Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
Ստորեւ թարգմանաբար միջազգային ճանաչման արժանացած լրագրող Ռոբերտ Ֆիսքի հոդվածը անգլիական «Ինդիփենդենտ» օրաթերթից:
Որեւէ քաղաքացու ինքնությունը միայն Թուրքիայում է ազգային անվտանգության խնդիր համարվում: Այդ պատճառով էլ մինչեւ հիմա բնակչության գրանցման մատյանները փակ են եղել, դրանցում պարփակված մանրամասնություններըՙ պետական գաղտնիք: Ըստ Քեմալ Աթաթուրքի, որեւէ մեկը թուրք էր համարվում, եթե «որպես քաղաքացի թուրքական պետության հետ էր կապված»: Թուրքերը համարվում էին մաքուր էթնիկական ինքնություն ունեցողներ, չարատավորված այլ ռասսայական փոքրամասնությունների հետ խառնվելուց: Դրա համար նացիստները գովաբանում էին Աթաթուրքի հանրապետությունը, եւ թերթերը սեւ շրջանակներով լույս տեսան նրա մահվան կապակցությամբ:
Դրա համար էլ նախքան Լեհաստան ներխուժելը Հիտլերը հարցրել էր. «Ո՞վ է հիշում հիմա հայերին»: Աթաթուրքը ենթադրաբար ժառանգել էր հայերից զուրկ մի պետություն, ճիշտ այնպես ինչպես Հիտլերն էր մտադիր դարձնել Եվրոպանՙ հրեաներից զուրկ:
Քսաներորդ դարի առաջին Հոլոքոսթի ժամանակ մեկուկես միլիոն քրիստոնյա քաղաքացիներ ոչնչացվեցին: Հայկական համարյա ամբողջ համայնքը կոտորվեց: Այո, համարյա: Երեք շաբաթ առաջ ծագումնաբանական տվյալների առցանց շտեմարանում անակնկալորեն հրապարակված բնակչության գրանցման մատյանների բովանդակությունը ցնցեց թուրքերին: Ամբողջ համակարգը կարծես փուլ եկավ: Պարզվեց, որ մեծ թվով թուրքեր իրականում հայեր են, կամ մասամբ հայեր, կամ մասամբ հույներ ու հրեաներ: Եվ արեւելյան Անատոլիայի լեռներից այն կողմ, Ստամբուլ, Իզմիր, Էրզրում, Վան եւ Գազի Այնթեպ քաղաքների շրջակայքում, ինչպես նաեւ դեպի Սիրիա ձգվող մահվան ճանապարհի ամբողջ երկայնքին մեկդարյա գերեզմաններից ուրվականներ դուրս եկան հաստատելու համար իրենց հայկական ներկայությունը Թուրքիայի պատմության մեջ: Մատյանների բովանդակությունը ապացուցում էր, որ նրանցից շատերը, ըստ իրենց նախկին ընտանիքների, դեռեւս կենդանի են:
Մինչեւ հիմա, մոտ երկու տասնամյակի ընթացքում, կամ առնվազն մինչեւ Սուլթան Էրդողանի հետհեղաշրջման փորձի բռնատիրության հաստատումը, հազարավոր թուրքեր ազատորեն, թեկուզ ոչ հրապարակային, խոսում էին իրենց նախնիների ինքնության մասին: Նրանք գիտեին, որ հայերի զանգվածային կոտորածների եւ բռնաբարությունների ժամանակ քրիստոնյա շատ ընտանիքներ կամ անհատներ իրենց կյանքը փրկելու նպատակով դավանափոխ էին եղել, ընդունելով մահմեդականությունը, իսկ տասնյակ հազարավոր երիտասարդ հայ կանայք եւ աղջիկներ կնության էին տրվել թուրք եւ քուրդ տղամարդկանց: Նրանց զավակները մեծացան որպես մահմեդական եւ իրենց համարեցին թուրքեր, բայց հաճախ գիտակցում էին, որ կիսով չափ հայեր են: Տասնյակ հազարավոր հայ որբեր մահմեդական դպրոցներ սկսեցին հաճախել, ստիպված եղան խոսել թուրքերեն եւ փոխել իրենց անունները: Դպրոցներից ամենամեծը Բեյրութում էր գտնվումՙ կազմակերպված Թուրքիայի ֆեմինիստական շարժման առաջնորդներից մեկի կողմից, որն հետագայում գրեց իր փորձառության մասին եւ մահացավ Ամերիկայում:
Հայ սփյուռքը, Թուրքիայից եւ Հայաստանից դուրս ապրող 11 միլիոն հայերը, որոնք 1915-ի ցեղասպանության զոհերի կամ վերապրողների հետնորդներն են, առաջինը արձագանքեց եւ հասկացավ նորահայտ մատյանների բովանդակության նշանակությունը: Այնտեղ տեղեկություններ կային, որ վերաբերում էին 1800-ակաների վաղ շրջանին: Մոտ 4 միլիոն թուրք քաղաքացիներ 48 ժամվա ընթացքում իրենց ընտանեկան ծառի ակունքներն էին սկսել որոնել: Հետագա օրերին այդ թիվն ավելացել էր եւ ըստ թոշակառու վիճակագիր եւ ժողովրդագիր Ջորջ Աղջայանի ՙ մոտ 8 միլիոն թուրքեր փորձել են պարզել իրենց տոհմաբանական ծառի իրական պատկերը: Դա արդեն Թուրքիայի բնակչության 10 տոկոսն է կազմում:
Փաստաթղթերը ամբողջական չեն եւ կարող են ոչ հստակ կամ ոչ պարզորոշ լինել: Դրանցում կան օրինակներ որպես մահմեդական նշված հայ նախնիների, որոնց իսկությունը չի բացահայտված: Դավանափոխվածների անունները մահմեդական անուններ են, բայց որոշ դեպքերում նշված են նաեւ նրանց ծնողների քրիստոնեական անունները: Անհստակություններ միշտ էլ լինում են եւ լինելու են: Օսմանցի մատենագիրները միշտ չէ, որ ճշգրիտ տվյալներ (ծննդյան թվեր, եւայլն) են գրանցել: Թուրք գրագիրները հավանաբար ամիսը մեկ էին այցելում որեւէ գյուղ եւ նորածինների մասին գրանցում կատարում իրենց այցելության օրվա ամսաթվով կամ տարեթվով: Լիբանանում եւ Սիրիայում, օրինակ, հարյուրամյակը բոլորած մարդիկ կան, որոնց ծննդյան ամսաթվերն ու տարեթվերը նույնն են:
Բայց հարցը հետեւյալն է: Ինչո՞ւ է Թուրքիան հիմա բաց անում այդ մատյանները: Որոշ դիտորդներ նշում են, որ Էրդողանը մի ժամանակ բողոքում էր, որ թուրքերին «մեղադրում են հրեա, հայ կամ հույն լինելու մեջ»: «Ջումհուրիեթ» թերթի սյունակագիր Թայֆուն Աթայը գրել էր, որ իրեն «ընկերաբար խորհուրդ էին տվել չխոստովանել, որ ինքը վրացի է: Իսկ ինչպե՞ս վարվեն նրանք, ովքեր իմանում են, որ իրենք հայկական ծագում ունեն, կամ հավատափոխ են եղել: Պարզապես պատկերացրեք. կարծում եք, որ զտարյուն թուրք եք, իսկ պարզվում է, որ մաքուր հայ եք», նշել էր նա:
Լրագրող Սերդար Քորուչուն «Ալ-Մոնիտորին» ասել էր, որ «եթե մի քանի տարի առաջ կատարվեր, այս (մատյանների բաց անելը), երբ ավելի հանդուրժող էինք, դավադրական տեսությունները այսքան ուժեղ չէին հնչի, որքան այս օրերին, երբ պետությունը հավատում է, որ մենք կենաց-մահու պայքար ենք մղում: Այս ձեւով է Թուրքիան զորացնում Անկախության պատերազմի ոգին», հայրենասիրություն եւ կառավարամետ մտածողություն ներշնչելով:
Հայկական «Ակօս» թերթը, որի խմբագիր Հրանտ Դինքն սպանվեց իր աշխատավայրի առաջ, տեղեկացնում էր 2003-ին, որ թուրքական կառավարությունը իր մատյաններում գաղտնի կոդավորում էր փոքրամասնություններին:
Ըստ թերթի, հույներն առաջին համարի տակ էին, հայերըՙ երկրորդ, հրեաներըՙ երրորդ, եւայլն: Քորուչուն վերհիշել էր, թե ինչպես 2007-ին թուրքական պատմական ընկերակցության տնօրենը սպառնացել էր փոքրամասնություններին ասելով. «Ինձ մի զայրացրեք: Ես դավանափոխ եղածների ցուցակն ունեմ եւ կարող եմ նրանց բնակավայրերը մեկ-մեկ մատնանշել»: Տնօրենը հետագայում դարձավ աջակողմյան «նացիոնալիստական գործողություն» կուսակցության քաղաքագետներից մեկը:
Հայ լրագրող Հայկո Բաղդատն այս դիպվածն օգտագործել է «Ալ-Մոնիտորի» կայքին պատմելով մի առանձին հայ ընտանիքի պատմությունը, որը կարող էր ծիծաղելի թվալ, եթե ողբերգությամբ պատված չլիներ: «1915-ի ցեղասպանության օրերին, զանգվածային դավանափոխներից բացի կային նաեւ հազարավոր երեխաներ, որոնք վտարանդիներ դարձան: Հասարակությունը դեռ պատրաստ չէ առերեսվելու այս իրականության հետ»: Պատկերացրեք, ասել է Բաղդատը, որ Թուրքիայի կրոնական հարցերի տնօրեն Լութֆի Դողանը , եղբայրն էր Հայոց (երջանկահիշատակ) պատրիարք Շնորհք Գալուստյանի:
«Գալուստյանը, որ 1961-ին Բեյրութից Թուրքիա վերադարձավ, հայոց պատրիարքարանում հիշատակվում է որպես սուրբ եւ որպես 1915-ից հետո դժվարին ժամանակներում ծառայած անձնավորություն: Ասում են Ցեղասպանության օրերին երեխաներին իրենից հեռացնելով, մայրը դավանափոխ է եղել եւ հետագայում ամուսնացել Դողան անունով հասարակության մեջ բարձր դիրք ունեցող մի անձնավորության հետ, որն արդեն ուներ երկու դուստր եւ մեկ որդի: Այդ որդին Լութֆի Դողանն էր: Երբ մայրը, որ այդ ժամանակ «Նացիոնալիստական գործողություն» կուսակցության անդամ էր, մահացել է, Բեյրութից մի կղերական է եկել եւ մասնակցել հուղարկավորությանը: Ոչ ոք ոչինչ չի կարողացել ասել»:
Այս իրավիճակը հրաշալիորեն ներկայացված է Ֆեթհիյե Չեթինի մեծ մորը նվիրված հուշագրության մեջ: Նրա իսկական անունը Հրանուշ էր, ով կորցրել էր իր ամբողջ ընտանիքը, մոռացել էր իր մայրենի լեզուն եւ ստացել նոր անուն: Միայն մահվան սնարի մոտ իր թոռնուհուն բացահայտել էր, որ ծնունդով հայ է եղել: Նա հիշել էր իր մորը, հորը եւ այն գյուղը, որտեղ ծնվել էր: Ֆեթհիե Չեթինը «Ակօս» թերթում էր տեղադրել իր մեծ մոր մահազդը: Ազգականներն Ամերիկայում կարդացել էին, եւ Հրանուշի քույրը, որ ողջ էր դեռ, Չեթինին էր զանագահարել, եւ ընտանիքը վերամիավորվել էր:
Միգուցե երկու միլիոն թուրքեր նույնպես հայ տատիկներ ունեն, բայց նրանք պետք է շարունակեն հավատալ, որ… Ցեղասպանություն տեղի չի ունեցել: