«Ավելի հաճախ եմ լինելու ձեր կողքին, ավելի մեծ օժանդակություն եմ ցուցաբերելու», ասել էր Սերժ Սարգսյանը` ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցներին` դեռ tert.am- ին տված հարցազրույցից առաջ: Այդ հանդիպումն ընդհանրապես անցել էր մոտակա անելիքը մատնանշելու առանցքում, որտեղ բոլոր ծրագրերում ներկա Գերագույն գլխավոր հրամանատարի հետագա ստվերն էր ուրվագծվում: Այդպիսի ներկայության շունչը զգացվել է ե՛ւ անցած տարի Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթում, ե՛ւ մյունխենյան հայտում, ու որ մանրադիտակով նայես` նախագահի համարյա բոլոր հրապարակային ելույթներում: Այնպես որ` զարմանալի էր վերլուծական այն իրարանցումը, որ առաջացրեց tert.am-ին տրված այն պատասխանը, թե ո՞ր դեպքում է նախագահ Սարգսյանը (ինչ անհարմարություն` այս պահին երկու նախագահ կա` երկուսն էլ Սարգսյան) վարչապետ դառնալու:
Այստեղ, իհարկե, կարելի է ռուս երգիչ Օլեգ Գազմանովի հանրահայտ երգը հիշել` «И не кончится никак век, и не сменится никак вождь» («Եվ ոչ մի կերպ չի ավարտվում դարը, եւ ոչ մի կերպ չի փոխվում առաջնորդը»), եւ ընդամենն ուսերը թոթվել: Մյուս կողմից էլ, օբյեկտիվ թե սուբյեկտիվ, իրավիճակն է հիմա այնպիսին, որ ընդդիմությունը, որպես այդպիսին, որեւէ այլընտրանք չունի առաջարկելու, կարելի է անգամ ասել, որ ընդդիմություն, որպես այդպիսին, գոյություն չունի, եղած ընդդիմության փոքրիկ խլյակները իրար մեջ դեռեւս ճշտումներ են անում` ով է իսկականը, ով` իմիտացիոնն ու իշխանության սարքածը: Ըստ այդմ էլ` չկան լիդերներ, որոնք կարող են մրցակից լինել վարչապետության հավակնող ներկա նախագահին: Անգամ նախկին նախագահի` իր գոյության մասին հիշեցնելու թույլ փորձերին է հուժկու պատասխանվում` խորհրդարանում 2008 մարտի 1-2 իրադարձությունների վերաբերյալ «Ելքի» հայտարարության` ՀՀԿ-ի բարի կամքով օրակարգ մտցված հարցի քննարկմամբ: Քոչարյանն ընդհանրապես չի կարող ոչ մի բանի հավակնել, նրան միշտ շմփացնելու են մարտի մեկով: Սեյրան Օհանյանը, եթե ինչ- որ հավակնություններ ունի` նրան էլ կշմփացնեն բանակի հին կոռուպցիոն երեւույթների բացահայտումը որպես մահակ կիրառելով: Ինչ-որ բանի (ասենք` իշխանափոխության) ուրիշ հավակնողները վաղուց բանտում են` Սեֆիլյանին շրխկացրին տասնուկես տարի պատժաչափով, Սամվել Բաբայանը դատարանի դահլիճից բազմանշանակ ժպտում էր լրատվամիջոցներին ու ոչ մի բանի այլեւս չի հավակնում` միգուցե նրան կներեն, եւ այդպես շարունակ:
Արդեն իսկ տարիների ընթացքում տարատեսակ հավակնություններ ունեցող լիդերներն ընդհանրապես չեզոքացվել են, պետությունը դրա համար ունի բոլոր հնարավորությունները` ուժային, նյութական, բարոյական ու հոգեբանական…Իսկ այդ լիդերները բոլորն էլ, որպես համակարգի արժանի մասնիկներ, անպայման բազմաթիվ օրինախաբս սխեմաների մեջ են թաթախված լինում` իշխանության մեջ լինելով, կամ, ինչպես հատուկ է Հայաստանի բիզնես- մթնոլորտին, շահույթներ ստանալիս անպայման ինչ-որ ժամանակ, ինչ-որ ձեւով շրջանցելով օրենքը: Նրանց բոլորին հեշտ է կոմպրոմատներով իրենց տեղը ցույց տալը, ինչպես տարբեր առիթներով համոզվել ենք:
Իսկ ԱԺ խորհրդարանական «Ելք» խմբակցությունում ընթացող ներկա պառակտումը` փողոցային պայքարի գնալ-չգնալու թեմայով, ընդհանրապես հարցականի տակ է դնում ընդդիմության գոյությունն անգամ խորհրդարանում, ինչը իշխանությանը դնելու է խորհրդարանական երկու մյուս ուժերից մեկին, իսկ որ առավել հավանական է`«Ծառուկյան դաշինքին» խորհրդարանում ընդդիմություն նշանակելու անհարմարության առջեւ (անհարմարության` քանի որ պատգամավորների թվակազմը մի փոքր շատ է իշխանության պատկերացրած ընդդիմության թույլատրելի թվակազմից): Թեեւ` «Ծառուկյան դաշինքն» ավելի շատ հակված է կոալիցիա մտնելու եւ կառավարման լծակներ ունենալու դերին, այս ուժի խորհրդարանական քվեարկությունների մեծ մասն էլ դա է վկայում: Ահա այս բոլորը նկատի ունի, հա՞, նախագահը, երբ ասում է, թե հասել ենք ներքին կայունության այնպիսի մակարդակի, որը դրական է կանխորոշում տնտեսական ցուցանիշների դինամիկան: Ու երբ վարչապետի պաշտոնում նրան առաջադրելու որոշում լինի`այդ որոշմանը մի հավելում է մնացել, այդ հավելումը երիտասարդ լիդերներին տարիների փորձը փոխանցելուն է վերաբերում, ընդ որում` խոսքն անկախ կուսակցական պատկանելությունից կամ այսօրվա քաղաքական դիրքորոշումից նոր առաջնորդներ թրծելու մասին է:
Չգիտեմ, թե որքան անկեղծ է Սերժ Սարգսյանը` երիտասարդներին թրծելու մասով, արդյոք նա նկատի ունի ընդհանրապես նոր սերունդ պատրաստե՞լը, նոր ՀՀԿ-ական սերունդ պատրաստե՞լը, թե որոշակի եւ ոչ անհայտ մարդկանց շուրջ իրավիճակը հասունացնելն ու նրա՛նց իշխանությունը հանձնելը, որը դեռ այս պահին անհնար է: Նոր երանգը միայն վերջին` երիտասարդների հատվածի մասով է , ուրեմն, իսկ մնացածը` վարչապետ դառնալու հավակնությունը, այլաբանորեն կամ հենց ուղղակի առկա է դեռ անցած տարի մայիսին Ազգային ժողովում ունեցած նրա ելույթում, Մյունխենի հայտում, առհասարակ Սարգսյանի` վերջին ամիսներին անցկացրած բազմաթիվ խորհրդակցությունների ընթացքում հնչեցրած ելույթներում, հենց վերջին`այս տարի մեր երկրի երեք խոշորագույն միջոցառումները` Ֆրանկոֆոնիայի միջազգային համաժողովը, Մայիսի հերոսամարտերի 100-ամյակը եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակը արժանավայել կազմակերպելուն նվիրված խորհրդակցությունում ասված խոսքում: Բացեք նախագահի կայքում տեղադրված ուզած հանդիպման մասին պատմող ամփոփագիրը, ու այնտեղ անպայման խոսք կա հետագա անելիքի մասին, որտեղ ներկա է ինքը, Սերժ Սարգսյանը, պարզ է, որ վարչապետի պաշտոնում, ուրիշ որեւէ պաշտոնով այդքան լայնածավալ ծրագրերի մասնակից հնարավոր չէ լինել:
Զարմանալին այստեղ ուրիշ բան է, որ, այնուամեենայնիվ, նրա եւ նրա գլխավորած քաղաքական ուժի ղեկավարման տասն տարիների ընթացքում երիտասարդ փոխարինողները չեն պատրաստվել այն աստիճան, որ տասն տարի իշխանավարելուց հետո Սարգսյանը գնա վատակած հանգստի, ու վարչապետ լինելու դժվարին գործը հանձնի փոխարինողներից մեկին: Կամ ավելի եւս`որ ներկա երիտասարդ իշխանավորներն այնքան էլ չեն համապատախանում նրա պատկերացումներին, ում կարելի է թողնել կառավարումը, եւ ինքը նորերին է պատրաստելու այդ գործի համար:
Այս առումով մենք ուզում ենք մեկ անգամ եւս զննել կառավարման համակարգը: Եկեք խոստովանենք, այնուամենայնիվ, ահագին մարդիկ փոխարինվել են, մարդկային ռեսուրսի առումով համակարգի դեմքն ահագին փոխվել է: Օրերս խորհրդարանն իր ընտրությամբ Սահմանադրական դատարանի նախագահ դարձրեց Հրայր Թովմասյանին երիտասարդներից: ԱԺ երկու ՀՀԿ-ական փոխնախագահները երիտասարդ են` հեռու չէ նաեւ այն ժամանակը, երբ Աժ նախագահ կդառնա նրանցից մեկը գուցե, Աժ հանձնաժողովների նախագահ են դարձել քառասուն տարեկանների սերնդից Արմեն Աշոտյանը, Հովհաննես Սահակյանը, Գեւորգ Կոստանյանը, հներին զուգահեռ: Նախարարների մեջ քիչ չեն երիտասարդները: Վարչապետ Կարեն Կարապետյանը երիտասարդի տեղ անցնում է: Միգուցե ՀՀԿ-ի մե՞ջ այլեւս չեն մնացել արժանի երիտասարդներ, որոնց դեռ կարելի է պաշտոն տալ, ա՛յս է ասում նախագահը, կամ ՀՀԿ-ի՞ն է դուրս գրում մնացած մասով: Իսկ միթե Հայաստանը միայն ՀՀԿ-ն է, միգուցե դա էլ նկատի ունի՞ Սերժ Սարգսյանը` մարդկանց որոնելու է ՀՀԿ-ից դուրս:
Ում կամ ինչի՞ մասին է խոսում նախագահը, ո՞ւմ է տեսնում իրենից հետո (միգուցե` ընդամենը մեկ-երկու տարի հետո) վարչապետի պաշտոնում, կամ եթե ներկա վարչապետը տնտեսական աճ է ապահովել` ինչու նրա՛ն չի տեսնում: Կուլիսներում այս հարցերին որպես պատասխան ամենաֆանտաստիկ վարկածներ են շրջանառվում:
Միգուցե զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի իրականացման պատուհանից` յոթ տարիների բարեփոխումների ճանապարհային քարտեզով ներկայանալը նույնպես ծածկագիր է`պաշտպանության նախարարը նույնպես նոր սերնդից է ի վերջո:
Նախագահ Սարգսյանի` երիտասարներին փորձ փոխանցելու կռվանն էլ միգուցե փաստարկումներից մեկն է` ինչ-որ մեկին համոզելու, որ այս տեսակետից էլ այս պահին ճիշտ է իր վարչապետությունը: Ո՞ւմ է համոզում Սերժ Սարգսյանը: Հանրությա՞նը: Բայց ընդդիմադիրների վերջին հավաքներում հանրություն գրեթե չկար, նա անտարբեր նայում է գործընթացներին, ընդդիմախոսներն էլ համարյա մեծ հաշվով լռեցված են: Այնպես որ` նրա պաշտոնավարման ավարտից մինչեւ նոր վարչապետի ընտրության ժամանակի միջեւ ընկած այսպես կոչված անիշխանության յոթօրյա ժամկետից գործնականում օգտվողներ հավանաբար երկրի ներսում չեն լինի, համենայնդեպս` այդպիսի տեսանելի ռեսուրս չի նկատվում: Աշխարհաքաղաքական թելադրանքների՞ց է, այնուամենայնիվ, զգուշանում ներկա նախագահը, արտաքին ուժերի` մեր երկրի ներսում տիրապետած մարդկային ռեսուրսի՞ց: Հետաքրքրական է, որ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին պատգամավոր Շուշան Սարդարյանը, որ համարվում է Կարեն Կարապետյանի հովանավորյալը, անհրաժեշտ համարեց իր հայտարարության մեջ թվերով մի անգամ եւս ներկայացնել կառավարության հաջողելու նշան-տնտեսական աճի ցուցիչները: Իսկ անձամբ Կարեն Կարապետյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, Սերժ Սարգսյանի` վարչապետ առաջադրվելու վերաբերյալ tert.am-ում արտահայտած մտքերի վերաբերյալ հարցին ի պատասխան` կեսբերան ակնարկեց, թե հավատարիմ է նախկինում ասած իր մտքին: Իսկ նախկինում ասած միտքն այն է, որ ինքը պատրաստ է վարչապետ աշխատել ապրիլից հետո:
Հայաստանի նոր նախագահ Արմեն Սարգսյանն էլ արտերկրյա շրջագայությունների մեջ է ու ձեռք է, որ սեղմում է լայն ժպիտով, իսկ Հանրային հեռուստատեսության լրատվական հաղորդմամբ այդ կադրերը, չգիտես ինչու, ցույց են տալիս բոլոր առաջնային ու երկրորդական սյուժեներից հետո:
Արդյոք ապրիլի 9-ից հետո սկսվող 7 օրում, թեկուզ շատ քիչ, բայց, այնուամենայնիվ, անկանխատեսելիության լիցք կարո՞ղ է լինել, եւ դա վերաբերում է ներքի՞ն, թե արտաքին ազդակներին: Համենայնդեպս` մեր ռազմավարական գործընկեր երկիրն արդեն ընտրել է իր նախագահին, ու նա կարող է անտարբեր չլինել դաշնակից երկրի քաղաքական գործընթացների հանդեպ:
Ի դեպ` ամեն տեսակ աշխարհաքաղաքական ազդեցություններին հեշտ է դիմակայել, երբ ունես ուժեղ ընդդիմություն, որն ուզած պահին կարող է բարձրաձայնել քո չասածը, եւ այդ ընդդիմությունը կշիռ ունի հանրության մոտ: Եթե ունես ուժեղ խորհրդարան, որը կարող է հակակշռել գործադիր իշխանությանը: Բայց երբ ընդդիմությունն էլ ես դու, իշխանությունն էլ, խորհրդարանն էլ (քո ղեկավարած քաղաքական ուժով), ապա շատ դժվար կլինի դիմակայել եթե ոչ ներքին, ապա արտաքին ճնշումներին: Ու այդ իմաստով ապագա վարչապետի անսահմանափակ լիազորությունները, իսկապես, եթե հիմա ոչինչ չխանգարի Սերժ Սարգսյանի առաջադրմանն ու ընտրությանը, հետագայում կարող են խանգարել նրան`արտաքին քաղաքական դիմակայության բազմաբեւեռ պաշտպանություն ստեղծելու: Զենքով պաշտպանության ու պետության անվտանգության հայեցակարգին հավասար ուժ է իշխանության իրական, ու ոչ թե իմիտացիոն հակակշռված համակարգը: Իսկ մեկ պաշտոնի հավակնորդին կամ մեկ պաշտոնյային ճնշելն արտաքին աշխարհի համար միշտ էլ ավելի հեշտ է: