատի պատգամավոր Նարինե Համլետի Միքայելյան): Ղազախստանի հայկական մշակութային կենտրոնների ընկերակցության նախագահն է Արտուշ Կարապետյանը: