(Զրույց հինգերորդ)
Հայաստանի Առաջին Հանրապետությունը եւ ռամկավարները հիմնախնդիրը դիտարկելիս մեզ համար ելակետային է եղել այն, որ ռամկավարներ ասելով նկատի ենք ունեցել նրանց արեւելահայ հատվածն ի դեմս Հայ ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) եւ արեւմտահայ հատվածն ի դեմս Հայ Սահմանադրական ռամկավար կուսակցության (այսուհետեւ`ՀՍՌԿ): Մեր նախորդ զրույցներում (տե՛ս «Ազգ»-ի նախորդ 4 համարները) ներկայացրեցինք ՀԺԿ-ն որպես խորհրդարանական, իսկ այժմ կխոսենք ՀՍՌԿ-ի (ՀՍՌԿ հիմնադրման եւ գոյության ողջ տարիների գործունեության մասին տե՛ս Սարգսյան Ս., Հայ Սահմանադրական ռամկավար կուսակցություն 1908-1921 թթ., Ե. 2009), որպես արտախորհրդարանական կուսակցության, մասին:
Հայտնի է, որ շնորհիվ 1915 թ. հերոսական ու փայլուն իրականացրած ինքնապաշտպանության, որի ռազմական ղեկավարը Արմենակ Եկարյանն էր, Հայոց ցեղասպանությունից խուսափած շուրջ 150 հազար Վասպուրականի եւ Արեւմտյան Հայաստանի մնացած գավառներից հրաշքով փրկված մոտ 50 հազար գաղթականության շրջանում մեծ կշիռ ուներ ՀՍՌԿ-ն: Մշտապես ժողովրդի հետ լինելու իր դավանած սկզբունքներին հավատարիմ այդ կուսակցությունը Մեծ եղեռնից հետո գործունեության ասպարեզը դարձրեց Արեւելյան Հայաստանը եւ ակտիվորեն համագործակցում էր ՀԺԿ-ի հետ (Տե՛ս Սարգսյան Ս., նշվ. աշխ., էջ 32):
Իրեն «զուտ թուրքահայ իրականության ծնունդ եւ թուրքահայերի պաշտպան» համարող («Վան-Տոսպ, 12 մարտի 1917) ՀՍՌԿ-ն նույնպես դեմ էր դասակարգային պայքարին ու վախենում էր հայ ժողովրդի «խելագար ոգեւորությունից» («Արեւ», Ալեքսանդրիա, 3 հունիսի 1917): Կուսակցությունը հայտարարում էր, որ «սոցիալիստական պայքարը վնասակար է հայոց դատի համար» (ՀՍՀ, հ. 11, էջ 391): Սահմանադիր ռամկավարները պաշտպանում էին ապագա ժողովրդավարական Հայաստանի գաղափարը, որն իրենց կարծիքով հնարավոր կլիներ իրականություն դարձնել «Համաժողովրդական մեծ կուսակցություն» ստեղծելով եւ առողջ բոլոր ուժերի համախմբմամբ (Սաֆրաստյան Ա., Ռուսական հեղափոխությունը եւ Հայաստանը» հոդվածը, «Արմենիա» թերթ, Մարսել, 25 ապրիլի 1917):
Կուսակցության հայաստանյան կազմակերպությունը նույնպես բողոք արտահայտեց ՀՀ կառավարության մայիսի 28-ի «Միացյալ եւ անկախ Հայաստանի» մասին հայտարարության դեմ: ՀՍՌԿ կենտրոնական խորհուրդը հունիսի 4-ին բողոք ներկայացրեց խորհրդարանին եւ պահանջեց կասեցնել կառավարության ակտը: Ինչպես նաեւ հարաբերությունների մեջ մտնել Պողոս Նուբարի գլխավորած Փարիզի Արեւմտահայ գործադիր մարմնի հետ եւ փոխադարձ համաձայնությամբ կազմել Միացյալ Հայաստանի կառավարություն («Ժողովուրդ», 8 հունիսի 1919 թ., «Վան-Տոսպ», 9 հունիսի, 1919 թ.): Իսկ Հայաստանի ռամկավարների կենտրոնական օրգան «Վան-Տոսպը» հունիսի 2-ի համարում հայտարարեց. «Կորչին պառլամենտ մտած 12 հացկատակները» («Վան-Տոսպ», 2 հունիսի, 1919 թ.):
Մայիսի 28-ի ակտը մեծ անբավականությամբ ընդունեցին նաեւ գաղութահայ ռամկավարները եւ անձամբ Պողոս Նուբարը, որն իրեն նույնիսկ վիրավորված զգաց եւ այդ առիթով հանդես եկավ հատուկ հայտարարությամբ (Վրացեան Ս., նշվ. աշխ., էջ 6):
Ստեղծված իրավիճակը հարթելու եւ միջկուսակցական վեճերին վերջ դնելու նպատակով 1919թ. հոկտեմբերի կեսերին ռամկավարների նախաձեռնությամբ եւ անմիջական մասնակցությամբ Փարիզից Ազգային պատվիրակություն (Վահան Թեքեյան, Նորայր Տեր-Ստեփանյան, Սամսոն Հարությունյան) ժամանեց Երեւան, որը հոկտեմբերի 29-ից մինչեւ նոյեմբերի 16-ը բանակցություններ վարեց ՀՀ կառավարության պատվիրակության հետ (ըստ Ս. Վրացյանի, ՀՀ պատվիրակությունը նշանակվել էր կառավարության կողմից, անդամներն էին` Սիմոն Վրացյանը (նախագահ), Շավարշ Միսաքյանը եւ Մ. Հարությունյանը: Սակայն միջազգային ուժերի կողմից Հայաստանի Հանրապետությունն ու նրա օրվա իշխանությունը միակ օրինականը ճանաչելու արդյունքում ՀՀ կառավարությունն անզիջում դիրքորոշում էր որդեգրել եւ օրեցօր կոշտացնում էր այն: Ի վերջո կողմերի այդ անզիջողականության պատճառով որեւէ համաձայնություն չկայացավ եւ Վահան Թեքեյանի գլխավորած պատվիրակությունը ձեռնունայն վերադարձավ Փարիզ: Արդարությունը պահանջում է նշել, որ ՀԺԿ-ն եւ ՀՍՌԿ-ն Միացյալ եւ անկախ Հայաստան ստեղծելու մասին պաշտոնական հայտարարությանը դեմ արտահայտվեցին ոչ թե այն բանի համար, որ իրենք ընդհանրապես դեմ էին այդ գաղափարին, այլ նրա համար, որ իրենք էին ձգտում դրանում գլխավոր դերակատարությունն ունենալ:
1919 թ. դեկտեմբերի 21-27-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՍՌԿ Հայաստանի Բ համագումարը: Այն մերժեց «ճանչնալ ներկա կառավարութիւնը Միացյալ Հայաստանի կառավարութիւն», կոչ արեց հնարավոր միջոցներով մեղմացնել գաղթականության վիճակը եւ արձագանքելով Տիգրան Հախումյանի Հայ Ռամկավար եւ Հայ Ժողովրդական կուսակցությունների միավորման կոչին` արձանագրեց. «Հասունացած է ապադասակարգային կուսակցութիւններու միացման խնդիրը, միացման շուրջ բանակցութիւններ սկսած են Ռամկավար, Ժողովրդական եւ Վերակազմեալ Հնչակեան կուսակցութիւններուն, ինչպես նաեւ Փարիզ կազմուած Ազատական Միութեան միջեւ», սակայն «Ժողովրդական եւ Ռամկավար կուսակցութեանց միութեան անմիջական գործնականացումը» հարկավոր է հետաձգել մինչեւ Հայկական հարցի լուծումը, քանի որ քաղաքական, իրավական եւ տեխնիկական պատճառներով առաժմ նպատակահարմար չէ (Դարբինյան Արտակ, Հայ ազատագրական շարժման օրերէն, Ե., 2003, էջ 234-235):
Նկատենք նաեւ, որ չնայած ռամկավարների կողմից կառավարության հաճախակի քննադատություններին` մայիսյան դեպքերի ժամանակ ՀԺԿ-ի հետ միասին նրանք պաշտպանեցին կառավարությանը: Մայիսի 5-ին գումարված կառավարությանն աջակից քաղաքական ուժերի` ՀԺԿ, ՀՍՌԿ, ՀՍԴԿ ժողովը միաձայն որոշեց «կանգնել պետական ինքնապաշտպանության եւ Միացյալ Հայաստանի անկախության տեսակետի վրա» («Հայաստանի ձայն», 15 մայիսի 1920 թ.):
ՀՀ կառավարությունը (Ալեքսանդր Խատիսյանի հրաժարականից հետո 1920 թ. մայիսի 5-ից ՀՀ վարչապետը Համո Օհանջանյանն էր) հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ. «Տաճիկ փաշաները մի կողմից, բոլշեւիզմի կարմիր պատմուճանը հագած ադրբեջանյան խաները մյուս կողմից նորից սպառնում են Հայաստանի անկախությանն ու ազատությանը» (Վարանդեան Միք., ՀՅԴաշնակցութեան պատմութիւն, Ե., 1992, էջ 353)եւ կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին սատարել կառավարությանը հակակառավարական ելույթը ճնշելու գործում:
«Ժողովուրդ» թերթը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին այդ առիթով Հ. Օհանջանյանի աշխատասենյակում տեղի է ունենում խորհրդակցություն, որին մասնակցող ՀԺԿ-ն (Գրիգոր Տեր-Խաչատրյան) եւ ՀՍՌԿ-ն (Արտակ Դարբինյան) միակամ պատրաստակամություն են հայտնում անկախությունը պաշտպանելու գործում աջակցել կառավարությանը («Ժողովուրդ», 11-12 հունիսի 1920 թ.): Նկատենք, որ ՀԺԿ-ն ցույց տվեց նաեւ գործնական օգնություն: Ավելացնենք նաեւ, որ այդ կուսակցությունների բարոյական եւ գործնական աջակցությունը զգալի դեր խաղաց ապստամբության արագ եւ ոչ ցավագին հնազանդեցման գործում:
Ամփոփելով նշենք, որ չնայած հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում ՀԺԿ-ի կրած անհաջողությանը եւ ՀՍՌԿ-ի ոչ մեծ ձեռքբերումներին, այդուհանդերձ, հավատարիմ մնալով հայ ազգային իդեալներին` այդ կուսակցությունները շարունակում էին սատար լինել հայոց անկախ պետականությանը եւ կայացմանը: Այսպես, համազգային տոնի առթիվ ՀՀ կառավարությանը եւ խորհրդարանին ջերմորեն շնորհավորեցին ՀԺԿ կենտրոնական եւ ՀԺԿ Հայաստանի կենտրոնական կոմիտեները, ՀԺԿ Երեւանի ուսանողական եւ աշակերտական խմբակցությունները, «Ժողովուրդ» թերթի խմբագրությունը (ՀԱԱ, ֆ. 198, ց. 1, գ. 71,, թթ. 78-79, 86, 105-106): Իսկ այդ առիթով հրավիրված հանդիսավոր նիստի ժամանակ Հայ ռամկավարների Հայաստանի խորհրդի անունից ողջույնի խոսք ասաց Արտակ Դարբինյանը, որը հայտարարեց. «Գլխավորը ազատություն ձեռք բերելը չէ, այլ ձեռք բերած ազատությունը` պաշտպանելը» ( ՀԱԱ, ֆ. 1022, ց. 7, գ. 70, թ. 1):
Ավելացնենք, որ Հայաստանի խորհրդայնացումից հետո ՀԺԿ-ի եւ ՀՍՌԿ-ի ղեկավարների հիմնական մասը հեռացավ արտասահման (Հայաստանում սովետական իշխանության ամրապնդման պատմության մի քանի հարցեր, Ե., 1987, էջ 191-192): 1921 թ. Կոնստանդնուպոլսում Ռամկավար եւ Ազատական դաշտում գործող բոլոր կուսակցությունները միավորվեցին եւ ստեղծեցին Ռամկավար Ազատական Կուսակցությունը (Յափուճեան Ավետիս, Համառոտ պատմութիւն ՌԱԿ կազմութեան, Գահիրե, 1977, էջ 3), որը գործում է մինչեւ օրս ի շահ մեր ժողովրդի բարօրության եւ լուսավոր ապագայի: Նշենք, որ այդ միավորումը միանգամայն անհրաժեշտ եւ օրինաչափ երեւույթ էր, իսկ գործընթացն սկսվել էր դեռեւս հայոց անկախ պետականության վերահաստատման պայմաններում, երբ անհրաժեշտ համարվեց, որ Վերակազմյալ հնչակյան (այն ստացել էր «Ազատական» անունը), Սահմանադրական Ռամկավար եւ Հայ ժողովրդական կուսակցությունները կազմակերպական առումով միավորվեն մեկ միաձույլ, առաջադիմական, ազգասիրական եւ ապադասակարգային կուսակցության մեջ: 1919-1921 թթ. ընթացքում «Ազատական միությունը» եւ հատկապես Արշակ Չոպանյանը ինտենսիվ աշխատանքներ ծավալեցին հայ ազատական-ժողովրդավարական (լիբերալ դեմոկրատական) կազմակերպությունները մեկ միացյալ կուսակցության մեջ միավորելու ուղղությամբ: ՀԺԿ-ի անունից բանակցում էին Միքայել Պապաջանյանը եւ Ա. Էնֆիաճյանը («Ժողովուրդ», 31 օգոստոսի 1919):
Ազատական եւ ռամկավար բոլոր կուսակցությունների եւ հոսանքների միավորման համար սկզբում ծրագրված էր միավորիչ համագումար հրավիրել 1920 թ. փետրվարի 15-ին Փարիզում, որին հրավիրվել էր նաեւ ՀԺԿ-ն (ՀԱԱ, ֆ. 282, ց. 1, գ. 13, թ. 4), սակայն դեպքերի բերումով ՀԺԿ-ի միաձուլումը ՌԱԿ-ին կատարվեց մի փոքր ավելի ուշ: Ընդգծենք նաեւ, որ Ռամկավար, Ժողովրդական, Վերակազմյալ եւ Փարիզի «Ազատական» կուսակցությունների ու միությունների աշխարհայացքն ու սոցիալ-քաղաքական հիմնադրույթները նույնն էին: Նրանք պարզապես ներկայացնում էին հայ իրականության տարբեր հատվածները, իսկ տարբերությունը միայն անվանման մեջ էր: Այդ ամենի արդյունքում 1921 թ. հոկտեմբերին հռչակվեց ՌԱ կուսակցությունը, որի նշանաբանը դարձավ «Հայրենիքի հետ, հայրենիքի համար» սկզբունքը (Դարբինյան Ա., նշվ. աշխ., էջ 9), որը թեեւ մի շարք հարցերում չընդունելով իշխանությունների գաղափարախոսությունն ու մերժելով նրանց ծայրահեղ գործելաձեւերըՙ մշտապես գտնվեց հայրենիքի կողքին ու ազգօգուտ բոլոր հարցերում սատարեց նրան:
Սրանով ավարտում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության գոյության երկուսուկես տարիներին ռամկավարների գործունեության մասին զրույցների հակիրճ շարքը: Համոզված ենք, որ հիմնախնդիրն ավելի տարողունակ է եւ լավ չուսումնասիրված չի: Հետեւապես ասելիք դեռ շատ կա: Իսկ մենք հաջորդիվ կփորձենք շարքը շարունակել ՀԺԿ, ՀՍՌԿ եւ մյուս ռամկավար գործիչ-անհատներին ներկայացնելով հնարավորինս լրացնել եւ ամբողջացնել այդ կուսակցությունների մասին գիտելիքները: