ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու
Այս տարվա մայիսին ազգովին պատրաստվում ենք նշել Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Ազգովին ասելը հնարավոր է մի փոքր չափազանցված լինի, քանի որ բնակչության մեծ մասը առանձապես տեղյակ էլ չէ Առաջին Հանրապետության պատմությանը, բացառությամբ մտավորականության մի փոքր զանգվածի եւ իշխանությունների, որոնք դա հավանաբար դիտարկում են սեփական PR-ի տեսանկյունից:
Պատրաստությունների ողջ գործընթացը տեղի է ունենում այն նույն տարում, երբ լրացավ Ղարաբաղյան շարժման 30-ամյակը, որն ի տարբերություն Առաջին Հանրապետության 100-ամյակի, անտեսվեց նույն այդ իշխանությունների կողմից: Սա այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության ու Արցախի բնակչությունը շատ լավ են հիշում այդ իրադարձությունները, շատերն էլ այդ ամենի ականատեսն են եղել, իսկ հետագայումՙ Արցախի ազգային-ազատագրական պատերազմի ակտիվ մասնակիցը:
Ղարաբաղյան շարժման 30-ամյակի անտեսումը եւ Առաջին Հանրապետության 100- ամյակի նշմանը առաջնություն տալը մի փոքր անհասկանալի է թվում, հաշվի առնելով, որ առաջին իրադարձությունն ավարտվեց հայոց զենքի հաղթանակով, իսկ երկրորդը` քաղաքական ու ռազմական լիակատար ֆիասկոյով: Ղարաբաղյան շարժումը եւ ապա պատերազմը հանգեցրին տարածքային ձեռքբերումների, հաղթանակած ու անկախ հանրապետության ստեղծման, իսկ երկրորդի դեպքում` Հայաստանը կորցրեց իր տարածքների 50%-ից ավելին ու հայտնվեց Խորհրդային Միության կազմի մեջ` միայն այդպես կարողանալով պահպանել իր գոյությունը այս տարածաշրջանում:
Առաջին Հանրապետության ստեղծման մասին սիրում ենք ասել, որ այն հայության համար անսպասելի էր: Հայ ժողովրդի «վերնախավը» նույնիսկ չէր ցանկանում Թիֆլիսից Երեւան գալ, իսկ շատերն էլ, ովքեր եկան, շուտով հետ գնացին, քանի որ այստեղ չկային հարմարավետ պայմաններ: Մինչդեռ Ղարաբաղյան շարժումը մեզ հնարավորություն տվեց բնակչությանը նախապատրաստել անկախության գաղափարին, ինչը արտահայտվեց նրանում, որ քաղաքացիների 94%-ը սեպտեմբերյան ակախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց այդ գաղափարին:
Ինչեւէ, երբ համեմատում ենք հայ ժողովրդի 20-րդ դարի պատմության համար կարեւորագույն այս երկու իրադարձությունները միմյանց հետ, պարզ է դառնում, որ Ղարաբաղյան շարժման նշանակությունը եւ ազդեցությունը անկախ Հայաստանի ձեւավորման համար շատ ավելի կարեւոր է, քան Առաջին Հանրապետության ստեղծումը, սակայն, չնայած դրան, նախընտրում ենք շուքով-շախով նշել Առաջին Հանրապետության մեր չհաջողված փորձն ու ձախողումները, եւ լիովին անտեսում ենք Ղարաբաղյան շարժման 30-ամյակը, պետական մակարդակով նույնիսկ փոքր միջոցառում չկազմակերպելով դրա համար:
Ընդհանրապես, Առաջին Հանրապետության ստեղծումը շատ մասնագետներ համարում են պատահականություն, իսկ դրա կործանումըՙ օրինաչափ, պատճառը` հայ ժողովրդի եւ հատկապես նրա, այսպես կոչված, քաղաքական ղեկավարության անպատրաստությունն էր ղեկավարելու այդ հանրապետությունը: Հիշենք Պողոս Նուբար փաշային, որ պատրաստակամություն էր հայտնել ղեկավարելու Սեւրի պայմանագրով ստեղծված Հայաստանը, պայմանով որ նա դա կատարի չլքելով Փարիզը: Կործանումը համարվում էր օրինաչափ, քանի որ Հայաստանը իր անվտանգություն համար ապավինում էր այլ պետությունների եւ, երբ մեր հայրենիքի սահմաններին «անսպասելիորեն» հայտնվեցին ռուսական ու թուրքական բանակները, պարզվեց, որ զինվորները պատրաստ չէին մինչեւ վերջ կռվելու:
Հակառակ համաժողովրդական այն հուսալքության, որը կար Հայաստանում անցած դարի 20-ական թվականներին, 80-ականների վերջին եւ 90-ականներին այլ տրամադրություններ էին թեւածում մեր երկրում, եւ հայ ժողովուրդը վստահ էր թե՛ իր ուժերին, եւ թե ճշմարիտ պայքարին ու ամենակարեւորըՙ վստահ, որ միայնակ, առանց կողմնակի օգնության կարող է լուծել իր անվտանգության խնդիրը, ինչը փայլուն կերպով կարողացավ իրականացել Արցախի ազգային-ազատագրական պատերազմում: Ի տարբերություն Կարս անառիկ բերդի անկմանը, անցած դարի 20-ականներին, արդեն 1992թ. հայկական ուժերը ազատագրեցին Շուշիի անառիկ ամրոցը:
Թե՛ դարասկզբին, թե՛ դարավերջին քչերն էին հավատում հայ ժողովրդի հաղթանակին, սակայն անցած դարի 90-ական թվականներին դրան հավատում էր հայ ժողովրդի այն հատվածը, որն անվարան զենք վերցրեց իր իրավունքների պաշտպանության համար: Եթե 20-ականների պայքարը գոյատեւման պայքար էր, ապա 90-ականներին արդեն հստակ ընդգծված ազգային-ազատագրական պատերազմ էր: Սա, թերեւս, ամենակարեւոր տարբերությունն էր, որ կար այս երկու իրադարձությունների միջեւ, սակայն միաժամանակ պետք է նկատենք, որ Ղարաբաղյան շարժումը որպես ընդգծված ազգային-ազատագրական պայքար, այլ ոչ թե Ղարաբաղյան հակամարտություն, մինչ օրս իր հստակ գնահատականը ու գնահատումը չի ստացել հայ պատմագիտական ու քաղաքագիտական մտքի կողմից:
Ինչեւէ, վերը նշված համեմատության նպատակը չէ կարեւորել մեկ իրադարձությունը եւ թերագնահատել երկրորդը, քանի որ հասկանալի է, որ դրանք տեղի են ունեցել պատմական տարբեր ժամանակաշրջաններում եւ աշխարհաքաղաքական լիովին տարբեր իրադարձությունների պայմաններում: Մի դեպքում հայ ժողովուրդը անցել էր Ցեղասպանության դժոխքով, մյուս դեպքում` երկարատեւ խաղաղության ժամանակաշրջանով, մի դեպքում մենք հոգեպես պատրաստ չէինք փոփոխությունների, մյուս դեպքում` մենք էինք այդ փոփոխությունները թելադրողը:
Այստեղ խնդիրն այլ է, թե ի՞նչ հիմքի վրա ենք մենք ցանկանում կառուցել այսօրվա Հայաստանը, ովքե՞ր են այն հերոսները, որոնցով մենք ցանկանում ենք դաստիարակել մեր երեխաներին, եւ թե ո՞ր իրադարձությունների կարեւորումն ենք դնում կառուցվող պետության հիմքում: Արդյոք շարունակում ենք բարոյական հաղթանակների մեր տեսլակա՞նը, թե՞ անցում ենք կատարում իրական ռազմական հաղթանակների գաղափարախոսությանը: Հաղթանակներ, որոնք փոխել են ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում եւ նորագույն Հայաստանը դարձրել ավելի ամուրՙ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական եւ թե գաղափարական առումով:
Այսօր հանրային քննարկման թեմա է, թե Արամ Մանուկյանի արձանը որտեղ եւ ինչ տեսքով կառուցել: Սակայն կարծում եմ նախընտրելի կլիներ խոսել Արցախյան հաղթանակի հերոսներիՙ Մոնթեի, Լեոնիդի կամ Պետոյի արձանների տեղադրման մասին: Այսօրվա հանրապետությունը իր գոյությամբ առաջին հերթին պարտական է հենց այդ պատերազմի հերոսներին, որոնք մեր երեկվա ընկերներն ու ծանոթներն էին: Այս մարդիկ շատ իրական են մեր կյանքում, ու նրանց կերտած հաղթանակը փոխել է մի ամբողջ ժողովրդի գիտակցությունըՙ ցեղասպանվածից դեպի հաղթանակածը:
Այդ հաղթանակի հերոսների գաղափարների ու գործի քարոզը իրական արժեքներ են, որոնք պետք են, առաջին հերթին, աճող սերնդին, որը ցանկանում ենք, որ կերտի ապագայի նոր հաղթանակները, իսկ դա հնարավոր է, եթե նրա դաստիարակության հիմքում լինեն մարդկանց անուններ ու իրադարձություններ, որոնցով հպարտ ենք ազգովին, եւ որը ցանկանում ենք, որ շարունակական լինի: Հզոր է այն պետությունը, որը ծնվում է հաղթանակներից, սակայն շատ կարեւոր է, որ այդ հաղթանակները չմոռացվեն ու դրանցով հպարտանան գալիք սերունդները: