ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու
«ԱԶԳ»ում բազմիցս անդրադարձել ենք տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին եւ այդ պայմաններում համապատասխան պաշտպանական ռազմավարության մշակման անհրաժեշտությանը: Պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակումից հետո առաջ քաշվեց ազգ-բանակ հայտնի գաղափարը, որը, կարելի է ասել, գրավոր ձեւաչափ ստացավ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2018-2024թթ. արդիականացման ծրագիր» փաստաթղթով, որը հրատարակվեց օրերս:
Ուղիղ մեկ տարի առաջ «ԱԶԳ» թերթում «Անվտանգություն» ընդհանուր վերնագրով հոդվածաշար տպագրվեց (հինգ հոդված), որտեղ մանրամասն կանգ առանք ազգային անվտանգային ու պաշտպանական ռազմավարությունների վերանայման անհրաժեշտության վրա: Այդ հոդվածներում շեշտում էինք, որ ապրիլյան իրադարձությունները պարզ կերպով ցույց տվեցին այն բացթողումները, որոնք կան պետության անվտանգային ռազմավարությանՙ մասնավորապես պետական այրերի կողմից անվտանգային մտածելակերպի բացակայության եւ դրա վտանգների մասին:
Սա է պատճառներից մեկը, որ ազգ-բանակ գաղափարի շրջանառությունից հետո «ԱԶԳ» թերթը ուշադիր հետեւում է այն բոլոր զարգացումներին, որոնք տեղի են ունենում դրա շուրջը, փորձելով վերլուծել եւ ներկայացնել այն ամենը, ինչ կապված է այդ նոր գաղափարի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: Վերը նշված փաստաթղթիՙ յոթամյա զարգացման ու արդիականացման ծրագրի հրապարակումը լավ առիթ է այն քննարկելու ու հասկանալու, թե ինչ ուղղությամբ է պատրաստվում զարգացնել հայկական զինված ուժերը ՊՆ նոր ղեկավարությունը:
Քանի որ փաստաթուղթը ներկայացվում է որպես Զինված ուժերի արդիականացման ռազմավարություն, հետեւաբար հենց այդ տեսակետով էլ պետք է քննարկել այն: Ռազմավարական ծրագրավորման համար թերեւս կարեւորագույնը թիրախի, նպատակի հստակեցումն է, ինչը հնարավարություն կտա հետագայում մշակել դրան հասնելու ուղիները, եւ այս առումով թերեւս այս փաստաթուղթը աչքի է ընկնում այդ նպատակների մատնանշման հստակությամբ, ինչը որոշակի առավելություն է տալիս նրան (վերջին տարիներին Հայաստանում շրջանառության մեջ դրված եւ ռազմավարություն կոչվող բազմաթիվ փաստաթղթեր կան, որտեղ շատ հազվադեպ են հստակ կերպով նշել այն նպատակները, որոնց նրանք ձգտում են հասնել), այս առումով դրանք էականորեն տարբերվում են մինչ այդ հրապարակված այլ «ռազմավարություններից»:
Չորս մասից բաղկացած փաստաթղթի հենց առաջին գլխումՙ Ընդհանուր դրույթներ , շեշտվում է արդիականացման ծրագրի ընդհանուր նպատակները, որոնք ավելի մանրամասն, ներկայացվում են փաստաթղթի չորրորդ մասումՙ Արդիականացման նպատակները եւ դրանց հասնելու ուղիները : Ընդհանրապես ռազմավարական փաստաթղթեր ընթերցելիս հարկավոր է նախ եւ առաջ կարդալ, թե ինչ նպատակներ է այն հետապնդում եւ դա հասկանալուց հետո միայն կարելի կլինի ընկալել, թե ինչքանով է առաջարկվող փաստաթուղթը գործնական եւ իրատեսական:
Հաջորդը, նմանատիպ փաստաթղթերում, առկա ու հնարավոր ռիսկերի եւ վտանգների գնահատումը եւ ապա դրանց հաղթահարման ուղիների նախանշումն է: Այս ամենը հեղինակները ներառել են փաստաթղթի 2-րդ գլխումՙ Ռազմավարական պլանավորման նկատառումներ անվան տակ: Ընդհանրապես, ճիշտ կլիներ այս երկու մասերը իրարից առանձնացնել, սակայն հեղինակները այն փորձել են մեկ մասով ներկայացնել, ինչը զուտ տեխնիկական խնդիր է:
Ռիսկերի գնահատումը բավականին գրագետ եւ սթափ է ներկայացված, չնայած ոչ ամբողջական, մասնավորապես ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման «ցածր հնարավորություն»-ը կարեւոր գնահատում է, քանի որ այսպիսով հնարավորություն է բացվում մշակել համապատասխան քաղաքականություն դրանից բխող ռիսկերի հակազդման մասով: Աչքի է զարնում, որ ռիսկերի գնահատման մեջ չկա Թուրքիան, ինչը կարծում եմ լուրջ բացթողում է եւ դրան վաղ թե ուշ հարկավոր է վերադառնալ: Առկա ու հնարավոր ռիսկերի նվազեցման մասով բացակայում է պահեստազորի ակտիվացման տեսլականը որպես քայլ ի պատասխան նոր մարտահրավերների ու տարածաշրջանում ընթացող զարգացումների:
Վերադառնալով 4-րդ գլխինՙ Արդիականացման նպատակներ եւ դրանց հասնելու ուղիներ, ապա հեղինակները այստեղ առանձացրել են 9 նպատակ, որոնք տարբեր կարեւորության են եւ միեւնույն չափով չեն արտահայտում այս փաստաթղթի տեսլականը: Առաջին նպատակը վերնագրված էՙ Զսպման համակարգ : Այստեղ թերեւս արժե շեշտել, որ զսպումը որպես ԶՈՒ արդիականացման փաստաթղթի նպատակ մատնանշելը արդարացված չէ, քանի որ զսպումը ավելի գլոբալ քաղաքականությանՙ ոչ միայն ռազմական, այլեւ տնտեսական ու քաղաքական (թե՛ արտաքին եւ թե՛ ներքին) գործընթացների արդյունք է: Կասկածելի է հնչում պնդումը «ռազմական գործողությունների հնարավորինս վաղ փուլում դադարեցման» մասին նշումը: Նախ պատերազմական գործողությունների սկսելը արդեն իսկ նշանակում է, որ զսպման քաղաքականությունը տապալվել է եւ հետո անպայման չէ, որ պատերազմի դադարեցումը լավագույն լուծումն է, երբեն այն հարկավոր է ոչ թե դադարեցնել, այլ ավարտին հասցնել, ինչը նոր ռազմաքաղաքական իրողություն կթելադրի տարածաշրջանում:
Ընդհանրապես բոլոր նպատակներն էլ կարեւոր են, որոնցից թերեւս արժե շեշտել 3-րդըՙ Արժեքների եւ կրթական չափանիշերի վրա հիմնված անձնակազմի կառավարման համակարգը : Ռազմական կրթությունը, ռազմական հետազոտական ու գիտական ուղղությունները թերեւս մեր պաշտպանական համակարգի ամենախոցելի կետերից են, հետեւաբար դրա հզորացումը իսկապես ռազմավարական նշանակություն ունի ՀՀ-ի համար, այս առումով մեր պետությունը պետք է ձգտի առաջատարը լինել աշխարհում, այլ հնարավորություն մենք ուղղակի չունենք:
Նպատակ 5-րդըՙ Կայացած ռազմարդյունաբերական համալիր , կարելի է ասել 3-րդ նպատակի շարունակությունն է, եւ դրանք կարող են գոյություն ունենալ միայն միասնաբար: Թերեւս կարեւոր նպատակներից է 6-րդըՙ Զինվորական ծառայության այլընտրանքային լուծումներ եւ ակտիվ պահեստազոր :
Ընդհանրապես իմ համոզմամբ պահեստազորն է, որ կարող է դառնալ իսկական ազգ-բանակ գաղափարի առանցքը. առանց այս ինստիտուտի ստեղծման եւ կայացման, այս գործընթացը կիսատ է: Հասկանալի է, որ պահետազորը չի կարող զարգանալ գոյություն ունեցող օրենսդրական բազայի հիման վրա, քանի այն ոչ այնքան նպաստում, որքան վնասում է պահեստազորի գաղափարը, հետեւաբար շատ կարեւոր է, որ փաստաթղթում խոսվում է նորմատիվ իրավական բազայի ձեւավորման մասին:
Քննարկվող փաստաթղթի կարեւորագույն մասը 3-րդ գլուխն էՙ Արդիականացման տեսլականըՙ ազգ-բանակ : Այստեղ մանրամասն անդրադարձ կա այս տեսլականի հիմնական գաղափարներինՙ առաջնորդություն, օրինապաշտություն եւ մարդակենտրոնություն, առաջադիմություն, նորարարություն եւ ներառականություն : Այս գաղափարների առաջադրումը միավորում ու ուժեղացնում է ազգ-բանակ հայեցակարգի մոտեցումները` նրան տալով իրական ժողովրդական արժեք, իսկ պետության բնակչության մեծ մասի գիտակցական աջակցությունը այս ծրագրինՙ ռազմավարական նշանակություն ունի ու կարող է ապահովել դրա հաջողությունը:
Վերը նշվածների մեջ թերեւս կարելի է շեշտել առաջնորդության գաղափարի ներմուծումը, որը ոչ միայն կարեւոր է փաստացի պատերազմում գտնվող ժողովրդի համար, այլեւ նորարարություն իր տեսակի մեջ, քանի որ այսօր ազգի «էլիտա» իրեն համարող խավը հիշեցնում է դասալիքների ամբոխ, որի առկայությունըՙ իր բացասական իմիջով, միայն թուլացնում է պետության ու նրա զինված ուժերի մարտունակության գաղափարը:
Շատ կարեւոր է նաեւ ներառականության գաղափարը, քանի որ առանց հասարակական լայն աջակցության նմանատիպ ծրագիր իրականացումն անհնար է, իսկ դրա համար հարկավոր է շուրջօրյա բացատրական ու քարոզչական աշխատանք: Սա հատկապես կարեւոր է` հաշվի առնելով Հայաստանում գործող օտարերկրյա հակապետական տասնյակ կառույցների առկայությունը, որոնք պացիֆիզմի ու տարբեր այլ կեղծ գաղափարների անվան տակ արդեն իսկ պայքար են սկսել ազգ-բանակ հայեցակարգի դեմ:
Չնայած իր որոշակի թերություններին, այնուամենայնիվ, պետք է շեշտել, որ սա ամենահաջողված պետական ռազմավարությունն է, որ երբեւէ ներկայացվել է, այն բավականին գործնական է եւ մատնանշում ու հնարավորություն է տալիս թիրախավորված անդրադառնալ նաեւ մարտավարական այն ծրագրերին, որոնք պետք է գրվեն արդիականացման այս նախագիծը վերջնական նպատակին հասցնելու համար: Շատ կարեւոր է, որ այն չընկալվի որպես վերջնական պատրաստ փաստաթուղթ ու դրա կատարելագործման վրա աշխատանքը լինի շարունակական: